Գորիսը վերջին հրաժեշտը տվեց իր նահատակ-հերոս զավակին՝ Կարեն Հայրապետյանին. նրա խիզախությանն առնչվել էինք դեռեւս Ապրիլյան պատերազմի օրերին

15.10.2020 18:03
28180

Մեծ կամք եւ ջանք, նաեւ սառնասրտություն է պահանջվում՝ առանց հույզերի ու կսկիծի ընթերցելու ռազմաճակատում նահատակված մեր քաջորդիների անուն-ազգանունները՝ ծննդյան թվականներով, որ սեպտեմբերի 27-ից պարբերաբար ներկայացվում է հանրությանը:

Մյուս կողմից՝ մեր լավագույն զավակների կորուստը՝ հերոսներին վայել ձեւով սգալու, հուղարկավորելու ժամանակ ու հնարավորություն էլ, կարծեք, չկա:

Հայոց երկիրն օրհասի մեջ է, սահմանում կենաց եւ մահու պատերազմ է՝ յուրաքանչյուրիս ֆիզիկական մասնակցությանը սպասող:

Եվ, այդուհանդերձ, հնարավորություն ունեցանք հոկտեմբերի 15-ին Գորիսում մասնակցել մարտադաշտում հերոսաբար նահատակված հրամանատար, փոխգնդապետ Կարեն Հայրապետյանի հուղարկավորությանը:

Կարեն Հայրապետյանը հողին հանձնվեց Մեծ հայրենականում եւ Արցախյան գոյամարտում զոհված գորիսեցիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մերձակայքում օրերս հիմնված պանթեոնում: Ինքն այդ սրբավայր-պանթեոնի չորրորդ «բնակիչը» դարձավ: Վերջին օրերին այդտեղ էին իրենց հավերժական հանգրվանը գտել Արցախյան մերօրյա պատերազմի եւս երեք նահատակ, որոնցից յուրաքանչյուրին կանդրադառնանք առանձին հրապարակմամբ:

Մինչ այդ Սյունյաց թեմի առաջնորդանիստ եկեղեցում՝ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարում, ապա նորահիմն պանթեոնում կատարվեց Կարեն Հայրապետյանի թաղման կարգը՝ գլխավորությամբ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ, հոգեշնորհ տեր Մակար վարդապետ Հակոբյանի:

Պանթեոնում դամբանական խոսքով հանդես եկավ բանակային 1-ին կորպուսի ներկայացուցիչ, փոխգնդապետ Էդիկ Գրիգորյանը, ով մասնավորապես ասաց. «Կարեն Հայրապետյանն անմահացավ հերոսի մահով: Նա առյուծասիրտ այն քաջերից էր, ովքեր սրբորեն կատարեցին ու կատարում են իրենց պարտքը՝ գործելով ռազմական սխրանքներ եւ ապացուցելով իրենց որդիական սերը հայրենիքի հանդեպ, ինչպես եւ հավատարմությունը՝ զինվորական երդմանը:

Փա՛ռք քեզ, փոխգնդապետ Կարեն Հայրապետյան՝ սխրանքներով անմահացած քաջորդի, որ ընտրեցիր բարձունքներից ամենաբարձրը՝ հանուն հայրենիքի մարտիրոսվելու զոհասեղան-գագաթը:

Հավատացած եղի՛ր, քո սուրբ շիրմին ամեն անգամ կխոնարհվեն ամենաբուրումնավետ ծաղիկներն ու հայոց մարտական դրոշները, նաեւ նրանք, ովքեր հայրենիքի կանչով նույնպես կգնան սահման՝ պաշտպանելու հայոց սրբազան հողն ու մեր ազգային արժանապատվությունը»:

Կարեն Հայրապետյան նահատակի աճյունը գերեզման իջեցվեց զինվորական պատիվներով՝ Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների, ապա եւ հրազենային համազարկերի ներքո:

Մերօրյա հերոսին վերջին հրաժեշտը տալու եկած հարյուրավոր գորիսեցիների ցավի եւ արցունքի միջից, մինչդեռ, ցասումի եւ վրեժխնդրության կրակ էր ցայտում:

Հուղարկավորության ամբողջ ընթացքը յուրօրինակ եւ վերստին հավաստումն էր այն բանի, որ մեր հերոսների թափած ծով արյան պատասխանը մեկն է լինելու՝ հաղթանակ …

***

Կարեն Հայրապետյանը ծնվել է 1979 թ. Գորիս քաղաքում:

Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո կրթությունը շարունակել է ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, ավելի ուշ՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ապա՝ հրամանատարական դասընթացներում:

ՀՀ զինված ուժերում եւ Պաշտպանության բանակում հրամանատարական տարբեր պաշտոններ է վարել:

Ապրիլյան պատերազմի օրերին ՊԲ զորամասերից մեկի հրամանատարի տեղակալն էր եւ շտաբի պետը:

2020 թվականին նշանակվել է Սիսիանի N զորամասի հրամանատարի՝ մարտական գծով տեղակալ: Այդ կարգավիճակով էլ պատերազմի առաջին իսկ օրը մեկնեց  ճակատ:

Կարեն Հայրապետյանը հայրենիքին մատուցած բարեխիղճ ծառայության համար արժանացել է պետական եւ գերատեսչական տարբեր պարգեւների: Մասնավորապես՝ «Մարտական ծառայության մեդալ»-ի, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», «Վազգեն Սարգսյան», «Դրաստամատ Կանայան», «Գարեգին Նժդեհ» մեդալների:

Ամուսնացած էր, երեք զավակի հայր:

Մեծ հեղինակություն էր վայելում ծառայակիցների ու ճանաչողների շրջանում:

Աչքի էր ընկնում մարտական ու ֆիզիկական բարձր պատրաստվածությամբ, կազմակերպչական ունակություններով եւ հրամանատարական գնահատելի հմտություններով, կարողանում էր ճիշտ կողմնորոշվել մարտական բարդ իրավիճակներում:

***

Կարեն Հայրապետյանը, ինչպես նշեցինք, 2016 թ. ապրիլյան պատերազմի մասնակիցներից է:

Պատերազմին հաջորդած օրերին (30.04.2016 թ.) «Սյունյաց երկիրն» այցելել էր արցախաադրբեջանական շփման գծի հարավային թեւ:

Այցի արդյունքներն արտացոլված են  թերթի նույն տարվա մայիսի 4-ի համարում (N14)՝ «Մեր լինելիության ստույգ երաշխավորը 18-20 տարեկան զինվորներն ու նրանց հրամանատարներն են» վերտառությամբ:

Այցի ընթացքում հանդիպել էինք նաեւ ԼՂՀ  պաշտպանության  բանակի N զորամասի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ, փոխգնդապետ Կարեն Հայրապետյանին:

Ահա, թե ինչ էինք գրել այդ հանդիպման մասին նույն հրապարակման մեջ. «Անթաքույց հպարտություն ապրեցի,  երբ առաջնագիծը հսկող գնդի շտաբի պետի պաշտոնում տեսա զավակներիս համադասարանցուն՝ Կարեն Հայրապետյանին: Կարծես երեկ էր՝ մեր բակում կռիվ-կռիվ էին խաղում թաղի երեխաները, իսկ հիմա… առնականացած, քաջ ու կորովի տղամարդու տեսք ստացած փոխգնդապետ է՝ հայ սպայի ու հրամանատարի իր առաքելությունը լավագույնս գիտակցող, մարտական նոր գործողությունների, ամեն պահի կրակագիծ նետվելու պատրաստ, հերթապահության մեկնող տղաներին քաջալերող»:

Եվ այդ քաջորդու երկրային կյանքն ընդհատվեց 2020 թվականի հոկտեմբերի 12-ին՝ Հադրութի մերձակայքում, ադրբեջանա-թուրքական-ահաբեկչական ելուզակների դեմ մղվող անհավասար մարտերից մեկում:

Փա՛ռք քեզ,  հայ զինվոր, որ հանուն Հայոց սրբազան հողի չխնայեցիր կյանքդ անգամ:

Սամվել Ալեքսանյան

 

 

 

Մայիսի 22-ին և 23-ին Վերջին զանգ է․ հայտնի է՝ քանի շրջանավարտ կա հանրապետությունում

19.05.2026 17:54

Աստանայում քննարկվելու է ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի հարցը

19.05.2026 17:23

Արամ Ա-ն Վատիկանին կոչ է արել օգնել հայ գերիների ազատ արձակման հարցում

19.05.2026 17:22

Ավարտվեց Կապանի մարմնամարզության մասնագիտացված մարզադպրոցի գեղարվեստական մարմնամարզության ամենամյա բաց առաջնությունը

19.05.2026 16:55

Памятную табличку открыли рядом с бюстом Паскевича, сыгравшего ключевую роль для Армении

19.05.2026 15:56

Բաքվում հայերի դատավարությունները չեն համապատասխանում արդար դատաքննության պահանջներին. ICJ

19.05.2026 15:36

Մթերման կայանների վերաբերյալ մեր ծրագիրը լինելու է ամենալավ գործերից մեկը. Նարեկ Կարապետյանը՝ Մասիսում

19.05.2026 15:35

Ռուսական բանակը սկսել է միջուկային զորավարժություններ

19.05.2026 15:15

TRIPP-ն ավելի ու ավելի է կորցնում իր արդիականությունը․ Responsible Starecraft  

19.05.2026 14:55

ԱՄՆ-ի կողմից պшտերազմի շարունակման դեպքում կբացվեն այլ ճակատներ. Խամենեի

19.05.2026 14:52

«Սեւ ամպեր են կուտակվում» Սյունիքի մարզպետի գլխին

19.05.2026 14:42

Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության էջը փակելու հարցում. Ջեյհուն Բայրամով

19.05.2026 14:23