Երկիրը վերակառուցելու այլ ճանապարհ չկա

12.09.2014 14:43
2392

Հացից հետո ժողովրդի համար ամենակարեւորը դպրոցն է (Ժ.Դանտոն). այս բնաբանը Հայաստանում վաղուց է կորցրել իր արդիականությունը: Հասարակության զգալի մասը քամահրանքով է վերաբերում դպրոցին, ուսուցմանը, ուսուցչի մասնագիտությանը: Ինչո՞ւ է այդպես:

Մանկավարժությունը դարձել է ամենաարհամարհված, երկրորդական մի մասնագիտություն: Տարիներ առաջ դպրոցի շրջանավարտը եթե չէր կարողանում առավել հարգի, հասարակության կողմից ընդունվող մասնագիտություն ընտրել՝ ընդունվում էր պրոֆտեխուսումնարան, որեւէ արհեստ սովորում: Այսօր այդ ուսումնարաններին փոխարինել են մանկավարժական համալսարանները:

«Ուսուցիչ», «մանկավարժ» բառերը խեղճության զգացում են առաջացնում լսողների մեջ, դրանք դարձել են վատ ապրելու, աղքատության հոմանիշներ:

Այսօր մեր երկրի, համայն հայության առաջ կանգած ամենահրատապ խնդիրներից առաջինը հայրենիքի անվտանգության ապահովումն է, իսկ երկրորդը՝ դպրոցական կրթության արմատական բարելավումը: Այս երկու կարեւորագույն հարցերը ֆունկցիոնալ կապի մեջ են: Առանց անհրաժեշտ գիտելիքների անհնար է տիրապետել ժամանակակից զինվորական մասնագիտություններին: Իսկ դպրոցի այսօրվա շրջանավարտների մեծ մասը գիտելիքների պաշարով շատ-շատ հեռու է բանակի պահանջները բավարարելուց: Հարյուրավոր, հազարավոր տղաներ բանակից իրենց ծնողներին, սիրած աղջկան երկու տող գրելու համար դիմում են ընկերների օգնությանը: Ավելին, առաջին դասարանից երկրորդ դասարան փոխադրվող երեխաների մեջ կան այնպիսիները, ովքեր այբուբենի բոլոր տառերը չէ, որ գիտեն: Խայտառակություն է: Այդ մասին իմ խոսքի վերջում կասեմ՝ ո՞վ է մեղավոր ենթավերնագրով:

Կրթության ոլորտի պատասխանատուները հաճախ են հպարտությամբ օրինակներ բերում միջազգային ասպարեզներում մեր դպրոցականների շահած մեդալների, նվաճած մրցանակների մասին, շեշտում, որ դրանց թիվը մի քանի անգամ գերազանցում է հարեւան երկրի ցուցանիշները: Մենք կիսում ենք նրանց ուրախությունը, բայց եւ շեշտում, որ դա ամենեւին էլ դպրոցի շնորհքը չէ, այլ մեր ազգի աստվածատուր շնորհը՝ ավելացրած նման երեխաների հետեւողական ծնողների ու առանձին նվիրյալ ուսուցիչների աշխատանքը:

Դպրոցի մասին ցանկացած մակարդակով զրույցն ի վերջո վեր է ածվում բանավեճի: Ու այդ բանավեճի ժամանակ հաճախ ենք լսում, որ դպրոցը դարձել է փորձադաշտ: Անցած քսան տարվա ընթացքում դպրոցում քանի-քանի էքսպերիմենտ դրվեց (հաճախ անհաջող), ուսուցիչներին, աշակերտներին, քանի-քանի խոստումներ տրվեցին ու մոռացան դրանց կատարման մասին: Այո, դպրոցներից շատերը վերանորոգվեցին, տեխնիկապես վերազինվեցին, ուսուցման բազմաթիվ նոր մեթոդներ ներդրվեցին, բայց ավաղ, ոչինչ չարվեց ուսուցման կենտրոնական դեմքի՝ ուսուցչի մասնագիտական ու կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ:

Հավանաբար բնագավառը ղեկավարող այրերը դա երկրորդական հարց են համարում, այլապես չէր լինի այնպես, ինչպես կա:

Ասում են՝ ուսուցիչ ծնվում են, ուսուցիչ չեն դառնում: Վիճարկելի հարցադրում է: Դպրոցի ֆիզիկայի իմ ուսուցիչը, ով այս բնագավառի` հանրապետությունում ճանաչված դեմք է, պատմում է, որ ուսուցիչ է դարձել իր ուսուցիչների նման կոստյում եւ փայլուն, սեւ կոշիկներ հագնելու համար: Այո՛, պատերազմից հետո դպրոցը, ուսուցիչը գտնվում էին խորհրդային պետության, հասարակության ուշադրության կենտրոնում: Սկսած անցած դարի 60-ական թվականներից՝ ուսուցչի աշխատավարձն անընդհատ բարձրացնում էին, իսկ 70-ականներին համարվում էր ամենաբարձրերից մեկը երկրում: Ուսուցիչը կարողանում էր իր խնայողություններով ավտոմեքենա գնել, մեկնել հանգստանալու: Ուսուցչին տրվում էին այլ արտոնություններ եւս, գյուղական վայրերում աշխատող տղաներն ազատվում էին բանակում ծառայելուց, կիսով չափ կրճատվում էին կոմունալ ծախսերը: Մի խոսքով՝ ուսուցիչը գտնվում էր համընդհանուր ուշադրության կենտրոնում այս բառի բոլոր իմաստներով:

Իսկ թե ինչպիսին է մեր օրերի ուսուցչի հասարակական դիրքը, բոլորն են տեսնում: Տարիներ առաջ ուսուցչի աշխատավարձը «բարձրացվեց» եւ մինչեւ այժմ շեփորահարվում է: Բարձրացում բառը չակերտների մեջ եմ առել, որովհետեւ դա մասամբ է համապատասխանում իրականությանը: Իսկ իրականն այն է, որ ուսուցչի դրույքաչափը 18-ից բարձրացվեց 22-ի (այս մասին միշտ լռել են) ու մի քիչ էլ հավելավճար ավելացվեց եւ ի լուր աշխարհի՝ հայտարարվեց` շարքային ուսուցչի միջին աշխատավարձը գերազանցում է 100 հազարը: Մի փոքր թվաբանությամբ զբաղվենք: Սյունիքի մարզի դպրոցներում աշխատում են հարյուրավոր ուսուցիչներ, որոնցից շատերը շարքային ուսուցիչներ են: Մեծ մասի աշխատավարձը չի գերազանցում 50 հազար դրամը: Դե ինքներդ դատեք՝ ուսուցչի աշխատավարձը բարձրացվե՞լ է, թե՞ ոչ:

Վերջերս կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով նոր ուսումնական տարվա հետ առնչվող հարցերին, դարձյալ բարձրաձայնեց ուսուցչի աշխատավարձի կտրուկ բարձրացման մասին՝ չմոռանալով շեշտել, որ հանրապետությունում միայն ուսուցչի աշխատավարձն է ինտենսիվորեն աճել եւ հասել 168 հազար դրամի` չհաշված սպասվելիք 9%-ի բարձրացումը:

Եթե կրկնությունը կրկնություն է, ապա հարկավոր եմ համարում կրկնել. «Պարո՛ն նախարար, խնդրում եմ մի ձեռքի մատների վրա հաշվել Սյունիքի մարզի շարքային այն ուսուցիչների անունները, ովքեր ստանում են այդքան աշխատավարձ: Չեք կարող: Այդպիսիք չկան: Ձեզ սխալ ինֆորմացիա են տվել»:

Երկրորդ ուշագրավ հարցն ազգային պարի ուսուցումն ուսումնական ծրագրում ընդգրկելն է: Գաղափարն ինքնին գեղեցիկ է, բայց հավանաբար միայն այդքանը: Համոզված եմ, որ սա էլ է «մենք ուրիշ ենք» շարքից, եթե ոչ, ապա ասացեք խնդրեմ՝ ի՞նչ ռեսուրսներով: Մի գիշերվա մեջ պարի ուսուցիչնե՞ր են պատրաստելու հանրապետության բոլոր դպրոցների համար, թե՞ դասավանդող ուսուցչի՝ գեղագիտական բարձր մակարդակն է ապահովելու դրա իրականացումը: Ով ով, բայց մենք՝ ուսուցիչներս, լավ գիտենք մեր էսթետիկական, գեղագիտական մակարդակի մասին: Հարկավոր է միայն վիզ առնել եւ բարձրաձայնել այդ մասին, որ իմանան նաեւ մեր ղեկավարները, իմանան, որ դասավանդող ուսուցիչների զգալի մասը կյանքում գոնե մեկ անգամ էկրանի վրա կինոնկար չի դիտել: Իսկ թատրոնի, օպերայի մասին էլ չեմ խոսում: Դրանց տեղը միայն հազվադեպ ուսուցիչ գիտի:

Եվ այսպես՝ ո՞վ է մեղավոր: Մեղավոր կարող են շատերը լինել, բայց ամենից առաջին մեղավորն ուսուցիչն է: Իսկ ո՞վ է այսօր ուսուցիչ դառնում. դպրոցը միջակ գնահատականներով մի կերպ ավարտած շրջանավարտը: Կա՞, արդյոք, մի խթան, որ ստիպի դպրոցի լավագույն շրջանավարտին տասնյակ մասնագիտությունների շարքում ընտրել ուսուցչի մասնագիտությունը: Ընտրի որ ի՞նչ անի, դժվարությամբ աշխատա՞նք ճարի, ամսական 50-60 հազար դրամ աշխատավարձ ստանա՞, շրջապատում իր նկատմամբ խղճահարությո՞ւն առաջացնի, ընտրի ու կրակն ընկնի՞:

Տողերիս հեղինակը 1970-ին ավարտել է Երեւանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կենսաբանաքիմիական ֆակուլտետի քիմիայի բաժինը: Այդ բաժնի առաջին շրջանավարտներից եմ: Այսքան ճշգրիտ հասցե եմ տալիս, որ հետո ավելացնեմ՝ իմ 23 համակուրսեցուց 11-ը դպրոցի ոսկե կամ արծաթե մեդալակիր էր: Միայն մի կուրսում: Իսկ այսօր հանրապետության բազմաթիվ մանկավարժական համալսարաններում կա՞ դպրոցը գերազանց ավարտած թեկուզ հինգ ուսանող: Բա էլ ինչպե՞ս խոսենք բարձրորակ մանկավարժների մասին:

Մեդալակիրը մանկավարժական համալսարան էր գնում, որովհետեւ տեսնում էր, որ մանկավարժը հասարակության լիարժեք անդամն է, ընդունվում է նրա կողմից եւ կարող է իր աշխատավարձով մարդավարի ապրել, ընտանիք պահել, տուն կառուցել, երեխաներ մեծացնել…

Մտերիմների շրջապատում ուսուցիչների կենսականի մասին խոսք գնալիս մի օրինակ հաճախ եմ բերում: Այսօր համարձակվում եմ այս զրույցին հրավիրել մեր նախարար պ. Արմեն Աշոտյանին եւ նորանշանակ վարչապես պ. Հովիկ Աբրահամյանին ու նրանց հետ քննարկել ցանկացած մարդու համար ամենակենսական հարցերից մեկը: Խոսքն ուսուցչի բնակարանային հարցի մասին է: Նախկինում գյուղական բնակավայրերում կառուցվում էին այսպես կոչված ուսուցչի տներ ու դրանով լուծում մանկավարժներից շատերի բնակարանային հարցը: Դա անցավ-գնաց:

Ավանդաբար հանրապետությունում մանկավարժ ընտանիքները (ամուսիններով մանկավարժներ) շատ են: Երիտասարդ ընտանիքների բնակարանային հարցի լուծման երկու ճանապարհ է մնում: Առաջինը սեփական ուժերով դրա կառուցումն է: Եթե ամուսիններից յուրաքանչյուրի աշխատավարձը նույնիսկ հասնի խոստացած 100 հազարի դրամի, ապա սննդի ու կոմունալ ծառայությունների վրա կատարվող ծախսերը հոգալուց հետո, ինչպես ասում են, ամանի մեջ էլ բան չի մնա:

Երկրորդ՝ հիփոթեքային վարկն է: Բայց բանից պարզվում է, որ դա էլ սովորական մահկանացուների համար չէ, այլ նրանց, ում ամսական միջին եկամուտը մեկ շնչի հաշվով գերազանցում է 250.000 (՞) դրամը: Այ, այսպես:

Ասում են՝ հույսը վերջում է մահանում: Հայտնի բան է՝ մահանալ կարող է մի բան, որ գոյություն ունի, իսկ եթե գոյություն չունի՞:

Այս ամենի ֆոնի վրա ուղղակի զայրույթ է առաջացնում, երբ մայրաքաղաքի մեկ-երկու դպրոցում նկատված կաշառակերության երեւույթներն ընդհանրացվում, տարածում են ամբողջ համակարգի վրա՝ աչքի տակ ունենալով առաջին եւ վերջին զանգին ուսուցչին երկու ծաղիկ նվիրելու փաստը: Սա հումոր չէ, սարկազմ է: Ակամայից հիշում ես միամիտ գյուղացուն, որ խոտհնձի դաշտում առավոտյան կորցրած բանալիները երեկոյան փնտրում է լուսավոր գյուղամիջում:

Չեմ ցանկանում մարգարե երեւալ, ուղղակի իմ համոզմունքն եմ բարձրաձայն արտահայտում: Մեր երկրի իրական կայացումը, տնտեսական, հոգեւոր վերելքը կսկսի այն ժամանակ, երբ ուսուցչի աշխատանքը նյութապես դառնա այնքան հրապուրիչ, որ դպրոցի լավագույն շրջանավարտը մասնագիտություն փնտրելիս ընտրի մանկավարժական բուհը եւ ավարտելուց հետո վերադառնա դպրոց: Երկիրը վերակառուցելու այլ ճանապարհ չկա:

ՌԵԴԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Գորիս

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34