Դիվան Բաղաբերդի

22.03.2024 12:51
980

Քանի որ Բաղաբերդի տեղորոշման վերաբերյալ պատմագրության մեջ կան իրարամերժ և ոչ

համոզիչ տեղեկություններ, զգուշավոր քննության եմ հրավիրում գիտակներին, հայրենի երկրամասի պատմության սիրահարներին, պատանի հայրենագետներին:

Այդ նպատակով ի մի բերեցի և թերթին եմ տրամադրում սկզբնաղբյուրների, հետազոտողների հիմնական փաստարկներն ու եզրահանգումները:

Մովսես Կաղանկատվացի, 7-րդ դար

Իսկ երբ Շապուհ թագավորը պատերազմը վերջացնելուց հետո եկավ ու տեսավ պատահած աղետը, ցասումնալից հրաման տվեց, որ իր բոլոր զորքերը մտնեն Սյունիք և գերեն ասուն ու անասուն… Ճակատամարտ են տալիս Բաղաբերդի դեմ, որտեղից քարեր էին գլորում զառիվայրով և բոլորին ոչնչացնում: Կրկին, երրորդ անգամ ավելի ուժեղ ճակատամարտ տվեցին, բայց ոչինչ չկարողացան անել. ընդհակառակը, շատերը կոտորվեցին: Թագավորը զայրանալով կամեցավ մարտը էլ ավելի սաստկացնել: Այդ ժամանակ բոլոր մեծամեծներն ընկան նրա ոտքերն ու աղաչեցին, որ այլևս ճակատամարտ չտան, այլ ամրոցի շուրջը քանդեն: Այդ ժամանակ Անդոկը, հարմար պահ ընտրելով, թողնում է բերդը ու մեծ հարստությամբ անցնում Բյուզանդիա:

Ստեփանոս Օրբելյան, 1297 թ.

1. Տասներորդը` Ձորք գավառը, որ ունի Բաղաբերդ անմատչելի ամրոցը, և այժմ կոչվում է Կապան:

2. Սյունիքի անառիկ ամրոցները, որ անհասանելի են մարդկանց մուտքին, և միայն տերը կարող է մատչելի դարձնել` Բաղաբերդ. դա այն է, որ Սիսակի սերունդներից մի մարդ` Բաղակ անունով, այս գավառը ստանալով ժառանգության բաժին, Բաղակի ապառաժը շինում է ամրոց, որը կոչվում է Բաղակի քար, բերդն ամրացնում է և անվանում Բաղաբերդ. գավառն էլ իր անունով կոչվեց Բաղաց գավառ:

3. Եվ բերելով անհաշիվ ավարը՝ ամբողջը հավաքեցին Բաղաբերդում: Եվ բոլոր գավառների հացի, խոտի, հարդի պաշարները, ամբողջ գինին, յուղը, մսացուները, մեղրը, տեսակ-տեսակ մրգերը` անհամար կենսապաշար, ինչպես նաև հեծելազորի սարքերն ու զենքերը կենտրոնացրին բերդում:

4. Ապա Շապուհ արքան հրամայեց, որ դրանից ավելի շատ, կրկնապատիկ զորքեր գան Պարսկաստանից: … Եվ ինչպես առաջին, նույնպես և այս երկրորդ անգամ պարսաքարերով ու վեմերի գլորումով պարսկական զորքի անհամար բազմությանն ամբողջովին դիաթավալ արեցին:

Շապուհը նորից ուրիշ զորք գումարեց` դրանից եռապատիկ ավելի ու հրամայեց սաստկացնել պատերազմը: Կարգադրեց վերջապահներ թողնել և ասաց. «Եթե մեկը ետ դառնա, սպանեցեք»: Սրանք էլ նույն ձևով, ինչպես առաջին, երկրորդ, այնպես և այս երրորդ անգամ, վեմերով ու պարսաքարերով ջախջախվելով առհասարակ ոչնչացան:

5. Ոմն Վահան` Ձագիկ իշխանի որդին և Ջևանշերի եղբայրը… շատ ու խիստ ճգնություններից հետո գալով այն բարձր լեռան ստորոտը, որի վրա է Բաղաբերդի անառիկ ամրոցը, Աճանանի դիմաց` գտնում է մի հարթ տեղ, շատ հարմար…, սկսում է եկեղեցու շինարարությունը:

… Վահանն իր անունով վանքը կոչում է Վահանավանք:

6. 1103 թվականին, մի օր, երբ քաղաքացիներն անհոգ դրության մեջ էին..., անիծյալ Չորթմանն իր վրեժը լուծելու համար անսպասելիորեն հարձակվեց Կապան քաղաքի վրա: Նախ` բազմաթիվ հետևակ ծերպամուտ ու քարագնաց զորականներ բարձրացան ապառաժոտ լեռան գլուխը և հեղեղատի մեծ հունով իջան քաղաք, քանի որ այդ տեղը պարսպափակված չէր... Սկսեցին կոտորել Ջհտաթաղի կողմից: Նրանք բացեցին քաղաքի դարպասը, որ նայում էր Խնձորոգլխին: Բոլոր զորքերը մտան ու ջարդեցին, կոտորեցին ամբողջ բնակչությանն առհասարակ: Սակայն բերդի նկատմամբ ոչինչ չկարողացան ձեռնարկել և ետ դարձան իրենց տեղը:

7. Ձորք գավառի` Տաթևի վանքին հարկատու գյուղերը. Բաղաբերդ-12, Տինիք-12, Ծաղթանու-6, Գեղովանք-20, Բեխորոտ-8 և այլն:

8. 1126 թ. եկավ ամիր Հարոնը և բնաջնջեց Կապանի տունն ու Արևիք գավառը, գրավեց Կաքավաբերդն ու Բաղակաքարը:

9. Իսկ երբ լրացավ 1151 թվականը, և սկսվեց առաջին տարին, Շլորուտ բերդը կողոպտեց թուրքերի ճարպիկ ցեղը, 1157 թվականին էլ Մեղրին հափշտակեցին:

10. 1170 թ. ... բազմաքանակ զորքերով եկավ, բայց չկարողացավ ոչինչ անել: Այնուհետև խաբեական խոսքերով խաբեց աչաղվացի պարզամիտ քրիստոնյա մարդկանց ու նրանց միջոցով նախ գրավեց Կկոց քարը, ապա գիշերը նույն մարդկանց միջոցով հափշտակեց և Բաղաբերդը, որը գրավելով սաստիկ կոտորած արեց: Եվ քանի որ այն անհաղթահարելի ամրություն ուներ, բոլոր վանքերից այնտեղ էին կուտակել սրբությունները, գրքերը, եկեղեցական սպասքները, առավելապես Տաթևի փարթամ ու հարուստ աթոռի անհամար և աննման սրբություններն ու եկեղեցական սպասքները, ոսկե և արծաթե խաչերը, հիշատակային իրերը` զարդարված անգին ակնեղեններով, անհամար մարգարիտներով: Այնտեղ ամբարված էին շատ Կտակարաններ` թվով ավելի քան 10 հազար: Դրանք բոլորն էլ գերի տարվեցին և ցիրուցան եղան երկրի երեսին:

Վարդան Արևելցի, 13-րդ դար

1166-1169 թթ. Ելտկուզի զորքերը գրավեցին թագավորության նշանավոր բերդերից Գրհամը, Գեղին և Կաքավաբերդը:

Հայ ժողովրդի պատմություն, հ. 3, 1976

1170 թ. սելջուկները պաշարեցին թագավորության վերջին հենակետը` Բաղաբերդը, որտեղ գտնվում էր Հասան թագավորը: Որոշ ժամանակ անց Բաղաբերդի վիճակը դարձավ օրհասական: Հասան Գեռաքարեցին բերդապահներ կարգելուց հետո իր ընտանիքի հետ գիշերով հեռանում է Խաչեն` դեպի իր հայրենական կալվածքը:

Հ. Ութմազյան, Սյունիք 9-10-րդ դարերում, 1958

Վահանը… Բաղաբերդի հանդեպ մի հարթության վրա կառուցում է մի վանք և իր անունով կոչում Վահանավանք:

Ղևոնդ Ալիշան, 1893

… ուրանօր յահեկէ գետոյն Կապանայ խնդրելի են երկոքին գլխաւոր տեղիք սորին, որք ըստ ոչ բաղդի ոչ նշանակին ի տեղացոյց տախտակի. յայտ է զի աւերակք իցեն, այսինքն Բաղաբերդն կամ Բերդն Բաղայ և Կապան քաղաք, երկոքին ևս անուանատուք ողջոյն գաւառաց…

Րաֆֆի, Դավիթ Բեկ, 1980

Նա տեսավ Հալիձորի բերդը, իսկ նրա հանդեպ` Աչաղու բերդը: … Հիշյալ երկու բերդերի միջով անցնելով, նա մտավ Բաղաբերդ քաղաքի ավերակների մեջ:

… Բաղաբերդը իսկապես դրած էր մի քարեղեն սնդուկի մեջ:

Ստեփան Լիսիցյան, Զանգեզուրի հայերը, 1969

Բաղաբերդը, որին այժմ տեղացիք Դավիթ Բեկի բերդ անունն են տալիս… գտնվում է գրեթե Ջրախորի հանդեպ, հազիվ մի կես-երեք քառորդ կիլոմետր հեռավորության վրա, գետի հոսանքով վեր, դեռ չհասած Գեղվա գետի բերանին… Այստեղ երկրակեղևի հուժկու նստվածքների շերտերը շրջված են և կանգնեցրած են գրեթե ուղղաձիգ հյուսիսից հարավ ուղղությամբ Ներքին Գիրաթաղ գյուղի արևմուտքով… Այս ժայռերն է, որ պատմագիրը հիշում է որպես Բաղակի քար:

ՀՍՀ, հ. 2, 1976

Բաղաբերդը գտնվում է Ղափան քաղաքից դեպի արևմուտք` Քաջարան տանող մայրուղու վրա, Ողջի գետի ձախ ափին, Դավիթ-բեկ բանավանի մոտ: ... Բաղաբերդի հյուսիսարևելյան միակ մուտքին թշնամին կարող էր մոտենալ միայն անկյան տակ:

… 1126-ին սելջուկները Ամիր Հասանի առաջնորդությամբ գրավել են Բաղակու քարը:

Տեղանունների բառարան, հ.1, 1986

Բաղաբերդի ավերակներն այժմ կարելի է տեսնել Ողջի գետի և նրա ձախակողմյան Գիրաթաղ վտակի անկյունում, Դավիթ Բեկ բանավանի մոտ…, Ողջի գետի հունից 200մ բարձրություն ունեցող ձախափնյա լեռան վրա:

Պրոֆ. Թ. Հակոբյան, Սյունիքի թագավորությունը, 1966

1. Ալիշանի աշխատությանը կցված քարտեզում Բաղաբերդը, Բաղակի քարը և Կապան քաղաքը ընկնում են ոչ թե Ձորքի կամ Կապան գավառի մեջ, ինչպես իրականում կար, այլ` Բաղքի:

2. Բաղակի քարը գտնվում է Բաղաբերդի մոտ (700-800 մետր հեռու), այժմյան Վերին Ջրախոր գյուղի տեղում, Ողջագետի աջ ափին:

Ռոբերտ Էջանանցի

«Սյունյաց երկիր» թերթ,

№ 24-25 (160-161),

10 սեպտեմբերի 2008 թ.

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08