Գողթան երգերի հայրենիքը՝ Սյունյաց լեռնաշխարհ

16.09.2022 12:11
1328

«Փառք Աստծուն, Սյունյաց Գողթանի ոգին արթնացել է…»

Այս ծանր ու դժվարին օրերին, երբ տափաստանափախ կիսավայրենի ոսոխը, որ որպես հարեւան «վիժվել» է նախաստեղծման ժամանակներից ի վեր ապրող-արարող մեր ժողովրդի ու հայրենիքի կողքին ընդամենը մեկ հարյուրամյակ առաջ ու իրեն նոր անվանում մոգոնել, շարունակում է կաղկանձել նաեւ Սյունյաց անառիկ լեռնաշխարհի կողմերում: Իսկ Սյունյաց արորդիները, մի ձեռքին զենք, մյուսում՝ գրիչ, շարունակում են իրենց արարչական գործունեությունը. առյուծասիրտները լավ գիտեն, որ տիեզերական իմաստությունը ձեռք է բերվում ու տարածվում արվեստի ու մշակույթի, նրա ճանաչման ու գնահատման, այլ ոչ թե ստոր ցեղերի կաղկանձի միջոցով… Ահա ընթերցողին է հասել իր տեսակի մեջ եզակի եւ իր ասելիքով հստակորեն առանձնացող եռամսյա պարբերականի՝ «Սյունյաց երկրի» հերթական համարը՝ նվիրված «երգի եւ երաժշտության աստվածաշնորհ հայրենիք Սյունիքին»: Առանց չափազանցելու՝ տիտանական աշխատանք ու ջանքեր են ներդրվել այն լույս աշխարհ բերելու համար: Ինչպես խմբագրական խոսքում նշում է պարբերականի խմբագիր Սամվել Ալեքսանյանը. «Այն առաջին փորձն է համակարգելու, ամփոփելու, ընդհանրացնելու, ի մի բերելու Սյունիքի երաժշտական անցյալն ու ներկան՝ ժամանակային ընդգրկումն ամփոփելով վաղ միջնադարից մինչեւ մեր օրերը… Եվ գործը նախաձեռնեցինք, համոզված լինելով՝ երգը հայրենասեր լինելու հոգու կանչ է, երգը խաչ է՝ խաչվածների վրա, երգը սահմանապահ է, զինվորին հաղթանակի կոչող ու մեր հայրենիքը մեզ մատնացույց անող բացառիկ երեւույթ: Երգը չի թողնի՝ հուշ դառնա Սյունյաց աշխարհի՝ գերված-պատանդված որեւէ մաս: Երգը մեզանում մշտապես կրելի է դարձնում հայրենիքն ու կարոտել տալիս մեզ՝ մեր բնօրրանի ամեն մի անկյուն…»: Պարբերականի ճակատը զարդարում են Ակսել Բակունցի, աշուղ Աշոտի, Շառլ Ազնավուրի, Համո Սահյանի խոսուն դիմանկարները, դարձերեսին՝ խաչակիր-դպիր-վարդապետ-ձայնապետ-ձայների արքա Կոմիտաս մարգարեն է՝ արմատներով Սյունիքի Գողթան գավառից, Արամ Խաչատրյանը, «որի բանակները երաժշտական արվեստի երկնառաք գնդեր էին, որոնցով նա աշխարհներ նվաճեց»: Հայոց վարդապետները Սյունյաց աշխարհից՝ հոգու պարգեւներով լի, պայծառամիտ ու հանճարեղ, որ Աստվածաշնչի ծաղիկ-խոսքերը քաղեցին եւ երգեցողությամբ բաշխեցին մարդկանց. սուրբ Գրիգոր Տաթեւացի՝ երկրորդ լուսավորիչ հայկազյան ազգի, Առաքել Սյունեցի՝ տաղերգու, փիլիսոփա, քերական, երաժշտական տեսաբան, աշակերտ Հովհան Որոտնեցու եւ Գրիգոր Տաթեւացու, հայոց մեծ Մովսեսը՝ Ամենայն հայոց 101-րդ կաթողիկոս, տիեզերահռչակ ու բազմապատիկ լուսավորիչ հայոց, հայոց ազգային-եկեղեցական վերջին սուրբ Մովսես Գ Տաթեւացի, միջնադարյան մեր առաջին երաժիշտ-բանաստեղծուհին՝ Սահակդուխտ, եւ Սահակ-Մեսրոպյան կրտսեր աշակերտներից մեկը՝ Ստեփանոս Սյունեցի: Միջնադարում հայ երաժշտաբանաստեղծական արվեստն ու դրանում Սյունիքի տեղն է լուսաբանվում ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի վարիչ, երաժշտագետ Մհեր Նավոյանի հետ հարցազրույցում, որը հագեցած է ահռելի տեղեկատվությամբ՝ երաժշտության վերաբերյալ պատմական աղբյուրներ, երաժշտական պատկերագրություն, «ժողովրդի հիշողություն, որից ավելի լավ երեւի թե որեւէ կրիչ, որեւէ ինֆորմացիոն պահոց առայժմ մարդկությանը հայտնի չէ»: Եվ իհարկե՝ ժամանակի երեւելի երաժիշտներն ու տաղերգուները՝ իրենց առաքելությամբ, Սյունյաց գավառում գործող նշանավոր վանքերը, որոնք գրի եւ դպրության, երաժշտության եւ ձեռագրական արվեստի կենտրոններ էին, դպրանոցներն ու համալսարանները: Գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Հենրիկ Բախչինյանի հրապարակումը նվիրված է Մաքենյաց վանքի ամենաականավոր սաներից մեկին՝ Ստեփանոս Սյունեցուն, երկրորդ հրապարակումը՝ առաջին հայ երաժիշտ-բանաստեղծուհուն՝ «Վահանին հարսնացյալ Սյունյաց օրիորդ, մեծանուն Հայ երգուհի Սահակդուխտին»: Ներկայացվում է նաեւ նրա «Սրբուհի Մարիամ» բանաստեղծությունը: «Սյունյաց աշխարհի երաժշտական մշակույթը» տարողունակ հրապարակումն ավարտվում է խտացված եզրակացությամբ. «Բամբռահար վիպասաններից մինչեւ դասական արվեստ-այս է դարավոր ուղին Սյունյաց երաժշտարվեստի, որն իր ցեղի ամենից մաքուր հայելին է՝ այնքան փառահեղ, որքան Սյունյաց բնօրրանը, այնքան վեհաշունչ, որքան նրա սիգապանծ լեռները, որքան Սիսական Հայկազունների երկիրն ու նրա մարտնչող ոգին, այնքան կենդանի, «որքան կենդանի է այդ ցեղը, ուժեղ, որքան ուժեղ է իրեն ծնունդ տվող ժողովուրդը» (Կոմիտաս): Հերթական էջում մեր ժամանակակիցն է՝ Դանիել Երաժիշտը՝ հայտնի շարականների, տաղերի, գանձերի իր մշակումներով, իր ղեկավարած «Շարական» անսամբլով: Վաստակած ու գնահատված արվեստագետը: «Ես հպարտ եմ, որ հայ ժողովուրդը նման զավակ ունի»,- նրա մասին գրել է Արամ Խաչատրյանը: Իր հիացմունքը չի թաքցրել նաեւ Տիգրան Մանսուրյանը. «Իրեն գնահատող միջազգային մեծ անուն ունեցող օտարազգի երաժիշտներ կան, որոնք հայ երաժշտության այսօրը արժեւորում են՝ նաեւ ճանաչելով Գրիգոր Դանիելյանին…»: Այնուհետեւ ընթերցողը ծանոթանում է միջնադարյան բանաստեղծ, երգահան Պետրոս Ղափանցուն, Շոռոթ գյուղում ծնված մեծանուն Նաղաշ Հովնաթանին, նրանց հատընտիր մի քանի ստեղծագործություններին: Ապա գալիս է միջնադարի մեծահամբավ Տաթեւի համալսարան՝ արվեստագիտության թեկնածու, երաժշտագետ Հասմիկ Հարությունյանի ներկայացմամբ: Հայոց աշուղական արվեստում  սյունեցի աշուղների դերի ու նշանակության մասին է զրույցը ժողովրդական արտիստ, ժողովրդական եւ աշուղական երգերի սքանչելի կատարող Թովմաս Պողոսյանի հետ. «Մեր զինվորները, մեր ֆիդայիները տարածքներ էին ազատագրում, եւ հնչում էր մի երգ, որը դեռ մենք չէինք կատարել, բայց երգը թռել, հասել էր Արցախ, ու զինվորները՝ գյուղեր ազատագրելով, մեքենայի վրայից երգում էին՝ «Արի դու քաջ Դրո, բազկիդ ուժը բեր…»: Երգի, երաժշտության դերն այսպես է բնութագրում սիրված երգիչը: ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանի «հերոսը» Սյունյաց աշխարհի նորօրյա տրուբադուրի՝ մեծանուն աշուղ Աշոտի մասին է, համաժողովրդական սեր վայելող նրա երգարվեստի մասին: Ուշագրավ մի պատառիկ նյութից. «Տեղին է հիշել հանճարեղ Ավետիք Իսահակյանի բնութագիրը՝ տրված Աշուղ Աշոտին. «1938-ին էր, երբ լսեցի երիտասարդ Աշուղ Աշոտի երգը: Լսեցի, հալվեցի եւ ասացի. -Փառք Աստծուն, Սյունյաց Գողթանի ոգին արթնացել է…»: Նույն աշուղի պատկառելի վաստակին, «գուսա՞ն, թե՞ աշուղ» հասկացություններին է անդրադառնում բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը: Ապա ընթերցողը ծանոթանում է շատերիս անհայտ՝ խոսքի եւ երաժշտության վարպետ խնձորեսկցիներին՝ Ուսուբօղլի, Մոսի Ապեր, Ռուշան, Ղավալ Բադի, Թառ-Սյունի, Տիգրան Սազանդարյան, Վարպետ Օհան, Սուկլուն Լեւոն, Արջունց Գառնիկ… Անծանո՞թ անուններ են: Իհարկե: Ուրեմն բացեք ներկայացվող պարբերականի հերթական էջը, որն անչափ հետաքրքիր է: Այդուհետեւ աշուղ Աշոտի՝ հափշտակությամբ ընթերցվող ինքնակենսագրականն է, նրան հասցեագրված Արամ Խաչատրյանի նամակը: Իսկ հետո Արամ Սաթյանն է, Արամ Սաթունցը, Կոնստանդին Օրբելյանը, հռչակավոր Տաթեւիկ Սազանդարյանը՝ մեծերի՝ Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի,Համո Սահյանի, Սիլվա Կապուտիկյանի մեծարանքի խոսքերով: Սյունիքը մեծանուն զավակներ է պարգեւել ոչ միայն հայրենիքին. «Սյունեցի երեւելի մշակութային գործիչներ» խորագրի ներքո գրականագետ Արծվի Բախչինյանը ծանոթացնում է նրանցից մի քանիսին՝ լատվիական բալետի ականավոր գործիչ Ելենա Տանգիեւա-Բիրզնիեցե, թուրքմենական պարուհի Էդիսա Սարվազյան, բուլղար դաշնակարուհի Ջուլյա Գանեւա, Տալլինի «Էստոնիա» օպերայի եւ բալետի պետական թատրոնի բալետի մենապարուհի Սվետլանա Բալոյան… Բոլորին չթվարկենք, շատ են նրանք եւ տարբեր երկրներում: Իսկ պարբերականի գրեթե բոլոր 68 էջերն իրենց են գամում ընթերցողներին: Ինչպե՞ս շրջանցես Սաթյան կոմպոզիտորական տոհմին նվիրված հրապարակումը, հոդվածը Արմեն Պետրոսյանի երաժշտական ընտանիքի մասին, Շառլ Ազնավուրի այցին Գորիս, Սերո Խանզադյանի հուշագրությանը՝ նվիրված Արամ Խաչատրյանին, աշուղ Աշոտին, չընթերցես Տիգրան Հեքեքյանի, Ռուբեն Մաթեւոսյանի, Հովհաննես Չեքիջյանի տված հարցազրույցները, չտեղեկանաս «Անուշի» առաջին ներկայացմանը Կապանում, ռուս հանրահայտ արվեստագետների, երգիչ-երգչուհիների հյուրախաղերին Գորիսում, երբ Կոնստանդին Օրբելյանի հետ հայոց այս քաղաք էին եկել Ալլա Պուգաչովան, Իրինա Ալեգրովան, Լարիսա Դոլինան, այլ դեմքեր: Կամ, արդյոք, հնարավո՞ր է շրջանցել Հովհաննես Այվազյանի գրառած հանճարեղ երկխոսությունը Համո Սահյանի եւ Տիգրան Մանսուրյանի միջեւ… Անհաշվելի են Սյունյաց աշխարհի մշակութային իրողությունները, այնտեղ տեղի ունեցած կարեւոր միջոցառումները, դեմքերն ու երեւելի անձինք: Ինչպես «Սյունյաց երկրի» խմբագիրն է նշում, «թերթային սույն համարի ծավալը մի քանի անգամ գերազանցող հանդես հրատարակելու դեպքում անգամ չէինք կարող ներկայացնել ամբողջը», այնպես էլ մեր թերթի պարագայում է դժվար ամենայն մանրամասնությամբ անդրադառնալ «մշակութային գանձարան» հիշեցնող այս համարի բոլոր հրապարակումներին: Մեծ հետաքրքրությամբ ընթերցվող շատ նյութեր մնացին մեր հրապարակման «լուսանցքից» դուրս: Այնպես որ, «Սյունյաց երկիր. մշակութայինը» սպասում է իր հայտնությանը կարոտող ընթերցողին, որին «ընթերցողական տոն» հաստատ կպարգեւի… Իսկ մենք շնորհավորենք պարբերականի երեւութային այս լուսընծայումը եւ մաղթենք անխաթար ընթացք:

Հակոբ Սրապյան
 

https://hhpress.am/

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25