«Գիսանե» ակումբ-սրճարանի և գիշերօթիկ դպրոցի թատերական ստուդիայի մասին

26.09.2022 12:55
767

Օրերս «Սյունյաց երկիրը» զրույցի էր հրավիրել Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Նատալյա Բաղդասարյանին:

- Հարգելի Նատալյա, Դուք Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնի պատմության գիտակներից եք. Ձեր հեղինակած պատմական ակնարկը՝ վերջին մոտ հիսուն տարվա ընդգրկումով, տեղ է գտել մեր հանդեսի սույն համարում:

Սակայն մի քանի հարցերի կուզենայինք անդրադառնալ առանձին:

Սկսենք Կապանի գիշերօթիկ դպրոցի թատերական ստուդիան վերհիշելով, որի կայացման գործում Դուք նույնպես ներդրում ունեք:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ ստուդիան 40 տարվա կյանք է ունեցել՝ 1967-ից մինչև 2008 թվականը:

- Կապանի գիշերօթիկ դպրոցի թատերական ստուդիան, իսկապես 40 և ավելի տարվա կյանք է ունեցել: Դպրոցի տնօրեն Ավիս Գրիգորի Էլչյանը հմուտ մանկավարժ էր և իր շուրջն էր հավաքել նշանավոր մանկավարժների ու արվեստագետների, որ դպրոցում կարողանա ստեղծել աշակերտի անհատականությունը, նախասիրությունը, բնավորությունն ու աշխարհայացքը ձևավորող ճիշտ միջավայր: Այդ պատճառով դպրոցում աշխատելու էր հրավիրել երաժիշտ-երգահան Գառնիկ Խաչատրյանին և Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Նոդյա Բաղդասարյանին: 1966 թվականին դպրոցում արդեն գործում էին երգի, պարի, ժողգործիքների խմբակներ, երգչախումբ: Իսկ 1967 թվականին բացվեցին թատերական ստուդիայի ավագ ու կրտսեր խմբերը…

Ես դեռ 10-11 տարեկան աղջնակ էի, երբ սիրով անդամագրվեցի թատերական ստուդիայի պարապմունքներին: Դասերը շատ հետաքրքիր էին անցնում… Եվ ես, կարծես, թռչում էի երկնքում: Նոդյա Բաղդասարյանը մեզ մտածել էր սովորեցնում… Սովորեցնում էր սեփական կարծիք ունենալ, հաստատակամ լինել, սիրել արվեստը, կարևորել գիտելիքը, շատ գրքեր կարդալ… Նա բեմադրեց, և մենք խաղում էինք Թումանյանի գրեթե բոլոր հեքիաթները, կարողանում էինք մեկնաբանել կերպարները… Նույնիսկ Թումանյանի «Գիքորը» խաղացինք… Այնքան հուզի՜չ էր…

Մասնակցում էինք դպրոցական մրցույթների, փառատոների… 1970թ. մենք ստուդիայի սաներով մասնակցեցինք պետթատրոնի «Մխիթար Սպարապետ» բեմադրության մասսայական տեսարաններին…

… Տասնյակ-տասնյակ պատանիներ ու աղջիկներ՝ հմուտ բեմադրիչի Նոդյա Բաղդասարյանի ուղեկցությամբ, քայլել են թատերական հմայիչ արահետներով… 1984թ-ից գիշերօթիկ դպրոցի թատերական ստուդիան ղեկավարել եմ ինքս:

Ինձ համար դա մեծ պատասխանատվություն էր… Բացի բեմադրություններից, դպրոցում բազմաբնույթ միջոցառումներ էին կազմակերպվում: Դրանց մասնակցում էին դպրոցի բոլոր խմբերը՝ երգի, պարի, թատերական, էստրադային, ասմունքի: Դպրոցն ուներ նաև ռադիոհանգույց և լուսաբանում էր բոլոր միջոցառումները: Դպրոցն ուներ նաև դիսկոտեկ՝ երեխաների հանգիստը կազմակերպելու համար: Կար միջոցառումների հետաքրքիր շարք՝ «Ազգ, երկիր, մշակույթ»: Թատերական ստուդիայի շնորհիվ միջոցառումները ձեռք էին բերում պրոֆեսիոնալ տեսք ու տարողություն…

2000-2005 թթ. դպրոցի թատերական ստուդիան ղեկավարել է ՀՀ վաստակավոր արտիստ Վազգեն Սարգսյանը:

2005թ. հետո թատերական ստուդիայի պարտականությունները ստանձնել է դպրոցի գեղագիտության մեթոդմիավորման նախագահ, մանկավարժ, կազմակերպիչ Հասմիկ Մեսրոպյանը: 

- Կապանի թատերական տարեգրության մեջ իր տեղն ունի պատանի հանդիսատեսի թատրոնը, որը գործել է (եթե չենք սխալվում) 1999-2001 թվականներին: Այդ մասին...

- Կապանի պատանի հանդիսատեսի թատրոնը ստեղծվել է 1999թ. դեկտեմբերին՝ ՀՀ համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի  (նախագահ՝ Ջեմմա Հասրաթյան) Սյունիքի բաժանմունքի (Նորա Բաղդասարյան) «Վերնատուն» ստեղծագործական ակումբին կից: Առաջին բեմադրությունը Ն. Բաղդասարյանի «Հեքիաթների շքահանդես» ներկայացումն էր՝ նվիրված Ամանորին: Ներկայացումը խաղում էինք մանկապարտեզներում: Երկրորդ ներկայացումը՝  Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» բեմադրությունն էր: Ներկայացումը տեղի ունեցավ «Սյունյաց արծիվներ» հասարակական կազմակերպության «Արծվաբույն» դահլիճում: Առաջնախաղին ներկա էին Սյունիքի մարզի կրթության, մշակույթի ոլորտի աշխատակիցներ, դպրոցների տնօրեններ, դերասաններ, արվեստագետներ…

Ներկայացումը տպավորիչ էր, բոլորը հաճելիորեն զարմացել էին փոքրիկ  դերասան-դերասանուհիների դերակատարումներով՝ Էքզյուպերի՝ Գոռ Թադևոսյան, փոքրիկ իշխան՝ Անդրանիկ Օհանջանյան, Վարդ՝ Յուլիաննա Գրիգորյան, Օձ՝ Աննա Թումանյան (ներեցեք բոլորի անունները չեմ հիշում): Ներկայացումը խաղացինք Կապանի և Քաջարանի բոլոր դպրոցներում: Էքզյուպերիի 100-ամյակի կապակցությամբ Երևանում կազմակերպվել էր մանկապատանեկան փառատոն՝ «Նռանե»:

Մենք հրավիրված էինք, բայց չկարողացանք  ներկայանալ փառատոնին, ֆինանսական խնդիրների պատճառով: Ստիպված «Ձագեձոր» հեռուստաընկերության աջակցությամբ նկարահանեցինք ներկայացումը և ուղարկեցինք փառատոնի կազմակերպչներին: Պարգևատրվեցինք հուշանվերներով և դիպլոմով…

2001թ. ՊՀԹ-ը փակվեց՝ հովանավոր չունենալու պատճառով…

-Մեր հիշողության մեջ է մարզային «Սոսի» հեռուստատեսությունում տևական ժամանակ Ձեր նախաձեռնությամբ գործած մանկական հեռուստաշարը, որն ավելի շատ տիկնիկային հեռուստաթատրոնի տպավորություն էր թողնում:

- Այո, դուք ճիշտ եք, «Զանգակ» ստուդիայի կրտսեր խմբի փոքրիկ աղջնակները եթերում կարծես տիկնիկներ լինեին... (ծիծաղում է):

«Սոսի» հեռուստատեսության մանկապատանեկան «Զանգակ» հեռուստաշար-   հաղորդումը ստեղծվեց 2001 թվականին: «Զանգակ»-ի հիմնական նպատակն էր՝ աճող սերնդի գեղագիտական դաստիարակության զարգացումը, հայոց լեզվի պահպանման խնդիրները (խոսենք հայերեն), շնորհալի երեխաների բացահայտումը:

«Զանգակ» մանկական հաղորդումն առաջին անգամ եթեր հեռարձակվեց 2001թ. մայիսի 19-ին: Առաջին ամիսներին հաղորդումը բաղկացած էր երկու էջից՝ ողջույն-նախաբան և հեքիաթ (բարի գիշեր): Հաղորդումը,  ուսուցողական էր: «Զանգակը» հաղորդում էր երեխաների համար, երեխաների միջոցով, երեխաների մասին… Աստիճանաբար «Զանգակի» հեռարձակման տևողությունն ավելացավ, էջերը՝ նույնպես… «Պոեզիա», «Հայոց լեզու», «Հայերը», «Զանազանք», «Հյուրասրահ», «Հեքիաթ», մուլտ ֆիլմ…

Նկարահանումները շատ հետաքրքիր էին: Առավել հետաքրքիր էին անցնում Ամանորի հանդեսների նկարահանումները: «Սոսի» հեռուստատեսություն էինք հրավիրում Կապանում և Քաջարանում գործող բոլոր պարախմբերին, «Վահան Մանուկյան» երգի ստուդիայի սաներին, անհատ կատարողների, հյուրեր էինք ունենում նաև Մեղրիից, Գորիսից, Սիսիանից: «Զանգակ»-ի հաղորդումները մեծ հետաքրքրությամբ էին դիտում ոչ միայն դպրոցականներն ու նախադպրոցականները, այլև մեծերը…

2015թ. ինչ-ինչ պատճառներով լուծարվեց «Սոսի» հեռուստատեսությունը և հազարավոր երեխաներ զրկվեցին «Զանգակ» մանկապատանեկական հաղորդումը դիտելու հնարավորությունից:

- Դուք նաև ակտիվ մասնակցություն էիք ունենում Թատերական գործիչների միության Կապանի մասնաճյուղի և Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնի հիմնադրած «Գիսանե» ակումբ-սրճարանի գործունեությանը:

Ականատեսները պատմում են, որ ակումբը Կապանում թատերական միջավայրն ակտիվ և արթուն պահելուն նպաստող գործոն էր:

Ձեր հիշողությունները՝ ակումբի մասին:

- Հայաստանի թատերական գործիչների միության Սյունիքի բաժանմունքը ստեղծվեց 1986 թվականին: ՀԹԳՄ Սյունիքի բաժանմունքը ղեկավարում էր Հակոբ Ղազանչյանը: Բաժանմունքը ընդգրկում էր Կապանի և Գորիսի թատրոնների աշխատակիցներին: Կամո Արզումանյանը ՀԹԳՄ Սյունիքի բաժանմունքին կից հիմնադրեց «Գիսանե» ակումբ-սրճարանը:

«Գիսանե»-ի առաքելությունն էր նպաստել Կապանում մշակույթի զարգացմանն ու պահպանմանը և միշտ արթուն ու ակտիվ պահել թատերական միջավայրը:

«Գիսանե» ակումբը քաղաքի «միտքն» էր, որտեղ հավաքվում էր Կապանի ողջ ինտելեկտուալ ներուժը՝ գիտնականներ, արվեստագետներ, բանաստեղծներ, երաժիշտներ, գեղանկարիչներ, դերասաններ, մանկավարժներ, բժիշկներ, երգիչներ: Կազմակերպվում էին միջոցառումներ, քննարկումներ, բանավեճեր…

«Գիսանեն» քաղաքի «ոգին» էր, որտեղ հավաքվում էր համախոհների՝ նույնանպատակ մարդկանց մի մեծ խումբ և կազմակերպում ցուցահանդեսներ, մեծարման երեկոներ:

Ազգային-ազատագրական շարժման օրերին այդ մեծ տարածքը երբեմն փոքր էր թվում… Հակոբ Ղազանչյանի  և Կամո Արզումանյանի շուրջն էին հավաքվում հարյուրավոր մարդիկ…

Պատերազմի ժամանակ «Գիսանեն» քաղաքի «խիղճն» էր…

Կամո Արզումանյանը «անհատ ձեռներեց» էր, նա նույնիսկ առևտուր էր կազմակերպում, որպեսզի զինվորների մոտ դատարկաձեռն չգնանք…

Եվ միայն հոգևոր սնունդ չէ, որ տանում էինք…

«Գիսանեն» «մեր փրկօղակն» էր: 2000 թվականին, երբ թատրոնին զրկեցին բեմից՝ կողպեցին մշակույթի պալատի դեպի բեմ տանող դռները, մենք՝ դերասաններս, ընկճված, գլխիկոր գնացինք «Գիսանե»:

- Գուցե գնա՜նք… պահանջե՜նք… հարցնենք ինչո՞ւ…

- Ճիշտ է, հարցնելն ամոթ չէ, չիմանալն է ամոթ… Մարդ կա մեծերին է հարցնում (Նարեկացուն, Չարենցին), մարդ էլ կա ղեկավարությանը… Բոլորը զարմացած իրար նայեցին… Վաչեն էր Եփրեմյան: Եվ հանկարծ պոռթկաց ծիծաղը…

… Տաղանդի հարց չկա, այս կամ այն չափով բոլորն են տաղանդավոր, բայց… բոլորը չէ, որ կարողանում են մարդ մնալ… Կամո Արզումանյանը կարողացավ մարդ մնալ մինչև իր կյանքի վերջին օրը…

- Եթե խոսում ենք Կապանի թատերական անցյալի մասին, ապա չենք կարող շրջանցել քաղաքի դպրոցներում գրեթե մշտապես գործած ինքնագործ թատերական խմբերի մասին: Ունե՞ք տեղեկություններ դպրոցական ինքնագործ խմբերի մասին:

- Կապանում թատերարվեստը միշտ էլ սիրված և գնահատված է եղել… Գրեթե բոլոր դպրոցներում և գյուղական ակումբներում գործել են թատերական խմբեր: Կազմակերպվել և անց են կացվել մրցույթներ ու փառատոներ: 1987 թվականին ՀԹԳՄ Կապանի մասնաճյուղը  (Հակոբ Ղազանչյան) կազմակերպեց դպրոցական խմբերի մարզային մրցույթ-փառատոն: Մրցույթ-փառատոնին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել 17 թատերական խումբ՝ Կապանից և Քաջարանից: Մասնակցում էին գրեթե բոլոր դպրոցները: Գորիսի և Սիսիանի հայտերը ներկայացվել են Գորիսի թատրոնի ռեժիսորին:

Մրցույթ-փառատոնը Կապանում և Գորիսում մեկնարկեց նույն օրը, նույն ժամին: Հաղթողները երեք օր հետո պետք է մասնակցեին մարզային փուլին՝ Կապանում: Ներկայացումները մեկը մեկից հետաքրքիր էին, պրոֆեսիոնալ ձեռք էր դիպել կարծես… Եվ իրոք այդպես էր... Դպրոցների թատերական խմբերի ղեկավարները պրոֆեսիոնալ դերասաններ կամ ռեժիսորներ էին:

Մարզային փուլում հաղթեցին և դիպլոմներ ստացան Կապանի № 2 միջն. դպրոցի   թատերական խումբը՝ Թումանյանի «Անուշ»-ը ներկայացման համար, գիշերօթիկ դպրոցի թատերական ստուդիան՝ Շիրվանզադեի «Պատվի համար»-ը ներկայացման համար, Սիսիանի № 1 միջն. դպրոցի թատերական խումբը՝ Թումանյանի «Բարեկենդան»-ը ներկայացման համար: Փառատոնն ապացուցեց, որ դպրոցներում գեղագիտական դաստիարակությունն ամուր հիմքերի վրա է դրված:

1996թ. ՀՀ մշակույթի նախարարությունը կազմակերպեց «Իմ ազատ ու անկախ Հայաստանը 5 տարեկան է» մանկապատանեկան հանրապետական փառատոն:

Մարզային փուլն անց էր կացվում Կապանի արվեստի քոլեջի երգեհոնային դահլիճում:

Փառատոնը տևեց երեք օր: Կապանի գիշերօթիկ դպրոցի թատերական ստուդիայի «Ես իմ անուշ Հայաստանի…» ներկայացումը՝ (բեմադրիչ՝ Նատալյա Բաղդասարյան) արժանացավ առաջին մրցանակի և մասնակցեց Երևանում փառատոնի հանրապետական փուլին՝ արժանանալով դրամական պարգևի  և «Մասնակցության վկայական»-ի:

- Մենք տեղեկություններ ունենք, որ Դուք նաև թատերականացված հանդեսների, ինչպես և ներկայացումների սցենարների հեղինակ եք:

Հատկապես ո՞ր հանդեսները կամ ներկայացումներն են Ձեր թատերագրությամբ բեմադրվել:

- Գիտե՞ք, դրանք առանձնապես շատ չեն… Եվ իմ սցենարները բեմադրել եմ միայն ես, կամ բեմադրվել են իմ մասնակցությամբ: Ես գրում ու բեմադրում եմ այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը կա… «Ծիրանի ծառ»-ը բեմադրվել է 2011թ.: Այն նվիրված էր Հայոց եղեռնի զոհերի հիշատակին…

Ներկայացման ասելիքն էր. ո՞վ ենք… որտեղի՞ց ենք գալիս… ո՞ւր  ենք գնում… և …ի՞նչ ենք պահանջում. Նոյից մինչև Հրանտ Դինք ու Գուրգեն Մարգարյան: Ներկայացման մեջ զբաղված էր թատրոնի ողջ ստեղծագործական կազմը: Հուրախություն ինձ, թատրոնի դերասանական կազմը համալրվել էր ինստիտուտն ավարտած նոր կադրերով՝ Արամ Հայրապետյան, Լևս Դավթյան, Մոսո Կարապետյան, Գայանե Վարդիկյան, Սուսաննա Գալստյան (երգչուհի)… Ներկայացման մեջ ընդգրկված էին նաև Կամո Արզումանյանը (Նոյ), Արտավազդ Գրիգորյանը, Բորիկ Հովակիմյանը, Մարիետա Քոչարյանը, Գոռ Հակոբյանը (Կոմիտաս), Գայանե Զախարյանը… Մասսայական տեսարանները շատ էին, և յուրաքանչյուրը խաղում էր 2-ից 3 դեր… Ներկայացումը շատ դինամիկ էր, տեսարանները հաջորդում էին իրար… Վարագույրը բացվում էր Եկմալյանի «Ով հայոց աշխարհ» երաժշտությամբ և լսվում էր Նոյի (Կամո Արզումանյան) խորհրդավոր, տպավորիչ ձայնը… Չէ, դու չես հյուսվել արյուն ու մսից, հյուսվել ես՝ ազգ իմ, պարզապես լույսից…

Չէ, ներկայացումը չե՛ս պատմի, այն դիտել է պետք…  Ներկայացումը հանդիսատեսի վրա մեծ ազդեցություն թողեց, նույնիսկ ես էի տպավորված… Հաջողված տեսարաններ կային… Ինքս ինձնից մի քիչ գոհ էի… Լավ էր «Նարեկացու տեսարանը» (Մոսո Կարապետյան), «Մշո ճառընտիրը շալակած կանանց տեսարանը», «Երեխաներին կորցրած կանանց տեսարանը, երբ բեմից իջնում էին դահլիճ և այնտեղ փնտրում երեխաներին», հետաքրքիր էր Սողոմոն  Թեհլերյանի տեսարանը (Լևս Դավթյան), Կոմիտասի  տեսարանը. Գոռ Հակոբյան (երգում էր կենդանի ձայնով), «Լրագրողների տեսարանը» (Լևս, Մոսո): Ֆինալը  շատ սիմվոլիկ էր և տպավորիչ՝ բոլորը հավաքվում էին բեմում՝ «Սեպ» դառնում՝ պատրաստ մխրճվելու թշմանու սիրտը… Եվ հանկարծ հառնում էր Եռագույնն ու ծածանվում… Սուսաննան երգում էր (կենդանի կատարում) Սմբատյանի «Հայաստան» երգը: Բեմ էին բարձրանում դահլիճից երկու փոքրիկները՝ Նարեկը (6 տարեկան) և Աննան (5 տարեկան), վազում, կանգնում էին «Սեպ»-ի աջ և ձախ կողմերին և նայում ծածանվող Եռագույնին, ու վարագույրը փակվում էր: Մենք չէինք ողբում, դա ոգեկոչումի ներկայացում էր՝ «Հիշում եմ ու պահանջում»:

Չէ, թող չթվա, թե թերություններ չկային… ընդհակառակը… կային տեսարաններ, որ թույլ էին, լուսային էֆեկտներ ընդհանրապես չունեինք… հագուստը, բեմի ձևավորումը աղքատիկ էին… Թեպետ գիտակցում էի, որ արված է հնարավորինս առավելագույնը… 

 

 

Հարցազրույցը՝

Մարի Նավասարդյանի

 

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19

Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ

25.12.2024 12:40

Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

25.12.2024 11:21

Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

25.12.2024 10:14

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10