Դավիթ Թովմասյան. «Մենք այստեղ ենք ոչ թե քաղաքականությամբ կամ գովազդով զբաղվելու համար, այլ մեր գործունեությամբ բարիք ստեղծելու առաքելությամբ, որպեսզի բարելավենք համայնքի բնակիչների կյանքի որակը»

24.12.2019 12:00
1674

«Սյունյաց երկրի» հարցերին պատասխանում է «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը

- Պարոն Թովմասյան, նախ՝ շնորհակալություն հարցազրույցի հրավերն ընդունելու համար:

Մեր հանդիպումներից տպավորություն ունենք, որ Դուք անմիջական մարդ եք եւ բարդույթներ չունեք լրագրողների հետ շփվելու հարցում:

Այնպես որ՝ անկեղծ զրույց ենք ակնկալում:

- Ձեզ ենք շնորհակալ` ընկերության նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար:

- Քանի որ  մեր առաջին հրապարակային զրույցն է, ուստի եւ կուզենայինք նախ ճշտել՝ ո՞վ է (ովքե՞ր են) Կապանի կոմբինատի սեփականատերը (սեփականատերերը):

- Ընկերությունը բրիտանական «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ» (Chaarat Gold International Limited) ընկերության ակտիվներից մեկն է, որն արագ զարգացող  հանքարդյունաբերող կազմակերպություն է եւ հավակնում է դառնալ ոսկու արտադրության խոշոր ընկերություններից մեկն աշխարհում: Ընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Լոնդոնում։ Հայաստանից բացի ակտիվներ ունի նաեւ Ղրղզստանի Հանրապետությունում:

- Մի երեւույթի մասին, որ նույնիսկ զարմանքի տեղիք է տալիս (երբեմն նույնիսկ տարակուսանքի). վերջին 20 տարում, կարելի է ասել, ժամանակ առ ժամանակ ու անընդհատ փոխվում են այդ ընկերության սեփականատերերը:

Ինչո՞վ է դա բացատրվում: Դիտորդների տպավորությամբ՝ կամ շահութաբեր չէ այդ տնտեսությունը կամ կան ստվերային խոչընդոտներ, որոնք, ի վերջո, հիասթափեցնում են սեփականատիրոջը…

- Դա սովորական երեւույթ է, որեւէ արտասովոր բան չկա. սա բիզնես է առաջին հերթին, եւ բիզնեսում առք ու վաճառք կարող է անընդհատ լինել կամ առհասարակ չլինել: Այնպես ստացվեց, որ Կապանի կոմբինատի դեպքում  մի քանի անգամ սեփականատեր փոխվեց, սակայն կարող եմ վստահեցնել, որ որեւէ խոչընդոտ չկա: Հարկ եմ համարում նշել նաեւ, որ  ընկերությունը,  թե՛ կառավարության եւ թե՛ տեղական ղեկավար մարմինների հետ աշխատում է օրենքի սահմաններում ու վերջիններիս կողմից եւս որեւէ խոչընդոտի չենք հանդիպել:

- Ի՞նչ է այսօր իրենից ներկայացնում «Չաարատ Կապան» ՓԲ ընկերությունը. արտադրական հիմնական ցուցանիշները…

- Ընկերությունը շահագործում է Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով։ Արտադրում է պղնձի եւ ցինկի խտանյութեր՝ ոսկու եւ արծաթի պարունակությամբ: Նախորդ տարիների համեմատ արտադրական ցուցանիշների աճ ենք ապահովել, մասնավորապես 2019 թվականին hանքաքարի հանույթը 7 տոկոսով ավելին է, քան նախորդ տարի, հանքաքարի վերամշակումը  16 տոկոսով է ավելին, պայմանական ոսկու թողարկումը՝ 3 տոկոսով, իսկ հորատանցման ցուցանիշը՝ 15 տոկոսով:

- Մի քիչ ավելի հանգամանալից՝ աշխատատեղերի մասին, որովհետեւ ընկերությունը սոցիալական մեծ խնդիր է լուծում տարածաշրջանում՝ ապահովելով մոտ 1000 աշխատատեղ:

Եվ, իհարկե, աշխատավարձերի մասին. մեկ տարի առաջ հենց այդ հարցն էր շարժառիթը, որ գործադուլներ տեղի ունեցան:

- «Չաարատ Կապանը» համայնքի անձնամեծ գործատուն է, մեր ընկերությունն այսօր 1100-ից ավելի աշխատակից   ունի, ինչպես նաեւ շուրջ 250-ը՝ ընկերությանը ծառայություն մատուցող   կապալառուների մոտ:  Աշխատակիցների գերակշիռ մասը   Կապանի ու շրջակա բնակավայրերից է:  Ինչ վերաբերում է աշխատակիցների աշխատավարձերին, ապա որոշ բաժիններում բարձրացում իրականացվել է:   Նաեւ ծրագիր ենք իրականացնում, ըստ որի` աշխատակիցներին հիմնական աշխատավարձերից բացի  խրախուսում ենք ամենամսյա պլանների կատարման համար`  պարգեւավճարով՝ աշխատավարձի 15-20 տոկոսի չափով՝ կախված այդ ամսվա  արտադրական ցուցանիշներից: Նաեւ ամեն ամիս իրականացնում ենք մրցույթ ընկերության ստորգետնյա լեռնային աշխատանքներում զբաղված հիմնական մասնագիտությունների աշխատակիցների միջեւ։ Մրցույթի ընթացակարգով նախատեսված պայմաններով ընտրվում են ամսվա լավագույն աշխատակիցներ, ովքեր, բացի ընկերության բոլոր աշխատակիցներին տրվող վերը նշված պարգեւավճարներից, լրացուցիչ խրախուսվում են։

 - Ինժեներատեխնիկական աշխատակիցների մասին:

Ընկերությունն ունի՞ համապատասխան պրոֆեսիոնալ կադրեր:

Արդյո՞ք նրանք տեղացիներ են, թե՞ հրավիրվածներ: Ի՞նչ է արվում տեղացի մասնագետներ պատրաստելու ուղղությամբ։

- Կապանի կոմբինատն աշխատանքային հարուստ անցյալ ունի, այստեղ մասնագիտական աճ ու  փորձ են ձեռք բերել  ոլորտի տասնյակ  երախտավորներ, որոնց ավանդածով նաեւ այսօր ենք շարունակում աշխատել: Մեր  աշխատակիցները, գրեթե բոլորը,  տեղացի են, եւ երախտագիտությամբ պետք է նշեմ, որ ունենք հմուտ ու խելացի թիմ, իհարկե ժամանակի հետ համընթաց ենք քայլում եւ միջազգային լավագույն փորձն աչքի առաջ ունենալով՝  ավելի ենք լավացնում աշխատանքային պայմանները, պարբերաբար հրավիրում  ենք ոլորտի առաջատար մասնագետներ՝  մեր աշխատակիցների մասնագիտական հմտություններն էլ ավելի զարգացնելու համար։

- Թեեւ համեմատաբար երիտասարդ եք, բայց լեռնահանքային արդյունաբերության ոլորտում փորձառու եւ դրական համբավ ունեցող ղեկավարի ճանաչում ունեք:

Որո՞նք են, ըստ Ձեզ, Սյունիքում գործող հանքարդյունաբերական որեւէ ձեռնարկության գործունեության գլխավոր չափանիշները:

- Կարծում եմ` թափանցիկ աշխատաոճը, ազնվությունը, մարդկային ռեսուրսները, հարգանքը, ինչպես նաեւ  բնությունից տրված հարստության ու շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվությամբ վերաբերվելը`  գործունություն իրականացնող հանքարդյունաբերական ընկերության հիմնական չափանիշները  պետք է լինեն:

- Մի կարեւոր հանգամանք ենք նկատել Ձեր գործելաոճի մեջ, որ գնահատելի է:

Վերջին 20 տարում, անկեղծ լինենք, այդ ընկերության գործադիր ղեկավարները շատ հաճախ կոմբինատը դարձրել էին քաղաքական մահակ կամ գործիք տարածքի կամ համայնքի օրվա իշանությունների ձեռքին:

Դուք, որքանով տեսնում ենք, այդ ճանապարհով չգնացիք:

Ճի՞շտ է մեր դիտարկումը:

- Մենք այստեղ ենք ոչ թե քաղաքականությամբ կամ գովազդով զբաղվելու համար, այլ մեր գործունեությամբ բարիք ստեղծելու առաքելությամբ, որպեսզի բարելավենք համայնքի բնակիչների կյանքի որակը, ապահովենք  նրանց աշխատանքով, ինչու չէ` նաեւ եկամուտ ապահովել բաժնետերերի համար:

 - Չենք ուզում անդրադառնալ նախորդ սեփականատիրոջից ստացած ժառանգությանը, թեեւ դա ոչ պակաս կարեւոր հարց է:

Մի հարց, այդուհանդերձ, չենք կարող շրջանցել:

Մամուլը պարբերաբար մատնացույց է անում երբեմնի Լենհանքերի կամ Կավարտի հանքերի տարածքից Կապանի բնապահպանական վիճակին սպառնացող վտանգի մասին:

Նախորդ սեփականատերերից մեկը կարողացել է հրաժարվել այդ հանքավայրից՝ գործող օրենքի համաձայն չսառեցնելով (ռեկուլտիվացիայի չենթարկելով) հանքավայրը:

Ձեր վերաբերմունքը Լենհանքերի նման վիճակի հանդեպ, խնդրի լուծման ուղիները:

- Լենհանքերի խնդիրը գլոբալ է,  որը պետք է համատեղ լուծվի` կառավարություն, համայնք եւ հետաքրքրված հանքարդյունաբերող: Խնդիրը լուծելու համար նախ պետք է ուսումնասիրություններ իրականացվեն՝ հասկանալու համար հանքը` հետագա շահագործման հնարավորություն ունի՞ թե, ոչ:  Այս աշխատանքներն  իրականացնելու համար մեծ ռեսուրսներ են անհրաժեշտ:

- Հիմա Ձեր գլխավորած ընկերությունը ո՞ր հանքավայրն է շահագործում:

Ժամանակին Շահումյանի հանքավայրում մեծ ծավալի հետախուզական-երկրաբանական աշխատանքներ տարվեցին (նախորդ սեփականատիրոջ կողմից), հետո սառեցվեց, հիմա ի՞նչ վիճակում է այդ հանքավայրը։ 

- Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրն ենք շահագործում: 2020 թվականի համար մշակվում է  ծրագիր՝ Շահումյանի հանքավայրի արեւմտյան եւ արեւելյան թեւերում հետախուզական աշխատանքներ տանելու համար, որը միտված է ավելացնելու հաստատված հանքաքարի պաշարը, ինչն էլ կհանգեցնի հանքավայրի շահագործման ժամկետների երկարացմանը:

- Հետաքրքիր է՝ նախորդ սեփականատերերի, նախորդ տնօրենների հետ շփվելու առիթներ ունեցե՞լ եք:

Եթե այո, ապա ի՞նչ տպավորություններ ունեն նրանք Կապանի կոմբինատից կամ ի՞նչ խորհուրդներ են փորձում տալ Ձեզ, թեեւ նրանց խորհրդի կարիքը, կարծում ենք, չեք կարող ունենալ:

- Այո ունեցել եմ, այսօր էլ շարունակում ենք լավ հարաբերությունն ունենալ, ինչն ավելի շատ ընկերական է, քան բիզնեսի հետ կապված:

- Ընկերության բնապահպանական քաղաքականության մասին:

Եվ, իհարկե, ինչպե՞ս եք գնահատում ընկերության ազդեցությունը՝ մերձակա բնակավայրերի բնապահպանական վիճակի ու շրջակա միջավայրի վրա:

Գեղանուշի պոչամբարի ընդլայնման հետ կապված՝ մի քանի տարի առաջ ծրագրեր էին ներկայացվում հանրային քննարկման, որոնք մերժման էին արժանանում, ի՞նչ վերջաբան ունեցավ պոչամբարի ընդլայնման շուրջ առաջացած խնդիրը:

 - Շրջակա միջավայրի պահպանությունը մեր գերակա առաջնահերթություններից է, եւ գործունեության առաջին օրվանից «Չաարատ Կապանն» իրականացնում է ամենատարբեր ծրագրեր այդ ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար: Ինչ վերաբերում է Գեղանուշի պոչամբարի ընդլայնմանը, ապա  տեղեկացնում եմ, որ նման ծրագիր չի իրականցվել եւ չենք էլ պատրաստվում:

Միայն պոչամբարի պատվարների լրացուցիչ  ամրության ծրագիր  ենք իրականացնում: Միջազգային պրակտիկայից ելնելով այս ծրագիրն իրականացնում ենք` երաշխավորված ու հանգիստ լինելու համար, որ պոչամբարի հետագա շահագործումն ապահով  կլինի: Պատվարների ամրացման աշխատանքներին ընկերությունը ներգրավել է միջազգային  հեղինակավոր կազմակերպության:

- Որո՞նք են ազդակիր համայնքները, ի՞նչ ծրագրեր եք իրականացնում այդ համայնքներում կամ բնակավայրերում:

- Ընկերության ազդեցության ներքո Կապան խոշորացված համայնքն է, եւ համայնքապետարանի հետ սերտ համագործակցում ենք ՝ մեր մասնակցությունն ունենալով համայնքում իրականացվող ծրագրերին: Դեռեւս հունիս ամսին ընկերության եւ Կապան համայնքի միջեւ կնքվեց սոցիալ-տնտեսական համագործակցության ծրագիր, որի շրջանակներում ընկերությունը 100 միլիոն դրամ է տրամադրել՝ Կապան քաղաքի Լեռնագործների 16 հասցեում վերակառուցվող նախադպրոցական  ուսումնական հաստատության շինարարական աշխատանքների համար:

Այս տարի ընկերության սոցիալական ծրագրերի հիմնական ուղղվածությունը երեխաների համար էր, որոնք հաճույքով ու մեծ պատասխանատվությամբ ենք  իրականացրել: Վերջերս Կապանի պոլիկլինիկայի  նորովի հիմնանորոգված։ Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքի կարմիր ժապավենը կտրեցինք, որը եւս մեծ խնդիր լուծեց համայնքի համար: Բաժանմունքի վերանորոգումից բացի մեր շինարարները շարունակում են աշխատանքներ իրականացնել պոլիկլինիկայի այդ հարկաբաժնի ամբողջ մասում՝ մաքուր ու բարեկեցիկ պայամաններ ստեղծելով մեր բնակիչների համար: Շուտով ավարտին է մոտենալու նաեւ մեկ այլ ուրիշ նախաձեռնություն՝ Կապանի թիվ 2 երաժշտական ու գեղարվեստի դպրոցների շենքի հիմնանորոգումը: Ծրագրերը շատ են, որոնք, կարծում  եմ, առանձին բոլորը նշել հնարավոր չէ, իսկ  Գեղանուշ բնակավայրը, լինելով ընկերության ազդեցության ներքո, այստեղ  մեր գործունեության շրջանակներն ավելի ընդլայնված են. Գեղանուշում  ծրագրերն ու նախաձեռնությունները չեն ավարտվում: Այստեղ իրականացվող  կարեւոր ծրագրերից, որը կառանձնացնեմ,  Գեղանուշի նախակրթարանի վերանորոգումն էր: Ինչպես գիտեք, տարիներ շարունակ այստեղ նախակրթարան չի գործել, սակայն պահանջարկը կար:

- Գործընկերային հարաբերությունների մասին:

Տարիներ առաջ Սյունիքի հանքարդյունաբերական ընկերություններում գլխավոր առաջնահերթություններից մեկը հարաբերությունն էր տեղական տնտեսվարողների հետ:

Այսինքն, եթե հնարավոր էր որեւէ օժանդակ նյութ ձեռք բերել տեղական արտադրողից կամ գործարարից, եթե հնարավոր էր որեւէ ծառայություն իրականացնել տեղացիների միջոցով, ապա այդպես էլ արվում էր:

Այնուհետեւ փոխվեցին մոտեցումները։

Արդյո՞ք Դուք կարեւորում եք այդ գործելակերպը եւ ի՞նչ պատկեր ունենք ներկայումս այդ առումով:

- Տեղական տնտեսվարողների հետ գործընկերային հարաբերություններն այսօր էլ առաջնային են ընկերության համար, ինչը մենք կարեւոր ենք համարում, քանի որ ընկերությունն իր  գործունեությունն է իրականացնում այստեղ, եւ մենք ձգտում ենք թե՛ աշխատակիցների ներգրավվածությունը եւ թե՛ ծառայությունների մատուցումն իրականացնել տեղացիների միջոցով:

 - Հանքարդյունաբերությունն աշխարհի մասշտաբով անընդհատ արդիականացվում է. այդպիսի տպավորություն ենք ստանում, երբ հետեւում ենք ոլորտը լուսաբանող հրապարակումներին:

Ի՞նչ է կատարվում Կապանի կոմբինատում այդ առումով:

- Հասկանում ենք, իհարկե, դա ոչ փոքր ներդրումներ է պահանջում:

Մեր ընկերությունը եւս ժամանակին համընթաց է քայլում, եւ  օր օրի էլ ավելի ենք կատարելագործվում: Ծրագրեր ենք մշակում աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավման, նոր սարքավորումների  ձեռք բերման ուղղությամբ. որոշ տեխնիկական միջոցներ արդեն ձեռք են բերվել, հները՝ թարմացվել: Ձգտում ենք հիմնական աշխատանքներն ավտոմատացված իրականացնել՝   ձեռքի աշխատանքը նվազագույնի հասցնելու  համար:

- Ի՞նչ կարեւոր հարցի կուզենայիք անդրադառնալ, որ չհնչեց մեր զրույցի ընթացքում:

- Ձեր լսարանն ու առիթն օգտագործելով` ուզում եմ  շնորհավորել մարզի բոլոր բնակիչներին` գալիք տոների կապակցությամբ, շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, տեղական կառավարման մարմիններին` համագործակցության համար եւ մաղթել,  որ գալիք տարին նոր ծրագրերի իրականացման ու հաջողությունների տարի լինի Սյունիքի համար:

 - Պարոն Թովմասյան, շնորհակալություն հարցազրույցի համար, Ձեզ եւ Ձեր գլխավորած ընկերությանը՝ հաջողություն:

- Շնորհակալություն։

 

Զրույցը՝ ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

 

 

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25