Գագիկ Խաչատրյան. «Մարզի գյուղատնտեսական հողերի 40 տոկոսը չի մշակվում»

26.04.2017 12:24
1689

Զրույց մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանի հետ


Այցեքարտ

Գագիկ Խաչատրյան. ծնվել է 1957 թվականին Սյունիքի մարզի Շաղատ գյուղում: 1981 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտի հիդրոմելիորացիայի ֆակուլտետը՝ ստանալով ինժեներ-հիդրոտեխնիկի որակավորում: 1981-1987թթ. աշխատել է ՀԼԿԵՄ Սիսիանի շրջկոմի, շրջխորհրդի գործկոմի եւ ՀԿԿ Սիսիանի շրջկոմի կազմակերպչական բաժիններում՝ հրահանգիչ: 1987-1991թթ. եղել է Շաղատի կոլտնտեսության վարչության նախագահ: 1993-1994 թվականներին Սիսիանի շրջխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալն էր, 1994-1997-ին աշխատել է Դաստակերտի «Բուժտեխնիկա» ՓԲ ընկերության փոխտնօրեն: 1997-2000 թվականներին «Աննա- Ա» անհատական ձեռնարկության գործադիր տնօրենն էր: 2000 թվականից Սյունիքի մարզի սերմ արտադրողների միության տնօրենն է:

2016թ. նոյեմբերի 28-ին նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար:

Գյուղատնտեսական գիտությունների թեկնածու է, երկու տասնյակից ավելի գիտական հոդվածների եւ հացահատիկային մշակաբույսերի 14 նոր սորտի հեղինակ:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:


- Պարոն Խաչատրյան, սա «Սյունյաց երկրի» էջերում մեր անդրանիկ զրույցն է Ձեզ հետ՝ նոր կարգավիճակում, առաջին անգամ ենք Ձեզ ներկայացնում, ուստի խմբագրակազմը շնորհավորում է եւ հաջողություններ մաղթում:

- Շնորհակալ եմ:

- Մեր մարզը որքան էլ մեծ կշիռ ունի հանրապետության տնտեսության մեջ, խոսքը լեռնահանքային արդյունաբերության մասին է, այնուամենայնիվ, համարվում է խոշոր գյուղատնտեսական մարզ: Եվ քանի որ հանդիպել ենք մի ժամանակահատվածում, երբ գարնանացանի շրջան է, չենք կարող նախ հարց չուղղել՝ կապված գարնան գյուղատնտեսական աշխատանքերի հետ: Ինչպե՞ս կբնութագրեք վիճակը:

- Մարզում կատարվել է 10500 հեկտար աշնանացան՝ նախորդ տարվանից յոթ հազարի չափով պակաս: Ուսումնասիրությունները պարզել են, որ ձմռան սեզոնում աշնանացանը չի տուժել, աշնանացան դաշտերում կազմակերպվել է մկների դեմ պայքար: Կառավարության կողմից 132 կգ մկնդեղ է հատկացվել մարզի համայնքներին, այդ թվում՝ Մեղրուն, Կապանի եւ Գորիսի հարավային համայնքներին, որտեղ մկների շարժ է նկատվել ըստ մոնիտորինգի արդյունքների: Երկրորդ փուլով մկնդեղ կհատկացվի մյուս համայնքներին: Եվ համընդհանուր պայքար կիրականացվի մկնանման կրծողների դեմ:

Ասեմ, որ գարնան-գյուղատնտեսական աշխատանքները մեր մարզում, բնակլիմայական պայմաններով պայմանավորված, համեմատաբար ուշացումով ենք սկսել, բայց, այնուամենայնիվ, այս պահի դրությամբ (հարցազրույցը կայացել է ապրիլի 14-ին, խմբ.) կատարվել է մոտ 2000 հա գարնանացան, իսկ պետության կողմից հատկացված հացահատիկային մշակաբույսերի սերմացուի, պարարտանյութերի բաշխումն ընթանում է բնականոն հունով:

- Կարո՞ղ ենք այսօր ասել, որ գյուղացին գոնե հացահատիկային մշակաբույսերի սերմացուով ապահովված է:

- Այս տարի մի քիչ ուշացավ, բայց սերմացուն տեղ է հասել, սերմացուի պակաս չկա: Մարզի սերմ արտադրողների միությունն էլ սերմացուի պաշարներ ունի՝ գարնանացան ցորենի, գարու, կորնգանի, առվույտի, հաճարի, թեեւ կառավարության տրամադրած սերմացուից մի քիչ թանկ է: Սերմացուի պահանջարկը հունվարին ուսումնասիրելիս պարզվել է, որ մարզի հողօգտագործողներին անհրաժեշտ է 100 տոննա գարի, 50 տոննա գարնանացան ցորեն: Այս պահի դրությամբ, մինչդեռ, նշված սերմարանքի 50 տոկոսի համար են գյուղացիները հայտ ներկայացրել:

- Իսկ պարարտանյութերի բաշխման առնչությամբ ի՞նչ կփոխանցեք:

- Նոր սկզբունք է մշակվել, ըստ որի համայնքը ցուցակագրում եւ ներկայացնում է պահանջարկը: Պարարտանյութերի գները մնացել են նույնը, ազոտական պարարտանյութի մեկ պարկի գինը՝ վեց հազար դրամ, ֆոսֆորական պարարտանյութինը՝ յոթ հազար դրամ: Կա սահմանափակում՝ երեք հեկտարի համար մեկ տոննայի չափով յուրաքանչյուր գյուղացիական տնտեսությանը, իսկ ֆոսֆորական, կալիումական պարարտանյութերինը՝ անսահմանափակ քանակությամբ:

- Ասես նախորդ տարիներին կալիումական եւ ֆոսֆորական պարարտանյութերի մասին խոսք չկար:

- Այժմ այդ պարարտանյութերը բավարար չափով մարզ են ներկրվել: Այլ է բանը: Ժողովուրդը դրանք հավասարաչափ չի օգտագործում: Այդ խնդիրը պիտի լուծենք: Բույսին հատկապես անհրաժեշտ են ե՛ւ կալիումական, ե՛ւ ֆոսֆորական, ե՛ւ ազոտական պարարտանյութեր: Երեք տարրն էլ հավասարապես անհրաժեշտ են բույսին: Չգիտեմ ինչու, հողի մշակները նախապատվությունը միակողմանի տալիս են ազոտական պարարտանյութին, որ չի կարող լիարժեք բերքատվություն ապահովել: Նաեւ ասեմ, որ այս տարվա համար կառավարությունը մեկ պարկ ազոտական պարարտանյութի հաշվով հազար դրամ է սուբսիդավորել՝ նախորդ տարվա երեք հազար դրամի փոխարեն: Փորձում ենք կառավարության առջեւ հարց բարձրացնել՝ խնայված միջոցների հաշվին ե՛ւ ֆոսֆորական, ե՛ւ կալիումական պարարտանյութերի գինն իջեցնել՝ չորս-հինգ հազար դրամի հասցնելով, որ հողօգտագործողի համար մատչելի լինի երեք տեսակի պարարտանյութի օգտագործումը:

- Իսկ գյուղացին նախապե՞ս պիտի վճարի այդ ամենի համար:

- Այո, ինչպես նախորդ տարիներին: Բայց պիտի նշել, որ բավականին շոշափելի է կառավարության օգնությունը: Գարու սերմացուն, օրինակ, կառավարությունը ներկրում է 280 դրամով, հողօգտագործողին հատկացնում՝ 130 դրամով:

- Վառելիքի հատկացման վերաբերյալ ի՞նչ կփոխանցեք:

- Նախընտրական քարոզարշավի շրջանում հանրապետության վարչապետի՝ Սյունիք կատարած այցի ժամանակ դիզվառելիքի սուբսիդավորման մասին հարց բարձրացվեց. նախ՝ Գորայքում, հետո՝ Սիսիանում եւ Գորիսում: Մայրաքաղաք վերադառնալուց հետո վարչապետը հանձնարարեց նման սուբսիդավորում նախատեսել: Ծրագիրն արդեն գյուղնախարարությունը ներկայացրել է կառավարություն, հարցն այդտեղ քննարկվելուց հետո մրցույթ կհայտարարվի: Մինչ այդ կառավարությունը ֆիքսել է սուբսիդիայի գինը՝ 280 դրամ մեկ լիտրի հաշվով, մնացել է ուժի մեջ անցած տարիների գինը, արդեն որոշում ստացել ենք դրա հետ կապված, մնում է մրցույթով ճշտվի հաղթող մատակարար կազմակերպությունը:

- Մի քանի խոսքով ներկայացրեք, խնդրեմ, բանջարաբոստանային մշակաբույսերի սերմացուի ապահովվածության վիճակը:

- Բանջարաբոստանային մշակաբույսերը մեր մարզում այդքան տարածում չունեն, կարտոֆիլի սերմացուի պահանջարկ կա, որն էլ Հոլանդիայից անհրաժեշտ չափով ներկրում ենք: Ասեմ, որ այդ սերմացուի պահանջարկը նախորդ տարվա համեմատ նվազել է:

- Հաճելի է լսել, որ մարզում սերմացուի պակաս չկա, բայց գյուղացին կանխիկ դրամի խնդիր ունի: Մինչդեռ, գյուղվարկերի տրամադրման հարցում էլ ամեն ինչ պարզ ու հստակ չէ:

- Դա ընդհանուր ցավ է, մյուս կողմից էլ անասնապահական մթերքների իրացումը խնդրահարույց է: Թե մարզում, թե հանրապետությունում ունենք գյուղմթերքների իրացման շուկայի խնդիր: Տեղեկացնեմ, որ ծրագիր ենք մշակել, ըստ որի պիտի հաշվառենք գյուղմթերքների առաջարկն ու պահանջարկը: Այսպես, համայնքն իր տեղեկությունները կենտրոնացնում է Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրումների հիմնադրամում՝ էլեկտրոնային ձեւով, մենք ընդամենը մարզի կտրվածքով ֆիքսում ենք մեր ունեցած գյուղմթերքների տեսականին եւ մտածում իրացման պայմանագրեր կնքելու մասին: Հիմա միս իրացնելու նպատակով հարաբերություններ են հաստատվել Իրանի հետ՝ գառան եւ ոչխարի մսի հետ կապված անորոշություն չկա, մեր վերջին հանդիպման ժամանակ իրանական կողմը խոշոր եղջերավոր անասունի միս ներմուծելու պահանջ ներկայացրեց:

- Այնուամենայնիվ, գյուղացին ի՞նչ հույս ունի, որ ոչխարի եւ  խոշոր եղջերավորի միսը գոնե այս տարի իրացվելու է:

- Դա մի շաբաթում, մի ամսում լուծվող խնդիր չէ: Արդեն նշեցի. մշակել ենք մեխանիզմ՝ ճշտելու, թե ինչ ունենք մարզի տարածքում, որի իրացման նպատակով հիմնադրամն ուղիներ կփնտրի պայմանագրեր կապելու Ռուսաստանի Դաշնության, Պարսկաստանի, Հայաստանի մյուս մարզերի հետ: Ստեղծվելիք ազատ տնտեսական գոտին նույնպես կնպաստի գործին: Նաեւ տեղեկացնեմ, որ կառավարության որոշում կա, որի համաձայն նոյեմբերի 1-ից մսամթերքը սառեցված ձեւով պիտի շուկա դուրս գա, իսկ մինչ այդ կարգադրություն ենք ստացել՝ բոլոր հանրային օբյեկտներին սառեցված միս մատակարարել, թարմ միս արգելվում է մատակարարել հանրային սննդի օբյեկտներին: Իրավիճակը հրամայաբար թելադրում է, եւ մարզպետի հետ խնդիրը քննարկել ենք, որ Սիսիանում ու Գորիսում մեկական մորթի արտադրամաս ունենանք՝ սպանդանոցներ՝ սառնարանային տնտեսության հետ մեկտեղ: Պաշտպանության նախարարի հետ էլ պայմանավորվածություն է եղել, որ մարզում տեղակայված զորամասերի մսի ու բանջարեղենի մատակարարման հարցն էլ մենք կլուծենք: Դա կատարվելու է մրցույթների միջոցով՝ գյուղվարչության վերահսկողության ներքո:

- Բոլորս հիշում ենք, որ մի քանի տարի առաջ ոչխարը կենդանի վիճակով տեղափոխում էին Իրանի Իսլամական Հանրապետություն, որը շահեկան էր գյուղացու համար: Այդ գործընթացն անհասկանալիորեն կանգ է առել: Իրականում գործընթացին ինչ-որ բան խանգարո՞ւմ է, թե՞…

- Այդ ժամանակ ոչխարն արտահանվում էր նաեւ Արաբական Միացյալ Էմիրաթներ: Հիմա պարսիկները դեմ են ոչխարի խմբաքանակն իրենց տարածքով դեպի այլ երկիր տեղափոխելուն: Հարցը միջպետական մակարդակով լուծում է պահանջում: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում խնդիրը կլուծվի: Կարեւորն այն է, որ այդ երկրներում մեր ոչխարի մսի պահանջարկը կա: Մենք էլ սպասում ենք հարցի լուծմանը. 60 հազար դրամով ոչխար էինք իրացնում ժամանակին, հիմա՝ 30 հազար դրամով չենք կարողանում: Ինչ վերաբերվում է ոչխարի բրդի իրացմանը, Սյունիքի մարզպետը նախընտրական քարոզարշավի շրջանում հայտարարեց, որ մտադրություն կա վերականգնել տրիկոտաժի արտադրությունը Սյունիքում, ինչի համար հումք կծառայի ոչխարի բուրդը: Նախատեսվում է բրդի մթերման եւ մշակման մի կետ ստեղծել Սիսիանի տարածաշրջանում, մեկն էլ՝ Տեղ համայնքում: Մթերված բրդի մի մասը կօգտագործվի տրիկոտաժեղենի արտադրության մեջ, մի մասն էլ կառաքվի Իրան:

- Ներող եղեք ընդհատելու համար, բայց այս տարի գյուղացին կկարողանա՞ բուրդը մթերել, թե՞ Ձեր ասածն առայժմ ծրագիր է:

- Դա առայժմ մտահղացում է, ոչխարի խուզը սկսվում է մայիս-հունիսին, մենք արդեն հայտարարել ենք, որ գյուղացիները բուրդը չթափեն, դա արդեն գին ունի, պահեստավորեն, միգուցե աշնանը կամ ձմռան ամիսներին իրացումը կատարվի:

- Կաթի մթերումն էլ հարցերի հարցն է՝ այլեւս չխոսելով այն մասին, որ կաթի գինը զիջում է անգամ շշալցված ջրի գնին:

- Սյունիքը, մանավանդ Սիսիանի տարածաշրջանը, հայտնի է անասնապահական մթերքների, հատկապես կաթի արտադրությամբ: Իտալական մի խոշոր ընկերության հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել. իտալական ավանդական ուտեստների ֆաբրիկա պիտի կառուցվի Սյունիքում, ընդ որում՝ ուտեստներն ամբողջությամբ կարտահանվեն Ռուսաստան: Ուտեստների մեջ օգտագործվում է մեծ քանակությամբ պանիր, ինչի արտադրության համար պիտի ավելացնել կաթնարտադրության ծավալները:

- Դարձյալ պիտի ընդհատենք Ձեզ, որովհետեւ շատ կարեւոր հարց ենք շոշափում: Հիմա կաթի ոլորտում խնդիրը ոչ այնքան իրացումն է, որ կաթ ընդունող չկա, այլ, ինչպես նշեցինք վերեւում, մթերող կազմակերպությունները կաթն ընդունում են ջրի գնով, այդ մասին է խոսքը:

- Արդեն նշածս իտալական ընկերության համար էական չէ պանիրը հինգ, տասը դրամ էժան կամ թանկ գնելը: Ընկերությունը մեծ ծավալով կաթ ընդունելով՝ գյուղացին շահելու է, ամսական մոտ 40 տոննա «Մոցեռնա» տեսակի պանրի արտադրության մասին է խոսքը: Մի քանի գործարան պիտի աշխատի, կաթի արտադրությունը պիտի ավելացնենք, ինչի համար անասունների տոհմային բարելավման ուղղությամբ աշխատանքներ էլ պիտի տանենք:

- Այս օրերի համար մի շատ կարեւոր հարցի մասին եւս ուզում ենք բարձրաձայնել: Բոլորիս հայտնի է, թե ինչպես անցած տարի անասունների դաբաղ հիվանդությունը մի պահ գլուխ բարձրացրեց մարզում. պատճառն այն էր, որ ազատագրված տարածքներից հիվանդությունը փոխանցվեց մեր տարածաշրջան: Հիշում ենք՝ անասունը նախկինում յայլաղներ տեղափոխելիս կանխարգելիչ ինչ միջոցառումներ էին իրականացվում: Կա՞ երաշխիք, որ այս տարի նորից անասունների՝ հարավից տեղափոխման ժամանակ հիվանդություններ չեն թափանցի մարզ:

- Դուք անասնապահության ամենացավոտ հարցի մասին ասացիք, այդ վտանգը հիմա էլ կա: Պետպատվերի շրջանակում հինգ-վեց պրոֆիլակտիկ միջոցառում է նախատեսված ընդամենը, որի մեջ ներառված է նաեւ դաբաղը: Նաեւ տեղեկացնեմ, որ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար ամսական անասնաբույժին վճարվում է ընդամնեը 15 հազար դրամ: Մյուս աշխատանքները կատարելու համար անասնաբույժին պիտի վճարի մենատնտեսը: Իսկ գյուղացիական տնտեսությունները ֆինանսապես այնքան էլ հզոր չեն, որ կարողանան անասնաբույժին վճարել: Խնդրել ենք մարզպետին, որ Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրումների հիմնադրամի միջոցներից անասնաբույժներին 30 հազարական դրամ հատկացվի: Մարզպետն ընդառաջել է: Տարեսկզբից գյուղապետերին հորդորում ենք, որ համայնքի բյուջեով անասնաբույժի հաստիք նախատեսեն, քանզի կարեւորում ենք անասնաբույժի մատուցած ծառայությունը: Պետպատվերի շրջանակում արդեն կազմվել է անասունների հիվանդությունների դեմ պայքարի ժամանակացույցը, անասնաբույժները Մեղրուց մինչեւ Գորայք սկսել են պրոֆիլակտիկ աշխատանքները, կատարվել է նախատեսվածի մոտ 65 տոկոսը՝ բրյուցելոզի եւ դաբաղի ստուգման գծով: Այս պահին Սիսիանում հայտնաբերվել է մոտ տասը գլուխ, Գորիսում՝ տասներկու գլուխ վարակված անասուն: Դրանք վերահսկողության տակ են վերցվել անվտանգության ծառայության տեսուչների կողմից:

Խնդիրն այն է, որ այս պահին ազատագրված տարածքներում ունենք դաբաղի օջախներ, մանավանդ՝ Քաշաթաղի շրջանում: Խնդրո առարկայի առնչությամբ հեռախոսազրույց եմ ունեցել Արցախի Հանրապետության գյուղնախարարի, նրա տեղակալի, Քաշաթաղի վարչակազմի պատասխանատուների հետ: Առաջնահերթության կարգով դաբաղի դեմ պատվաստանյութ ուղարկել ենք ազատագրված տարածքներ, որտեղ ձմեռում է մարզի անասնագլխաքանակի մի մասը: Բացի այդ, անասունների՝ դեպի ամառային արոտավայրեր տեղափոխելու պայմաններն ենք խստացրել, երկու անցակետ ենք հիմնել Խնձորեսկ եւ Տեղ գյուղերի սահմաններում: Անասնաբուժական ծառայություն է գործելու, ոստիկանական վերահսկողություն, եթե կանխարգելիչ միջոցառումներ չեն կատարվել, հետ չենք թողնելու: Ամեն ինչ կանոնակարգված է՝ ո՞ւր ես գնում, պայմանագիր ունե՞ս, թե՞ չունես, անասնաբուժական միջոցառումներ արվե՞լ են, թե՞ ոչ:

- Նաեւ արոտավայրերն արդյունավետ օգտագործելու խնդիր կա:

- Ճիշտ եք, մենք հսկայական տարածություն ունեցող արոտներ ունենք, որ չենք օգտագործում: Նաեւ պիտի հաշվարկենք՝ եթե մեր անասնագլխաքանակը քիչ է, ապա այլ մարզերին տրամադրենք այդ արոտները, որ համայնքների համար լրացուցիչ եկամուտ ապահովվի: Միայն Շաղատ համայնքը 14,5 հազար հեկտար արոտ ունի, որի չորս հազար հեկտարն է օգտագործվում:

- Եվս մի հուզող հարցի մասին, որ բնավ էլ երկրորդական չէ, խոսքը գյուղատնտեսության ոլորտի վիճակագրության մասին է, որ, մեղմ ասած, շինծու է, հնարովի, ինչը գյուղատնտեսության մասին իրական պատկերացում կազմելու տեղ չի թողել:

- Երբ ինձ առաջարկվել է աշխատել այս պաշտոնում, առաջին արձագանքս այն էր, որ պիտի անցնենք իրական թվերին, որպեսզի պարզ լինի մարզի գյուղատնտեսության ոլորտում տիրող վիճակը: Առաջարկս հավանության է արժանացել: Արդյունքում՝ հաշվառել ենք մարզի անասնագլխաքանակը. մոտ վեց հազար խոշոր եղջերավորի, 17 հազար գլուխ մանրի գլխաքանակ է պակասել…

- Հարցերի լայն շրջանակ քննարկվեց մեր զրույցի ընթացքում, բայց, այնուամենայնիվ, ո՞րն է մարզի գյուղատնտեսության ոլորտի ամենաթույլ օղակը:

- Մասնագետների պակասը, համայնքի ղեկավարների ոչ կոմպետենտությունը: Դեմ ենք առնում մի պատնեշի, որից հետո չենք կարողանում հարցի լուծումն ավարտին հասցնել: Նույնիսկ կառավարության որոշումները չեն կարդում, չեն տիրապետում համակարգչային տեխնիկային, անընդհատ հեռախոսազանգերով հարցեր չես լուծի: Կադրային հարցը բավականին սուր է դրված:

- Քանի տարի է՝ ասվում է, որ տարին անբարենպաստ է գյուղատնտեսության համար: Իրո՞ք դա այդպես է:

- Ճիշտն ասած՝ ես այդպես չեմ կարծում, դե, բնություն էլ իր անակնկալներն ունի: Մարզի հարավային թեւում ավարտել ենք գարնանացանը, պարարտանյութի վերջին խմբաքանակն է տեղ հասնում: Գարնանացան աշխատանքներ պիտի կատարվեն Գորիսի հյուսիսային եւ Սիսիանի հատվածներում: Սիսիանում գարնանացանն ուշացած չէ երբեք, ամեն ինչ բնականոն ընթանում է, այնպես որ խուճապի մատնվելու կարիք ու անհրաժեշտություն չկա:

- Պարոն Խաչատրյան, այս հարցը գուցե անմիջականորեն չի առնչվում գյուղատնտեսությանը, բայց անտեսել չի կարելի. գյուղատնտեսությունը գյուղապահպանության մի բաղադրիչն է ընդամենը: Ցավոք սրտի, մարզի գյուղերի մեծամասնությունը հոգեվարք է ապրում, լեռնային գյուղերը դատարկվում են: Գյուղապահպանության գծով Դուք ծրագրեր, մտահղացումներ, մտքեր ունե՞ք:

- Ես ճիշտ չեմ համարում այն, որ գյուղը պահպանելու համար անպատճառ այդտեղ արդյունաբերական արտադրություն պիտի հիմնել: Գյուղը պիտի գյուղատնտեսությամբ զբաղվի, առավելագույնը՝ վերամշակող ձեռնարկություն պիտի հիմնել գյուղում: Օրինակ, Կապանի գյուղերի վիճակն ահավոր ծանր է: Երեք ամսվա ընթացքում հասցրել եմ լինել Կապանի տարածաշրջանի գյուղերի 70 տոկոսում: Կարծում եմ՝ Կապանի գյուղերում պիտի զարգացնենք այգեգործությունը եւ հատապտուղների արտադրությունը, որովհետեւ հուլիսին Սյունիքի պահածոների գործարանը պիտի շահագործենք. կառավարությունն արդեն անհրաժեշտ գումարը հատկացրել է:

- Դուք հասցրե՞լ եք հաշվառել այն գյուղական տնտեսությունների թիվը, որոնք, այնուամենայնիվ, իրենց սեփական հողերը չեն մշակում կամ մինչեւ այս տարի չեն մշակել:

- Իմ պաշտոնավարման սկզբից նախ գույքագրում կատարեցինք ե՛ւ անասնապահության, ե՛ւ դաշտավարության բնագավառներում՝ ճշտելու, թե ինչ ունենք, ասենք՝ քանի տնտեսություն ունենք, որ հինգ գլուխ խոշոր ունի, քանիսը՝ տասը եւ այդպես շարունակ: Հողօգտագորման ոլորտում ով ինչքան տարածք է մշակում: Եվ դրանից ելնելով՝ սկսում ենք ֆերմերների հետ նոր հարաբերություններ ձեւավորել:

- Այնուամենայնիվ, կա գյուղացիության մի խավ, որ իրեն պատկանող հողերը չի մշակում:

- Մարզի հողերի 40 տոկոսն այս պահին չի մշակվում՝ մանավանդ բարձրադիր գոտում: Պատճառներից մեկը համապատասխան գյուղտեխնիկայի բացակայությունն է: Ուստի խնդիր ենք դրել երբեմնի մեքենատրակտորային կայանները վերականգնել: Կառավարությունը հավանություն է տվել այդ մտահղացմանը, լուծել ֆինանսավորման խնդիրը: Հիմա մեզնից պահանջվում է մասնագետ, ով կկազմակերպի գործը:

- Նշում եք, որ հողերի 40 տոկոսը չի մշակվում: Նշեցիք պատճառներից մեկը, ուրիշ ի՞նչ պատճառ կա՝ գյուղացին փո՞ղ չունի, թե՞…

- Կարծում եմ՝ հիմնական պատճառն անհրաժեշտ տեխնիկայի պակասն է, ինչպես ասացի: Մեր ունեցած տեխնիկայով հնարավոր չէ այդ հողերը մշակել: Քսան տարի է՝ դրանք չեն մշակվում: Բարձրադիր գոտու հողերը մշակելու համար նույնիսկ սերմացու եմ առաջարկել: Բայց սերմացուն չէ խնդիրը, այս պահին մշակող տեխնիկա չունենք: Նախեւառաջ հզոր տեխնիկայի խնդիրը պիտի լուծենք…

- Եվ վերջին հարցը. սկսվել է ոռոգման տարեշրջանը: Կառուցվածքային փոփոխություններ եղան հանրապետության, նաեւ մարզի ոռոգման համակարգում: Ի՞նչ է տալու այդ փոփոխությունը:

- Անկեղծ ասած՝ իմ սրտով չէ կառուցվածքային այդ փոփոխությունը: Զարմացա, թե կառավարությունն ինչու նման փոփոխություն ձեռնարկեց: Մանավանդ՝ ոռոգելի հողատարածություններն առավելապես Սիսիանի եւ Գորիսի համայնքներում են: Կապանում եւ Մեղրիում սակավ են ոռոգման ենթակա հողատարածքները: Ինչեւէ, սկսվել են ոռոգման ցանցի նորոգման աշխատանքները, մինչեւ հունիս կվերացվեն առկա վթարները, բայց նոր ցանցի կառուցման վերաբերյալ դեռեւս ծրագիր չկա:

Զրույց՝ ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ
ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25