Գողթան տուն. այդքան մոտ ու այդչափ հեռու…

23.05.2016 14:53
2861

Մայիսի 19-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը (Սամվել Ալեքսանյան, Վահրամ Օրբելյան եւ Համլետ Գեւորգյան) հայ-ադրբեջանական պետական սահմանի Մեղրի-Նախիջեւան հատվածում էր՝ ավելի ստույգ՝ Գողթանսարում, որ նաեւ Սոյուխ է կոչվում (բարձրությունը՝ 3143մ):

Սահմանագիծ կատարած այցն այս օրերին համահունչ նպատակ ուներ՝ ծանոթանալ մեր պաշտպանական դիրքերին:

Եվ երբ արդեն քարափի գլխին էինք, մեր առջեւ բացվեց զարմանալի, հայրենականչ Գողթան աշխարհը, որ հիմա Օրդուբադ է կոչվում՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության կազմում: Ու այնքան մոտ էր, այնքան տեսանելի, որ, կարծես, մեր ափի մեջ լիներ…

Լսել էինք, որ Գողթանսարի մեր դիրքերից Օրդուբադը՝ մերձակայքով, երեւում է, բայց չէինք պատկերացրել, որ տեսարանն այդքան պարզորոշ կլինի:

Դժվար էր նայել ու չհիանալ, ոգեղենացված ներշնչանք չապրել, ու նաեւ ափսոսանք ու ցավ չապրել:

Եվ անկարելի էր մտովի չտեղափոխվել պատմության խորքերը…

Նախ Արաքս գետն է ուշադրություն գրավում՝ արեւմուտքից հարավ-արեւելք ձգվող՝ դանդաղ, պղտոր ընթացքով: Եվ այդպես մտնում է աստիճանաբար խորացող Մեղրու կիրճ: Մայր գետի վտակներից ուշագրավ է միայն աջից Արաքսին միացող մի ջրառատ ու ոչ պակաս տղմոտ գետ, որի ստույգ անվանումը չկարողացանք պարզել:

Արաքսն այդտեղ եւս պետական սահման է՝ Իրանի Իսլամական Հանրապետության եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ. դեռեւս 1828թ. որոշարկված ռուս-պարսկական սահմանն է:

Ամենահեռվում, թեեւ աղոտ, երեւում է Օձալեռը (Օձասարը), որին ադրբեջանցիներն Իլանդաղ են անվանում: Նախիջեւան քաղաքից 20-25կմ հեռավորության լեռը (բարձրությունը՝ 2385մ) հմայիչ տեսք ունի՝ սյունաձեւ, սլացիկ:

Ժողովրդական շատ ավանդույթներ ու առասպելներ կան այդ լեռան մասին: Ավանդույթներից մեկը պատմում է, որ այնտեղ հաճախ են տեղի ունենում օձերի «ճակատամարտեր», ինչի համար էլ լեռը կոչվել է Օձերի լեռ (Օձալեռ, Օձասար):

Մեր սահմանին ամենամոտ բնակավայրը Քյոթամ (Քյոթան) գյուղն է, որը, ըստ մի շարք հետազոտողների, Գողթն գյուղաքաղաքի տեղում է հետագայում կառուցվել:

Մեր առջեւ բացված ընդարձակ տարածքի կենտրոնում՝ հարավից հյուսիս ձգվող, Օրդուբադն է՝ գավառի գլխավոր բնակավայրերից մեկը: Հին հայկական Որդվատն է, Որդուպատը: Այդտեղից եւ մերձակա գյուղերից հայերը վերջնականապես հեռացան 1988-89թթ.՝ ադրբեջանցի հրոսակների ճնշմամբ: Պարսկական տիրապետության շրջանում՝ 16-րդ դարում, պաշտոնական գործածությունից դուրս մղված Գողթն անվանը (որպես գավառանուն) փոխարինելու եկավ Օրդուբադ անունը:

Արաքս գետի ձախ ափին՝ հարթավայրում, Ջուլֆա քաղաքն է:

Մեր քաջատեղյակ ուղեկցողները ցույց տվեցին Ջուլֆայից մի քանի կմ արեւմուտք՝ Արաքսի ձախափնյա կողին ընկած տարածքը, որտեղ հռչականուն Ջուղայի ավերակներն են՝ առայսօր թուրքի կողմից պղծվող հազարավոր խաչքարերով: Այդ քաղաքը, ըստ Մովսես Խորենացու, հիմնադրել է հայոց թագավոր Տիգրանը՝ Աժդահակին հաղթելուց հետո: Կան ուրիշ ավանդազրույցներ եւս՝ Ջուղայի հետ կապված: Քաղաքը ծխացող ու անբնակ ավերակների կույտի վերածվեց 1603-04 թվականներին՝ Շահ-Աբասի ավերիչ արշավանքների ժամանակ:

Օրդուբադ քաղաքից մի քիչ հյուսիս-արեւմուտք Ագուլիսն է՝ հռչակավոր Սբ Թովմա Առաքյալի վանքով ու տասը թաղով, որն ավերվեց 1918-ին թուրքական զորքերի կողմից:

Օրդուբադ քաղաքից հյուսիս-արեւելք Նյուսնյուս (Նուսնուս) բնակավայրն է՝ պարզորոշ երեւացող: Սա, ըստ Ղեւոնդ Ալիշանի, Գողթն գավառի Նունից գյուղն է:

Հեռվում իշխող մշուշը թույլ չտվեց տեսնել Օրդուբադից հյուսիս-արեւմուտք գտնվող Ցղնա գյուղը, որտեղ ծնվել է «նաիրյան հանճարի հազարամյա տեսիլ», «այր մշտատեւ՝ ձայնապետ-ձայների արքա-ձայնագիր» Կոմիտասի հայրը՝ Գեւորգ Սողոմոնյանը: Ասում են՝ Ցղնայում մինչեւ հիմա էլ կանգուն են Սողոմոնանց ապարանքի ավերակները:

Օրդուբադի մոտակայքում են ծնվել Արամ Խաչատրյանի ծնողները:

Օրդուբադի մերձակայքում գտնվող Ազա գյուղում է ծնվել Չարենցի առաջին կինը՝ Արփենիկ (Աստղիկ) Տեր-Աստվածատրյանը, ում բանաստեղծը նվիրել է իր նշանավոր գործերից մի քանիսը, նաեւ իր «ամենաչքնաղ երկը»՝ «Նավզիկեն»:

Այդ ամենը տեսնելով՝ չէինք կարող չհիշել, որ մեր առջեւում հայոց այն երկրամասն է, որտեղ գործել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցը՝ երկու անգամ՝ 390-ական եւ 420-ական թթ. այցելելով գավառ՝ հիմնելով դպրոցներ, պայքարելով հեթանոսների դեմ:

Ի վերջո դա այն երկրամասն է, որտեղ ծնվել են հայ բանահյուսության ամենահին գոհարները՝ Գողթան երգերը: Պատահական չէ, որ Պատմահայր Խորենացին Գողթանը ներկայացրել է որպես շնորհալի երգիչ-երաժիշտների հայրենիք:

Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ Գողթն գավառը՝ տարածված Արաքս գետի ձախ ափին, պատմության ընթացքում քանիցս կռվախնձոր է եղել Սյունիքի ու Վասպուրականի հայ նախարարական տների միջեւ: Այնպես որ՝ թեեւ Վասպուրականի գավառներից է (ըստ «Աշխարհացույցի»), բայց ավելի հաճախ Սյունյաց աշխարհի մաս է կազմել: Հարավում սահմանակից էր Արաքս գետին, արեւելքում՝ Արեւիք ու Ձորք, հյուսիսում՝ Ծղուկ գավառներին:

…Գողթանսարում եղանք «Թագավոր», «Գեւորգ», «Մխիթար սպարապետ» հենակետերում: Ամենուր ժամկետային զինծառայողներ էին՝ Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր շրջաններից:

Հաճելի էր նկատել, որ զինվորները գիտեն Գողթան աշխարհի, նրա գլխավոր բնակավայրերի, հայոց մեջ Գողթանի խաղացած բացառիկ դերի մասին: Դա էլ բնական ու օրինաչափ է. հնարավոր չէ ամեն օր, անգամ առանց հեռադիտակի, դիտարկել այդ վայրերն ու ճանաչելու ձգտում չունենալ:

Առաջին հայացքից միգուցեեւ այդ ամենն ուղղակի կապ չունի մարտական դիրքերում կանգնած զինվորի հետ, բայց… Զինվորական ծառայությունը, նախեւառաջ, հայրենանվերություն է, հայրենապաշտություն, մեր դեպքում՝ նաեւ հայրենատենչություն: Իսկ դրանք զգացմունքներ են, որոնց օգնությամբ պետական սահմանի ամեն մի հենակետ, ամեն մի քար ու թուփ դառնում են շնչավոր, ոգեղեն…

Առավել հաճելի է, որ տարածքի մանրամասն իմացությամբ աչքի է ընկնում նախեւառաջ սպայական անձնակազմը:

Զորամասի հրամանատարի՝ թիկունքի գծով տեղակալ, փոխգնդապետ Արմեն Գյուլասարյանը ծագումով Կուրիս գյուղից է, դեռեւս մանկության տարիներից քաջածանոթ է հազար ու մի ձորով եւ կեռմանով, դժվարանց ճանապարհներով ու զառիթափ լանջերով պարուրված այդ տարածքին: Պատկերացնել կարելի է, թե տարածքին քաջատեղյակ զինվորն ու հրամանատարն ինչեր կարող են անել մարտական գործողությունների ժամանակ: Մեկ անգամ, ի դեպ, արդեն տեսել ենք. դա 1990-ականների պատերազմի ժամանակ էր, երբ Գողթանսարի լանջերին մարտական գործողություններ էին ընթանում:

…Գողթանսար բարձրացանք Կաքավաբերդով (լեռնագագաթի հարավարեւելյան լանջն է): Կաքավաբերդը վաղուց միայն նույնանուն բերդի անունը չէ, որ հիշատակվում է միջնադարյան աղբյուրներում եւ որը գտնվում էր Կուրիս ու Գուդեմնիս գյուղերի արանքում: 17-18-րդ դարերից երբեմնի բերդի շրջակայքը նույնպես կոչվում է Կաքավաբերդ:

Այդ անունը, շնորհիվ Ակսել Բակունցի, իր հավերժական տեղն է գտել մեր գեղարվեստական գրականության մեջ՝ «Ալպիական մանուշակ» գլուխգործոցում: Գրական այդ երկում տեղ գտած «Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում… » տողը, պարզվում է, ըստ էության, խոր իմաստ եւ  մեծ ցավ է պարունակում իր մեջ:

Հավանաբար Բակունցն էլ մի օր այդտեղով  բարձրացել է լեռան կատար եւ տեսել հայոց յուրօրինակ ալպիական մանուշակը՝ Գողթանը, տրորված ու գերության մեջ:

Եվ դրանից հետո չէր կարող չծնվել հիշյալ պատմվածքի՝ նաեւ ցավ կրող տողը՝ «Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում… »:

Մայիսի 19-ի արեւոտ ու պարզկա օրն էլ այդ լեռնագագաթին ամպ էր նստած…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
20 մայիսի 2016թ.

Արա Պապյան. «Պիտի ամեն ինչ անենք, որ Թուրքիան չգա Հայաստան։ Եթե ռուսներից նեղանում ենք, որ իր պարտականությունները չի կատարում, Թուրքիան բացարձակ հակահայկական պարտավորություններ ունի»

04.06.2026 12:05

Ստորագրվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը (տեսանյութ)

04.06.2026 11:34

Ամառային զորակոչը Հայաստանում կմեկնարկի հունիսի 29–ին ու կավարտվի օգոստոսի 15–ին

04.06.2026 11:08

Արևմուտքին անհրաժեշտ են Հայաստանի հազվագյուտ հողային ռեսուրսները. Զախարովա

04.06.2026 11:06

«Շարունակում ենք արցախցիներից ընդունել դիմումներ՝ ՄԻԵԴ ներկայացնելու համար». Արտակ Բեգլարյան

04.06.2026 10:56

Հարցազրույց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանի հետ

04.06.2026 10:44

Կասեցնե՜նք դպրոցների փակման գործընթացը. Արամ Մանուկյան

03.06.2026 23:12

Թոշակները կրկնապատկվելու են, ձեր ապահովված կյանքը իմ պարտականությունն է. Ռոբերտ Քոչարյան

03.06.2026 23:02

Ծանր վիճակ է, ինքնություն ենք կորցնում. Սամվել Կարապետյան

03.06.2026 22:41

Ճակատագրական ընտրության առաջ ենք՝ կա՛մ պաշտպանում ենք մեր ինքնությունը, կա՛մ կորցնում ենք. Արամ Վարդևանյան

03.06.2026 22:14

Հայաստանի քաղաքացիները պետք է փրկեն իրենց երկիրը ընտրություններում. Զախարովա

03.06.2026 22:05

Ադրբեջանի ամենահզոր զենքը Նիկոլ Փաշինյանն է. Աննա Գրիգորյան

03.06.2026 21:41