Ես հրեշտակ չեմ, բայց իմ պարագայում չափազանցությունը 99 տոկոսին մոտ է, սուտը՝ 100 տոկոսից ավելի. Հունան Պողոսյան

23.10.2018 12:45
803

Մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզպետ նշանակեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանին: Նրա նշանակումը միանշանակ չընդունվեց թե՛ սյունեցիների, թե՛ իրավապաշտպանների, թե՛ հասարակության այլ անդամների կողմից: Եղան քննադատություններ, անհամաձայնություններ որոշման դեմ, անգամ մարզում նորանշանակ մարզպետին դիմավորեցին բողոքի ցույցերով ու ճանապարհ փակելով: Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ՀՀ մի քանի մարզերում ՏԻՄ ընտրություններ էին, այդ թվում՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքում, որը Հունան Պողոսյանի համար առաջին «փորձությունն» էր: Պետք է նշենք, որ Կապան քաղաքում երեկ սովորականից շատ ոստիկանության ծառայողներ կային, բոլոր ընտրատեղամասերի դիմաց 6-7, եթե ոչ ավելի թվով ոստիկաններ էին ծառայություն իրականացնում, Ճանապարհային ոստիկանության աշխատողների թիվը ևս մեծ էր քաղաքում: Հավանաբար, դա կապված էր նախկին փոխոստիկանապետ մարզպետի ներկայությամբ: Նորանշանակ մարզպետը մեծ դժվարությամբ համաձայնեց հարցազրույց տալ, այն էլ առանց տեսանկարահանման:

Ներկայացնում ենք «Առաջին լրատվական»-ի հարցազրույցը Սյունիքի մարզպետ, ՀՀ նախկին փոխոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի հետ:

-Պարոն Պողոսյան, նախ ընտրություններն ինչպե՞ս են անցել Կապանում և ինձ հետաքրքիր է՝ ինչով էր պայմանավորված Կապանում մեծ թվով ոստիկանների ներկայությունը թե՛ ընտրատեղամասերի դիմաց, թե՛ քաղաքի տարբեր հատվածներում: Անգամ ոստիկանության ծառայողներ կային, ովքեր Երևանից էին բերվել:

-Ընտրությունների մասով մարզպետարանը մասնակցություն է ունեցել այնքանով, որքանով ես ցանկացած աշխատակիցներին առաջին օրը հրահանգավորել եմ՝ ունեք մեկ ձայնի իրավունք, ձեր նախընտրածին տվեք այդ ձայնն ու վերջ: Բոլոր կառույցների առաջ խնդիր էր դրվել, որ ընտրությունները պետք է անցնեն անբիծ, մաքուր, և պետք է լինի նորմալ մթնոլորտ: Ինձ համար հաճելի զուգադիպությամբ՝ նշանակումիս հաջորդեցին մի քանի իրադարձություններ՝ երկրի վարչապետի այցը Սյունիքի մարզ, Կապան քաղաքի տոնը և ընտրությունները: Իսկ ինչ վերաբերվում է ընտրություններին, ամեն ինչ նորմալ է անցել, խախտումներ, միջադեպեր չեն եղել, եթե լիներ՝ կարձանագրվեր և ինձ տեղյակ կպահեին: Խնդիրն այնպես է դրված եղել, որ կապանցին հասկանա՝ սա լրիվ այլ ընտրություն է, տարբերվեց նախորդ ընտրություններից բոլոր առումներով: Իսկ ոստիկանության մեծ թվով լինելը սովորաբար նման միջոցառումների ժամանակ ուժերի միջոցների հաշվարկ են անում և, ըստ այդմ, հրավիրում են: Ես ոչ մի կապ չունեմ դրա հետ:

-Իսկ նախկինում ինչպե՞ս էր անցնում ընտրությունները: Ինչքան էլ չընդունեք, նախորդ ընտրությունները կեղծվել են, ու ոստիկանությունն իր մասնակցությունն ունեցել է այդ գործում այնքանով, որ չի արձագանքել ու արձանագրել ընտրախախտումները ու դրան հաջորդող գործընթացները: Դուք էլ եղել եք հենց այդ նախկին իշխանության օրոք գործող համակարգի ներկայացուցիչը:

– Ընտրությունների տարբերությունն այն է, որ կուտակումներ չլինեն, չլինեն ուղղորդողներ, կրկնաքվեարկություններ և այլն: Եթե հանձնաժողովները ողջ կազմով՝ սկսած վստահված անձերից, դիտորդներից, վերջացրած իրավապահ համակարգի աշխատողներով, բոլորն իմանան իրենց պարտականություններն ու իրավունքները, ամեն ինչ նորմալ կլինի: Տարբերությունն այն է, որ մարդիկ հասկացել են ու հանգիստ գնում են ընտրության: Սա դիտենք որպես առաջին փուլ, հաջորդն ավելի լավն է լինելու: Դուք կարող եք վերցնել ձեր ասած ժամանակահատվածի վիճակագրությունն ու հստակ տեսնել՝ քանի արձագանք է եղել, քանի ահազանգ է եղել, ինչպես են արձագանքել, քանի դեպքով է քրեական գործ հարուցվել, նյութեր նախապատրաստվել և այլն: Ոստիկանությունը վերջին տարիներին կոռեկտ է իրեն պահել, ցանկացած հանրային միջոցառման ժամանակ՝ համապետական ընտրություններում, տեղական ինքնակառավարման ընտրություններում, որոնց ժամանակ լուրջ միջադեպեր չեն եղել: Այո, առանձին միջադեպեր եղել են, ակտիվություն են ցուցաբերել ինչ-որ քրեական տարրեր, մարդիկ, ովքեր իրենց օրենքից վեր են փորձել դասել: Կարծում եք՝ այսօր չկա՞ն մարդիկ, ովքեր փորձում են իրենց օրենքից վեր դասել, կան, պետք է սաստել:

-Մարզում կա՞ն այդպիսիք և ինչպե՞ս եք սաստելու:

-Թույլ տվեք մարզի կտրվածքով զերծ մնամ նման հայտարարությունից, որովհետև նոր եմ նշանակվել: Բայց կարծում եմ՝ քաղաքացիները հասկանալու են, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն հասկանա, խնդիր կունենան այն պահից, երբ կսկսեն օրենք խախտել, ուրիշների իրավունքները ոտնահարել: Իսկ ես, որպես մարզպետ, հանդես եմ գալու դրա երաշխավորի դերում:

-Ձեր նշանակումը մարզպետի պաշտոնում միանշանակ չի ընդունվել հասարակության ու սյունեցիների կողմից, անգամ ճանապարհ փակելով Ձեզ դիմավորեցին: Ինչպե՞ս եք պատկերացնում հետագա պաշտոնավարումն այստեղ:

-Գիտեք, այդ ճանապարհ փակելուն չեմ ուզում անդրադառնալ: Հայկական հյուրասիրության կանոններն ասում են՝ մարդուն դիմավորում են աղուհացով: Իսկ ճանապարհ փակողների մասին խոսվեց, նշվեց՝ ովքեր են, դա թող մնա անցյալում, բայց ես պատրաստ եմ հանդիպել ցանկացածի հետ, կարևորը՝ ժողովուրդն ինձ նորմալ է ընդունել: Ես մասնակցել եմ Կապան քաղաքի տոնակատարությանը: Մեզ մոտ բոլոր քաղաքներն իրենց փայլուն ապագայով զարմացնելու են: Ինչ վերաբերում է մարզպետի պաշտոնում աշխատանքների կազմակերպմանը, հունի մեջ կընկնենք մոտ օրերս: Կարծում եմ՝ բոլոր ուղղություններով և վարչապետի հիմնական հանձնարարականների մասով կսկսենք մեր աշխատանքները:

-Որո՞նք են վարչապետի այդ հանձնարարականները:

-Հիմնական երեք ուղղություն է՝ օլիգարխիայի վերջ, հավասար պայմանների ապահովում ներդրողների համար, հնարավորինս շատ ներդրումներ ու սկսած ծրագրերի շարունակականություն, նոր ծրագրերի ներգրավվում, միջոցների ձեռնարկում, եթե կլինեն կրիմինալ, բյուրոկրատական կամ վարչարարական ճնշումներ ներդրողների նկատմամբ: Պատասխանատվությունը շատ մեծ է: Այստեղ ժողովուրդը շատ նորմալ հոգեբանություն ունի, որովհետև իրենք գիտակցում են, որ տարբերակել պետք չէ՝ երևանցի, սյունեցի, լոռեցի և այլն: Կա հայ մարդ, որը պատրաստ է ծառայել հայրենիքին: Ես ասել եմ՝ բոլորի օգնությամբ պետք հասնենք հաջողության՝ ինձ ընդունողների ու չընդունողների օգնությամբ, աջակցությամբ: Ես ուզում եմ ասել, որ սկսում ենք նոր էջից, հիմա ասում են՝ նոր Հայաստան, այդ նոր Հայաստանին, ինչքան կարող եմ, պետք է պիտանի լինեմ: Հավատացեք:

-Վարչապետի ու նոր Հայաստանի ներկայացուցիչների հետ հարթակից «դըմփ-դըմփ-հու» անելն անսովոր չէ՞ր Ձեզ համար:

-Իհարկե անսովոր չէր, շատ նորմալ ոգևորիչ վիճակ է: Դա շատ լրջացնել պետք չէ, շատ անլրջացնել էլ պետք չէ: Դա էմոցիաների ճիշտ իրավիճակ էր: Ես այդ պահին ասացի, որ ֆուտբոլի մեծ սիրահար եմ ու դա Իսլանդիայի հավաքականի երկրպագուներին երկրպագելու յուրահատուկ ձև էր: Դա սպորտային ազարտի դրսևորման ձև է նաև:

-Պարոն Պողոսյան, ըստ Ձեզ, ինչո՞ւ ընտրությունը Ձեզ վրա կանգնեց:

-Դուք կարծում եք, եթե մեկ ուրիշը լիներ ուժային կառույցից, Դուք նույն հարցը չէի՞ք բարձրաձայնելու:

-Օրինակ ո՞վ: Վլադիմիր Գասպարյա՞նը:

-Անուններ չեմ տալիս, ցանկացած մեկը, ով ուժային կառույցում աշխատել է, այդ հարցերը չէ՞ին առաջանալու: Ուզում եմ նայել ձեր աչքերին ու ուղիղ ասել, որ նախորդ ժամանակահատվածում, հանրային ոչ մի միջոցառման ժամանակ, մենք մեզ վատ չենք պահել: Եթե նույնիսկ ինչ-որ տեղ ոստիկանությունը հարկադրանքի միջոց է կիրառել…

-Դեպքերը շատ են, ինչո՞ւ եք մոռանում:

-Չենք մոռանում: Ի վերջո` թավշյա հեղափոխության ժամանակ ոստիկանության դրսևորած վարքագիծը բոլորդ տեսաք: Ես իմ հրաժարականի խոսքում էլ շատ մանրամասն ասացի այդ մասին: Իմ հրաժարականի խոսքն ու այսօրվա նշանակումը, կարծես, տրամաբանական կապ ունեն: Ես հասկացա, որ ինձ իրոք կարճ դադար է պետք: Ես այդ պաշտոնում շուրջ 8 տարի պաշտոնավարել եմ, աշխատել եմ մեծ ծանրաբեռնվածությամբ: Թող փնովեն, քննադատեն՝ որպես հին ռեժիմի ներկայացուցիչ, բայց ես գիտեմ՝ ինչ ծանրաբեռնվածությամբ ու պատասխանատվությամբ եմ աշխատել: Մեկ-երկու հանրային միջոցառման ժամանակ տեսել են, ցուցարարների առաջ, համազգեստով ու ուռճացրել, չգիտեմ՝ ի՞նչ են սարքել: Ոստիկանության գերակշիռ մասն այդպես չի մտածել: Չեմ ուզում ծանր թեմաների մասին խոսել, բայց դուք տեսել եք և՛ ռադիկալիզմ, և՛ կոշտ պայքար, իսկ վերջին պայքարը պսակվեց հաջողությամբ:

-Այսինքն՝ եթե ոստիկանությունն ավելի շուտ հրաժարվեր ռադիկալ մեթոդներից, հնարավոր էր՝ թավշյա հեղափոխությունն ավելի շու՞տ տեղի ունենար:

-Ես չգիտեմ, ես այդ հարցերին չեմ կարող պատասխանել: Առանց որևէ լուրջ միջադեպի, առանց զոհի, առանց արյունի եղավ իշխանափոխություն, իսկ ռադիկալ միջոցների դիմել, ես նկատի չունեի, որ ոստիկանությունն էր դիմում նման միջոցների:

– Ինչո՞ւ են Ձեզ այդքան քննադատում այդ դեպքում:

-Ինձ քննադատողների մեծ մասն ունեն անձնական պատճառներ: Անձնական կենցաղային նկատի չունեմ: Ցանկացած քննադատություն պետք է լինի օբյեկտիվ: Իմ պարագայում չափազանցությունը 99 տոկոսին մոտ է, սուտը՝ 100 տոկոսից ավելի: Զարմանում եմ: Ես հրեշտակ չեմ, բայց…

1in.am

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06