Դավիթ Մաթեւոսյան. նրա կյանքը հայրենապաշտության վառ օրինակ է

07.01.2021 10:18
84714

Հրադադարից երկու ամիս անց անգամ չենք կարողանում ամբողջացնել Արցախյան երրորդ պատերազմում նահատակված սյունեցիների ամբողջական անվանացանկը:
Մի բան է ակնհայտ՝ մարզում չկա բնակավայր, որ չունենա զոհված կամ անհետ կորած զավակ:
Եվ փորձում ենք խորանալ նահատակներից յուրաքանչյուրի կենսագրության, մարտական ուղու մանրամասների մեջ: Ու ամեն դեպքում ակներեւ է դառնում, որ գործ ունենք հայրենիքին անձնուրացորեն նվիրվելու իրողության հետ:
Այդ հանգամանքն էլ հիմք է դառնում, որ հուզմունքի ու սգի միջից նորովի վերընձյուղվի մեր ազգային հպարտությունը, մեր պատասխանատվությունը հայրենիքի ներկայի ու գալիքի հանդեպ։
Մանավանդ որ հայրենիքը եւ հատկապես Սյունիքը շարունակում են մնալ վտանգի մեջ...

*  *  *

Այսօր առանձնահատուկ ակնածանքով ենք ուզում հիշել մեր նորօրյա պատերազմի հերոսներից մեկին՝ Դավիթ Մաթեւոսյանին:
Եվ ոչ միայն հիշում ենք, այլեւ խոնարհվում նրա անմեռ հիշատակի առջեւ, նաեւ փաստում, որ նրա ու մյուս նահատակների արյամբ երիցս սրբագործվել է Սյունյաց հողը, որ նորովի է հայրենացել մեր լեռնաշխարհը:
Ու որքան հեռանում ենք 2020 թ. հոկտեմբերի 22-ի օրվանից, երբ տարածվեց Դավիթ Մաթեւոսյանի մահվան բոթը, ու մի նոր տրտմություն իջավ Սյունյաց տան վրա, ավելի հաստատուն է դառնում մեր ձգտումը՝ ներողություն հայցելով` չհամաձայնել Համո Սահյան նահապետի մի բանաձեւումին՝ «Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում»: Չէ, այդպես չի լինում, դա ճիշտ չէ մարդկային ամեն մի կորստի դեպքում, հատկապես երբ մահը վասն հայրենյաց է լինում, հատկապես երբ մարդ հայրենիքի զոհասեղան է բարձրանում գիտակցաբար: Այդպես է նաեւ Դավիթ Մաթեւոսյանի դեպքում. նրա մահով շատ բան է փոխվել ու փոխվում առնվազն մեր անկրկնելի Արեւիք աշխարհում: Նրա մահով կորցրեցինք սյունեցու մաքրամաքուր արժանիքները կրող անհատականություններից եւս մեկին…
Դավիթ Մաթեւոսյանի մասին շատերն են խոսք ասել նրա մահվան առիթով ու դրանից առաջ եւ հետո: Եվ դեռ ասվելու է…
Ինքս էլ հիշողություններ ունեմ` հատկապես նրա կյանքի այն շրջանից, երբ Սյունիքի նորաստեղծ մարզի ղեկավարի (մարզպետի) տեղակալն էր՝ փոխմարզպետը…
Անշուշտ, ծանոթ էինք նրա նախորդ շրջանի կենսագրությանը, բայց 1996-98 թվականներին, հիրավի, նորովի բացահայտվեց նրա լուսավոր կերպարը Սյունիքի մարզի մի շարք ոլորտներում ու համայնքներում:
Նրա գործունեությունն ի սկզբանե չէր տեղավորվում փոխմարզպետի ի վերուստ սահմանված պաշտոնական լիազորությունների շրջանակում:
Ավելին էր, քան փոխմարզպետը կարող էր լինել կամ պետական պաշտոն եւ աստիճան ունեցողը:
Կարողանում էր մտածել երկրի, հանրապետության կտրվածքով:
Կարողանում էր վեր բարձրանալ անձնականից եւ ապրել երկրի, ազգի ընդհանրական շահերով, ինչին քչերն են ընդունակ:
Եվ մեր ժողովրդի վերածնունդն ու առաջադիմությունը տեսնում էր արդարության, ճշմարտության, բարոյականության մեջ:
Նրա տաք շունչը, ոչ ստանդարտ մտածելակերպը, նորի հանդեպ ձգտումը զգացվում էր մարզային կյանքի մի շարք ոլորտներում:
Մի խոսքով՝ ինքն առողջ, թարմ ու ախորժելի մի զեփյուռ էր, որ այդ տարիներին թեւածեց նորաստեղծ մարզի կառավարման համակարգում:
Ի դեպ, դա սովորական ժամանակ չէր. պատերազմը նոր-նոր էր ավարտվել, իսկ Սյունիքի մեծաթիվ վերքերը բուժել էր պետք…
Եվ իր գործունեությամբ մարզի իշխանական համակարգին յուրովի եռանդ ու ոգեւորություն էր փոխանցում:
Եվ որ մի ոլորտով էլ զբաղվում էր՝ առաջադիմությունն անխուսափելի էր դառնում:

* * *

Դավիթ Մաթեւոսյանին դեռ պատանեկան տարիներից էին նկատել Մեղրու շրջանի ղեկավարներն ու փորձել նրա գիտելիքները, եռանդն ու կազմակերպչական ունակությունները ծառայեցնել շրջանի զարգացմանը:
1982-ին Հայակական գյուղատնտեսական ինստիտուտի հիդրոմելիորացիայի ֆակուլտետն ավարտելուց հետո (ինժեներ-հիդրոտեխնիկի մասնագիտությամբ) պատասխանատու պաշտոններ է վարել շրջանում՝ Ագարակի հանքաշինական վարչության աշխղեկ, Ոռոգման եւ ջրօգտագործման վարչության ինժեներ, կոմերիտմիության շրջկոմի պատասխանատու աշխատող, Կարճեւանի պետական տնտեսության տնօրեն, ՆԳ Մեղրու բաժնի պետ…
Բոլոր այդ պաշտոններում էլ դրսեւորել է եռանդ եւ աշխատասիրություն, հանձնարարված գործի նկատմամբ պատասխանատվություն, հայրենի քարափների հանդեպ տիրոջ սրտացավություն:
Այդ ամենի համար է նաեւ, որ նրան ընդգծված հարգանքով ու պատկառանքով են վերաբերվել ոչ միայն բնօրրան Մեղրիում, այլեւ ամբողջ մարզում ու մեր երկրամասի սահմաններից դուրս:
Հովհաննես Թումանյան անհասանելի գագաթը մի առիթով ուշագրավ դիտարկում է արել՝ «Անհատներ կան, որ առանց իշխանության էլ… միշտ երեւում են իրենց ինքնուրույն կերպարանքով, ուժով ու շնորհքով»:
Այդ միտքը, կարծեք, Դավիթ Մաթեւոսյանի նկարագիրն ունեցող մարդկանց համար է ասված. երկար տարիներ պաշտոն չի ունեցել, նույնիսկ անգործ է մնացել ու հալածվել, բայց միշտ էլ աչքի է ընկել իր ինքնուրույն կերպարանքով, վեհությամբ ու հեղինակությամբ:
Նրա անունն արդեն իսկ լրջություն, հարգանք ու պատկառանք էր առաջ բերում շրջապատում…

* * *

Հայրենասիրությունը, հայրենի եզերքին նվիրվածությունը Դավիթ Մաթեւոսյանի համար բառեր չէին սոսկ, այլ կոնկրետ գործերի հանրագումար, անմնացորդ նվիրում ազգային գործերին...
Դա հատկապես երեւաց 1990-ականներին, երբ հայ ժողովուրդը ոտքի էր ելել հայոց Արցախի ազատագրության համար, երբ հայրենի Արեւիք աշխարհը եւս ռազմական գործողությունների թատերաբեմ էր դարձել:
Փառահեղ Ղեւոնդ Հովհաննիսյանի հետ կարողացան արժանապատվորեն գլխավորել Մեղրու տարածաշրջանի ինքնապաշտպանությունը:
Քանի-քանի անգամ Սպարապետ Վազգեն Սարգսյանից ինքներս ենք գնահատանքի ու երախտիքի խոսքեր լսել Դավիթ Մաթեւոսյանի մասին:
Նրա հայրենանվիրության նոր պոռթկումին ականատես եղանք 2020-ին` Արցախյան երրորդ պատերազմում:
Սեպտեմբերի 27-ից հետո վերադարձել էր Մեղրի եւ բազմակողմանի գործունեություն ծավալել երկրամասի անվտանգության ապահովման ուղղությամբ, մանավանդ որ հոկտեմբերի կեսերին թուրք-ազերիները թիրախավորել էին նաեւ Մեղրու շրջանի արեւելյան սահմանամերձը:
Բազմաթիվ ճանաչված գործիչներ, բարձրաստիճան զինվորականներ, կամավորականներ ու շարքային զինվորներ մեզ պատմեցին, թե կազմակերպչական ինչպիսի գործունեություն էր ծավալել Դավիթ Մաթեւոսյանն ամրաշինության ոլորտում, աշխարհազորայինների մոբիլիզացման, սահմանի պաշտպանությունն ամուր հիմքերի վրա դնելու ուղղությամբ:
Առանց չափազանցության՝ նրա կերպարը պատերազմական այդ օրերին ոգեշնչման աղբյուր էր շատերի համար:
Մարտական առաջադրանքներ կատարելու ժամանակ էլ մահացու վերքեր ստացավ թշնամու անօդաչու սարքի հերթական գրոհի հետեւանքով…
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ողբերգական այդ պատահարից հետո մեզ պատմեց, թե մարտական ինչպիսի կարեւոր առաջադրանք էր կատարում Դավիթ Մաթեւոսյանը Հայաստանի Հանրապետության հարավ-արեւելքի այդ հատվածում:
 Դավիթ Մաթեւոսյանը յուրովի էր վերաբերվում Արցախյան նոր պատերազմին, ինչն արտացոլված է նրա վերջին հարցազրույցներից մեկում՝ «Արցախյան այս պատերազմին պետք է վերջ տրվի քաղաքական միջամտությամբ…»: Նաեւ ցավ էր ապրում, որ իր սերունդը չկարողացավ Արցախյան հիմնախնդիրը վերջնականապես լուծել ու այն թողեց հաջորդ սերնդին. «Ցավոք մենք երկրորդ անգամ ենք սերունդ կորցնում…»:

* * *

Դավիթ Մաթեւոսյանի նկարագիրն արտացոլող եւս մի քանի շտրիխ. համարձակ անձնավորություն էր, ազատության, ժողովրդավարության, արդարության իսկական մարմնավորում:
Կամայական դատավճռով մոտ մեկուկես տարի մնաց բանտարկված, բայց նրա մեջ նեղացածություն, չարություն, ընկճվածություն չծլարձակեց երբեք, իսկ երկրի, ազգի վաղվա օրվա հանդեպ լավատեսությունն ու հավատը չնահանջեցին:
Եվ ուրեմն` երիցս ափսոս, որ այլեւս մեզ հետ չէ, որ նրա բարձր ներկայությունն այսուհետ բացակայելու է դժվարագույն ընթացքի մեջ գտնվող մեր երթից, որ նրա նվիրական բազում ծրագրեր անավարտ մնացին…

* * *

Դավիթ Մաթեւոսյանի մահվան բոթը լսեցինք պատերազմական ամենածանր ժամանակաշրջանում:
Շաղված-շփոթված այդ օրերին չկարողացանք նույնիսկ հրաժեշտ տալ նրան ո՛չ Մեղրիում, ո՛չ Եռաբլուրում:
Եվ հիմա՝ մոտ երկու ամիս անց, խորին պատկառանքով ու երախտագետ սրտով վերստին խոնարհվում ենք նրա պայծառ հիշատակի առջեւ:
«Սյունյաց երկրի» խմբագրակազմի, անձամբ իմ եւ ընտանիքիս անունից վշտակցում ենք մեր լեռնաշխարհի երեւելի դուստր Սուսաննա Սարգսյանին. ինչպիսի՜ գեղեցիկ ընտանիք էին ստեղծել Դավիթ Ղեւոնդիչի հետ: Իսկ հիմա… Հիմա Սուսաննան, հրաշալի զավակների հետ, համոզված ենք, ամեն ինչ անում է եւ անելու է, որ Դավիթ Մաթեւոսյանի երազանքներն ու իղձերը հնարավորինս ի կատար ածվեն…
Մենք էլ պարտավոր ենք պետական մակարդակով եւ ըստ պատշաճի գնահատել Դավիթ Մաթեւոսյանի նվիրական գործունեությունը:
Մեղրիում էլ… Վստահ ենք՝ կգտնվեն երախտավորներ, ովքեր արժանավայել մակարդակով կհավերժացնեն Դավիթ Մաթեւոսյանի հիշատակը՝ դրանով իսկ գալիքի սերմնացաններին ցույց տալով, թե ինչպիսի արժանապատիվ ու վեհանձն զավակ է Արեւիք աշխարհը նվիրել հայ ժողովրդին:
…Վերջում շեղվենք ավանդակարգից, մի պահ դուրս գանք իրականությունից ու խոսք ուղղենք հենց իրեն՝ երկնային թագավորությունում այլեւս հանգրվանած Դավիթ Մաթեւոսյան մարտիրոսին՝ «Հարգելի բարեկամ, թող օրհնված լինի քո հիշատակը. հանուն հայրենիքի շունչդ տալուց հետո էլ՝ քո անվամբ ու գերեզմանով շարունակում ես ազնվացնել ու բարձրացնել Սյունյաց սրբազան աշխարհի անունը, պատիվն ու արժանապատվությունը, եւ ուրեմն՝ շիրիմդ միշտ լույսի մեջ լինի: Իսկ հերոսական Սյունիքում, վստահ եղիր, կրկին թեւ են առնելու Սիսակ նահապետի, Անդոկ մեծ իշխանի ու Նժդեհի ոգիները, եւ ոչ մի ուրացող չի կարողանալու անդամահատել ու բարոյազրկել աստվածասկիզբ եւ սրբասուրբ մեր հայրենիք Սյունիքը»:

Սամվել Ալեքսանյան
 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25