Եվրասիական զարգացման բանկի կողմից Ամուլսարի ծրագրի ֆինանսավորումը տապալվել է

28.11.2024 16:11
633

Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կողմից Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վարկավորման գործընթացը տապալվել է։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ևս ասել է, որ «վարկը չի հաստատվել»։ Այնուհանդերձ, կառավարությունը հանքի շահագործման ճանապարհին մտադիր է ընկերության համար պետական երաշխիք տրամադրել՝ վարկ ներգրավելու համար։ Նախատեսվում է, որ վարկը կներգրավվի հայկական բանկերից։ ԵԱԶԲ-ն հիմնվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից։ Ներկայում բանկն ունի վեց անդամ պետություն, այդ թվում Հայաստանը։ Բանկի նպատակն է խթանել անդամ երկրներում ներդրումային ակտիվությունը։

2023-ի փետրվարին էկոնոմիկայի նախարարությունը, հանքավայրի սեփականատեր «Լիդիան Արմենիա»-ն և Եվրասիական զարգացման բանկը ստորագրել էին հուշագիր։ Դրանով սահմանված 150 մլն դոլարի փաթեթից 100 մլն-ը պետք է տրամադրվեր Եվրասիական զարգացման բանկի կողմից, 50 մլն-ը՝ տեղական բանկից, ևս 100 մլն-ը պետք է ներգրավեր «Լիդիան Արմենիա»-ն։ Այս հուշագրով սահմանվում էր նաև, որ «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը հանձնվում էր կառավարությանը՝ որպես նվիրատվություն։ 2023-ի մայիսին ԵԱԶԲ-ի վարչության փոխնախագահ Դենիս Իլյինը հայտնել էր, որ վարկի տրամադրման համար բանկը պատվիրել է բնապահպանական նոր փորձաքննություն՝ վերջնական որոշում կայացնելու համար։

Այնուհանդերձ, «Լիդիան Արմենիա»-ում կառավարությանը նվիրատվությամբ հանձնվելիք 12,5 տոկոս բաժնեմասի պայմանագրի կնքումը առնվազն հինգ անգամ հետաձգվել է։ Սա կասկածներ էր հարուցում, որ Ամուլսարի հանքի շահագործման համար ֆինանսական միջոցների փնտրտուքի հարցում արդյունքներ չկան։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը միայն ասաց՝ ԵԱԶԲ-ի վարկը չի հաստատվել, իսկ պատճառների մասին հարցերին չցանկացավ պատասխանել։

Կառավարությունը մտադիր է պետական երաշխիք տրամադրել՝ տեղական բանկերից վարկերի ստացման համար։ Մինչև երաշխիքի տրամադրումը կառավարությունը աուդիտ է պատվիրել «Լիդիան Արմենիա»-ում։ «Հիմա աուդիտ ենք անցկացնում։ Քաղաքական որոշման համար գիտելիք է պետք, այդ որոշման պատասխանը մեր ու ձեր երեխաներն են տալու։ Աուդիտը ընթանում է գրասենյակում և տեղում»,- ասաց Պապոյանը։ Հարցին, թե մե՞կ բանկ, թե՞ բանկերի կոնսորցիում է ապահովելու ֆինանսավորումը, Պապոյանը պատասխանեց՝ կտեսնենք։

ԵԱԶԲ-ն ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան հայտնել է. ««Լիդիան Արմենիան» հետ է կանչել իր հայտը, հայտը գնահատելու բանկի ներքին բոլոր ընթացակարգերը դադարեցվել են»։ Այլ մանրամասներ ԵԱԶԲ-ն չի հայտնել։

ԵԱԶԲ-ից վարկ ներգրավելու ՍիվիլՆեթի հարցերին չի պատասխանել նաև «Լիդիան Արմենիան»։ Ընկերությունից հետաքրքրվել էինք վարկային գործընթացի տապալման պատճառների մասին, սակայն «Լիդիան Արմենիա»-ի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը տեղեկացրել է, որ «մեկնաբանություններ չի տալիս, բարձրացված բոլոր հարցերին ընկերությունը կանդրադառնա առաջիկայում»։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որ որպես եռակողմ հուշագրի կողմ խուսափում է խոսել ԵԱԶԲ-ի վարկի ճակատագրի մասին, օրերս ՍիվիլՆեթի հետ զրույցում հույս էր հայտնել, որ Ամուլսարի հանքի շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2025-ի առաջին եռամսյակում, իսկ արդյունահանումը կսկսվի 2025-ի չորրորդ եռամսյակում։

Ամուլսարի ոսկու հանքավայրի նախապատմությունը

2014-ին Հայաստանի կառավարությունը Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման իրավունքը տվեց «Լիդիան Արմենիա» (նախկինում՝ «Գեոթիմ») ընկերությանը։

Հանքավայրի շահագործման դեմ բողոքի ցույցեր էին մինչև 2018-ի հեղափոխությունը։ 2018-ից հեղափոխությունից հետո բնապահպան-ակտիվիստները և տեղի բնակիչները երկար ժամանակ փակել էին դեպի հանքավայրի տարածք տանող ճանապարհները։ Ոսկու հանքավայրի շահագործման գործընթացում հնարավոր խախտումների մասով հարուցվեց քրեական վարույթ, անցկացվեցին փորձաքննություններ, իսկ վարույթը 2021-ի դեկտեմբերին կարճվեց։ Բնապահպանները ահազանգում են, որ հանքի շահագործումը մեծ վնաս կհասցնի Ջերմուկ առողջարանային քաղաքին և ընդհանրապես Հայաստանի ջրային համակարգին, քանի որ այդ տարածքից սկիզբ առնող ջրերը հոսում են Սևանա լիճ՝ Հայաստանի քաղցրահամ ջրի գլխավոր պաշարը։

«Լիդիան Արմենիան» նախատեսում է նվազագույնը 25 տարի շահագործել հանքը՝ տարեկան 75-100 մլն դոլարի հարկեր, տուրքեր վճարելով։ Ընկերությունը հանքավայրում ոսկու պաշարները գնահատել է 70 տոննա։

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24