ԳԱՌՆԻԿ ԽՈՋԱԲԱՂՅԱՆ. «Մեծագույն սխալ է հանքարդյունահանումը մասնավոր ընկերություններին վստահելը»

15.05.2013 18:30
3857

    Լույս է տեսել Գառնիկ Խոջաբաղյանի «Մեղրու մետաղի հանքավայրերը» մենագրությունը, որի շնորհանդեսը, սակայն, տեղի ունեցավ ոչ թե Մեղրիում, այլ Գորիսում (27 ապրիլի 2013թ.): Մենագրության առանձին բաժիններ, անշուշտ, կհրապարակենք երբեւէ: Բայց, օգտվելով առիթից, ճանաչված երկրաբանի հետ փորձեցինք պարզաբանել Մեղրու հանքային շրջանին առնչվող մի քանի հարց:

    – Պարո՛ն Խոջաբաղյան, նախ` համառոտ ներկայացրեք, խնդրեմ, Ձեր նոր մենագրության բովանդակությունը:

    – Այդ մենագրությունը լուսաբանում է Մեղրու շրջանի երկրաբանական կառուցվածքի, մագմատիզմի, ենթամարմնային եւ մետաղաերեւակման մի շարք հարցեր: Գրքում շարադրված է հայտնի ծննդավայրերի ու հայտածված հանքաերեւակումների, հանքային դաշտերի կառուցվածքային-երկրաբանական տվյալները: Բնութագրված է կեղեւաբանական եւ կառուցվածքային գործոնների ազդեցությունը տարբեր ծագումնային տիպերի շահագործման տեղայնացման վրա: Մի շարք նշաններով (հիդրոջերմային պրոցես, մագմատիզմի դրսեւորում, տարբեր մետաղների հանքային առկայություն եւ այլն) հաստատված է Շիշկերտ-Գիրաթաղյան խորքային խզվածքի եւ դրա հետ կապված կտրվածքային խախտումների հանքավերահսկիչ դերը եւ որոշված է դրանց դերը շահագործման վերահսկման մեջ: Գիրքը նախատեսված է հարավային Զանգեզուրում աշխատող երկրաբան-որոնողների եւ հետախուզողների լայն շրջանակի համար:

    – Մոտ երեսուն տարի երկրաբանական աշխատանք եք կատարել Մեղրիում: Եվ, կարծում ենք, կարող եք բնութագրել Մեղրու երկրաբանական շրջանը` օգտակար հանածոների պաշարների առումով: Կուզենայինք իմանալ նաեւ, թե երեք տասնամյակ տեւած երկրաբանական աշխատանքներն ինչ արդյունքներ են արձանագրել:

    – Մինչեւ 1962թ. Մեղրու շրջանում երկրաբանական աշխատանքներն ուղղված են եղել հիմնականում պղնձի եւ մոլիբդենի որոնմանը: Եվ բոլոր աշխատանքները կատարվել են Դիբագի խորքային խզման տարածքում: Արդյունքում արձանագրվել է, որ այդ խզման վրա գոյություն ունեն պղնձի եւ մոլիբդենի մի շարք հանքավայրեր` Ագարակ, Այգեձոր, Ջինդարա (Լիճք), Քաջարան, Դաստակերտ: Այդ ժամանակ Մեղրու գլխավոր երկրաբանը եղել է Լեւոն Տեր-Աբրահամյանը, ում առաջարկությամբ էլ 1961-ին Մեղրիում սկսվել է կվարցի երակների նմուշարկման աշխատանքը` ոսկի հայտնաբերելու նպատակով: Այդ աշխատանքը հաջողությամբ պսակվեց եւ հայտնաբերվեց Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը: Միաժամանակ, մեղրեցի ակադեմիկոս կար` Սերգեյ Սեդրակի Մկրտչյան. նա ուսումնասիրեց Մեղրու արեւելյան մասից (Շիշկերտից) մինչեւ Գիրաթաղ ընկած խզվածքը եւ հայտնաբերեց ալեոզոյի նստվածքներ (դրան էր նվիրված նրա դոկտորական դիսերտացիան): Այդ վերջին հայտնաբերման արդյունքում փոխվեց Մեղրու շրջանի երկրաբանական կառուցվածքի մասին մեր պատկերացումը:

    – Ինչո՞վ էր պայմանավորված Մեղրու շրջանում այդքան հետեւողականորեն իրականացվող երկրաբանական-որոնողական աշխատանքը, հո չենք ասի, որ Հայաստանի բոլոր շրջաններում նման մանրամասնությամբ եւ ինտենսիվությամբ երկրաբանական-որոնողական աշխատանքներ էին տարվում խորհրդային տարիներին:

    – Այդ տարիներին երկրաբանական աշխատանքների արդյունքում հիմնավոր կարծիք էր ձեւավորվել, ըստ որի` Մեղրու շրջանը հանդիսանում է Խորհրդային Միության ամենալավ ուսումնասիրված շրջաններից մեկը եւ ամենահանքային ու ամենահետազոտված շրջանը Կովկասում: Ի դեպ, բոլոր ուսումնասիրությունների արդյունքները հաստատվում էին Մոսկվայում` հանքային պաշարների վերաբերյալ տեղեկատվությունը տնօրինող կոմիտեում: Բայց այն ժամանակ Զանգեզուրի հանքային շրջանում շահագործվեցին միայն Ագարակի, Քաջարանի եւ Դաստակերտի հանքավայրերը:

    – Եթե Մեղրին այդքան ուսումնասիրված տարածք է (նաեւ Ձեր մասնակցությամբ), ապա չի կարող, որ Դուք չիմանաք մեղրեցիներին ներկայումս մտահոգող մի հարցի պատասխանը` արդյո՞ք Մեղրու շրջանում ուրանի պաշարներ են հայտնաբերվել, թե՞ ոչ:

    – Ոչ:

    – Իսկ Տաշտունո՞ւմ:

    – Տաշտունում երկրաբանական աշխատանքներ են կատարվել 1962-63թթ.: Աշխատանքների ընթացքում պարզ է դարձել, որ այդ տարածքում ռադիացիոն (ճառագայթային) ֆոնը սահմանված նորմայից (8-12 ռենտգեն) բարձր է, ինչի համար (նաեւ այն պատճառով, որ այնտեղ ուրանի պաշարներ չհայտնաբերվեցին) աշխատանքները դադարեցվեցին:

    – Իսկ եթե ուրանի պաշարներ չեն եղել, ապա ինչո՞վ էր պայմանավորված ճառագայթային բարձր ֆոնի առկայությունը:

    – Դա պեգմատիտային երակների առկայության հետեւանք էր:

    – Իսկ եթե հիմա` այսօր, նորից հողի շերտը ճեղքում ենք եւ ուրիշ մետաղներ որոնում այնտեղ` արդյո՞ք կրկին իրեն հիշեցնել չի տա պեգմատիտային երակը, արդյո՞ք նորից ճառագայթային ֆոնն այնտեղ չի բարձրանա սահմանված նիշից:

    – Ես չեմ կարող պատասխանել Ձեր հարցին, պետք է տեղում ուսումնասիրություն կատարել:

    – Թեեւ Դուք ասում եք, որ Մեղրին հանքային պաշարների առումով ամենաուսումնասիրված շրջաններից մեկն էր Խորհրդային Միությունում, բայց Ձեր իսկ ասածից ենթադրում ենք, որ երկրաբանական աշխատանքները Մեղրիում ավարտված չեն:

    – Ճիշտ եք նկատում: Դեռեւս կա մոտ 40 երեւակում, որ ենթակա է ուսումնասիրման, թեեւ չեմ կարող ասել, թե դրանցից քանիսը վերջնական արդյունքում կարող է դառնալ շահագործման համար նպատակահարմար հանքավայր: Միաժամանակ` քիչ հավանական եմ համարում, որ որեւէ մեկը գումարներ հատկացնի երկրաբանական ուսումնասիրությունների համար: Հիմա բոլոր հանքավայրերը շահագործվում են նախկին ուսումնասիրությունների հիման վրա` շատ քիչ բացառությամբ: Իմ կարծիքով` պետք է շարունակել երկրաբանական աշխատանքներն այն երեւակումներում, որոնք հայտնաբերվել են մինչեւ 1990թ.: Շիշկերտ-Գիրաթաղ խզվածքում հնարավոր է, օրինակ, որ լինեն շատ հանքավայրեր, անգամ մի նոր Քաջարան…

    – Որքանո՞վ են փոխվել երկրաբանական աշխատանքների մեթոդները, սկզբունքները` համեմատած այն տարիների հետ:

    – Բավականին շատ են փոխվել: Օրինակ, ոսկու հանքավայրերում 1տ հանքաքարի մեջ պետք է լիներ առնվազն 5գ ոսկի, որպեսզի շահագործվեր հանքավայրը: Հիմա ամենաքիչ պարունակությամբ հանքավայրն էլ շահագործվում է: Կորզման տեխնոլոգիան է փոխվել, կորզման տոկոսն է մեծացել եւ հասել մինչեւ 90-ի: Դա` նաեւ քիմիական տարբեր նյութերի օգտագործման շնորհիվ:

    – Դուք ասում եք` պետք է շարունակել երկրաբանական-որոնողական աշխատանքները Մեղրիում երեւակված 40 հանքավայրում: Դուք նաեւ գիտեք, թե որքան հանքավայր է այնտեղ հիմա շահագործվում եւ որքան հանքավայր են շահագործման պատրաստում: Բայց չեք ասում` կդիմանա՞ Մեղրին աննախադեպ այդ գրոհին:

    – Մեղրին, անկեղծ լինենք, հիմա էլ չի դիմանում: Դուք գիտե՞ք, օրինակ, թե Լիճքվազ-Թեյում տարիներ շարունակ ինչպես է արդյունահանվել ոսկին: Մեզանում, ցավոք, ոսկին հիմնականում կորզվում է ցիանիտական կալիումի միջոցով, որ ամենաթունավոր նյութն է եւ որի թափոնն անպայման պետք է պահեստավորվի ջրահավաք ավազաններից հեռու վայրում: Պղինձ-մոլիբդենի խտանյութի մշակումն էլ կատարվում է տարբեր քիմիական նյութերի օգնությամբ` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Իսկ մենք ամբողջապես հասկանո՞ւմ ենք այդ ամենի հետեւանքները, թե՞… Այնպես որ, եթե ճիշտ չաշխատենք, ապա ո՛չ մարդը, ո՛չ էլ շրջակա միջավայրը չեն դիմանա: Հանքավայրը պետք է ճիշտ շահագործվի, բնապահպանական բոլոր նորմերը պետք է խստագույնս հաշվի առնվեն…

    – Դուք ասացիք, որ Տաշտունում ուրան չի հայտնաբերվել: Իսկ Սյունիքում որտե՞ղ կան ուրանի պաշարներ:

    – Եթե չեմ սխալվում, միայն Լեռնաձորում: Ես չգիտեմ էլ, թե վերջին տարիներին այնտեղ իրականացված որոնողական աշխատանքներն ինչ արդյունք տվեցին: Փոխարենը ստույգ կարող եմ ասել. եթե պիտի շահագործվի այդ հանքավայրը, ապա` միայն ստորգետնյա եղանակով. պաշարները գտնվում են 160մ խորության վրա: Ընդ որում` հանքաքարը պետք է լցվի հատուկ կոնտեյներներ եւ տեղափոխվի այլ վայր` մշակման համար, այլապես հանքավայրի շահագործումն անուղղելի վնաս կհասցնի տարածաշրջանին: 1960-ականներին Լեռնաձորի արշավախմբի ղեկավար Սուխորուչկինը շատ ժամանակ չանցած մահացավ ճառագայթահարումից:

    – Եվ այդ ամենն իմանալով հանդերձ Դուք կարծում եք, որ երկրաբանական աշխատանքները պետք է շարունակվեն, եղած հանքավայրերը պետք է օգտագործվեն… Ու չեք ասում, թե ինչ ենք թողնելու գալիք սերունդներին, եթե բոլոր հանքավայրերը սկսենք շահագործել հենց այսօր: Չինաստանի եւ Չիլիի նման պետությունները, որքանով տեղյակ ենք, իրենց շատ հանքավայրերը չեն շահագործում, խնայում են եւ սեփական երկրի պահանջարկը բավարարում են այլ երկրներից խտանյութ ներկրելով, իսկ մենք…

    – Եթե ունենք օգտակար հանածոներ, մետաղական հանքավայրեր, ապա ինչու չպետք է դրանք խելամտորեն, խոհեմաբար ծառայեցնենք մեր երկրին ու ժողովրդին: Խոսքս, իհարկե, շահագործման այն եղանակների, մեթոդների, մոտեցումների մասին չէ, որ այսօր կիրառում ենք: Ամբողջ հանքարդյունաբերությունը պետք է ազգայնացվի, հետ վերցվի մասնավոր ընկերություններից եւ հայտարարվի բացառապես պետական ոլորտ: Դա, ի դեպ, նաեւ ՀՀ սահմանադրության պահանջն է: Մեր հիմնական օրենքն ասում է` ընդերքը բացառապես պետությանն է պատկանում: Եվ եթե այդ ոլորտը լինի պետական սեփականություն, ապա պետությունն էլ կկարգավորի ե՛ւ պաշարների արդյունահանման ծավալները, ե՛ւ բնապահպանական հարցերը: Մեծագույն սխալ է հանքարդյունահանումը մասնավոր ընկերություններին վստահելը: Եվ ուրեմն` սկսենք այդ սխալը շտկելուց, այլապես ռիսկերն անընդհատ մեծանալու են…

    Հարցազրույցը` ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

    Կայացավ Գորիս համայնքի ավագանու արտահերթ նիստը

    17.04.2025 19:33

    Հայ ժողովրդի մեծանուն զավակ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է

    17.04.2025 19:16

    ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

    17.04.2025 18:56

    Մինսկի խումբը ենթակա է լուծարման. Զախարովա

    17.04.2025 18:53

    Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհահատվածում կկառուցվի 17 կամուրջ, 2 թունել, 5 փոխհատում

    17.04.2025 17:31

    Հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները․ մանրամասներ

    17.04.2025 17:22

    Լավրովն ու Արաղչին քննարկելու են իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ

    17.04.2025 17:16

    Ամեն շաբաթ կրկնում ենք՝ Պուտին-Փաշինյան-Ալիև պայմանավորվածությունները շարունակում են ակտուալ մնալ. պատրաստ ենք հաշտեցման առանցքային հարցերում աջակցել ադրբեջանցի և հայ գործընկերներին. Զախարովա

    17.04.2025 17:13

    Այսօր Հայաստանում սկսվել է հեղափոխություն. Նիկոլ Փաշինյան

    17.04.2025 16:31

    Սահմանադրական փոփոխությամբ կպահպանվի Արցախի նախագահի ինստիտուտը․ պատգամավոր

    17.04.2025 16:27

    ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ

    17.04.2025 15:17

    Թուրքիային և Ադրբեջանին զիջումների գնալու Փաշինյանի նկատվող թուլությունն ու պատրաստակամությունը Թեհրանում մտավախություն է առաջացրել․ Amwaj. media

    17.04.2025 12:04