Գագիկ Հայրումյանը դարձավ 75 տարեկան

07.06.2023 10:20
1633

Սյունյաց աշխարհի արժանավոր զավակ, լրագրող, բանասեր, հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Երվանդի Հայրումյանի ծննդյան օրն է:

«Սյունյաց երկրի» խմբագրակազմը շնորհավորում է Գագիկ Հայրումյանին՝ հոբելյանի առթիվ, մաղթում քաջառողջություն, ստեղծագործական նոր հաջողություններ:

Վերիշեն գյուղում 1948 թ. հունիսի 7-ին ծնված Գագիկ Հայրումյանը ճանաչում և համբավ ձեռք բերեց տակավին պատանեկան տարիներին՝ 1960-ականների երկրորդ կեսին, երբ ընտրվեց կառուցվող Տաթևի հիդրոէլեկտրակայանի կոմերիտական կազմակերպության ազատված քարտուղար: Ավելի երիտասարդներս այդ մասին իմացանք ոչ միայն ժամանակակիցների պատումներից, այլև հրաշալի Մուշեղ Գալշոյանի «Ծաղկած քարեր» գրքից:

Այսպես է գրում Մուշեղ Գալշոյանը՝ «Տաթևշինի կոմերիտմիության քարտուղար Գագիկ Հայրումյանը ՍՍՀՄ-ի քարտեզը փակցրել է աշխատասենյակում, քարտեզի վերևը գրել. «Մեր անծայրածիր հայրենիքի որ մասից ասես, որ մարդիկ չեն աշխատում մեր կառույցում»։

Հետո Գագիկը որոնել՝ քարտեզի վրա ճարել է այն կետը, որը պետք է կառույցի տեղը լինի (ո՛չ քաղաք, ո՛չ ավան, ո՛չ գյուղ, այլ ընդերք՝ թունել) և այդ կետի վրա կարել կարմիր մի կոճակ, իսկ կոճակը ծածկել է Գորիսը, Զանգեզուրը, Հայաստանը։ Եվ կոճակից կարմիր-թել ճառագայթները տարել՝ Լենինգրադ, Տալլին, Գորկի, Տագիլ, Տաշքենդ, Դուշամբե, Նովոսիբիրսկ, Իրկուտսկ... Թել ճառագայթներից մեկն էլ կտրել-անցել է Օխոտյան ծովը, հասել Խաղաղ օվկիանոսի ափերը»:

Մեկ-երկու նախադասության մեջ՝ 20-րդ դարի սյունիքյան գլխավոր կառույցի նկարագիր և նրան ակտիվ մասնակցություն ունեցող երիտասարդի դիմանկարի ուրվագիծ...

Հետագայում՝ 1970-ին, երբ արդեն շահագործման պիտի հանձնվեր Տաթևի հիդրոէլեկտրակայանի առաջին ագրեգատը, Գագիկ Հայրումյանն ընտրվեց կոմերիտմիության Գորիսի շրջկոմի առաջին քարտուղար ու շրջանի երիտասարդության առաջնորդը եղավ մինչև 1976 թվականը:

Նրա կազմակերպչական ունակությունները, մարդկանց հետ շփվելու կարողությունները, երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ գործադրած ջանքերը, հայրենի եզերքի հանդեպ պատանիների ու աղջիկների մեջ տիրոջ սրտացավություն և պատասխանատվություն ձևավորելուն միտված քայլերը մինչև հիմա հիշում են Գորիսում:

Հանրապետության բարձր ղեկավարությունը նկատեց նրան և վստահեց ՀԼԿԵՄ կենտկոմի դպրոցական բաժնի ղեկավարումը (1976-85 թթ.): Այդ տարիներին նա ճանաչում ու հարգանք ձեռք բերեց ամբողջ հանրապետությունում, որի դրսևորումներին հանդիպում ենք առայսօր:

1985-87 թվականներին Գագիկ Հայրումյանին տեսնում ենք լրագրողական աշխատանքում, նախ՝ «Ավանգարդ» երիտասարդական թերթի, ապա «Ակունք» ամսագրի խմբագիրն էր:

Այսօր էլ, երբ թերթում ենք այդ պարբերականների էջերը, երբ ընթերցում ենք նրա հեղինակած հոդվածները, բավականություն ենք ստանում նրա լրագրողական ոճից, մեր մայրենիի հանդեպ ունեցած բարձր պատասխանատվությունից, ոչ ստանդարտ մտածելակերպից ու խոսքի թարմությունից, մեր կյանքի երևույթները խորությամբ և բազմակողմանիորեն լուսաբանելու նրա վարպետությունից:

Ասում են՝ հայոց մեծ Կարեն Դեմիրճյանը հիացմունք է արտահայտել «Ավանգարդ» թերթի այդ տարիների գործունեության վերաբերյալ՝ կարևորելով հատկապես Սևանի խնդիրների և ընդհանրապես բնապահպանական հարցերի հանդեպ հանրապետության՝ այդ օրերի ամենազանգվածային լրատվամիջոցի հոգածությունը:

Ի դեպ, հետագայում էլ «Ակունք» ամսագիրն էր թաթախված մարդ-բնություն առնչություններով և, կարծեք, ներաճել էր հայոց լեռների մեջ, ձուլվել Հայաստանի քարերին, հերկերին...

1994-ից հետո՝ մոտ երկու տասնամյակ, բնակվեց Մոսկվայում: Բայց, որ ուշարժան է, այնտեղ էլ հիմնադրեց Գուսան Աշոտին նվիրված՝ իր տեսակի մեջ եզակի կայք, որը մինչև հիմա հետևողականորեն հանրայնացնում է Հայոց մեծ գուսանի երաժշտական ժառանգությունը:

Նրա ջանքով ստեղծվեց Ռուսաստանի Դաշնությունում բնակվող սյունեցիներին միավորող «Դավիթբեկ» հայրենակցական միության «Սյունիք» էլեկտրոնային հարթակը, որը ոչ միայն լուսաբանում էր և է  ՌԴ-ում բնակվող սյունեցիների գործունեությունը, այլև դարձել է յուրօրինակ կամուրջ այնտեղ բնակվողների ու փոքր հայրենիքի միջև:

2015-ին Գագիկ Հայրումյանը վերադարձավ Հայաստան և, բացի վերը նշված աշխատանքներից, իրեն նվիրեց հայրենի Վերիշեն գյուղի պատմության ուսումնասիրությանն ու հատկապես գյուղի տոհմագրությանը: Այդ ամենն արտացոլող մենագրությունը՝ մոտ 1700 էջից (A4 չափսի) բաղկացած, ամենայն հավանականությամբ կհրատարակվի առաջիկայում:

Գագիկ Հայրումյանը հայրենի եզերքին նվիրվածության իսկական օրինակ է: Տարվա մեծ մասը գյուղում է, և ոչ թե հայրական օջախը շեն պահելու մտայնությամբ, այլև Սյունիքի շուրջ տեղի ունեցող վճռորոշ իրադարձությունների մեր օրերում համերկրացիների կողքին գտնվելու, մարդկանց հոգսերին (հնարավորության սահմաններում) նեցուկ լինելու առաքելությամբ: Այդ  ամենը՝ նախևառաջ գրի զորությամբ: Նա կարողացավ լրագրային հրապարակումներով հավերժացնել Վերիշեն և Ակներ գյուղերից 44-օրյա պատերազմում նահատակված վեց քաջորդիների հիշատակը, կարողացավ լույս սփռել բազմաթիվ երիտասարդների մարտական ուղու վրա՝ յուրովի ապացուցելով, որ այդ պատերազմում հայ զինվորը սխրանքներ է գործել հանուն հայոց Արցախի ու չի պարտվել:

Եվ հիմա, ահա, բոլորում է կյանքի յոթ և կես տասնամյակը: Ու թվում է, թե վաստակած հանգստի ժամանակն է եկել, թվում է՝ աշունը (ուր որ է) նրա դուռն է բախելու, թե կանաչ-կարմիր տարիներին իրիկնաժամը պիտի հաջորդի, թե Սրբոց սարի ծովակ կամ Իշխանալիճ տանող մանկության մաշված կածաններն ու այնտեղից՝ Ձագեձոր լեռան լանջերն ի վար վազող Վարարակնի կապույտ շրթունքը նախկին զորությամբ այլևս չեն ոգեշնչելու նրան, բայց ոչ... Որքան ճանաչում և տեսնում ենք՝ դեռ ճամփա ունի անցնելու, դեռ երազանքներ, ասելիք ու անելիք ունի, դեռ սեփական կոչումին տեր կանգնելու ուժ և վճռականություն ունի, հազարավոր ճշմարիտ և ուրացումի չմատնված սյունեցիների հետ դեռևս գերեվարված-պատանդված սյունիքյան տարածքները հետ բերելու և ամբողջական Սյունիքը դարերին ու մեր սերունդներին պահ տալու խնդիր ունի...

Այնպես որ՝ Գագիկ Հայրումյանը Սյունյաց աշխարհն արժանապատվորեն ներկայացնող, հայրենատիրության գաղափարը կրող երևելի մտավորականների փաղանգում է, հոգևոր Սյունիքի առաջապահ դիրքերում...

Ուստի կրկին և նորից շնորհավորում ենք նրան՝ հոբելյանի կապակցությամբ և, իհարկե, ցանկանում նաև անձնական երջանկություն՝ տարիների թև-թիկունք տիկին Զինայի ու զավակների, թոռների հետ:

Սամվել Ալեքսանյան

 

«Միասնության թևեր»-ի անդամները վաղը ակցիա կանցկացնեն Կառավարության դիմաց՝ ներկայացնելով Ադրբեջանի ներխուժումների վերաբերյալ փաստաթուղթ

11.03.2026 23:02

Կապանի կարեւորագույն նախագծերից

11.03.2026 22:29

Ընտրություններին կուսակցությունների անցողիկ շեմը իջել է 4%, դաշինքներինը բարձրացել՝ 8-10%

11.03.2026 19:52

Հայաստանը պատրաստ է հենց այսօր՝ Կոռնիձոր–Գորիս–Եղեգնաձոր–Երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախջևանի միջև ավտոմոբիլային կապը․ Փաշինյան

11.03.2026 19:45

Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանը ճանաչվեց անմեղ

11.03.2026 19:33

Ուժեղ տնտեսությամբ կհասնենք երաշխավորված խաղաղության․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

11.03.2026 19:24

Իրանն այնքան ժամանակ հարվածներ կհասցնի, մինչև հասնի հակառակորդի կապիտուլյացիայի. ԻՀՊԿ

11.03.2026 16:40

Ադրբեջանում հայ բանտարկյալներին արգելվում է Աստվածաշունչ ստանալ. USCIRF

11.03.2026 16:33

«Արևմտյան Զանգեզուրի» տեղանունների բառարանը «հոգևոր վերադարձ» է պատմական տարածքներ․ այն հերթական ապացույցն է, որ «Զանգեզուրի մարզը» «բնիկ ադրբեջանական տարածք» է․ Ազիզ Ալեքբերլի

11.03.2026 16:26

Փախստական դարձած ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն և առհավետ տնավորվեն ՀՀ-ում. Փաշինյանը՝ Եվրոպական խորհրդարանում

11.03.2026 15:58

Հայաստանը պետք է դիտարկել որպես տարածաշրջանային կենտրոն՝ հարևան շուկաներ մուտք գործելու համար, Երևանում ասել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Անաստասիա Իվանովան

11.03.2026 15:02

Իրանը երեք պայման է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու համար

11.03.2026 12:48