Եվրամիությունը միլիոնների ներդրում կանի Հայաստանում․ ո՞րն է քաղաքական մոտիվացիան

21.01.2019 12:58
763

Եվրոպական միությունն ու Համաշխարհային բանկը պատրաստվում են ներդրումային մեծ ծրագիր իրականացնել ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից վեց երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Բելառուսում, Մոլդովայում և Ուկրաինայում։ Այս մասին տեղեկացրել է Եվրամիության գործադիր մարմինը՝ Եվրոպական հանձնաժողովը։

730 միլիոն եվրո՝ Հայաստանին

Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի ներդրումային ծրագրով (Indicative trans-European Transport Network (TEN-T) Investment Action Plan) կհատկացվի շուրջ 13 միլիարդ եվրո այս երկրներում տրանսպորտային ենթակառուցվածքները զարգացնելու և տնտեսական աճը խթանելու նպատակով։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել մոտ 4800 կմ երկարությամբ ճանապարհ և երկաթգիծ, 6 նավահանգիստ և 11 լոգիստիկ (կազմակերպչական) կենտրոն։ Բացի դրանից՝ կվերանորոգվեն հին ճանապարհները, երկաթգծերը, նավահանգիստները, օդանավակայանները, լոգիստիկ կենտրոնները, սահմանային անցակետերը:

Ինչպես նշել է Եվրամիության հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհաննես Հանը՝ նոր ներդրումային ծրագրի նպատակն է «էական, շոշափելի արդյունքներ ապահովել Արևելյան գործընկերության տարածաշրջանի բնակիչների համար»: Իսկ Տրանսպորտի հարցերով հանձնակատար Վիոլետա Բուլկի խոսքերով՝ Արևելյան գործընկերության երկրներում, ինչպես նաև այս երկրների ու Եվրամիության միջև տրանսպորտային կապի բարելավումը տնտեսական աճը խթանելու և նոր աշխատատեղեր ստեղծելու ներուժ ունի։

Ներդրումային ծրագիրը ներառում է ինչպես կարճատև, այնպես էլ երկարատև նախագծեր, որոնց մի մասի իրագործման շնորհիվ տրանսպորտային կապի բարելավման առաքելությունն ավարտված կլինի 2020 թ․, իսկ մյուս մասի դեպքում՝ 2030 թվականի դրությամբ:

Հրապարակված փաստաթղթի համաձայն՝ ներդրումային ծրագրի շրջանակներում Հայաստանին հատկացվելու է ավելի քան 730 մլն եվրո: «Հյուսիս-Հարավի» Արտաշատ-Ագարակ հատվածի շինարարության համար նախատեսվում է 450 մլն եվրո, Գյումրի-Բավրա ճանապարհի համար՝ 41 մլն եվրո, ևս 7,5 միլիոն` Երևան-Վանաձոր ավտոճանապարհի վերանորոգման համար: Շուրջ 15 մլն եվրո նախատեսվում է տրամադրել Մեղրիի սահմանային անցակետի համար:

Թրամփի հակառուսական նախաձեռնության խորապատկերին

Եվրամիության ու Համաշխարհային բանկի ներդրումային ծրագիրը, իհարկե, շատ ողջունելի է և ցույց է տալիս արևմտյան կառույցների հետ Հայաստանի համագործակցության և ընդհանրապես այս ուղղության կարևորությունը՝ առաջին հերթին տնտեսական զարգացման տեսանկյունից։ Բայց ո՞րն է այս ծրագրի քաղաքական մոտիվացիան։ Քաղաքական ի՞նչ խնդիրներ է Արևմուտքը փորձում լուծել նման ծրագրերի միջոցով։ Հայաստանին հատկացվելիք ֆինանսական աջակցության չափը որքանո՞վ է պայմանավորված Հայաստանի ներքաղաքական վերջին փոփոխություններով և ժողովրդավարական առաջընթացով։

Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ասում է, որ սա Եվրոպական միության կողմից իրականացվող հերթական ծրագիրն է՝ որպես աջակցություն հարևանության տարածաշրջանի երկրներին, և այս առումով արտառոց որևէ բան չկա։ Բայց կա կարևոր մի հանգամանք, որն օգնում է ավելի լավ հասկանալ ծրագիրն իրականացնող կառույցների քաղաքականությունը։

«Այս ծրագրի, դրամաշնորհի աջակցության մասին հայտարարվում է այն ֆոնի վրա, երբ Միացյալ Նահանգները սկսում է շատ ակտիվորեն իրականացնել քարոզչություն՝ ուղղված տարածաշրջանի երկրներում Ռուսաստանի ազդեցության նվազեցմանը։ Նախորդ տարի ԱՄՆ-ի բյուջեով մեծ գումար է հատկացվել մեր տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության տարածման դեմ պայքարին։ Իհարկե, խոսքը հիմնականում լրատվական դաշտում պայքար մղելու մասին է։ Այդուհանդերձ, հետաքրքիր է, որ այս նախաձեռնության մեկնարկից անմիջապես հետո հայտարարվեց եվրոպական այս աջակցության մասին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Սուրեն Սարգսյանը։

Փորձագետը կարծում է, որ ցանկացած պարագայում, անկախ Հայաստանում տեղի ունեցած հայտնի փոփոխություններից, Եվրամիության այս աջակցությունը լինելու էր․ «Այդ աջակցությունը տրամադրվում է տարբեր ուղղություններով՝ նշված երկրների ինստիտուցիոնալ կարողությունների ավելացման, ինստիտուտների կայացման, ժողովրդավարության զարգացման համար։ Եթե Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունեցել՝ դա դեռ չի նշանակում, որ կոռուպցիան մեր երկրում անմիջապես վերացել է, կամ Հայաստանը դարձել է ամբողջապես դեմոկրատական երկիր։ Աշխատանքներն այս ուղղությամբ, բնականաբար, պիտի շարունակվեն։ Հիշենք, որ Հայաստանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպանը հայտարարել է, որ ժողովրդավարության հաստատումը Հայաստանում կարևոր նշանակություն ունի Միացյալ Նահանգների համար։ Այնպես որ, կարծում եմ՝ Եվրոպական միությունն այս գործիքակազմը նույնպես կօգտագործի մեր երկրում ժողովրդավարության զարգացմանը և ինստիտուտների կայացմանը խթանելու համար»։

Պետք է արդյունավետ օգտագործել այս հնարավորությունը

Թեմային «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ նաև Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ նշելով, որ ընդհանրապես նախքան ինտեգրացիոն գործընթացներ սկսելը Եվրամիությունը համապատասխան երկրներում ստեղծում է ենթակառուցվածքներ կամ խթանում է դրանց ստեղծմանը։ Սա Եվրամիության քաղաքականության առաջնահերթություններից է։ Սա վերաբերում է և՛ Եվրամիության անդամակցմանը հավակնող երկրներին, և՛ Արևելյան գործընկերության տարածաշրջանի երկրներին։

«Արևելյան գործընկերության տարածաշրջանը գոնե մասամբ մտնում է Եվրամիության ազատ առևտրի գոտու մեջ, և թե՛ ազատ առևտրի գոտուն միացած երկրներին են անհրաժեշտ նմանատիպ ենթակառուցվածքներ, թե՛ նույնիսկ այլ երկրների համար նախատեսված են շատ լուրջ ծրագրեր՝ կապված առևտրային համագործակցության հետ։ Դա վերաբերում է նաև Հայաստանին, և Հայաստանի ու Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին (CEPA) բավական մեծ դեր է հատկացվում և՛ առևտրի, և՛ տրանսպորտի զարգացման առումով։ Դրանք առաջնահերթությունների մեջ են, և դա, բնականաբար, պիտի ենթադրեր, որ պետք է լինի աջակցություն համապատասխան կոմունիկացիոն ենթակառուցվածքների ձևավորմանը»,- մեկնաբանեց Բորիս Նավասարդյանը։

Մեր զրուցակից կարծում է, որ այս ներդրումային ծրագրի պարագայում հաշվի չեն առնվել ժողովրդավարական այն գործընթացները, որ շարունակվում են Հայաստանում։

«Կարծում եմ՝ ամեն դեպքում, անկախ նրանից՝ ներքաղաքական ինչ զարգացումներ կլինեին Հայաստանում, այդ կարգի աջակցություն Հայաստանին նախատեսվելու էր, և դա, ինչպես նշեցի, կապված է Եվրամիության հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման հետ, որը տեղի ունեցավ դեռ մինչև հեղափոխությունը, այնպես որ մնում է շատ արդյունավետ օգտագործել այդ հնարավորությունը և ներկայացնել այնպիսի համոզիչ ծրագրեր այդ հատկացվող օգնության տակ, որոնք խնդիր չեն առաջացնի և արագ լուծման հեռանկարներ կբացեն»։

Կախված է Հայաստանի ակտիվ քաղաքականությունից

Ինչ վերաբերում է ֆինանսական հատկացումների մոտավոր ժամկետներին՝ Բորիս Նավասարդյանը դժվարանում է կանխատեսել, քանի որ մեծ մասամբ դա կախված է լինելու Հայաստանի «պրո-ակտիվ» գործունեությունից։ Եվ սա վերաբերում է ընդհանրապես Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի կենսագործմանը։
«Նախատեսված և պլանավորված հատկացումների դիմաց պետք է ներկայացվեն շատ կոնկրետ առաջարկություններ ֆինանսական աջակցություն ստացող երկրից։ Այդ գործընթացը դանդաղել է Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումների պատճառով, և կարծում եմ՝ այսօր, երբ արդեն ձևավորվել է նոր խորհրդարանը, և շուտով կունենանք նաև նոր կառավարություն, պետք է աշխատանքը շատ արդյունավետ իրականացնել և հետ բերել այն ժամանակային կորուստները, որ մենք ունեցել ենք նախորդ տարի»,- նշեց Նավասարդյանը։

Բիզնես միջավայրի բարելավումը կնպաստի խաղաղությանը

Եվրամիության և Համաշխարհային բանկի ներդրումային ծրագրի հիմնական նպատակներից մեկը Արևելյան գործընկերության երկրներում կոմունիկացիաների, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումն է։ Իսկ այդ երկրների մեջ են մտնում Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները՝ ներառյալ հակամարտության մեջ գտնվող Հայաստանն ու Ադրբեջանը։ Նոր ճանապարհների, երկաթուղիների, նավահանգիստների, այլ ենթակառուցվածքների կառուցումը, հների վերանորոգումը ինչ-որ կերպ կազդի՞ տարածաշրջանի անվտանգության միջավայրի, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վրա։

Պատասխանելով հարցադրմանը՝ Բորիս Նավասարդյանն ասաց, որ զարգացում և համագործակցություն ենթադրող ծրագրերը, բնականաբար, նպաստում են նաև խաղաղությանը, որովհետև որտեղ մարդիկ սկսում են տնտեսական համագործակցությամբ և առևտրով զբաղվել, այնտեղ պատերազմների և այլ մարտահրավերների հավանականությունը նվազում է։

«Ինչպես կլինի մեր տարածաշրջանում, իհարկե, շատ դժվար է ասել՝ հաշվի առնելով, թե ինչպիսի բարդ խնդիրների առաջ են կանգնած հարավկովկասյան այս երեք երկրները և, մասնավորապես, Հայաստանն ու Ադրբեջանը։ Բայց ամեն դեպքում խաղաղ նպատակների միտված որևէ ներդրում չի կարող ամբողջությամբ անպատասխան մնալ քաղաքականության և անվտանգության ոլորտում զարգացումների առումով»,- կարծիք հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահը։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն իր հերթին նշեց, որ ֆինանսական ներդրումները, բնականաբար, բարենպաստ կլիմա են ստեղծում տնտեսության զարգացման համար։ Այնուամենայնիվ, փորձագետը չի կարծում, թե եվրոպական ներդրումները էապես կազդեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կամ դրանց կարգավորման գործընթացի վրա։

«Ընդհանրապես ընդունված է կարծել, որ տնտեսությունը պատերազմի կամ կոնֆլիկտների լուծման կարևոր մեխանիզմներից մեկն է։ Այսինքն՝ հարուստ և բարգավաճ հասարակություն ունենալն ավելի է հեշտացնում հիմնախնդիրների կարգավորումը։ Իսկ բիզնեսը համարվում է խաղաղության հաստատմանը նպաստող գործոններից մեկը, և դրա վերաբերյալ կան բազմաթիվ տեսություններ, թե ինչպես կարող է բիզնես միջավայրի բարելավումը դրական տեղաշարժեր ապահովել կոնֆլիկտային պետությունների հարաբերություններում։ Բայց կարծում եմ, որ սա այդ դեպքը չի, և ինչքան էլ ներդրումներ արվեն տարածաշրջանում, ֆինանսական աջակցություն հատկացվի Հայաստանին և Ադրբեջանին, դա չի կարող էապես նպաստել հիմնախնդրի կարգավորմանը՝ անկախ այն հանգամանքից, թե ով է այդ ներդրում անողը»,- կարծում է Սուրեն Սարգսյանը։

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01

Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել նրանց տնտեսական զարգացման համար

24.12.2024 11:57