Գորի՜ս... այսինքն տաք սեր ու բարություն, տաք օջախ ու հայոց եռագույն ու կամուրջ բարեկամության

10.07.2018 12:02
1313

Հուլիսի 7-ին Գորիսում մեկնարկեցին Գորիսը՝ 2018 թ. մշակութային մայրաքաղաք ծրագրով նախատեսված միջոցառումները: Դրա առաջին ակորդը  հնչեց Ստեփանակերտ -Գորիս մայրուղու վրա քաղաքի մուտքն ազդարարող հուշարձանի բացմամբ: Կարմիր ժապավենը կտրելու  պատիվը տրվում է հուշարձանի ճարտարապետ Սեւադա Զաքարյանին եւ հովանավորներից  Հերմինե Առուշանյանին: Հուշարձանի բացմանը, բնականաբար, մասնակցում են նաեւ ԱՊՀ-ի երկրներից ժամանած հյուրերը՝ թվով 150 հոգի՝ մտավորականներ, արվեստագետներ, պաշտոնատար անձինք, դեսպաններ ու դեսպանատների աշխատակիցներ: Այստեղ են  նաև Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

2018թ.  ԱՊՀ-ի մշակութային մայրաքաղաքի  ընտրության ժամանակ հաշվի է առնվել Գորիսի հարուստ պատմությունը, նրա ավանդույթները, հետաքրքիր ճարտարապետությունը, կոլորիտն  ու այսօր էլ գորիսեցիները շարունակում են լինել հոգեւոր եւ մշակութային ժառանգության կրողն ու շարունակողը: Եվ այս կառույցն ամբողջացնում է քաղաքի կոլորիտը:  Այս կառույցը նաեւ միասնության խորհրդանիշ է  եւ այն կյանք է առել  նաեւ բազմաթիվ գորիսեցիների հովանավորության շնորհիվ:

Եվ հուշարձանի մոտ Գորիսի դհոլահարների պատանեկան խումբը  թնդացնում է երկինք ու երկիր եւ ասես  ի լուր ամենքի ազդարարում՝ Գորիսը մշակութային մայրաքաղաք է: Մանկական երգչախմբի կատարումն օրը դարձնում է հոգեթով, իսկ տղեկները  հայկական «Բերդ» պարն են բեմադրում՝ ի ցույց դնելով մեր ժողովրդի աննկուն կամքն ու հզոր ոգին: Իսկ օրը Գուսան Աշոտի երգերով սկսած շարունակում է իր ընթացքը՝ Աշոտի  սիրո երգերով արբեցած եւ  սիրով լցված մարդկանց ասես ճանապարհում է միջոցառման հաջորդ կանգառը: Իսկ այն Սերո Խանզադյանի տուն- թանգարանն է, որը վերջապես  գտնվում է իր անվանը համապատասխան վիճակում. այն արդեն կահավորվել է՝ գրողի անձնական իրերով: Տուն- թանգարանի առաջին հարկում կատարվեց սրճարան-գրախանութի բացումը:

Օրը հագեցած է բազմաթիվ միջոցառումներով: Իսկ ժամը 17-ին Քարահունջում  ավանդական թթի փառատոնն է:  Թութ թափելու մրցույթ է հայտարարվում: Եվ թութը՝ քաղցր  ու մեղրածոր, թափվում է շորի մեջ, որի ծայրերը  բռնել են նաև հյուրերը՝ տարբեր երկրներից: Եվ թութը թափվում է ու թափվում, ինչպես տեղատարափ անձրեւ եւ ուր  ասես պատահի՝ հյուրերի մազերի մեջ, նրանց ուսերին, մարդկանց հայացքների մեջ... Եվ օրը թթահամ է, թթաբույր ու դեռ  Քարահունջի  հանրահայտ օղին չխմած՝ մարդիկ արդեն հարբել են, հարբել են բարուց ու սիրուց, որն այդ օրը տարբեր ազգերի ներկայացուցիչներին «բաշխվեցին» անխնայաբար: Ու կրկին պարահրապարակ են դուրս գալիս տղաների եւ աղջիկների խմբերը, երգիչներն ասես մրցման մեջ են մտել ձորի թռչունների հետ. նրանք էլ իրենց հերթին են ողջունում փառատոնի մասնակիցներին իրենց գեղգեղանքով: Քարահունջեցի տատիկն ու պապիկն էլ ասելիք ունեն՝ Աստված մեր թամահից կտրի ու մեր սերությանը տա...

Մեր հայրենակից  Մարտիկ Գասպարյանը  գորիսեցի մի խումբ  մանկավարժների, բժիշկների, լրագրողների, մանկավարժների, գյուղատնտեսության, շինարարության, արվեստի ոլորտի աշխատողների ունեցած վաստակի համար շնորհակալագիր հանձնեց միջազգային մշակույթի ակադեմիայի կողմից:

2018թ. հուլիսի 7-ի երեկոն ուրիշ էր Գորիսում: Լուսային էֆեկտների շնորհիվ Լաստի խութն ու մերձակա ժայռերը դարձել էին հեքիաթային, եւ հեքիաթ էր հյուսվում ԱՊՀ-ի  մշակութային մայրաքաղաք Գորիսում: Հանդիսավոր պահ է. Գորիսն ընդունում է մայրաքաղաքի տիտղոսը: ԱՊՀ-ի սիմֆոնիկ նվագախմբի կատարումներն ասես շնորհավորանք են գորիսեցիներին՝ մայրաքաղաքի կոչմանն արժանանալու առիթով: Ուշ գիշեր է, սակայն հյուրերը եւս չեն ուզում տուն գնալ, ուզում են վայելել ամառային Գորիսի բոլոր երանգներն ու նվագները: Իսկ աստղազարդ երկինքը  թրատվում է հրավառությունից:

Հագեցած էր նաեւ հուլիսի 8-ի միջոցառումների ցանկը: Անկախության հրապարակում «Հին եւ նոր Գորիս» գիրք-ալբոմի շնորհահանդեսն է, ԱՊՀ-ի անդամ երկրների ազգային պարերի բացօթյա ֆլեշմոբ է՝ Վահե Մելքոնյանի ղեկավարած «Սյունիք» պարային համույթի կողմից: Ու կրկին ու կրկին  «Սյունիք» պարային համույթն  իր կատարումներով հիացրեց-զարմացրեց բոլորին: Եվ հյուրերն էլ իրենց տարերքի մեջ մտան՝ պարում են իրենց ազգային պարերը հրապարակում երեխաների հետ: Եվ հետաքրքիրն այդ օրը նաեւ այն էր, որ հյուրերը մի լավ ջրվեցին գորիսեցի երեխաների կողմից, չէ՞ որ Վարդավառ էր: Եվ հյուրերը սելֆի արեցին իրար վրա ջուր ցողող մարդկանց ֆոնի վրա:

ԱՊՀ -ի մշակութային մայրաքաղաքի   կոչում ստանալու միջոցառումների շարքում իր ուրույն տեղը գրավեց գորիսյան հյուրասիրությունը: Մինչ այդ նրանք եղան Ակսել Բակունցի տանը, ունկնդրեցին Գորիսի հիմնը, որի բառերը գրել է Տիգրան Գրիգորյանը, երաժշտությունը՝ Արա Գեւորգյանը:

Բակունցի տուն- թանգարան կազմակերպած այցից հետո Անկախության փողոցում սկսվեց գորիսյան հյուրասիրությունը: Ամեն տան մոտ սեղան-սփռոց է բացվել: Էստի համեցեք, էստի համեցեք... Չէ, չսխալվեք,  կանչող-հրավիրողը Թումանյանի Գիքորը չէ, գորիսեցիներն են, ովքեր հյուրերին լավ պատվելու-հարգելու աստվածատուր շնորհք ունեն: Ու այնպիսի կենացներ կառաջարկեն, որ չխմողն էլ կխմի:

- Տարբեր ազգերի ներկայացուցիչներ էին,-պատմում է Արթուր Մաշուրյանը,- առաջարկեցի մեր տան արդար օղուց խմել, հրաժարվեցին: Ես ձեզ բաց չեմ թողնի, մինչեւ չխմեք, ասացի ինքս ինձ եւ իմ ու նրանց բաժակները լցնելով  ռուսերեն լեզվով  ասացի՝ խմենք ազատ, անկախ հանրապետությունների բարեկամության կենացը: Բաժակ բաժակի զարկեցին ու խմեցին:

- Սյունեցիների հյուրասիրությունը դարերից է գալիս, նրանք հյուրասիրության հիանալի մշակույթ ունեն, սյունեցիք հացով ժողովուրդ են: Սյունեցիների կենացը: Նրանց տաշտը թող միշտ հացով լիքը լինի, տան դուռը միշտ բաց հյուրերի համար,- ասում է Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը:

Լիոնի փոխքաղաքապետ Լեւոն Սաքունցն էլ թե՝

- Գորիսը միշտ ժպտադեմ է, հյուրասեր, մեր քաղաքապետը պիտի գար, նա ափսոսում է, որ չկարողացավ տեսնել գորիսեցիների ուրախությունը, որովհետեւ մեզ մոտ ջազի փառատոն է :  Նրա կողմից շնորհավորում եմ գորիսեցիներին՝ 2018թ. ԱՊՀ  մշակութային մայրաքաղաքի տիտղոսին արժանանալու համար:

-Գորիս,- լսվում է համերգավարի ձայնը, եւ  հայերի հետ յարխուշտա են պարում նաեւ հյուրերը՝ տաջիկներն ու ռուսները, ղրղզներն ու բելոռուսները, թուրքմեններն ու ղազախները, մոլդովացիները: Բոլոր- բոլորը: Իսկ Գուսան Աշոտի տան մոտ  գուսանի անունը կրող համույթն իր կատարումներով  օրը դարձրել էր  հոգեթով ու անկրկնելի:  Վարդան Կարապետյանն էլ իր տան մոտ  իսկական երկրագիտական թանգարան էր բացել. հին կահ-կարասիներ, սեղան-աթոռ, ռադիոընդունիչ, ինքնաեռ, հաց թխելու պարագաներ... Այսպես են գորիսեցիները՝ զարմանահրաշ ու մարդկային:  Մխիթար Սպարապետի անվան հրապարակում ձեռքի աշխատանքների, նկարների ցուցահանդես է, ուր ցուցադրված են նաեւ Գորիսի արվեստի դպրոցի սաների աշխատանքները: Ու նաեւ լարախաղացն է դյութում հյուրերին:

Հուլիսի 7-ին եւ 8-ին  Գորիսը դարձել էր աշխարհի կենտրոնը, բոլոր ճանապարհները Գորիս էին տանում:  Եւ Գորիսն աշխարհին ուղերձ հղեց՝ մարդիկ սիրեք միմյանց, սերը կփրկի աշխարհը կործանումից:

Գորիսը երկու օր շարունակ սիրո ու բարության, համերաշխության, համամարդկային արժեքների կենտրոն էր դարձել, սիրո եւ բարության խորհրդանիշ :

-Գորի՜ս,-լսվում է համերգավարի  ձայնը: Գորիս, այսինքն, տաք սեր ու բարություն, ջերմ օջախ, հայոց եռագույն ու գալիքվելու հենք ու կամուրջ բարեկամության: 

 ԱԼՎԱՐԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ


Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25