Ճանաչված մանկավարժը, կազմակերպիչը

28.07.2016 10:33
2070

Իմ լավ բարեկամ եւ ավագ ընկեր Յուրի Ջավահիրյանը 70 տարեկան է: Ծնվել է 1946-ի հուլիսի 31-ին Թուրքմենիայում: Պապը, խույս տալով կուլակաթափությունից ու Սիբիր աքսորվելու տխուր հեռանկարից, մեծ պատերազմի նախօրյակին է ընտանիքով տեղափոխվել Աշխաբադ: Այստեղից էլ 1941-ին նրա որդի Գուրգենը մեկնում է ռազմաճակատ: 1943թ. ծանր վիրավորվում է, երկարատեւ բուժում ստանում Սուխումի հայտնի զինվորական հոսպիտալում, մի քանի ծանր վիրահատություններ տանում, այնտեղ թողնում աջ ձեռքն ու զորացրվում, նորից վերադառնում Թուրքմենիա: Մեկ տարի անց ամուսնանում է Մալինցյանների հայտնի տոհմից Քնարի հետ: Առաջնեկը՝ Յուրին, մեկ տարեկան չկար, երբ ընտանիքը վերադառնում է հայրենիք:

Գորիսում դժվար թե գտնվեր մեկը, որ չճանաչեր փոքրամարմին, աշխատասեր ու համառ այդ մեծ մարդուն՝ Գուրգեն Ջավահիրյանին: Ֆիզիկապես առողջ շատերն էին նրան նախանձում իր այդ հատկանիշների համար: Կարողացավ իրագործել ժողովրդի մեջ ընդունված՝ տղամարդուն բնութագրող բոլոր պահանջները՝ տուն կառուցեց, այգի հիմնեց, երեք որդի ունեցավ՝ Յուրի, Մարտուն, Ռուբիկ ու նրանց ժառանգեց իր ունեցածը՝ աշխատասիրությունը, համառությունը եւ դժվարությունների դեմ չընկրկելու ունակությունը:

Մեր հոբելյարը՝ Յուրի Ջավահիրյանը, սովորել եւ ավարտել է Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոցը: Նրա գործունեության մեջ սովորելն ու աշխատանքը միահյուսված են եղել. սովորել է եւ աշխատել, աշխատել է ու սովորել: Թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտ էր, բայց եւ ղեկավարում էր դպրոցի փողային նվագախումբը, աշխատավարձ ստանում: Ինքն ավելի թեւավոր է ասում՝ ես ե՛ւ աշակերտ էի, ե՛ւ ուսուցիչ: Հետագայում էլ՝ մանկավարժական ինստիտուտում սովորելու տարիներին, ղեկավարում էր գիշերօթիկ դպրոցի փողային նվագախումբը:

Սովորելը, ուսումնառությունը յուրաքանչյուրի համար առանձնակի դերակատարում ունեն: Այն Յուրի Ջավահիրյանի կյանքում մի առանձնահատուկ տեղ է զբաղեցրել: Համարյա ամբողջ կյանքում սովորել է: Սովորել է Կրասնոդարի ծխախոտագործության բարձրագույն դպրոցում, երբ աշխատում էր Գորիսի ծխախոտի ֆերմենտացիոն գործարանում: Այնուհետեւ սովորել եւ ավարտել է Գորիսի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետը, Գորիսի հատուկ գիշերօթիկ դպրոցի ուսումնական մասի վարիչ աշխատելու տարիներին սովորել եւ ավարտել է նույն ինստիտուտի դեֆեկտոլոգիայի ֆակուլտետը, Գորիսի մշակույթի տան տնօրենի պաշտոնում աշխատելու տարիներին էլ ավարտել է Մոսկվայի Կրուպսկայայի անվան ժողովրդական համալսարանը: Վերջին տարիներին էլ, երբ աշխատում էր Որոտանի միջնակարգ դպրոցի տնօրեն, սովորեց նոր տիպի դպրոցի ղեկավարման բարդ արվեստը: Եվ այդպես շարունակ…

Անուղղակի ձեւով ակնարկեցի այն հիմնարկությունները, կազմակերպությունները, որտեղ աշխատել է Յուրի Ջավահիրյանը: Բայց նա առանձին հաճույքով է հիշում շրջանային մշակույթի տան տնօրենի եւ Գորիսի դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնավարումները: Նրա նախաձեռությամբ ստեղծված ժողովրդական գործիքների համույթը մասնակցեց հանրապետական մրցույթի եւ նվաճեց ժողովրդականի կոչում: Ի դեպ, այդ տարիներին համույթի հետ սերտորեն համագործակցում էր Գուսան Աշոտը, իսկ նրա չքնաղ Արաքսյան էլ իր երգերի առաջին կատարողն էր: Այդ տարիներին էլ ավելի մերձեցավ Յուրի Ջավահիրյանի եւ Գուսանի բարեկամությունը, որով մեր հոբելյարն իրավացիորեն շատ է հպարտանում: Իսկ դրամատիկական թատրոնի տնօրենի պարտականությունները կատարելիս կարողացավ մայրաքաղաքից անվանի շատ դերասանների համոզել, բերել Գորիս, այդ թվում՝ Երվանդ Մանարյանին, նրանց համար ստեղծել աշխատանքի եւ կենցաղի նորմալ պայմաններ:

Այո, շատ կոլեկտիվներում է աշխատել, շատ կոլեկտիվներ ղեկավարել, բայց նրա սիրելի աշխատանքն ուսուցչի աշխատանքն էր, որովհետեւ կոչումով է այդպիսին:

Կոոպերատիվ շարժման տարիներին ստեղծեց «Երազ» ՍՊԸ-ն, որը զբաղվում էր տրիկոտաժեղենի արտադրությամբ: Արտադրամասում զբաղված էր 70 հոգի, եղել է Գորիսի քաղկոոպի վարչության նախագահ, քաղաքապետարանի մշակույթի, կրթության եւ առողջապահության բաժնի վարիչ: Թվարկված բոլոր աշխատանքներն էլ պատվով ու բարձր պատասխանատվությամբ է կատարել, եւ ըստ նրա՝ այդ հաջողությունները պայմանավորված են եղել իր մանկավարժ լինելու հանգամանքով: Ինչպես ասում են՝ իրեն ավելի տեսանելի է:

Հայ մարդու համար «ընկերը» բացարձակ արժեքներից մեկն է, այն համարյա գտնվում է ընտանիք, սեր հասկացությունների հետ միեւնույն հարթության վրա: Ասում ենք՝ ասա՝ ո՞վ է ընկերդ, ասեմ՝ թե դու ով ես, կամ՝ ինչպիսի՞ն է եղբայրս՝ չգիտեմ, հետն ընկերություն չեմ արել: Նպատակ չունեմ ընթերցողին դասախոսություն կարդալ այս թեմայով, ուղղակի ցանկանում եմ նրան մասնակից անել մտորումներիս: Ընկեր ճարել, գտնելը դժվար չէ: Այն պահելն է դժվար: Հասկանալի է, «պահելը» հասկանում ենք ոչ ուղիղ իմաստով: Ոչ մի ընկերություն միայն լավ եւ ուրախ օրերի գումար չէ, թե չէ «ընկերությունը դժվարությունների մեջ է փորձարկվում» ասացվածքը կդառնար անիմաստ:

Այս առումով Յուրի Ջավահիրյանը երջանիկ անհատ է: Նրա ընկերությունը բռնել է ժամանակի քննությունը: Թեմայի շուրջ բազմաթիվ առիթներով ենք նրա հետ զրուցել: Կարողացել է պահել իր ընկերներին, պահել այնպես, որ նույնիսկ ընտանեկան տոնի առթիվ, ինչպիսին ծննդյան օրն է, առաջին շնորհավորանքները նա ստանում է հեռավոր մանկության օրերի ընկերներից՝ Սենիկ Հովհաննիսյանից, Համլետ Մկրտչյանից… Դժվար պահերին էլ նրանք հոբելյարի կողքին են, նրա կողքին են այնպես, ինչպես ինքն էր նրանց հետ Արցախյան շարժման առաջին փուլում, երբ տարածքում գտնվող խորհրդային զորքերից զինամթերք էին ձեռք բերում եւ Յուրիի «Ուազ» ավտոմեքենայով տեղափոխում:

Ընկերությունը վստահություն է, ապահովություն: Ընկերությունը նաեւ սեր է: Առանց դրանց հնարավոր չէ ապրել:

Կյանքը դասավորվել է այնպես, որ Յուրի Ջավահիրյանն աշխատել է մեկ տասնյակից ավելի կազմակերպություններում: Այս մասին հպանցիկ ասվեց: Վերջին աշխատանքը, որտեղից էլ անցավ կենսաթոշակի, Որոտանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնն էր: Տողերիս հեղինակը հոբելյարին վաղուց է ճանաչում, բայց հենց Որոտանի միջնակարգ դպրոցում համատեղ աշխատանքի ընթացքում ավելի լավ ճանաչեցի նրան: Հեռու-հեռվից իմացողների վրա նա թողնում է խստապահանջ, մի քիչ կոշտ, գուցե քիչ էլ կոպիտ մարդու տպավորություն: Որ խստապահանջ է, զգացել եմ նրա հետ համատեղ աշխատանքի ընթացքում: 2009թ., երբ ընտրվեց Որոտանի միջնակարգ դպրոցի տնօրեն, զարմացել էր, մի քիչ էլ զայրացել, որ Որոտան գետի ափին գտնվող դպրոցը նույնիսկ տեխնիկական ջուր չունի, որի պատճառով չէին գործում սանհանգույցները, մեր օրերում դպրոցը չուներ հեռախոսակապ, լուծված չէին ուսուցիչների տեղափոխման հարցը (ուսուցիչների մեծ մասը գալիս էր Գորիսից) եւ բազմաթիվ այլ հարցեր, որոնցից շատերն ուսումնական պրոցեսի հետ անմիջական կապ չունեին: Չերկարացնեմ. կազմակերպական բարձր ունակություններով մարդու վճռականությամբ մի քանի օրում լուծեց այդ հարցերը: Այո, խստապահանջ է նախ եւ առաջ իր նկատմամբ: Աշխատանքային գործունեության ընթացքում երկար ժամանակ կտրված է եղել դպրոցից, իսկ այդ ընթացքում շատ ջրեր էին հոսել, շատ բան էր փոխվել կրթության ոլորտում: Հարկավոր էր լրացնել բաց թողնվածը: Դպրոցի տնօրենին թույլատրվում է սահմանափակ քանակությամբ դասաժամեր պարապել, բայց նա հրաժարվեց դրանից եւ ամբողջ ազատ ժամանակը, նաեւ դասերից հետո, փակված էր մնում իր աշխատասենյակում՝ լրացնում բաց թողնվածը: Եվ նա հասավ իր նպատակին: Դարձավ հանրակրթական գործի լավ գիտակ: Դպրոցը համալրեց մասնագետ ուսուցիչներով, մի քանի ամիս անց բոլոր իմաստներով վերակառուցված դպրոցի մասին սկսեցին խոսել լրատվամիջոցներով, դպրոցի սաները մասնակցում էին մարզային առարկայական օլիմպիադաներին, դպրոցը դարձավ համայնքային կյանքի կենտրոնը:

4-րդ տարին է, ինչ անցել է կենսաթոշակի, բայց կապն աշխատանքային ընկերների, նախկին սաների հետ չի կտրել: Որպես անձնական ողբերգություն ընդունեց քառօրյա պատերազմի ժամանակ սահմանում նախկին սան Նարեկ Մկրտչյանի հերոսաբար զոհվելու գույժը: Եթե անհատը զգայուն վերաբերմունք է ցուցաբերում դիմացինին բաժին հասած դժբախտության նկատմամբ, ապա համազոր էլ ուրախանում է նրա ուրախությամբ: Ահա այսպիսին է Յուրի Ջավահիրյանը…

«Ավրորա» մրցանակաբաշխության հանդիսավոր երեկոյի ժամանակ (24.04.16, Երեւան) հաղորդավարը մի լեգենդ պատմեց. մի երիտասարդ ամբոխի առաջ ինքնագոհ հպարտությամբ հայտարարում է, որ իր սիրտն ամենագեղեցիկն ու ամենակարեւորն է, իսկ ամբոխը գլխով հավանություն է տալիս: Տարիքն առած մի տղամարդ է առաջանում, հակադրվում նրան՝ ասելով, որ իր սիրտն ավելի գեղեցիկ է, ավելի կատարյալ, եւ բացում կուրծքը: Նրա սրտի վրա երեւում են բազում խոցված տեղեր, սպիներ… Տղամարդը բացատրում է. սպիները բարեկամների հասցրած վերքերն են, խոցված տեղերը՝ թշնամիներինը, սրտի պատվաստված մասերն էլ այն մարդկանց սրտերից են, որոնց ինքը սիրում է, որոնք էլ իրեն են սիրում, իր սրտից մի կտոր տվել է, նրանցից էլ՝ վերցրել: Ամբոխից զարմացած հարցնում են, թե ինչպես է, որ վերքերով պատված սիրտն աշխատում է: Տղամարդը պատասխանում է. այս սիրտը պետք է աշխատի այնքան ժամանակ, քանի դեռ նրա տերը նպատակներ ունի, որոնց պետք է հասնի:

Առանց վարանելու կարող եմ ասել, որ Յուրի Ջավահիրյանի սիրտն էլ այդ տեսքը կունենա…

Թող այն տպավորությունը չստեղծվի, թե նրա կյանքում ամեն ինչ ընթացել է հարթ ու խաղաղ: Ժամանակի արագընթաց քայլքը Յուրի Ջավահիրյանին էլ իր հորձանուտի մեջ է առել, եւ դրանից դուրս գալու համար ստիպված է եղել շատ դռներ ծեծել ու բացել: 80-ականներին նույնիսկ ամբողջ ընտանիքով տեղափոխվեց Երեւան, բայց չէ, չհարմարվեց: Նրա ականջներում անընդհատ հնչում էր սիրելի Գուսանի հայտնի երգի տողը՝ հըռանաք վեչ էս ծյորան: Եվ չհեռացավ…

Մի փորձ էլ անցյալ տարի կատարեց: Տեղի տալով մի քանիսի խորհրդին՝ մեկնեց Ռուսաստան, բայց միայնակ, փորձելու՝ կարո՞ղ է հարմարվել: Բայց նույնիսկ իր համառ բնավորությունն ի զորու չէր հաղթելու սրտին, իսկ սիրտը չէր կարող կտրվել մեր կախարդական ձորի քար ու քոլից: Մեկ անգամ էլ համոզվեց, որ իր սիրելի գիտության՝ ֆիզիկայի հիմնական օրենքներից մեկը՝ ձգողականության օրենքը գործում է, բայց հակառակ տրամաբանությանը՝ ինչքան հեռանում ես, այնքան այդ ուժը մեծանում է:

Եվ վերադարձավ, որ այլեւս չհեռանա…

Հիմա նա պատրաստվում է հինգ զավակով եւ բազմաթիվ թոռներով շրջապատված տոնական սեղան նստել: Թոռների թիվն այս տարի մեկով էլ է ավելացել: Նրան պտղաբերության ու առատության աստծո՝ Անահիտի անունն են տվել:

Միանալով բազում շնորհավորանքներին՝ ես էլ նրա օջախին առատություն, խաղաղություն եմ մաղթում, իսկ իրեն՝ առողջություն եւ բազում հոգսերի թեթեւացում:

ՌԵԴԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25