ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏ, «ԶԱՆԳԵԶՈՒՐ» ԹԵՐԹԻ ԱՐԽԻՎ
Առաջին հայացքից դժվարաճանաչ դեմքեր: Զինվորական կեպին ու համազգեստը նրանց կեցվածքին խրոխտություն են հաղորդել. առնականության տարրը զատիչ է: Քիչ զննելուց ճանաչում ես նրանց: Ծանոթ, հարազատ դեմքեր, որ օրը հազար անգամ անցել ենք միմյանց մոտով ու մեկմեկու գիտենք հինգ մատի պես, թեեւ բարեւ ու բարի լույս չի եղել: Իսկ այստեղ արդեն միմյանց ժպտում ենք հազար տարվա ծանոթի պես: Ժամապահը թեեւ լավ գիտի մեզ, բայց կարգ է` զեկուցում է հրամանատարին: Հրամանատարն էլ քաջածանոթ է` Սուրիկ Սերյոժայի Խաչատրյան:
Հրամանատարի աշխատասենյակում ցուրտ է: Մարդիկ բաճկոններով են: Պատին Անդրանիկ զորավարի մեծադիր նկարն է, որ գնացող- եկողին ասես բարի գալուստ ու ճամփա է մաղթում` լուսավոր ժպիտով: Եվ ժպիտը, որպես թալիսման, զինվորը կռվի դաշտ է տանում, եւ թշնամին դառնում է հեշտ խոցելի, չնայած զինված է մինչեւ ատամները:
Սուրիկ Խաչատրյանն այս տարվա օգոստոսից Գորիսի շրջանի ինքնապաշտպանության գումարտակի հրամանատարն է: Գումարտակի ստեղծումը ժամանակի ծնունդ է` հրամայական լինելու ամենախստագույն աստիճանով, քանզի ժամանակը պետք ունի սրբագրության եւ պահը պատասխանատու է. հերոսականության որոշակի ու ընդգծված տարրերի կարիքը կա: Իսկ հակառակ դեպքում արդեն գալիք սերունդը չի ների:
Մեր ժողովուրդը, որ հազարամյակների ճամփա է անցել, ինչպես ամեն վտանգի ժամանակ, հիմա էլ երիտասարդացել է, նահանջելու տեղ չկա: Անարդար ժամանակը ծնկի բերելու պահն է: Եւ հայ ժողովրդի ընտրանին ռազմի դաշտում է: Եւ նրանք ապացուցում են, որ անցել է այն ժամանակը, երբ օտարների դրոշի տակ էինք կռվում ու հերոսանում:Հիմա սեփական դրոշի, եռագույնի հովանու տակ կռվելու ժամանակ է: Եւ կռվում են: Փույթ չէ, որ նրանք հազարներ չեն: Գումարտակում այս տղաներին միավորել է լեռնաշխարհի շահը, նրա ապագան: Գորիսը եղել ու մնում է ռազմավարական նշանակության հենակետ, իսկ ամենից առաջ` Հայրենիք: Նրա մեկ սանտիմետրի կորուստն անգամ հավասարազոր է Հայաստանի սրտի տակ ատոմային ռումբ դնելուն: Գիտակցել այս ամենը, նշանակում է նաեւ հաղթանակի կեսը կռել: Քաջազուն տղերք են գումարտակին զինվորագրվածները: Նրանց ֆիդայու, ինչպես ժողովուրդն է ասում, հագուստը չի հրապուրել: Նրանց զինվորագրել է, միավորել հայրենիքի սերը, նրա անկախության, ազատության գաղափարը: Եւ ապացուցում են, որ անարժեք է մի ժողովուրդ, եթե նրա հոգում վարար գետի պես չի հորդում հայրենասիրությունը: Հրամանատարն էլ նախկինում զինվորական չէր: Նրան էլ այստեղ է բերել հայրենիքի վրա կախված վտանգը, եւ փորձել է իր ուժերի, հնարավորությունների սահմաններում նպաստ բերել վտանգված հայրենիքին:
Շատ չեն գումարտակին զինվորագրվածները:
– Եթե նոր երիտասարդներ եւս ցանկանան անդամագրվել մեր կազմավորմանը, հնարավորություն ունենք, - ասում է հրամանատարը:
– Յուրաքանչյուր ցանկացողի առջեւ բա՞ց են գումարտակի դռները, - հարցնում ենք:
– Ո՛չ: Այստեղ արդեն գործում է վերապահման օրենքը, որն ինքնըստինքյան պատնեշում է ֆիզիկական, մարտական անհրաժեշտ պատրաստականություն չունեցող երիտասարդների մուտքը գումարտակ: Մեզ պետք են արի, հերոս, փոթորիկ տղերք, քանզի զենքը պետք է ուժեղի, համարձակի ձեռքում լինի, որ այն խոսի իր ողջ զորությամբ, թե չէ զենքն ինչքան արդիական եւ հուժկու լինի, վախկոտի ձեռքում այն արդեն չլինելու է հավասար:
Գումարտակի ոգին, նրա շարժիչ ուժը մեծ թվով մեր այն տղերքն են, որ արդեն չորս տարի է կռվում են, - շարունակում է Ս. Խաչատրյանը:
Հրետանավոր Սամվել Աղաջանյան: Նրա ձեռագիրը թուրքն էլ ճանաչում է: Կգա ժամանակը, եւ Սամվելին, ինչպես նաեւ Մարատ Աթաբեկյանին, Վլադիկ Ստեփանյանին, Արամ Ավանեսյանին, Սանասար Բեգլարյանին ժողովուրդը դափնիներ կնվիրի: Նրանք արժանի են դրան: Եւ թող օրհնվեն նրանց ծնող մայրերը, որ Գորիսին նման զավակներ են պարգեւել:
Վերջին ժամանակներս Գորիսն անընդհատ հրետակոծվում էր: Գումարտակի մարտիկներն առաջադրանք ստացան լռեցնել թշնամու կրակակետը: Հոկտեմբերի 31- ն էր: Ժամը մոտավորապես 22-ը: Արկերը դարձյալ թռչում էին Գորիսի վրա, իսկ մի մեծ հոսք` քաղաքի հինգերորդ թաղամասի վրա: Գորիսեցիներս արդեն սովոր ենք «Գրադից» արձակված արկերը հաշվելուն: Այս անգամ թշնամին հասցրեց 40 արկ թափել քաղաքի վրա: Անմիջապես հետեւեց մեր տղաների հուժկու հակագրոհը: Թշնամին լռեց...
Իսկ մենք «Զանգեզուրի» հաղորդման մեջ, ինչպես ընդունված է, ընդամենը մի կարճ տող գրեցինք` թշնամին ստացավ արժանի հակահարված: Այդ մի տողի համար տղերքը մի ողջ օր կռվել են: Հաշվի առնենք նաեւ տեղանքը: Թշնամու կրակակետը գտնվում էր ձորում: Այդտեղ հասնելու համար նախ եւ առաջ պետք էր մի բարձունք մագլցել, այնուհետեւ բարձունքն ի վար իջնել: Իսկ իջնելը լեցուն էր բազում վտանգներով, վիրավորներով: Խելացի ձեւով կազմված հարձակման պլանի շնորհիվ գումարտակին հաջողվեց առանց որեւէ կորստի լռեցնել թշնամու հզոր կրակակետը: Իսկ այդտեղ թշնամին ուներ չորս տանկ, մեծ քանակությամբ հետեւակ, հրետանի: Մեր տղերքը միայն ավտոմատով նրանց հաղթեցին:
Կանցնի ժամանակը: Եվ նույն ժամանակն էլ երեւի իրավունք կվերապահի ավելի մանրամասը եւ բարձրաձայն խոսել հայ ազատամարտիկների մղած ճակատամարտերի մասին: Եւ այն ժամանակ բոլորը կիմանան նաեւ գումարտակի հերոսական կռվի մասին, որ նա մղեց հոկտեմբերի 31-ին: Իսկ դա եզակի էջ չէ գումարտակի մարտական տարեգրության մեջ: Այդպիսի մարտեր նա բազում անգամ է մղել:
- Դիրքեր գրավելը մեզ համար հեշտ է, - ասում է հրամանատարը:
- Խնդիրը դրանք ամրացնելու, առաջավոր գծի եւ թիկունքի միջեւ մշտարթուն կապ, հաղորդակցություն ապահովելու մեջ է: Այս չհայտարարված պատերազմը ցույց տվեց, որ հարձակմանը զուգահեռ կարեւորվում է նաեւ պաշտպանության դերը: Դիրքերը գրավելով` գումարտակի հարվածային թեւն անընդհատ առաջ է շարժվում: Այս պարագայում պետք է այնքան ուժ ու հնարավորություն ունենալ, որ կարողանանք պահել գրաված դիրքերը: Ահա ինչու, օգտվելով առիթից, ուզում եմ գորիսեցիներին ասել` ում համար թանկ է Գորիսը, համեցեք մեզ մոտ: Մենք քաջ տղաների կարիք ենք զգում: Ո՞վ պետք է պաշտպանի մեր երեխաների, մայրերի, կանանց անդորրը, արժանապատվությունը, եթե ոչ մենք: Ուրիշի համար չենք կռվում: Մեզ համար ենք կռվում:
Թուրք գերիներից մեկը պատմում էր. «Բանակ չզորակոչելու համար ինձնից 150 հազար ռ. պահանջեցին: Չտվեցի: Չունեի, որտեղի՞ց տայի: Դրա համար էլ ինձ կռվի դաշտ ուղարկեցին»: Փառք Աստծո, գումարտակին անդամագրվածների մոտ իշխում է կամավորության սկզբունքը: Եւ հուսանք, որ կամավորությունը վիրուսի նման կտարածվի ողջ Գորիսով մեկ: Այն ժամանակ մենք գրաված դիրքերը պահելու համար կրախի առջեւ չենք կանգնի: Միեւնույն դիրքի համար հազար անգամ չենք կռվի:
- Վերջին ժամանակներս Գորիսի երկնակամարում հաճախ են հայտնվում թշնամու «ՍՈՒ-25» ռմբակոծիչներ: Չգիտես , սա ծա՞ղր է մեր հանդեպ, ծիծաղելու նոտա՞ է դա, թե՞ ահաբեկչության դրսեւորում: Մի՞թե հնարավոր չէ մեր օդային տարածքն անվտանգ դարձնել, զերծ պահել թշնամու խուժումներից, - հարցնում եմ զրուցակցիս:
- Հիմա շրջանում ամեն ինչ արվում է նման ոտնձգություններին արժանի հակահարված տալու համար, - ասում է հրամանատարը:
Զրույցն ընդհատում է ոտքից վիրավոր, հենակներով, երիտասարդ մի զինվոր` Արայիկ Մելքումյանը: Երեւանում է բնակվում: Սակայն ծնվել է Գորիսում: Լսելով, որ ծննդավայրն ազերիների հրետակոծության թիրախ է դարձել, շտապել է Գորիս, շտապել մասնակցելու նրա պաշտպանությանը: Ես ծառայում եմ պետական միավորումում, ջոկատի հրամանատար եմ: Սակայն բազում հարցերում Սուրիկ Խաչատրյանի օգնությանն եմ դիմել եւ միշտ պատրաստակամ օգնել է: Ասես մերժելը նրա էության մեջ չկա, եթե հարցը վերաբերում է պաշտպանությանը:
Գորսում գորիսեցին պիտի կռվի: Ծայրահեղություն չհամարեք իմ ասածը, որովհետեւ գորիսեցին ավելի լավ գիտի տեղանքը, նրան ծանոթ են բոլոր անցքերն ու կածանները:
Եւ եթե մենք վիրավորներ, զոհեր ենք տալիս, ապա դա նաեւ տեղանքը չիմանալու արդյունք է:
Գնում ենք Երեւան, հանգստանալուց հետո վերստին Գորիս կգանք:
Եւ գնաց Արայիկը` հենակներով:
Զինվորի գնալուց հետո մի պահ լռություն իջավ: Ո՞րն է մեր լինելիության ակունքը, որտե՞ղ է մեր ուժը: Նաեւ Արայիկի ու նրա նման զինվորների մեջ: Մեր լինելիության արմատը նրանց նմանների մեջ է, որ տղամարդավարի զոհաբերվել գիտեն: Եվ տղամարդավարի գումարտակից զոհվեցին Լենո Պետրոսյանը, Աշոտ Միրզոյանը, Սենիկ Հակոբյանը:
Գոյություն քարշ տալը խորթ էր նրանց հոգուն: Նրանք մոռացած իրենց, հանուն հայրենիի կռվի դաշտ մեկնեցին, մեկնեցին ու հերոսացան: Հերոսացան եւ ապացուցեցին, որ զոհաբերվել կարող է միայն քաջը, որ ռազմի դաշտը վախկոտների տեղը չէ: Եւ այսօր գումարտակի տղերքը կռվում են նաեւ նրանց փոխարեն` մեր ինքնապաշտպանությունը դնելով ամուր հիմքերի վրա` թշնամուց խլելով նրա տեխնիկան` տանկեր, թնդանոթներ, ոչնչացնելով «Գրադ» կայանքներ եւ այլն:
Ահա այսպիսի ռազմավար է գրանցվել գումարտակի անվան դիմաց: Արդեն առիթ ունեցանք ասելու, որ գումարտակի միջուկը կամավորականներ են: Սակայն նրանց մեջ քիչ չեն նաեւ այն երիտասարդները, ովքեր վարժահավաքի են կանչվել շրջանային զինվորական կոմիսարի կողմից: Եւ նրանց, բնականաբար, վարժեցնել, սովորեցնել, ուսուցանել է պետք: Չէ՞ որ գործ ունենք ժամանակակից զենքի, տեխնիկայի հետ: Եւ խնդիրն այդ նույնպես լուծվում է գումարտակում:
Այստեղ` հենց տեղում, պատրաստում են տանկիստներ, հրետանավորներ, որ տանկը, հրանոթը գործադրելու համար վիզ չթեքեն ուրիշների առջեւ:
Սուրիկ Բաղդասարյանը գորիսեցի կռվողների մեջ «ստարիկների» շարքին է դասվում: Նա հիմա հրամանատարի տեղակալն է:
- Ժողովուրդը հիանալի նախաձեռնություն է հանդես բերել` դիրքերում կանգնած մարտիկներին տանում է ծխախոտ, սննդամթերք, տաք գուլպաներ, հագուստ, - ասում է հրամանատարի տեղակալը:
- Հարցը մի տուփ ծխախոտը չէ: Հարցն այն է, որ զինվորը թիկունքին զգում է ժողովրդի ջերմ շունչը, զգում է, որ մենակ չէ, ողջ ժողովուրդն իր հետ է: Դրանից է նա ոգեւորվում է, գոտեպնդվում: Մեզ համար հասկանալի չէ, թե ինչպես, ինչ նպատակով է օգտագործվում քաղաքում պաշտպանության նպատակով հանգանակված գումարը: Իսկ այդ անորոշությունն այդպես էլ չի պարզվում:
Ավտոտրանսպորտ ունեցող որոշ հիմնարկ - ձեռնարկություններ թաքցնում են պետական մեքենաները: Դրա պատասխանն էլ կա` գողացել են: Վատ չէ մտածված: Եւ վայ այն ազգին, որ նմանները կան նրա շարքերում: Սա արդեն դանդաղ մահ է: Հետաքրքիր է, նմանների համար, երբ է սկսվելու հայրենասիրության ժամը: Եւ դեռ հարց է, կսկսվի՞:
Պատերազմը կվերջանա: Հայոց հողում խաղաղություն կիջնի: Նմաններն ի՞նչ երեսով պիտի նայեն ժողովրդին եւ ապրեն նրա հետ:
Իսկ որ գումարտակի ճակատը բաց է, դրանում ոչ մի խոսք:
Նա արդեն իր հրամանատարի հետ դարձել է մի կուռ կոլեկտիվ, որի նշանաբանն են Գ. Նժդեհի հետեւյալ խոսքերը. «Հայրենասիրության հետ բարձրանում են ազգերը, ընկնում նրա հետ: Փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասեր պիտի լինեն, քան մեծերը: Մենք, ավելի քան բոլորը, հայրենապաշտ պիտի լինենք»:
Եւ հայրենապաշտ է գումարտակի հրամանատարը, եւ այդպիսիք են նրա զինվորները, որ սովորել են ապավինել սեփական ուժին: Իսկ սեփական ուժն ահեղ փոթորկի հզորություն ունի: Եւ փոթորկի պես գրոհում է գումարտակը: Եւ վերստին հիշում են Նժդեհի խոսքերը. «Միեւնույն ժողովուրդը, բանակը` նայած իր ղեկավարներին, կարող է եւ հրաշագործություններ կատարել, եւ խայտառակորեն ծնկի գալ հակառակորդի առաջ»:
ԱԼՎԱՐԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ
«Զանգեզուր», 1 դեկտեմբերի 1992թ.