Ձիթապտուղ նաեւ Մեղրիում է աճում

29.09.2015 15:44
3653

Հայտնի է ձիթենու ավելի քան 60 տեսակ, բայց մշակության մեջ օգտագործվում է եվրոպական ձիթենին: Մշտադալար, մերձարեւադարձային այդ ծառն աճեցվում է եվրոպական մի շարք երկրներում, ինչպես նաեւ Վրաստանում եւ Ադրբեջանում: Պտուղը մանուշակագույն է: Ձիթապտուղն օգտագործվում է սննդի (թարմ եւ պահածոյացված ձեւով) եւ բժշկության մեջ: Ձեթը կիրառվում է օծանելիքի եւ տեքստիլ արդյունաբերության, իսկ բնափայտը (ամուր է, ունի լավ փայլ) ատաղձագործության մեջ: Ձիթենին բազմացվում է կտրոններով, պատվաստներով եւ սերմերով: Ջերմասեր բույս է: Այս ամենը քաղեցինք հանրագիտարանային գրականությունից: Ջերմասեր այդ ծառատեսակը, որը որոշ տվյալներով ապրում է մինչեւ հազար տարի, կարելի է մշակել Տավուշի եւ Սյունիքի մարզերի չոր, մերձարեւադարձային կլիմայով շրջաններում:

Քանի որ մեր մարզում մերձարեւադարձային կլիմա ունի Մեղրու տարածաշրջանը, հետաքրքրվեցինք, թե արդյոք ձիթենու մշակությամբ զբաղվողներ կա՞ն: Մեզ տեղեկացրին, որ ձիթենու այգի ունեն լեհվազցիներ Կարեն եւ Կարո Կարապետյանները:

Կարոյին հանդիպեցինք Ալվանք գյուղի վարչական տարածքում գտնվող իր եւ եղբորը պատկանող այգում, որ մոտ յոթ հեկտար տարածություն է զբաղեցնում: Պատմում է, որ նախկինում այդտեղ խաղողի անմշակ այգիներ են եղել, շատ ջանք է պահանջվել, մինչեւ հարմարեցրել են ձիթենիներ տնկելու համար: Պարզապես հողակտորը, որ ընտրել էին զեյթունի այգի հիմնելու համար, ավազահող էր, ինչը նպաստավոր եղավ արեւադարձային համարվող այդ պտղի արտադրությամբ զբաղվելու: 2002-ին եղբայրը Հունաստանից ձիթենու 7500 տնկի է բերել, եւ հիմք են դրել ձիթապտղի արտադրությանը: Տնկիներից բաժին են հանել նաեւ ընկեր-բարեկամներին, հարեւաններին, բայց, ինչպես երեւում է, Մեղրիում ձիթապտուղն այնքան էլ տարածված չէ:

Բայց ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ, 2003-ին ցրտահարությունն իր սեւ գործը արեց, տնկիները մեծապես տուժեցին, 2013-ին եւս ուժեղ ցրտահարություն եղավ, այս անգամ էլ սպասվող բերքը տուժեց (ձիթենին բերք է տալիս ծառը տնկելուց յոթ-ութ տարի հետո): Մեր զրուցակցի փոխանցմամբ, եթե այս մի ցրտահարությունը չլիներ, 25-30 տոննա բերք կստանային, քանզի մի ծառի վրա մինչեւ 30կգ բերք կարող է լինել: Մի քանի տարի առաջ տեղացած կարկուտը հերթական անգամ ամբողջ բերքը փչացրեց: Բայց Կարապետյան եղբայրները հուսահատվողներից չէին: 2002-ին տնկել, 2009-ին հավաքել են առաջին բերքը, այժմ երկու տոննա բերք են հավաքում: «Ամեն օր դրսից զանգում են՝ ե՞րբ ես զեյթունը քաղում, մեզ չմոռանաս, ասում եմ՝ այսինչ օրերի ընթացքում», - ասում է, նաեւ ավելացնում՝ մի հոգին օրական վաթսուն-յոթանասուն կգ պտուղ կարող է հավաքել: Եթե ուշացնում ես, պտուղը լխկում է, եղածից պիտի յուղ քամես:

Երբ շրջում էինք այգում, աչքի էր զարնում ցրտահարությունից շարքից դուրս եկած ծառերի սեւացած բները, որոնց տակից արդեն կանաչ ընձյուղներ են բարձրանում, գոնե լավ է, որ ցրտահարությունից ձիթենու արմատներն անվնաս են մնում: Ցրտահարությունից ծառերն ու բույսերը կարելի է որոշ չափով պաշտպանել ծխահարությամբ, հնարավո՞ր չէր այդ միջոցով փրկել «զգայուն» ծառերը: «Ողջ գյուղը պիտի ծխահարի, ծուխը պիտի այս ձորը բռնի, որ արդյունք տա, կոմբինատից «Բելազի» ոչ պիտանի անվադողեր եմ բերել, ցրտահարության ժամանակ վառում եմ, բայց արդյունք չի տալիս, նախանցյալ տարի գիշերը մինչեւ -25 աստիճան ցրտություն է եղել, դրա դեմ ոչինչ չես կարող անել, - մանրամասնում է մեր զրուցակիցը:

Բայց նաեւ քիչ չեն ծառերը, որոնց ճյուղերին ձիթենու կանաչասեւավուն պտուղներն են: Սեւավուն պտուղներից մեկի համն ուզում ենք իմանալ, բայց պարզվում է, որ դրա համն ավելի քան դառն է եւ ուտել չի լինում: Կարոն բացատրում է, որ ձիթապտուղն առանց համապատասխան մշակման հնարավոր չէ ճաշակել: Բերքն արդեն հասունացել է, բայց համատարած բերքահավաք հոկտեմբեր ամսին է լինում: Հում վիճակում ձիթապտուղը դյուրին չէ իրացնելը, բայց քանի որ բերքն այն ծավալը չունի, միտք չունեն արտադրամասը գործարկել: Արտադրական մակերեսը կա, սարքավորումները կան, բայց քանի բերքը քիչ է, դեռ վաղ է խոսել «պատրաստի» արտադրանքի մասին:

Բնականաբար, ինչպես ամեն մի գյուղմթերքի եւ պտղի դեպքում, հետաքրքրում է ձիթապտղի իրացման խնդիրը: Տեղեկանում ենք, որ այն ուղարկում են Երեւան, որտեղ նախ մշակում, ապա իրացնում են: «Քեսաբցի է տանողը, ասում է՝ այսպիսի համեղ զեյթուն դժվար է հանդիպել, չգիտեմ, թե այս թոնիրն է անում (նկատի ունի, որ այգին ցածրադիր տեղ է՝ բլուրներով շրջապատված. ծանոթ խմբ.), թե Մեղրու ջուրն է քաղցրահամ», - ասում է Կարոն, եւ դժվար չէ կռահել, որ ձիթապտղի իրացման խնդիր առանձնապես չկա: Բացի այդ՝ Մեղրիում աճեցված ձիթապտուղը ներկայացվել է մայրաքաղաքում կազմակերպված ցուցահանդես-վաճառքում եւ բարձր է եղել գնահատականը:

Զրույցի ընթացքում սահուն անցում ենք կատարում դեպի բույսերի եւ ծառերի պաշտպանության ոլորտը: Ի՞նչ վնասատուներ են նեղը գցում ձիթենուն: «Սպիտակ որդեր կան, որոնց դեմ դժվար է պայքարել: Մի քանի տեսակ դեղամիջոց են ասել, բայց ոչ մեկը չի օգնում: Առաջին անգամ օգոստոսի տասի կողմերը սրսկում ենք, որ թիթեռը չձվադրի, եթե դա չի օգնում, միակ միջոցն այն է, որ հողը փորում ենք, որդերը դուրս են գալիս հողի վրա, դրանք կաչաղակները կտցահարում, ոչնչացնում են, - ասում է այգեգործը, - մկները եւս գլխացավանք են պատճառում, հողի մեջ անցքեր են բացում, ոռոգելու ժամանակ ջուրը չի հասնում ծառին, հոսում, մի այլ տեղով է դուրս գալիս»:

Հասանելի՞ են գյուղվարկերը ֆերմերին: Այս խնդրում Կարոն դժգոհ չէր: Մայիսին երեք միլիոն գյուղվարկ է վերցրել, որով տրակտոր է գնել, նաեւ ընթացիկ հարցեր է լուծել: Ջրամատակարարումը եւս բավարարում է, ձիթենու այգին տասը օրը մեկ ոռոգում է: Ձիթենին ջրասեր ծառատեսակ չէ, խոնավ կլիմա ունեցող վայրերում այն առանց ջրելու էլ յոլա է գնում: Աշխատուժն իր եւ եղբոր ընտանիքի անդամներն են, նաեւ հավելում է, որ իրեն շատ մարդ է օգնում: Բացի ձիթենուց, այգում ծիրանենի եւ նռնենի է աճում: Կարապետյանները Լեհվազում են ապրում, ամեն օր 20 կմ ճանապարհ են կտրում այգի հասնելու եւ վերադառնալու համար, բայց եթե տարին հաջող է, բերքն՝ առատ, հոգնությունը երկրորդ պլան է մղվում, եթե չասենք, այն չեն զգում: Վերջում հավելում է, որ մեղրեցի այգեգործի պրոբլեմը շուկան է, բերքի իրացումը:

Ձիթենու այս այգիով շատերն են հետաքրքրվում, հյուր են եղել արտերկրից: Կարապետյանները հաճույքով ընդունում են բոլորին, հյուրասիրում, պատմում այգու ստեղծման պատմությունը, բոլորին սիրով ճանապարհ դնում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19