Գեւորգ Դեւրիկյան գրողի հայրենասիրության դասերն ու պատգամները…

10.04.2019 14:54
1530

Ժամանակակից հայ արձակի աչքի ընկնող դեմքերից է կյանքից անժամանակ հեռացած Գեւորգ Դեւրիկյանը, ով իր պատմավեպերով, պատմվածքներով ու հրապարակախոսությամբ նոր, թարմ խոսք ու շնչառություն հաղորդեց հայ գրական կյանքի ընթացքին:

Կարճ եղավ նրա կյանքի ուղին, սակայն, բարեբախտաբար, հասցրեց իր մտքի եւ հոգու կարեւոր, իմաստավորված ասելիքը հասցնել, փոխանցել մայր ժողովրդին, նրա հետագա սերունդներին:

Գեւորգ Դեւրիկյանի ստեղծագործությունը խորունկ, բազմախորք շերտեր ունի, որոնց հետազոտությամբ ու իմաստավորմամբ դեռ կզբաղվի ուսուցիչների, պատմաբան եւ գրականագետ գիտնականների յուրաքանչյուր նոր սերունդ:

Գրողի ստեղծագործությունների ուսումնասիրությանն է նվիրված նաեւ վերջերս լույս տեսած «Հայրենասիրության պատգամաբերը» հոդվածների ժողովածուն, որը լույս է ընծայվել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի խորհրդի երաշխավորությամբ: Ժողովածուի խմբագիրն է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Հովսեփյանը: Նախաբանում բանասիրության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը նշում է, որ մանկավարժականի շրջանավարտներից մի հիանալի աստղաբույլ հարստացրել է 20-րդ դարի երկրորդ կեսի հայ գրականության՝  թե՛ արձակի, թե՛ քնարերգության եւ թե՛ թատերգության բնագավառները: Այդ աստղաբույլի երանելի անունների շարքում է Գ. Դեւրիկյանը, ով մանկավարժական բուհն ավարտել է 1961 թվականին եւ այնուհետեւ զբաղվել լրագրողական, խմբագրական եւ զուտ գրական-ստեղծագործական աշխատանքներով: Ըստ Ա. Դոլուխանյանի` թեպետ Գ. Դեւրիկյանը երբեք չի աշխատել որպես մանկավարժ, սակայն նրա գրվածքներն առաջնահերթ են հենց մանկավարժական առումով: Քանզի հայոց պատմության միջնադարյան. շրջանի մեծերին հետեւելով՝ Դեւրիկյանը «հայ աշակերտի եւ ուսանողի մեջ հայրենասիրության սերմեր է ցանում. դրանք առողջ սերմեր են եւ խոստանում են նորանոր բերքառատ պարգեւներ:

Ժողովածուն ընդգրկում է Ա. Դոլուխանյանի, Գ. Դեւրիկյանի «Հայոց մեծերը» գրքի Ա հատորը», բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Հովսեփյանի «Գեւորգ Դեւրիկյանի «Տրդատ ճարտարապետ» վեպը», բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Պարույր Սահակյանի «Գեւորգ Դեւրիկյանի «Վիրավոր կռունկ» վեպի պատմական եւ բանահյուսական արժեքը», մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզան Դոլուխանյանի «Գ. Դեւրիկյանի «Վերջին խոսքերը» պատմվածքի ուսուցումն ավագ դպրոցում», մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Մարդյանի «Քրիստոնեական գիտելիքների ուսուցումն ըստ Գ. Դեւրիկյանի «Հավատի զորությունը» պատմվածքի», Հայաստանի ազգային գրադարանի մատենագիտության եւ գրադարանագիտության բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Մայա Գրիգորյանի «Հայրենասիրության թեման Գ. Դեւրիկյանի հրապարակախոսության մեջ» հոդվածները: Ժողովածուն եւս մեկ անգամ վկայում ու վկայակոչում է վաղուց հայտնի այն ճշմարտությունը, որ մեծերի մահից հետո սկսվում է նրանց երկրորդ կենսագրությունը՝  անմահության դարաշրջանը: Գ. Դեւրիկյանի ստեղծագործության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նա երբեք չի շեղվել ճշմարիտ գաղափարական չափանիշներից, չի շեղվել ու խոտորվել այդ ճանապարհից:

Եվ երբ համեմատում, զուգահեռի վրա շաղկապում ենք նրա ստեղծագործական ուղին 1980-ականներից մինչեւ 1990-ականները` մինչեւ իր երկրային կյանքի ավարտը, ապա ակներեւ է դառնում, որ գրողը գաղափարաքաղաքական կտրուկ անցումներ չի ունեցել: Այո՛, այդպես է, քանզի Գեւորգ Դեւրիկյան հայ գրողի եւ հայ քաղաքացու համար ելակետը միշտ եղել, հանդիսացել են իրեն ծնած ժողովուրդը, նրա անցյալը, ներկան ու ապագան, նրա մեծ ու փոքր հոգսերը, հիմնահարցերն ու տագնապները, հայրենիքի եւ ժողովրդի հավերժության շուրջն աղերսվող ըմբռնումները, ընկալումներն ու պատկերացումները: Հայրենիքը նրա համար նաեւ շատ իրեղեն, մարմնեղեն, կոնկրետ տարածություն էր ու ժամանակ, հայրենիքը նրա հինգհազարամյա անցյալն էր, հայրենասեր արքաներն ու սպարապետներն էին, արարչագործ շինարար վարպետներն ու ճարտարապետները: Հայրենիքը բայցեւառաջ հասարակ, շարքային հայն էր, ով գիտեր ոսոխի դեմ չարանալ եւ զարկել նրան: Հայրենի հողը շենացնող ու ծաղկող ժողովուրդն է հայրենիքի անմահության եւ հավերժության գրավականը: Գեւորգ Դեւրիկյանը ստեղծագործական կյանքի ողջ ընթացքում քայլեց հայոց պատմության լույս ու մութ ճանապարհներով, այդ պատմության հեռավոր խորքերից պեղեց, հանեց ընդօրինակման արժանի, հայրենանվեր, պայծառ կերպարներ, որոնցով հայրենասիրության, խիզախության, քաջության, անանձնական սիրո ու նվիրումի գաղափարական սերմերն արմատավորեց նոր սերունդների հոգեւոր աշխարհում:

Հայոց պատմության հերոսական անցյալից հիրավի զմայլելի ոգեշունչ կերպար է չորրորդ դարի հայ հայրենասեր զորական Մանվել Մամիկոնյանը, որի մասին դրամատիկ պատմություն է մեզ ավանդել պատմիչ Փավստոս Բուզանդը: Ըստ այդ պատմության` սպարապետ Մանվել Մամիկոնյանն իր մահով անգամ ցանկանում է օգտակար լինել հայրենիքին: Մահվան մահճում նա հարազատներին ու յուրայիններին ցուցադրում է իր մերկ կուրծքը, որն ամբողջովին պատած էր պատերազմի դաշտում ստացած վերքերի սպիներով եւ բողոքում է ճակատագրից, թե ինչո՞ւ չի մեռնում ձիու վրա, սուրը ձեռքին, հայրենիքի թշնամիների դեմ մարտնչելիս… Սույն հուզախռով պատկերը Գեւորգ Դեւրիկյանի գրչի ներքո գեղարվեստական ուժով բանաձեւվել է այսպես ու այսկերպ. «Մի՞թե Մամիկոնյաններն իրավունք ունեն մահիճում մեռնելու: Նրանք մահ են գտնում նժույգի վրա կամ ծանր վերքերից, մորթազերծ էին արվում, ինչպես Վասակ Մամիկոնյանը հպարտ, կամ ընկնում դավադիր ձեռքերից, որպես նրա Մուշեղ որդին: Եվ մի՞թե ես՝  Մանվել Մամիկոնյանս, պիտի կնքեի մահկանացուս այսպիսի անարգ մահով» (Գ. Դեւրիկյան, Պատմվածքներ, Ս. Էջմիածին, 1997 թ. էջ 32):

Այսպես ու այսպես է, իր ժողովրդի պատմության խորունկ դասերով իմաստնացած գրողն ու հայրենասեր քաղաքացին բյուրեղյա խղճով ու գիտակից բարձր պատասխանատվությամբ նույն այդ պատմության խորհուրդն ու պատգամներն  է վերադարձնում Մայր-երկրին ու Մայր-ժողովրդին:

Օտար նվաճողների եւ օտար վարք ու բարքերի դեմ հայ ժողովրդի մղած պայքարը՝  Գոյամարտը դարձնելով գրականության եւ պատմության նյութ, Գեւորգ Դեւրիկյանն այդ պայքարի փիլիսոփայությամբ ու տեսությամբ  զինեց հայրենի հողի ժամանակակից պաշտպաններին, որոնք զենքը ձեռքին 1990-ական թվականների սկզբին մարտնչում էին ըմբոստ ու անառիկ Արցախի լեռներում: Եվ սրանով իսկ, այս ամենով իսկ Գեւորգ Դեւրիկյան գրողը կատարեց որդիական պարտքն ու պարտավորվածությունը հայրենի ժողովրդի, նրա բազմադարյան պատմության, ներկա ու գալիք սերունդների առջեւ:

Վերոնշյալ մարտնչողների շարքում նաեւ իր ավագ որդին էր՝ բանասեր, հրապարակախոս Վարդան Գեւորգի Դեւրիկյանը:

Այսպես է նա անմահանում հայ գրականության տարեգրության ու հայոց արդի պատմության ժամանակագրության էջերում:

Ուրեմն՝ վստահ ու արի շեշտադրենք՝.

«Եվ այ՛ր մի Գեւորգ Դեւրիկյան անուն...»:

Արմեն Կարապետյան

Բանաստեղծ, հրապարակագիր,

ՀՀ լրագրողների միության անդամ,

պատմական գիտությունների թեկնածու

 

 

 

Ինչ ունեինք մինչև այս իշխանությունները և ինչ ունենք հիմա․ հունիսի 7-ը գնահատական տալու օրն է. Աննա Գրիգորյան

14.05.2026 23:19

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46