Գորիս քաղաքի 145-ամյակը

24.09.2015 14:33
2325

Գորիս բնակավայրի արմատները տանում են հազարամյակների խորքերը, բայց այն քաղաքի կարգավիճակ է ստացել 1870 թվականին որպես Ելիզավետպոլի նահանգի մեջ մտնող Զանգեզուրի գավառային կենտրոն: Սեպտեմբերի 20-ին Գորիսում մեծ ու փոքրով, մայրաքաղաքից եւ արտերկրից ժամանած հյուրերով նշեցին Գորիսին քաղաքի կարգավիճակ շնորհելու 145-ամյակը: Գորիս քաղաքի տոնին մասնակցում էին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, առաջին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը, աշխատանքի վետերաններ: Տոնակատարության մասնակիցներն այցելեցին սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հյուրերն աղոթք հղեցին առ Աստված: Եկեղեցու վրա շիննորոգման աշխատանք են կատարում, մարզպետն առիթը բաց չթողեց հետաքրքրվելու դրա ընթացքով, նաեւ որոշ հրահանգներ տալու:

Քաղաքապետարանում հյուրասիրություն էր կազմակերպվել, որին մասնակցում էին համայնքի կյանքում նշանակալի ավանդ ներդրած մարդիկ: Հնչեցին բարեմաղթանքներ եւ շնորհավորանքի խոսքեր: Տոնակատարության մասնակիցներն այնուհետեւ ծաղիկներ դրեցին Գրիգոր Տաթեւացու, ապա՝ ականավոր գորիսեցիներ Գուսան Աշոտի, Ակսել Բակունցի, Սերո Խանզադյանի կիսանդրիներին: Տոնակատարության հանդիսավոր բացումը Գրիգոր Տաթեւացու անվան հրապարակում էր, որտեղ ներկաներին շնորհավորանքի խոսքեր հղեց Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը: «Այսօր տոնում ենք մեծ ավանդույթներ կրող մեր քաղաքի 145-ամյակը, քաղաք, որ իրավամբ կարող է հպարտանալ իր երեւելի զավակներով, իր հաղթանակներով, իր բովանդակալից անցյալով: Եվ պատահական չէ, որ այսօրվա տոնակատարությունը սկսում ենք մեր մեծերի հուշարձաններին ծաղիկներ խոնարհելով: Միշտ հպարտացել ենք Գրիգոր Տաթեւացիով, Գուսան Աշոտով, Սերո Խանզադյանով, մեծն Ակսել Բակունցով, Գորիսի բոլոր-բոլոր արժանավոր զավակներով, որ ասես մեր քաղաքի այցեքարտն են դարձել եւ մեզ ճշմարիտ ապրելու ուղին են ցույց տալիս ու միշտ, այսօր եւ ընդմիշտ արժանի լինել նրանց կյանքին ու գործին», - իր խոսքում մասնավորապես ասաց քաղաքապետ Վաչագան Ադունցը:

Պատվոգրեր հանձնվեցին Գորիս քաղաքի կրթության, առողջապահության, սպորտի, տնտեսության եւ մերօրյա ազատամարտում՝ Արցախյան պատերազմում աչքի ընկած մարդկանց: Հրապարակվեց Գորիսի ավագանու որոշումը, ըստ որի առաջին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանին շնորհվեց Գորիս քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում: Պարգեւատրվածները շնորհակալություն հայտնեցին իրենց վաստակը գնահատելու համար եւ երախտագիտության խոսքում արժեւորեցին քաղաքի տոնի անցկացումը որպես բոլորին միավորող, համախմբող միջոցառում: Գնդապետ Փարվանյանը գերատեսչական մեդալներ եւ պատվոգրեր, անվանական ժամացույցներ հանձնեց զինված ուժերի եւ ոստիկանության մի շարք ներկայացուցիչների, ինչպես նաեւ հրապարակվեց կորպուսի հրամանատարի շնորհավորական ուղերձը՝ Գորիս քաղաքի 145-ամյակի առթիվ:

Հանդիսավոր արարողությունից հետո հյուրերը ծանոթացան Գորիսի Գեւորգ Պարոնյանի անվան գեղարվեստի դպրոցի սաների գեղանկարչական եւ խեցեգործական աշխատանքներին: Կրթօջախի տնօրեն Սիլվա Ասատրյանը տեղեկացրեց, որ դպրոցում 60-ից ավելի սան է սովորում, նրանց մեծ մասը նկարակալի առջեւ նստած ջրաներկով ճերմակ թղթին էր հանձնում տպավորությունները՝ կապված օրվա խորհրդի հետ: Տնօրենը նաեւ փոխանցեց, որ Սիսիանի պատկերասրահում ցուցադրված են դպրոցի սաներից 15-ի աշխատանքները:

Գորիսն ու Ակսել Բակունցը մի անքակտելի միասնություն են: Տոնակատարության մասնակիցներն այցելում են մեծ արձակագրի տուն-թանգարան: Հյուրերի թվում են Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Կարո Վարդանյանը, «Գրքի եւ հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ի հրատարակչական բաժնի պետ, գրականագետ Արմեն Ավանեսյանը: Անկեղծ զրույց է ծավալվում Բակունցի, Չարենցի կյանքի ու գործի, գրական այլ հարցերի շուրջ: Տուն-թանգարանի բակը հաճելի ձեւավորված է, աչք է շոյում փարթամ բուսականությունը, իսկ մի վանդակի մեջ շրջում են Բակունցի նկարագրած միրհավները:

Գորիսյան կոլորիտն արտացոլվեց Գորիս գյուղում, որտեղ որպես բեմ ծառայում էին քարանձավներն ու դրանց հարակից տարածքը: Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետթատրոնի դերասանները ներկայացրեցին թատերականացված դրվագներ Բակունցի «Կյորես» վիպակից, որոնք արտացոլում են Հին Կյորեսի եւ Նոր Գորիսի միջեւ սկզբնավորված հակամարտությունը, նաեւ նոր հաստատվող բարքերը, որոնք երբեմն հասցնում են ողբերգության: Ծմակի Խաչին տարին բոլոր անտառներից տուն չէր գալիս, տարին երկու շալակ մորթի էր բերում առեւտրական Միրումովներին հանձնելու, որ ազատվեր տարիներ առաջ նրանցից վերցրած տասնմեկ մանեթ պարտքից: Հաջորդ շալակ մորթին բերելուց հետո տեղեկանում է, որ պարտքից դեռ մնում է քառասունչորս մանեթ: «Ասում են Ծմակի Խաչին գոռացել է, ինչպես թե վրան կրակ թափեին: Եվ փախել է առանց հետ նայելու»: Գիշերը Խաչին քարափից ցած է նետվել՝ գոռալով. «Քանդվես դու, Գորիս»:

Հին Գորիսում թթենիների տակ Մինա բիբին ընդունեց հյուրերին եւ իր դողացող ձեռքերով մատաղ բաժանեց:

- Ուզում եմ բոլորին շնորհավորել եւ ցանկանում եմ, որ իրենց ավանդույթներին տեր լինեն, Գորիսը շատ ավանդապաշտ քաղաք է, ավանդույթներով հարուստ, բոլորի օջախներին արեւշատություն եմ մաղթում, - ասաց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, - Գորիսի հինգհազարամյա պատմությունը վերջին հարյուր տարում Բակունցը բերեց, խառնեց իրար՝ Հին Կյորեսն ու Գորիս քաղաքը ներկայացրեց, մարդկանց՝ իրենց մտածելակերպով, խառնվածքով, կենցաղով: 1890 թվականին պատմաբան Լեոն փոստի կառքով Գորիս է գալիս առաջին անգամ: Նոր Գորիսն ընդամենը 20 տարվա պատմություն ուներ որպես քաղաք: Լեոյին շատ է զարմացնում քաղաքի տեսքը՝ երկհարկանի տներ՝ պատերը սպիտակ ներկած, տնամեջը՝ սեղան-աթոռներով, սփռոցները վրան: Նրան զարմացնում է նաեւ, որ Գորիսում կար դպրոց, որում սովորում էր 140 աշակերտ, իսկ Լեոն հենց բնակավայր մտնում էր, հետաքրքրվում էր՝ դպրոց կա՞, թե՞ ոչ: Եթե չէր լինում, խստագույնս կշտամբում էր բնակավայրի ղեկավարներին: Դա է եղել Գորիսը եւ այն, ինչ հիմա տեսնում եք:

Գորիս քաղաքի 145-ամյակին նվիրված տոնակատարությանը մասնակցում էին Բելառուսի քույր քաղաք Նեսվիժի ներկայացուցիչները՝ մասնավոր շինարարական ընկերության տնօրեն Օլեգ Բրատկովսկին եւ Նեսվիժի շրջխորհրդի գործկոմի նախագահ Ալեքսանդր Պանչենկոն (Բելառուսում պահպանվել են խորհրդային ժամանակների կառույցները): - Երեք օր է՝ ինչ Գորիսում ենք, իսկ ընդհանրապես Հայաստանում առաջին անգամ ենք լինում, - ասաց Ա.Պանչենկոն, - այստեղ ամեն ինչ մեզ դուր է գալիս՝ մարդիկ, բնությունը, քաղաքը: Այստեղ հետաքրքրական միջոցառումներ են անցկացվում: Մենք էլ միշտ սպասում ենք մեր հայ բարեկամներին:

Օրը հագեցած էր մարզամշակութային միջոցառումներով, ցուցադրություններով, փոքրիկ բեմականացումներով, նաեւ հյուրասիրությամբ: Հյուրերի առաջին այցը Գետափնյա թաղամասն էր, որտեղ նրանց համար տոնական սեղան էր բացված՝ ծանրաբեռ աշնանային բարիքներով, համադամ խորտիկներով: Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը բարեմաղթանքի խոսքեր հղեց թաղամասի բնակչությանը, որից հետո Գորիսի N3 նախակրթարանի սաները եւ N6 հիմնական դպրոցի աշակերտները հանդես եկան գրական-երաժշտական համադրույթով:

Մխիթար Սպարապետի հրապարակում հյուրերին դիմավորեց Գարեգին Նժդեհը, իր խրոխտ ձայնով՝ ներկաներին հիշեցնելով պատմական ճշմարտությունը՝ Սյունիքը Հայաստանի ողնաշարն է: Ավանդական հյուրասիրություն էր կազմակերպվել Վանքի տափ, Ըղջյազի կոչվող թաղամասերում, իսկ Գորիսի տուրիզմի զարգացման կենտրոնն ու երկրագիտական թանգարանը կազմակերպել էին թեյախմություն: Մատուցվում էր ուրցով եւ մասուրով թեյ, սեղանը զարդարում էին մուրաբաների հարուստ տեսականին, հալվան ու թխվածքները, չորացրած մրգերը:

Տոնական էր նաեւ Գորիսի երեկոն, Գրիգոր Տաթեւացու անվան հրապարակում հանդես եկան Երեւանի պետական կրկեսի արտիստները: Օրվա ավարտին կազմակերպվեց տոնական համերգ, իսկ երեկոյան գորիսյան երկինքը լուսավորվեց հրավառության գույներով:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ     

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25