Եկեք խոսենք հայերեն

15.12.2016 14:21
2836

Ես գյուղում եմ ծնվել, մանկությունս ու պատանեկությունս էլ անցկացրել այնտեղ: Շատ լավ եմ հիշում, որ գյուղաբնակներս մի տեսակ արհամարհանք էինք ցուցաբերում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր խոսում էին գրական հայերենով կամ իրենց բարբառային խոսքի մեջ պատահականորեն որեւէ գրական բառ օգտագործում: Նման առիթներ հատկապես շատ էին լինում ամռան ամիսներին, երբ գյուղ էին գալիս հովեկները: Հավանաբար վերաբերմունքն այդ երեւույթի նկատմամբ բոլոր գյուղերում է այդպես եղել:

Տասնյակ տարիներ են անցել, մեր կյանքում շատ բան է փոխվել, այդ թվում նաեւ վերաբերմունքը մայրենի լեզվի նկատմամբ: Բայց այդ փոփոխությունը չի բերել վիճակի շտկմանը, այլ «արհամարհանք» ասված հասկացությունն է տեղափոխել այլ հարթություն: Այսօր այդպիսի վերաբերմունք է ցուցաբերվում նրանց նկատմամբ, ովքեր չեն տիրապետում ժարգոնին, փողոցի լեզվին: Այն դարձել է իշխող: Վերջինիս դերակատարումն այնքան է կարեւորվել, որ մերօրյա երիտասարդն այս «լեզուն» ավելի հաճույքով է ուսումնասիրում, «յուրացնում», քան որեւէ օտար լեզու: Դա բերել է նրան, որ կրթության փաստաթղթային եւ իրական վիճակներն իրարից խիստ տարբերվող բաներ են: Ասվածն ակնհայտ է գյուղական երիտասարդության շրջանում: Էյֆորիան վատ խորհրդական է: Գյուղական դպրոցների տղա շրջանավարտների զգալի մասը վարժ գրել-կարդալ չգիտի:

Ոչ ոք չի ժխտում, որ ազգի ապագան եւ կրթությունը փոխշաղկապված են: Հայտնի փաստ է, որ աշխարհի զարգացած երկրների տնտեսություններն ուղիղ համեմատական են կրթական մակարդակին: Կրթության կարեւորագույն դերը չեն ժխտում նաեւ ազգիս լիդերները, բայց չժխտելով դա, այդպես էլ անցած 25 տարիների ընթացքում չավարտեցին էքսպերիմենտ-փորձարկումները դպրոցում. դրանք դեռ շարունակվում են:

Մայրենի լեզվի անաղարտ պահպանման, զարգացման գործում դպրոցի, մնացած ուսումնական հաստատությունների դերակատարումն անուրանալի է, բայց պակաս դերակատարում չունեն նաեւ մեր կյանքի մյուս ինստիտուտները: Անհատի ուսուցման շղթայի մաս են փողոցը եւ լրատվամիջոցները, հատկապես հեռուստատեսությունը, որոնց մասին էլ կխոսենք:

Ժողովուրդը միշտ էլ նուրբ հումորով է վերաբերվել մեր գեղեցիկ բարբառների մեջ օտար բառերը, բառակապակցությունները հայացնելու փաստերին: Արցախի տատիկը հարեւանին հայտնում է՝ ուգլավոյի մագազինում մալակո են տարգավատ անում: Հայերեն միտք արտահայտող նախադասության հինգ բառից չորսն օտար լեզվից են: Կամ էլ իբր Շիրակի բարբառով է հայտնի աշուղի բանաստեղծական հետեւյալ տողը՝ սազը դոշիս չալելով ջեյրան կերթամ, որտեղ, ինչպես ասում են, հայերեն բառի հոտ էլ չկա:

Գործնական մի հանդիպման համար ժամադրվել էի Երեւանի բացօթյա սրճարաններից մեկում: Սուրճ էի պատվիրել ու սպասում էի: Սրճարանի տարածքում հայտնվեց մի զույգ եւ շարժվեց դեպի իմ հարեւանությամբ սեղանը: Ուշադրություն չէի դարձնի, եթե աղջիկը շատ գեղեցիկ չլիներ: Ես գեղեցիկ ասեմ, դուք չքնաղ հասկացեք: Նման դեպքերի համար է ասված՝ «ոչ ուտես, ոչ խմես» արտահայտությունը: Զույգը տեղավորվեց, իսկ ես էլ այդ ընթացքում պատշաճության սահմաններում դիրքս այնպես հարմարեցրի, որ նրանց շարժուձեւից ոչինչ բաց չթողնեմ: Նկատեցի, որ զույգը  ոչ միայն իմ ուշադրության կենտրոնում է: Տղան հարցրեց, թե ինչ կցանկանա խմել: Հետեւեց պատասխանը, որը նրա գեղեցկությունը լղոզեց, կարծես գլուխգործոց գեղանկարի վրա դույլով ներկ շպրտեցին՝ հեչ բան էլ պետք չի, մի բաժակ կակավոյ զակազ տուր: Երանի լսած չլինեի: Շուտով ընկերս եկավ, բայց ես արդեն ի վիճակի չէի այդ միջավայրում մնալ:

Այսօրվա միջին եւ ավագ սերունդը մայրենի լեզվից զատ տանելի չափով տիրապետում է նաեւ ռուսերենին: Դա հնարավորություն է տալիս նրանց, որ երբ ձանձրանում, հոգնում, իսկ ավելի հաճախ՝ հիասթափվում են հայկական հեռուստահաղորդումներից, փոխում են ալիքները եւ կամա թե ակամա՝ համեմատում հաղորդումների մակարդակները: Հասկանալի է, համընկնող եզրերը շատ քիչ են: Անկախ տրվող հաղորդումների թեմատիկայից, հայկականը երկրորդ տեղում է: Ի՞նչ է, լեզվի մաքրությունն է՞լ կապ ունի երկրի մեծության կամ ռազմական հզորության հետ: Դժվար թե: Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, բոլորովին էլ անհրաժեշտություն չկա հստակ այդ նպատակով հետեւել հաղորդումներին: Հաղորդումների մեծ մասը լեփ-լեցուն է հայոց լեզվի աղավաղման «գոհարներով»: Այն, որ հաղորդումների հյուրերը մայրենի լեզվով մաքուր չեն խոսում, տանելի է, բայց որ ծրագրի հեղինակները, հաղորդավարները չեն տիրապետում մայրենիին՝ վիրավորական է, շատ-շատ, այնքան շատ, որ ցանկանում ես ասել՝ քո փոխարեն ես եմ ամաչում: Բայց իրականում գիտե՞ք ովքեր պետք է ամաչեն: Առաջինը՝ այդ հաղորդավարների համալսարանական դասախոսները, ովքեր խոսքի վարպետությունից նրանց դրական գնահատական են դրել եւ կյանքի ուղեգիր տվել, մայրենիի այն դասախոսները, ովքեր աչք են փակել իրենց ուսանողների կողմից բայի դեմքերը, նույն նախադասության մեջ ներկան, անցյալն ու ապառնին, եզակին ու հոգնակին իրար խառնելու, շիլա-շփոթ եփելու համար, եւ վերջում՝ նրանք, ովքեր ստորագրություն են դրել նմաններին աշխատանքի ընդունելու հրամանների տակ: Մի քանի ծաղիկ իմ «ծաղկաքաղից»:

«Գեղեցիկ ձախ ձեռքով հարվածում է» (27.06.14:00 «Երկիր մեդիա»), «Գույնավոր վազքով կգանք» (28.06.10:00 Հ1), «Բերկրանք ապրեցինք սիրելի հայ ժողովրդին» (նույն հաղորդման ընթացքում), իսկ «նա ասաց, որ ես կգամ», կամ «չեմպիոնը խոստացավ, որ ես կհաղթեմ» արտահայտությունները կլսեք ցանկացած ժամի: Զարմանալին այն է, որ հեռուստաալիքների տերերը ծրագրերից հանել կամ ինչ-ինչ պատճառներով չեղարկել են «Մեր լեզուն, մեր խոսքը», «Եկեք խոսենք հայերեն» հաղորդաշարերը, իսկ դրանց փոխարեն ներառել արտերկրից գնված, ժամանակի ժանգն ու փոշին վաղուց իր վրա կրող հաղորդումներ (զորօրինակ՝ Ավետ Բարսեղյանի կողմից շատ վատ վարվող «Գուշակիր մեղեդին» հաղորդումը): Այդպես էլ դժվար է հասկանալ «Չէին սպասում» եւ «Սոված չէին ապրում» հաղորդումների իմաստը, մանավանդ երբ այդ հաղորդումների մեջ ներառվում են հայրենիքը թողած-գնացածների շքեղ ավտոմեքենաներն ու առանձնատները, նրանց ընչաքաղցությունը, նյութապաշտությունն ու քաղքենիությունը փողհարող կադրերը: Հակված եմ մտածելու, որ նման ցածրորակ հաղորդումները եթեր են տրվում, որպեսզի հեռուստադիտողն անհամբերությամբ սպասի Գոհար Հայրապետյանի («աՊոլիտիկա»). Լեւոն Խորենյանի («Երգ-երգոց), Նազենի Հովհաննիսյանի, համարյա բոլոր քաղաքական մեկնաբանների հաղորդումներին: Երեւի:

Լեզվի մասին առաջին լեգենդը Բաբելոնի անհաջող աշտարակաշինության հետ էլ ավարտվում է: Երկրորդ լեգենդն այն մասին է, թե ինչպես Եգիպտոսի փարավոններից մեկը, որպեսզի որոշի, թե որ ազգն է առաջինը ստեղծվել աստծո կողմից, հրամայում է իր թագավորության տարբեր ազգերից ծնված մեկական նորածին բերել պալատ: Նրա հրամանով նորածիններին դայակություն են անում խուլ ու համր կանայք: Երեխաների հետ մյուս շփվողներին էլ մահվան սպառնալիքով արգելվում էր նրանց ներկայությամբ խոսել: Ըստ փարավոնի էքսպերիմենտի, որ ազգը ներկայացնող մանուկը առաջինը խոսել սկսի, նշանակում է աստվածները հենց նրա ազգն են ստեղծել: Անցնում են ամիսներ, մանուկները չորեքթաթ են տալիս, մեկ, մեկուկես տարի անց՝ նաեւ քայլում, բայց մարդկային լեզու չլսած երեխաներն այդպես էլ չեն խոսում:

Երեւի փարավոնի այս էքսպերիմենտն են աչքի առաջ ունենում առաջադեմ շատ երկրներ, երբ լեզուների ուսուցումը սկսում են նախակրթարաններից, համարյա մայրենի լեզվի հետ զուգահեռ: Մեզ մոտ էլ են սկսվել առաջին փորձերն այս ուղղությամբ: Տա Աստված, որ այն հաջողություն ունենա: Գուցե դա՞ է մայրենին այսօրվա տխուր վիճակից հանելու ճանապարհներից մեկը: Իսկ վերջում ցանկանում եմ բոլորիս մեկ անգամ էլ հիշեցնել մեծ հայուհու պատգամը՝ թե մորդ անգամ մտքիցդ հանես, քո մայր լեզուն չմոռանաս:

ՌԵԴԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10