Եկե՛ք մի քիչ հպարտ լինենք…

18.07.2019 17:38
870

2016 թվականի ապրիլ ամսվա սկզբի չորսօրյա բախումներից հետո նորից հնչեցնում ենք ցեղասպանություն արտահայտությունը, որ  իբրեւ ադրբեջանական բանակի գործողությունները Թալիշում ու Մատաղիսում նման են ցեղասպանության: 

Ա՜յ ժողովուրդ, ա՜յ սիրելիներս, ի՜նչ ցեղասպանություն, կռիվ է… 

Ժամանակին անտերության մատնված երկիրն աշխարհի ուժեղները բաժանեցին նոր ստեղծված պետությունների միջեւ (Թուրքիա, Ադրբեջան), մնացածն էլ նվեր մնացին շրջապատող տերություններին (Պարսկաստան, Վրաստան): 

Արդեն հարյուր տարի է` սուգ ու շիվանով շրջում ենք աշխարհով մեկ ու հայտարարում, որ մեզ ցեղասպանության ենթարկեցին, բայց լսողն ո՞վ է կամ դրանից ի՞նչ օգուտ այսօր: 

Ճիշտն այն է, որ կարողացանք Ղարաբաղն ազատագրել, եւ այսօր էլ հեշտությամբ թուրքն ուզում է իրեն ընծայվածը հետ վերցնել, մենք էլ չենք տալիս, կռիվ է… Զոհվում են զինվորներ ու խաղաղ բնակիչները. կա փաստ, որ թշնամին իր ցանկությունները կատարելու համար կիրառում է մարդու կողմից ստեղծված լավագույն տեսակի զենքերը` հակառակորդին ոչնչացնելու համար:

Փա՜ռք մեր բանակին, որ կարողացավ հետ շպրտել թշնամուն: 

Նվնվալու փոխարեն պետք է ոչնչացնեինք վերը նշված երկու բնակավայրի դիմաց գտնվող Թոփկարակոյունլու եւ Նավթալան բնակավայրերը, որոնց համար մեր փոխարեն հիմա նրանք, ձայնները գլուխները գցած, սրա-նրա դուռը թակելով կվնգստային, թե մեզ կոտորեցին, ինչպես Ղարաբաղյան պատերազմի ժամանակ արվեց Խոջալուում, որից մինչեւ այսօր էլ ձայնները չեն կտրում:

Ուժեղին չեն դատում…

Եթե այդպես լիներ՝ հիտլերյան Գերմանիան երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամբողջ Եվրոպան սրի ու հրի չէր մատնի…

Իսկ այդ երկրների ժողովուրդները պետք է անընդհատ բարձրաձայնեին, որ իրենց ցեղասպանության են ենթարկել, սակայն պատերազմն ավարտվելուց՝ Գերմանիայի նկատմամբ որոշ պատժամիջոցներից հետո, բոլոր երկրները սկսեցին մտածել իրենց երկրի տնտեսությունը վերականգնելու եւ զարգացնելու ուղղությամբ: 

Պահեր են լինում, որ ես հայերին ցեղասպանության ենթարկելու համար մեղադրում եմ միայն ու միայն մեզ` հայերիս:

Տասնհինգերորդ դարում եվրոպական երկրների մեծ մասը սկսեց գաղութատիրության քաղաքականություն վարել, այդ ընթացքում շատ ժողովուրդներ կոտորվեցին, շատերն էլ, կարելի է ասել,  իսպառ բնաջնջվեցին: Հատկապես փաստ է, որ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների հայտնաբերումից հետո ոչնչացվեցին բնիկ ժողովուրդները` իրենց բարձր քաղաքակրթություններով հանդերձ` ացտեկներ, մայաներ… Արդեն անցել է մոտ հինգ հարյուր տարի, ո՞վ է ասում, որ ԱՄՆ պետության հիմնադիրները ցեղասպանության ենթարկեցին ամերիկյան հնդկացիներին:      

Ուժեղին չեն դատում…     

Տասնմեկերորդ դարասկզբում մերձվոլգյան եւ մերձարալյան շրջանների թուրք- սելջուկյան ցեղերը բազմացել էին` իրենց ոչխարներով հանդերձ, եւ սկսեցին արշավել դեպի Փոքր Ասիա` Հայաստանի վրա:     

Արեւելքում էլ մոնղոլ-թաթարական  ցեղերն էին հարձակվում հարեւան Չինաստանի վրա: Չին մեծ ժողովրդի դիմադրությանը  հանդիպելով` նրանք սկսեցին նոր ուղիներ փնտրել: Հատկապես Չինգիզ խանի բազմաթիվ ասպատակությունները Չինաստանի վրա անհաջողության մատնվեցին, որը պայմանավորված էր նաեւ Չինական մեծ պարսպի կառուցման հետ: 

Տեսնելով, որ հնարավոր չէ չինացիներին հաղթել, մոնղոլական հորդաներն ուղղություն վերցրեցին դեպի արեւմուտք: Միջին Ասիայով եւ հարավկասպիական տարածաշրջաններով շարժվելով դեպի Փոքր Ասիա, Ռուսաստան, ճանապարհին հանդիպած ամեն ինչ տրորում եւ ոչնչացնում էին: Նվաճված տարածքներով անցնելուց՝ լավ եւ հարմարավետ բնակավայրերում թողնում էին ցեղախմբի անդամներին` իրենց ոչխարների հետ: Այն տարածքներում, որտեղ հանդիպում էին լուրջ դիմադրության, նրանք չէին մնում, հեռանում էին: Մոնղոլիա-Փոքր Ասիա ճանապարհին նրանք շրջանցեցին պարսիկների երկիրը եւ շարժվեցին դեպի Փոքր Ասիա, ճանապարհին հանդիպեցին Հայաստան պետությանն ու հայերին, որոնք ունեին պետություն եւ պետականություն` Բագրատունիների թագավորություն՝ ծաղկող Անի մայրաքաղաքով: 

Թուրանական ցեղերի Կովկաս հասնելու ժամանակ իր հզորության գագաթնակետին էր Բյուզանդական կայսրությունը` Կոստանդնուպոլիս մայրաքաղաքով: Փոխանակ միավորվեին եւ հետ շպրտեին թափառական ցեղերին, կատարեցին հակառակը, սկսեցին իրար դեմ կռիվները, թուլացան, բզկտվեցին, եւ հայկական թագավորությունը թուլացավ ու դադարեց գոյություն ունենալ: 

Այդ պայմաններում էր, որ հայոց իշխանները, իրենց երկիրը թողնելով, հեռացան ու 1030 թվականին ստեղծեցին Կիլիկյան պետությունը, որ գոյատեւեց երեք հարյուր տարի: Այս առիթով միշտ մտորել եմ ու կատարել համեմատություն, չին ժողովուրդը դիմադրեց՝ կառուցելով պարիսպ` փակեց թաթարական արշավանքների դեմը, նրանք էլ, այլ ելք չգտնելով, ուղղություն վերցրեցին դեպի արեւմուտք: Հայերն էլ հակառակն արեցին՝ թուրքերի գալուց հետո թողեցին իրենց երկիրն ու հեռացան Միջերկրականի ափերը` նոր պետություն հիմնելու: Նոր պետության հիմնումից 300 տարի անց արաբական մամլուկների ու թուրքերի նոր ձեւավորված ու տարեցտարի հզորացող պետության կողմից կործանվեց Կիլիկյան թագավորությունը: 

Ուզում եմ այդ թեմայով ինձ միշտ տանջած հիմնահարցի համեմատությունը բարձրաձայնել. չին ժողովուրդը, կառուցելով Մեծ պարիսպը, այսօր մոտ  1,5 միլիարդ բնակչություն ունի, իսկ իր երկիրը կամովին թուրքին հանձնած եւ կարճաժամկետ կյանքով նոր Կիլիկյան պետություն  հիմնած հայերն՝ ամբողջ աշխարհով ցրված, մոտ 10 մլն են:    

Թուրքական արդեն ձեւավորված պետության  հզորացումը հասցրեց նրան, որ Օսմանի առաջնորդությամբ հիմնված պետությունը դարձավ  կայսրություն, 1453 թվականի երբեմնի հզոր Բյուզանդական կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիսի անկումից հետո թուրքերը թափանցեցին Եվրոպա եւ նվաճեցին պետությունների մի մասը: 

Ուզում եմ պատմական  մասը թողնել պատմաբաններին եւ բերել բնության մեջ գոյություն ունեցող օրինակներից մեկը. դա կկվի օրինակն է: Գարնանը կկուն բազմացման ժամանակ չի ունենում իր սեփական բույնը, ձու է ածում ուրիշի բնում՝ կլինի աղավնի, ճնճղուկ, թե՝ մեկ այլ թռչուն: Կկուն ձու ածելով ուրիշի բնում՝ բնատեր թռչունն իր ձագերի հետ նաեւ ճուտ է հանում կկվի ձվից:  Մայր թռչունի հանած ճտերից՝ կկվի ճուտը, լինելով ուժեղ սեփականատիրոջ ճտերից, մոր բերած կերն ինքն է ուտում ու մի քանի օրից, տեղի  նեղության պատճառով, իրեն թափահարելով, բնից դուրս է գցում այդ թռչունի սեփական ձագերին` բնում մնալով մենակ:     

Այդպես է օրենքը բնության՝ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր… 

Օսմանյան կայսրության հզորացման ժամանակ արդեն իրենցը համարվող Արեւմտյան Հայաստանի տարածքը նեղ էր իրենց համար:

Ելնելով բազմաթիվ հանգամանքներից` իրենց  «բույնը» պետք է ազատեին, որի խանգարողը հայերն էին: Եվ նրանք դիմեցին բնիկներ համարվող հայերին ոչնչացնելու մեթոդին, որն ավարտվեց ցեղասպանությամբ: 

Արդեն հարյուր տարի է մեր շուրթերից չի իջնում ցեղասպանություն արտահայտությունը. դեռ ավելին՝ այսօր էլ նոր անուններով  է հնչեցվում Մարաղայի ցեղասպանություն, Բաքվի, Սումգայիթի, եւ ամենաթարմն ուզում ենք ասել` Մատաղիսի եւ Թալիշի… Թուրքերի հարձակումից զոհվածներին անվանում ենք  ցեղասպանվածներ… 

Ում խելքին ինչ փչում, այնպես էլ անվանում ու հնչեցնում է: 

Ուզում եմ ասել` բավական է,  եկեք  ցեղասպանված արտահայտության բարդույթից ձերբազատվենք, ազատվենք ու ասենք, որ հանուն հայրենիքի ազատագրման ու պաշտպանության համար զոհվեցին զինվորներ եւ խաղաղ բնակիչներ:   

Պետություն եւ պետականություն կորցնելուց հետո՝ ութ-ինը հարյուր տարվա ընթացքում, հարցնում եմ՝ հայերը ե՞րբ են զենք վերցրել, որ կռվեն իրենց ազատության ու երկրի ազատագրման  համար, այն դեպքում, որ, կոպիտ ասեմ, ամբողջ աշխարհի գաղութացված երկրները պայքարեցին ու ազատագրվեցին եվրոպական երկրների գաղութացումից: Հնդիկները, աֆրիկյան երկրների ժողովուրդները, Ամերիկայի ժողովուրդները զենքով կռվում էին գաղութարարների դեմ՝ իրենց եւ երկրի ազատության համար: Հայերն այդ ժամանակ թակում էին գաղութարար պետությունների դռները, որ գան  իրենց ազատագրեն գաղութացնող թուրքերից: Այստեղ տեղին է ասել ժողովրդական խոսքը` «Շունը շան թաթը չի ծամի»:      

Այսօր էլ աչքներս տնկել ենք ԱՄՆ-ի եւ մյուս մեծ տերությունների ղեկավարների բերանին. արդյո՞ք ապրիլի 24-ին կհնչի ցեղասպանություն բառը, թե՞  ոչ, այն դեպքում, որ նույն ԱՄՆ կոչվածն առաջին երկիրն էր, որ բնիկներին հինգ հարյուր տարի առաջ ցեղասպանության ենթարկեց:     

Թուրքական 900-ամյա  տիրապետության  ընթացքում թուրքերը (ըստ պատմաբան   Ուլուբաբյանի՝  թուրքերը Հայաստան են թափանցել 1020 թվականին, որը Հովհաննես Կոզեռնի չարագուշակությունն է) չեն հանդիպել կազմակերպված ապստամբության, բացի Խանասորի կռվից, որը 1897 թվականին կազմակերպեցին եւ ոչնչացրին քրդական մազրիկ ցեղախմբին:    

Զեյթունի, Սասունի, Վանի եւ ուրիշ տարերային բռնկումները չեմ ընդունում, դրանք այդ երկարամյա բռնության ժամանակ չնչին բաներ էին:     

Հաճախ եմ հարց տալիս ինքս ինձ, թե ի՞նչն է պատճառը, որ հայերի մեջ ոգին այդքան մեռած էր, որ չէին շարժվում նույնիսկ այն պահին, որ թուրքերը որոշեցին լուռ ու հնազանդ ժողովրդին, իրենց պահած կենդանիների նման, մորթել:     

Ինչպես չզայրանալ, որ մտավորականներից ամենախելոքն ու բարձր դիրք ունեցողը, որը 20-րդ դարասկզբի թուրքական Մեջլիսի անդամ էր, նույնիսկ աքսորի ճանապարհին չէր հավատում, որ իրեն տանում են սպանելու: Զոհրապի խելքի տեր մարդու ժողովրդին կմորթեին, բա ի՞նչ կանեին…     

Դեռ լավ է, որ Արամ Մանուկյան ունեինք, եւ 1918 թվականի մայիսյան կռիվը ղեկավարեց ու թուրքերին ջախջախեցինք Սարդարապատում: 

Թուրքերի առաջարկած հաշտության պայմանագիր կնքելու համար հանդիպման ժամանակ Արամ Մանուկյանն ու թուրքական հրամանատար Խալիլ փաշան գրկախառնվել էին: 

Այսօր աշխարհն ուրիշ կերպ է ապրում…

Հոլոքոստի ենթարկված հրեաները,  որ մի թիզ հող չունեին ոտք դնելու, հիմա  ունեն պետություն, պետականություն եւ միշտ չեն կրկնում, որ հոլոքոստի են ենթարկվել, եւ ժամանակին էլ ստիպել են աշխարհին, որ ճանաչեն իրենց ցեղասպանությունը: Հրեաներն այսօր մտածում են միայն իրենց պետության զարգացման ու հզորացման մասին, դեռ ավելին` Ադրբեջանին էլ զենք են տալիս մեր դեմ կռվելու: Մենք էլ` փոխարեն  ստեղծենք մեր զենքը, անընդհատ բարձրաձայնում ենք, թե ինչո՞ւ են նրանց զենք տալիս: Լավ են անում, պետք է մենք էլ համարժեք զենք ստեղծենք, որ կռվենք ադրբեջանցիների դեմ, ազատագրված տարածքները պաշտպանենք ու, դեռ ավելին, դառնանք եւ թուրքերին ընծայված Նախիջեւանից էլ նրանց մաքրենք ու Արեւմտյան Հայաստանի կորցրած տարածքներն էլ վերադարձնենք:     

Վերջին հազար տարվա ընթացքում, մեր երբեմնի հզոր հայրենիքից (որը կազմում էր մոտ 400000 քառակուսի կմ), այսօր թուրքերից մաքրված 35 հազար քառակուսի կմ-ը  պետք է այնպես հզորացնենք, որ բոլոր մեծ տերությունները մեզ հետ հաշվի նստեն: 

Որպես պատերազմում հաղթանակած երկիր` չմոռանանք մեր անմեղ նահատակների անմար հիշատակը եւ վերջ դնենք նվնվոցներին ու մի քիչ էլ հպարտ լինենք:   

 Ուժն է ծնում իրավունք…                                                                                                 

Սերյոժա Գասպարյան

ՀՀ լրագրողների միության անդամ

ք. Եղեգնաձոր

                                                                                               

 

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25