ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԾԱԾԿՎԱԾ ՄՆԱԼ. ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆԻ «ՇՈՒՇԻ» ՎԵՊԸ

08.05.2018 17:11
1820

Սերո Խանզադյանն Արցախյան շարժման ջերմեռանդ ու գլխավոր դրոշակակիրներից էր: Պատահական չէ, որ շարժման առաջին օրերից իր գրական ու հրապարակախոսական հարուստ պաշարն ի սպաս դրեց պատմական արդարությունը վերականգնելու երախտաշատ գործին: «Ղարաբաղը կրակների մեջ» փաստավավերագրական գրքում Խանզադյանը հանրագումարի բերեց Արցախյան ազատամարտին նվիրված իր հասարակական, հրապարակագրական գործունեությունը̀ ինքնավստահություն ու արիություն պատգամելով սերունդներին: Այդ օգտաշատ գործունեությունն ունեցավ նաեւ գրական թռիչք. Խանզադյանը 1991 թվականին հրատարակեց «Շուշի» պատմավեպը՝ 18-րդ դարավերջի արցախյան դրամատիկ իրադարձությունների ընդգրկումով:

Վեպը Շուշիի պատմության գեղարվեստական յուրացման առաջին փորձն է՝ գրված Արցախյան շարժման անմիջական ազդեցությամբ՝ Շուշիի ազատագրության նախաշեմին: Հեղինակի նպատակն էր պատմական ճշմարտությունների, անցյալի դասերի, Արցախի հերոսական ոգու բացահայտումով նոր շունչ հաղորդել նորօրյա ազատամարտին եւ կերտել հայոց պետականության գաղափարախոսությունը: Այդ տեսակետից Խանզադյանի պատմահայեցողության մեջ ուրույն նշանակություն է ստանում «պատմության դաս» արտահայտությունը, որի հիմնական էությունը պատմության իմացության չափազանց կարեւորումն է՝ ոչ միայն որպես ինքնաճանաչման ձեւ, այլեւ գոյության եւ ինքնահաստատման միջոց:

Մեր պատմավեպերը մշտապես ծրագրային բնույթ են ունեցել: Րաֆֆին, Ծերենցը, Մուրացանը, Պռոշյանը, Դեմիրճյանը, Զորյանը, նաեւ հետագա շրջանի գրողները պատմաքննական սեւեռումներով փորձում էին հասարակական-քաղաքական բարդ հարցերի լուծումները գտնել պատմական անցյալի տարբեր շերտերում: Պատահական չէ, որ դրանցից շատերը գրվել են ժողովրդի համար բախտորոշ ժամանակաշրջաններում: Մի հարցազրույցում Խանզադյանը նկատել է. «Ամեն մի գեղարվեստական գործ, այդ թվում պատմավեպը, պատասխան է այսօրվա հարցերին: Դա հանապազօրյա հաց է: Այլապես այն պետք չէ ժողովրդին՝ ինչպես էլ ուզում է գրված լինի»: Այդ գաղափարադրույթի վրա է խարխսխված նաեւ «Շուշի» պատմավեպի արդիական հղումը. «Մերօրյա արցախյան շարժման արմատները շոշափելի են պատմական անցյալի այդ շերտերում»: Հեղինակի վկայությամբ՝ վեպը թե՚ ժամանակագրական, թե՚ ազգային-ազատագրական պայքարի առումով «Մխիթար Սպարապետի» շարունակությունն է:

Խանզադյանը գրող-հետազոտողի խորակրկիտ հայացքով անդրադառնում է 18-րդ դարի ամենաբարդ շրջաններից մեկին՝ գրեթե չշեղվելով պատմական փաստերից ու ժամանակագրությունից: Հերոսների խառնվածքների հատկանիշները նույնպես բխում են ժամանակի պատմական առանձնահատկություններից: Վեպի բնաբանը Մովսես Կաղանկտավեցու[1] պատմությունից է՝ «Ճշմարտությունը չի կարող ծածկված մնալ եւ լույսը փակի տակ լինել»: Բնաբանի ընտրությունը հուշում է, որ վեպը նաեւ վավերապատում-վկայախոսություն է պատմական ճշմարտազանցությունների դեմ, որոնք տարածում են ազերիները՝ հայոց տոհմիկ երկրամասի տեր հռչակելով իրենց:

«Շուշի»-ն ընդգրկում է շուրջ հինգ տասնամյակի պատմություն` 1740-ական թվականներից մինչեւ 1790-ական թվականները՝

Վեպը գրելու համար Խանզադյանն ուսումնասիրել է մեծաթիվ պատմական ուսումնասիրություններ, այդ թվում՝ ականատես պատմիչներ Առաքել Դավրիժեցու, Աբրահամ Գ Կրետացու, Եսայի Հասան Ջալալյանի, Աբրահամ Երեւանցու, Զաքարիա Քանաքեռացու օրագրություններն ու պատմությունները, մի շարք արձանագրություններ, հիշատակարաններ, կալվածագրեր, կոնդակներ, հավաքել է, ինչպես ինքն է վկայել, «ավազահատիկների նման ցրված» բազմաթիվ փաստեր ու ազգագրական նյութեր: Լինելով Արցախի պատմական տարբեր վայրերում՝ գրի էր առել պատմություններ Արցախում մղված հերոսական մարտերի, հինավուրց Արցախ-Խաչենի իշխանական տան շառավիղների՝ հինգ մելիքությունների մասին, որոնք հատկապես հզոր էին XVII դարավերջին եւ XVIII դարասկզբին, եւ պատմական այդ շրջանում էլ գլխավորել են հայ ազգային ազատագրական շարժումը՝ ընդդեմ պարսկական եւ թուրքական բռնակալությունների: «Պատմական ամեն մի հատիկը հարկավոր է իմանալ, իբրեւ թանկ վկայություն: Րաֆֆու «Սամվելը» այդպիսի մի հատիկից է ծնվել…», - գրում է Խանզադյանը եւ հավաստում, որ պատմության այդպիսի «թանկ հատիկները», տեղեկությունները, մանրամասները ոչ թե կոչված են ծառայելու պատմական դեպքերի ու պատմական անձնավորությունների վավերագրմանը, այլեւ հայոց պատմության մի շարք առեղծվածների մեկնաբանությանը, այլ խոսքով՝ հայոց պատմության փիլիսոփայության վերհանմանը:

Վեպում մեծածավալ փաստական, պատմական նյութ է օգտագործված, եւ Խանզադյանը կարողացել է ապահովել փաստանյութի գեղարվեստական մշակման բարձր մակարդակ: Պատմականության զգացողությունը վեպում բնորշվում է հեղինակի գեղագիտական կայուն սկզբունքներով: Նա չի վիճարկում պատմիչների ու պատմագետների կարծիքները, ավելին՝ պատմության փորձի քննությունից արված հիմնական եզրահանգումները դնում է նոր ընթացքի մեջ, բացում դրանց ենթիմաստները՝ ներհյուսելով մերօրյա խնդիրներին:

Խանզադյանին խորապես մտահոգում էին հայոց պատմությունը խեղաթյուրող գրքերն ու ուսումնասիրությունները: Հարցազրույցներից մեկում խոսելով Սովետական հանրագիտարանի Ա հատորի մասին՝ նշել է, որ հատորում պետք է տեղ գտնեին նաև այն գործիչները, որոնք մեծ դերակատարում են ունեցել պատմության տարբեր շրջաններում, օրինակ̀ Աբգար թագավորը (ըստ Խորենացու «Հայոց պատմության»՝ Աբգար Ուքքաման, ընդունելով քրիստոնեությունը, դարձել է 1-ին դարի անդրանիկ քրիստոնյա թագավորը), Աբրահամ Երեւանցի պատմիչը (18-րդ դար), Աբրահամ Գ Կրետացին[2], եգիպտահայ գործիչ Աբուսահլը եւ ուրիշներ:

Նշվածներից Աբրահամ Գ Կրետացի կաթողիկոսին եւ Աբրահամ Երևանցուն հանդիպում ենք «Շուշի» վեպում՝ որպես պատմողի կերպար ու գործող հերոս: Ավելին՝ Երեւանցու «Պատմութիւն պատերազմացն»[3] եւ Կրետացու «Պատմագրութիւն անցիցն իւրոց եւ Նատր-Շահին պարսից»[4] աշխատությունները պատմական հենք են ծառայել վեպի առաջին մասի համար: Աբրահամ Երևանցին երեւանցի վաճառական է, որ շուրջ մեկ տասնամյակ շրջել էր Իրանում ու Թուրքիայում եւ լավատեղյակ էր ժամանակի ռազմաքաղաքական անցուդարձին: Քաղաքական իրադարձություններին, գերազանցապես պատերազմներին նվիրված այդ երկը սկսվում է աֆղանների՝ դեպի Պարսկաստան կատարած արշավանքի պատմությամբ եւ ավարտվում է Մուղանի դաշտում Թահմազ կուլի խանի՝ Նադիրի թագադրության եւ Թուրքիայի հետ հաշտություն կնքելու դեպքերի նկարագրությամբ: Թեեւ Աբրահամ Երևանցու պատմությունն ավարտվում է 1836 թվականի դեպքերով, Խանզադյանը նրան, որպես պատմողի կերպար՝ անբաժան իր «նշխարարան» մատյանից, «խոսեցնում» է մինչեւ վիպական գործողությունների ավարտը (1790-ական թվականներ):

Անդրկովկասում 1734-1736 թվականներին Նադիրի ծավալած գործունեությունը, Մուղանում նրա թագադրման եւ Բայրամ Սելամի տոնակատարության արարողությունները շատ ավելի հանգամանորեն է ներկայացրել Աբրահամ Կրետացին: Նա ընդհանուր կողմերով հաստատում է Երեւանցու հաղորդած տեղեկությունները այդ ժամանակահատվածի իրադարձությունների վերաբերյալ: «Պատմության» մեջ Կրետացին ակնարկում է, որ երբ ինքն էլ է հրավեր ստացել ներկայանալու Մուղան, շատ է զարմացել եւ ցանկացել է իմանալ կանչի պատճառը. «Բայց կարծիք ոմանց, թէ զՇահն նստուցանելոց է ի գահոյո իւր, եւ ոմանք, թէ՝ ինքն նստելոց է. Բայց հաւաստին եւ վասն էրն ոչ է յայտնի»[5]: Խանզադյանի վեպում պատմական եղելությունների համաձայն՝ Աբրահամ Կրետացին Նադիրի թագադրման արարողության կենտրոնական դեմքն է: Դիվանագիտորեն կատարելով նորընծա շահի կամքը՝ Կրետացին մասնակցում է թագադրմանը եւ, ավելին, շահի պատվերով, «իբրեւ Մեծն Իրանի թագավորության տարեկից արքայական երկրի հոգեւոր առաջնորդ», օրհնում է նրա սուրը: «Աբրահամ կրետացին սուրը բարձրացրեց գլխից վերեւ, օրհնեց իր իմացածի պես, սակայն առանց համբուրելու եւ ոսկեշղթա օղերով կապեց Նադիր շահի մեջքին.

-Թող այս սուրը հատու լինի քո եւ մեր թշնամիների գլխին:

Նադիր շահը ժպտաց երկար բեղերի տակ:

- Օ~, բաբալըղ (Աստված օրհնի – Թ.Մ.) հպարտ եմ, որ բարեկամ հայն օրհնեց իմ սուրը»[6]:

Վեպում վերոնշյալ դրվագին հետեւում է վեհափառի հաջորդ դիվանագիտական քայլը. Կրետացին, նվերներով բեռնավորված, գնում է Նադիրի ապարանք եւ «երկրի վրա մարգարեին փոխարինող Վալիաթնամեից» խնդրում վերադարձնել Էջմիածնի «արդար ունեցվածքը», եւ վերականգնել վանքի «վաղնջական իրավունքը»: Վեպում Աբրահամ Երեւանցին այդ դրվագների ականատեսն ու պատմողն է, արտահայտում է իր վերաբերմունքը կաթողիկոսի նկատմամբ, գովերգում նրա «բռնած դիրքը», «հոգու արիությունը», երկրորդում «մեծ ցավից ծնված» հորդորները. «Հաճախ էր կաթողիկոսն ինձ ասում՝ այն թաթը, որ չես կարող կտրել, համբուրիր ու դիր ճակատիդ»[7]:

Վեպի միջուկը Շուշիի պատմական ճակատագիրն է, ազատագրության իդեալը, «Ղարաբաղից օտար ոտքը կտրելը»: 1752 թվականին Վարանդայի տխրահռչակ Մելիք-Շահնազարի ապազգային ու աղետալի քաղաքակության արդյունքում Արցախի սրտում՝ Շուշիում հաստատվում է քոչվոր ջևանշիր ցեղի սարըջալլու ճյուղի ցեղապետ Փանահ խանը: «Մելիք Շահնազարը Հայոց աշխարհի սրտում օտար խանական որջ շինեց,-գրում է Խանզադյանը,- դրանով նա Ղարաբաղի գերեզմանի առաջին քարը դրեց»[8]:

Վեպում պատմականությունն արտահայտվում է ժամանակային բազմաթիվ էքսկուրսներով, մեծաթիվ գլխավոր ու երկրորդական կերպարների փոխնիփոխ անցումներով, գործողությունների բազաճյուղ զարգացումով: Հեղինակը փորձում է դրանք հասցնել տրամաբանական հանգրվանի եւ խտացնել ասելիքը:

Պատմականության արտահայտիչներից մեկը վեպում հեղինակի պատմահայեցողությունն է՝ պատմության փիլիսոփայական իմաստավորման ենթատեքստով: Հեղինակը լավածանոթ է Արցախի պատմությանը եւ պատմության իմացությամբ էլ փորձում է հասկանալ, գնահատել, վերլուծել պատմության փորձը, խորհուրդը, «հետադարձ մարգարեությունը»(Խուլիո Կորտասար):

Գրականագետները հաճախ են նկատել, որ «գրականության պատմության միջոցով կարելի է վերականգնել ժողովրդի պատմությունը», եւ հաճախ գրողն իր ժամանակի մասին ասում է շատ ավելին, քան պատմիչն ու պատմաբանը»[9]:

Վեպը բաղկացած է ժամանակային կոնկրետ տարածություն ու հանգույց ունեցող չորս մասերից, որոնց ենթագլուխների միասնությամբ էլ ամբողջանում է գրողի պատմահայեցողությունը: Վեպն ունի պատումի, շարադրանքի ինքնատիպ ձեւ: Դեպքերը ներկայացնում են վեպի տարածաժամանակային տարբեր հանգրվաններում այս կամ այն առաքելությամբ հանդես եկող կերպարները՝ Գոհար միանձնուհին, որ մեզ ծանոթ է «Մխիթար սպարապետ» պատմավեպից՝ Գոհար իշխանուհու կերպարով, Աբրահամ Երևանցի պատմիչը, որ ականատեսի աչքերով արձանագրում ու գնահատում է ժամանակի անցուդարձերը, Խնձորեստանի մելիք դավաճան Միրզեխանի կինը՝ Երնջիկը, Մելիք Շահնազարի հանցակից ու մեղսակից Տեր-Իսրայել կաթողիկոսը, պարսից շահի դեսպան, ազգությամբ հայ Ալի Աբդուլ Հասանը, ռուսահայոց թեմի առաջնորդ Հովսեփ արք. Արղությանը, Աբրահամ Գ Կրետացի կաթողիկոսը եւ ուրիշներ: Փաստորեն, վեպում տիրապետողը ոչ թե հեղինակի, այլ պատմողի խոսքն է, եւ դա խանզադյանական պատմահայեցակարգի հիմնական առանձնահատկություններից է:

Խանզադյանին ավելի շատ հետաքրքրում է պատմողի մտածելակերպը, գործողությունները դիտելու եւ նկարագրելու ձեւը, պատմական եղելությունները գնահատելու չափանիշը: Դրա համար էլ վեպի տարբեր հատվածներում պատմողը մեծ մասմաբ ականատես է կամ ինչ որ մեկից լսած պատմության վերարտադրող:

Երբեմն պատմողը, նկարագրելով այս կամ այն իրադարձությունն ու գնահատելով այս կամ այն իրավիճակը, պարզում է հենց իր կերպարային նկարագիրը: Այդպիսի ցայտուն կերպար է Տեր-Իսրայելը, որին Մելիք Շահնազարը հանձնել էր Ամարասի հոգեւոր գահաթոռը՝ իրեն մատուցած բազում սրբապիղծ ծառայությունների դիմաց: Պատմելով, թե ինչպես է թաթախման սուրբ մեռոնին թույն խառնելով՝ թունավորել Ձագեձորի Մելիք-Օհանին, Իսրայելը այսպես է իր հոգեվիճակը նկարագրում. «Ես բնավ մեղքի խայթ չզգացի: Դե, աշխարհ է, ճակատագիր է, ուր կարող ես փախչել վերուստ սահմանածից: Այս անգամ էլ ինձ բնավ մեղսագործ չզգացի: Այս սատկածը պարարտացել էր իր իշխանական փառքով, ինձ չէ՜ր ընդունում: Ես իմ գործն եմ անում, իսկ խիղճ, գութ-մութ ասվածները մաշված, ծակծկված գուլպաներ են, հանիր ոտքիդ, դեն գցիր»[10]: Մեկ այլ եղեռնագործության մասնակցելով՝ կաթողիկոսը հանդարտորեն պատմում է. «Գիշերվա կեսին Իբրահիմ խանը ինձ ու երկու դահիճի հետ անաղմուկ մտավ Մելիք Եսայու բանտախուցը: Թևքերը ետ քաշեց, մագիլները խրեց կապկապված Եսայու կոկորդն ու սկսեց խեղդել: Նրա մարդիկ ամուր բռնեցին մելիքի ոտքերն ու ձեռքերը: Իբրահիմ խանը ծունկի եկավ մեռած մելիքից մի քիչ հեռու, գորգի վրա ու սկսեց առավոտյան նամազը: Ես ոչ մի աղոթք չհիշեցի»[11]:

Գաղափարական մի առանցքի շուրջ ամբողջացնելով բոլորի պատմածները, խոհերն ու մտորումները՝ Խանզադյանը վերստեղծում է դարաշրջանի՝ դրամատիզմով ու վայրիվերումներով լեցուն մթնոլորտը:

Վեպի սկզբնամասում Խանզադյանը պատմական իրադարձությունների պատճառահետեւանքային շղթայից առանձնացնում է առաջին օղակը, որից էլ բացվում-ծավալվում է բուն թեման՝ Շուշիի ճակատագիրը:

1733 թվականին Կողմանք Արեւելից գերագահ իշխան Մելիք Եգանը՝ վեպի ամենաընդգծված կերպարներից մեկը, դաշինք կնքելով Նադիր Ղուլիի հետ, կազմակերպում է օսմանյան Սարը Մուստաֆա փաշայի զորքերի կոտորածը Արցախում: 1736-ին Մուղանի դաշտում շահ հռչակվելուց հետո Նադիրը, որպես երախտագիտության նշան, Արցախի հինգ մելիքությունները միավորում է մի նահանգի մեջ եւ խանի տիտղոս շնորհում Մելիք Ավան Եգանին: Ստեղծվում է Ղարաբաղի նահանգը՝ Տող կենտրոնով՝ որպես ինքանվար երկիր, որի սահմանները ձգվում էին Գանձակի հարավային մասերից մինչեւ Արաքս գետը: Պատմական այս եղելությունների անդրադարձը, ինչպես նշեցինք, զբաղեցնում է վեպի առաջին մասը: Ի դեպ, Մելիք Եգանը, իբրեւ քաղաքական-ռազմական գործիչ, հայտնի է դարձել Նադիրի` Հայաստան մուտք գործելուց հետո: Աբրահամ Երեւանցին իր պատմության մեջ նրա անունը չի հիշատակում (թեեւ Խանզադյանի վեպում, որպես կերպար, առնչվում է նրա հետ), Կրետացին նշում է միայն, որ Մելիք Եգանը մասնակցել է Մուղանում Նադիրի թագադրման արարողություններին: Պատահական չէ, որ Նադիրին հպատակություն հայտնած հայ մեծամեծների շարքում աղբյուրները չեն հիշատակում Սյունիքի և սղնախների ազատագրական շարժման առաջնորդներից եւ ոչ մեկին: Մինչդեռ հայտնի է, որ 18-րդ դարի 20-ական թթ. հայ ամենանշանավոր ռազմական գործիչը Դավիթ-Բեկն էր: Աբրահամ Երևանցու մի վկայության համաձայն՝ Սյունիքի սղնախների ազատագրական շարժման առաջնորդները բարյացակամ չեն եղել պարսից գահի հավակնորդ Նադիրի նկատմամբ: Թերեւս դրանով է բացատրվում այն, որ ժամանակի հայ եւ պարսկալեզու աղբյուրներն ակնարկ անգամ չեն արել հայ ժողովրդի մղած հերոսամարտերի եւ նրա առաջնորդների մասին: Նրանք գիտակցաբար լռության են մատնել Դավիթ-Բեկին ու նրա հետ կապված իրադարձությունները, որպեսզի չգրգռեն Նադիր շահին: Խորամիտ Դավիթ-բեկը, հավանաբար, հասկացել էր Նադիրի՝ հեռուն գնացող նպատակները եւ պարզ է, որ չէր կարող բարյացակամ լինել նրա նկատմամբ: Նադիր շահի պալատական պատմագիր Մուհամմադ-Քյազիմը, բնականաբար, մեծարում է ոչ թե Դավիթ-Բեկին կամ Մխիթար Սպարապետին ու Ավան Յուզբաշուն, այլ Նադիրին հպատակություն հայտնած Դիզակի Ավան Եգանին: Նա հիշատակվում է որպես նուրբ քաղաքագետ, արտակարգ ընդունակություններով օժտված իմաստուն գործիչ, որը Նադիր կողմից մեծ սիրո ու վստահության էր արժանացել: Ավելին, այդ ժամանակաշրջանում հայ ռազմական առաջնորդների շարքում առաջին տեղը հատկացնում է Մելիք Եգանին[12]:

Այսպես, Նադիր շահի կողմից Սյունիքի ու Արցախի հայության իրավունքների ճանաչումը նոր շուչ է հաղորդում ազատագրական պայքարին, հավատ ներշնչում վերջնական հաղթանակի հանդեպ:

Հավաստիորեն արտահայտելով պատմական ժամանակը՝ Խանզադյանը վեպի երկրորդ մասում ներկայացնում է 1747 թվականին Նադիր Շահի սպանությունից հետո Պարսկաստանում ծայր առած գահակալական կռիվները, որոնց գումարվում են նաեւ ծայրամասային խանությունների պառակտողական քայլերը: Գանձակի խանը փորձում է վերականգնել մինչնադիրյան իրավունքները, բայց հանդիպում է Վարանդայի եւ Դիզակի մելիքների դիմադրությանը: Իհարկե, կռիվների վրա Խանզադյանը շատ չի կենտրոնանում, վեպում քիչ են գեղարվեստորեն հագեցած կռվի տեսարանները, բայց ընդհանուր առմամբ պահպանում է կենդանի իրականության բաբախը:

Վեպի կենտրոնական դեմքը դավաճան ու արյունարբու բռնակալ Մելիք-Շահնազարն է, որ, օգտվելով Նադիրի սպանությունից հետո ստեղծված քաոսից, սպանում է եղբորը՝ Մելիք-Հովսեփին, կոտորում նրա ընտանիքը եւ իրեն հռչակում Վարանդայի մելիք: Ինչպես հեղինակն է գրում՝ «Ցեց է ընկնում Հայոց տունը»[13]: Րաֆֆին «Խամսայի մելիքությունները» աշխատության մեջ, որ նույնպես Խանզադյանի վեպի աղբյուրներից է, Մելիք-Շահնազարին անվանել է «Ղարաբաղի կործանիչ» եւ նրա ծագման վերաբերյալ ուշագրավ բացահայտում արել. «Մելիք-Հովսեփը եւ Մելիք Շահնազարը խորթ եղբայրներ էին, Հովսեփը ծնված էր Մելիք-Հուսեինի Աննախաթուն անունով կնոջից, որը Դիզակի իշխան Մելիք-Ավանի քույրն էր, իսկ Մելիք-Շահնազարը ծնված էր Զոհրախանումից, որը Նախիջեւանի խանի աղջիկն էր, ազգով թուրք: Մելիք-Հուսեինը նրան իբրեւ գերի բերեց Նախիջեւանից, հետո ամուսնացավ նրա հետ»[14]: Մելիք Հովսեփը Խաչենի տիրակալ Հասան Ջալալյանների տան փեսան էր, եւ մելիքի մանկահասակ որդին՝ Սայիբեկը իր քեռի Մելիք-Ալահվերդու միջոցով փրկվել էր արյունահեղությունից ու ապաստանել այնտեղ: Սակայն Մելիք-Շահնազարի արյունոտ ձեռքը հասնում է նաեւ 4-ամյա փոքրիկին:

Խանզադյանը ոչ մի շեղում թույլ չի տվել պատմականության առումով, հերոսներն իրենց դարի ու ժամանակի մեջ են: Այստեղ են Գյուլիստանի Մելիք-Հովսեփը, Ջրաբերդի տեր Աստվածապով սպարապետը, Մելիք-Ալահղուլի սուլթանը, Խաչենի Մելիք-Ալլահվերդին, Դիզակի Մելիք-Եսային, բազմաթիվ մելիքազուններ, հոգեւորականներ, զինականներ, աշխարհազորայիններ, մելիքների ու զորականների ազատատենչ կանայք, որոնք, միավորելով իրենց ուժերը, դուրս են գալիս «հայրենիքի դավաճան» Մելիք-Շահնազարի դեմ: «Ես պատրաստ եմ ինձ կնքահայր դարձնել այն շանը, որի թեկուզ հաչոցը ապահովում է իմ գահը, իմ իշխանությունը»[15] - այս համոզմունքով է առաջնորդվում «հայոց ուխտից հեռացած» Մելիք-Շահնազարը եւ, հասկանալով, որ իր ուժերը բավարար չեն՝ երկար դիմադրելու մյուս չորս մելիքների՝ իր դեմ ծրագրած պատժապարտիչ գործողություններին, դիմում է Արցախի մերձակայքում թափառող սարջուլլուների աննշան ցեղապետ Փանահ խանի օգնությանը, հպատակվում նրան, եւ նույնիսկ թույլ է տալիս ամենաանթույլատրելի արարքը` Փանահին է ընծայաբերում իր մելիքության տարածքում գտնվող հզոր պաշտպանական ամրությունը՝ Շուշի բերդը: Փաստորեն, մելիքների երկպառակություննից օգուտ է քաղում երրորդ՝ օտար կողմը՝ Փանահը, որ Մելիք-Շահնազարի թողտվությամբ 1752-ին հաստատվում է Արցախի սրտում: Խամսայի մելիքները ստիպված են լինում դիմակայելու նոր մարտահրավերների եւ տեւականորեն ենթարկվելու զրկանքների: Հենց Փանահի ժամանակներից Արցախ են ներթափանցում այլացեղ ու այլակրոն էթնիկ տարրեր: «Մեր հայոց արեւելքում, ուր մի մուսուլմանականխրճիթ անգամ չկար, բնավորվեցին քոչվոր խմբեր,-պատմական դառը իրողության մասին պատմում է հեղինակը:- Դրանք Փյուսյան, Կարաչարլի, Ջինլի, Դամրչի-Հասանլի, Ղըզլ-Հադիլի, Սաֆի-Քյուրդլի, Քյոյ-Ահմեդլի, Սահաթլի, Քենգերլի կոչվող վաչկատուն ցեղերն էին»[16]: Կարճ ժամանակում Շուշին դառնում է սարըջալու ավազակապետի ինքիշխանության եւ ուժի կենտրոնը, որտեղից նա այրում, մոխրացնում էր ամեն ինչ, թույլ տալիս անթվելի չարագործություններ ու բանսարկություններ, փորձում բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով իրեն ենթարկել երբեմնի հզոր մելիքներին, ամբողջ Ղարաբաղը:

Փանահին հաջորդում է ոչ պակաս բռնակալ որդին՝ Իբրահիմ խանը, որը շարունակում է ամենաստոր միջոցներով պայքարել հայոց մելիքությունների ու դրանց հոգեւոր կենտրոն Գանձասարի կաթողիկոսության դեմ: Իբրահիմի կողմից դավադրաբար սպանվում են Դիզակի Մելիք Եսային, Գանձասարի կաթողիկոս Հովհանենս Հասան Ջալալյանը: Իբրահիմ խանի լարած որոգայթների արդյուքնում սպանվում են նաեւ Դիզակի Մելիք-Բախտամը, Մելիք-Աբասը, Մելիք-Եսայու որդի Բաղդատ-բեկը, ինչպես նաեւ բազմաթիվ մելիքազուններ: Խանզադյանը գեղարվեստական ցայտուն ու սահմռկեցուցիչ պատկերներով է ներկայացնում Իբրահիմ խանի, նրա կնոջ՝ Մելիք Շահնազարի դուստր Հուրիզադի հայահոշոտիչ կենսավարությունը, անթվելի եղեռնագործությունները: Առհասարակ, վեպում հատուկ վերաբերմունքի է արժանի կանանց դերի խնդիրը: Խանզադյանի կերտած հերոսական խառնվածքով բազմաթիվ կանանց իր տեսակի ու նկարագրի ողջ զազրելիությամբ հակադրված է Հուրիզադ խանումը:

Ցուցահանելով Շուշիի պատմության «արյունոտ» էջերը՝ Խանզադյանի նպատակն էր ցույց տալ պատմականորեն միակ ճիշտ ուղին հայ ժողովրդի համար. այն է՝ Արցախի ազատագրումը, իսկ ազատագրել Արցախը՝ նշանակում էր նախ եւ առաջ ազատագրել ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող Շուշին: Վ.Պոտկոյի հայտնի ձեւակերպմամբ՝ «Ով տիրում է Շուշիին, նա տիրում է Ղարաբաղին»: Այդ միտքը տարրալուծված է վեպում եւ կազմում է վեպի հոգեշաղախը: Գրողի հոգին ծառս է լինում, նա չի կարողանում զսպել հուզումը: «Թեեւ մենք շրջապատված ենք թշնամիներով ու թեեւ մեր Շուշին գերված է, բայց երբեք ստրուկ չէ: Ազատության կռվի կրակը մեր մեջ հզոր է եւ ոչինչ չի մարի նրան ոչ այսօր, ոչ էլ եկող ժամանակներում»[17]:

Խանզադյանը վեր է հանում պատմության խորհուրդը, դասը: «Իմացիր, տե՚ր իշխան, Ղարաբաղը երբեք քո մականի տակ չի ընկճվի ու չի դառնա օտարին կեր ու կուր: Ժամանակները մեկ կամ տաս տարով չեն չափվում, այլ՝ հարյուրամյակներով: Մի կարծիր, թե դու եւ քո դրածոն Ղարաբաղը կմարսեք»[18] - Գոհար միանձնուհին է պատմության այս դասը նետում Մելիք-Շահնազարին:

Վեպի վերջին հատվածները հատկանշվում են հրապարակախոսական որոշակի լիցքով: Գրողի իդեալը կռվող ժողովուրդն է, արթուն ու զինված հայը՝ ականջալուր կռվակոչի ահազանգին՝ «Է՜յ, հայե՜ր, ելե՜ք, եկե՜ք: Փրկենք մեր Ղարաբաղը, մեր տունը, մեր պատիվը… Դեպի Շուշի՜…. Ելե՜ք… Մենք կփրկենք քեզ, Ղարաբա՜ղ… Կանչը դղրդաց Ղարաբաղի հորիզոնում: Այսպես՝ մինչեւ օրս…»[19]:

Ամփոփելով նշենք, որ վեպը, իբրեւ հայրենասիրության ազնիվ թեման շոշափող գործ, կոչված է հաստատելու, որ ժողովրդի դեմ դավեր նյութողը, նրան դավաճանողը, ի վերջո պիտի մերկացվի, պարտվի ու պատժվի, որովհետեւ ժողովուրդն անպարտելի է: Արտակ Մաղալյանի դիպուկ նկատումով՝ «Միայն Արցախյան հերոսական ազատամարտի շնորհիվ հաջողվեց սրբագրել Մելիք-Շահնազարի թույլ տված 240-ամյա ճակատագրական սխալը»[20]:

Իր պատմագեղարվեստական արժեքայնությամբ, կառուցվածքային ինքնատիպությամբ, պատմաքննական ու հոգեբանական դիտարկումներով, արդիական ըմբռնումների խորությամբ ու ընդհանրացումներով, հյութեղ ոճով Սերո Խանզադյանի «Շուշի» վեպը հայ դասական պատմավեպի եզակի նմուշ է:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

[1] Մովսես Կաղանկատվացու «Աղուանից աշխարհի պատմութիւն» աշխատության մեջ հարուստ տեղեկություններ կան «Հայոց արեւելից կողմանց՝ Արցախ եւ Ուտիք նահանգների վաղ միջնադարյան պատմության մասին» գրքում։ [2] Հայոց կաթողիկոս(1734թ.-ից) եւ պատմագիր: Գրել է «Պատմագրութիւն անցիցն իւրոց եւ ՆատրՇահին պարսից» երկը (բաղկացած է 53 գլխից, առաջին անգամ հրատարակվել է 1796 թ. Կալկաթայում): Տեղեկություններ կան այն մասին, որ Սերո Խանզադյանն ունի անտիպ ստեղծագործություն՝ «Աբրահամ Կրետացի» խորագրով, որի մասին վկայել է. «Իմ դառը մայրամուտի ժամանակ եմ գրել»: [3] Աբրահամ Երեւանցի, Պատմութիւն պատերազմացն, Ե., 1938թ.: [4] Աբրահամ Կրետացի, «Պատմագրութիւն անցիցն իւրոց եւ Նատր-Շահին պարսից»[4], Վաղարշապատ, 1870: [5] Նույն տեղում, էջ 27: [6] Ս.Խանզադյան, Շուշի, էջ 78: [7] Նույն տեղում, էջ 79: [8] Ս.Խանզադյան, Շուշի, էջ 273: [9] Ժ.Քալանթարյան, Անդրադարձներ, էջ 92: [10] Ս.Խանզադյան, Շուշի, էջ 279 [11] Նույն տեղում, էջ 392: [12] «Հայ ժողովրդի պատմություն», հ.4., Ե., 1972: [13] Նույն տեղում, էջ 201 [14] Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10, Ե., 1964: [15] Ս.Խանզադյան, Շուշի, էջ 211: [16] Ս.Խանզադյան, էջ 273: [17] Նույն տեղում, էջ 414: [18] Նույն տեղում, էջ 452: [19] Նույն տեղում, էջ 479: [20]«Պատմաբանասիրական հանդես», 2014թ., թիվ 1, էջ 194:

ԹԵՀՄԻՆԱ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19