Գործազրկությունը Կապանի տարածաշրջանում

01.02.2019 14:23
1351

Գործազրկությունը Սյունիքի մարզում հանրապետության միջինից բարձր է, չնայած որ մարզում են գտնվում հանրապետության հանքարդյունաբերության երեք խոշոր ձեռնարկություն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային, Կապանի լեռնահարստացման եւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատները, քարհանքեր ու ավազահանքեր, լեռնային գետերը հնարավորություն են ընձեռում զարգացնելու հիդրոէներգետիկան՝ փոքր հէկ-երի տեսքով:

Ինչեւէ, երբ նշվում է գործազրկության մասին, թվերի լեզվով խոսելը պարզապես անհրաժեշտություն է դառնում: Մինչեւ 2014 թվականը զբաղվածության կենտրոնը մարզային կարգավիճակ ուներ, այժմ տարածաշրջանային է: Ուստի այս անգամ սոցիալական այդ երեւույթը ներկայացնում ենք Կապանի տարածաշրջանի օրինակով, որտեղ գործազրկությունն ընդհանուր գծերով հետեւյալ պատկերն է ներկայացնում: 2018թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ աշխատանք է փնտրում 1306 հոգի, որից՝ 933 կին, կենտրոնում գրանցված գործազուրկներ թիվը 1155 է, որից 828-ը՝ կին:

Ըստ մեր ձեռքի տակ ունեցած հաշվետվության՝ միջնակարգ-մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտածները եւս դժվարությամբ են աշխատանք  գտնում: Ընդհանուր առմամբ գործազուրկների թվակազմը կրթական մակարդակի առումով հետեւյալն է՝ բարձրագույն կրթություն ունեն 116 հոգի, որից 89 կին, միջին-մասնագիտական՝ 384, որից 336-ը՝ կին: Անզեն աչքով էլ նկատելի է բարձրագույն եւ միջին-մասնագիտական կրթություն ունեցող կանանց տեսակարար կշիռը որքան բարձր է: Փոքր-ինչ հուսադրող է այն փաստը, որ աշխատանքի տեղավորված 254 հոգուց 175-ը կին է: Կենտրոնի անվանումը հուշում է,  որ նրա հիմնական  նպատակը պիտի լինի աշխատանքի տեղավորելը: Այս առումով 2018-ին զբաղվածության կենտրոնի կողմից աշխատանքի տեղավորվածներից 34 հոգի զբաղմունք է գտել պետական ամենամյա ծրագրերով: 

Հաշվետվության մեջ մի թիվ էլ աչքի զարնեց. գործազուրկների կարգավիճակ ունեցողներից 281-ը գյուղաբնակ է, եւ դա այն դեպքում երբ հողն ինքնին աշխատատեղ է: Հայ շինականը, դարեր ի վեր հողի վրա տքնելով, հոգացել  է իր հանապազօրյա հոգսերը: Իսկ 1990-ականներին գյուղաբնակն ի՞նչ էր ստանում արտերկրից որպես բարեգործական օգնություն՝ կաթի փոշի եւ ամերիկյան չոր լոբի, մթերքներ, որ ինքը պիտի արարեր: Տրամաբանությունն այն է, որ պետք է կարթ նվիրել եւ ոչ ձուկ:

Անցնելով խնդրո առարկային, արդ ինչպիսի՞ն է զբաղվածության կենտրոն-գործատու փոխհարաբերությունը: Կենտրոնի տնօրեն Արթուր Հակոբյանի փոխանցմամբ, ով կառույցը ղեկավարում է 2014 թվականի հունիսից, կենտրոնը համագործակցում է 572 գործատուի հետ: Խոշոր ձեռնարկություններից պարտաճանաչը Կապանի լեռնահարստացման կոմբինատն է. «Հիմնականում մեզ դիմում են փոքր բիզնեսի ներկայացուցիչները՝ սպասարկման եւ հանրային սննդի օբյեկտների տերերը: Թեպետ այն էլ ասենք, որ այս վերջին շրջանում Լեռնաձորում կարի արտադրամաս բացվեց՝ կարող բանվորուհիների առաջարկ կա: Եվ որքան տեղյակ եմ, արտադրամասի ղեկավարը նախատեսել է ընդլայնել արտադրությունը»:

Ինչպես նշվեց, այս պահին զբաղվածության կենտրոնում գրանցված է 1155  գործազուրկ, բայց այդ թիվը չափազանց հեռու է Կապանի գործազրկության իրական պատկերն արտացոլելուց: Իրական թիվն անհամեմատ մեծ է, գործազուրկ մարդկանց մի ստվար մասը չի դիմում կենտրոն, ավելի շուտ՝ հույսն իր վրա է դրել, նաեւ մեծ մասը ցանկանում է դյուրին գործեր անել:

«Ցավոք, տարածաշրջանի ամենախոշոր ձեռնարկությունը՝ ԶՊՄԿ-ն, չի համագործակցում զբաղվածության կենտրոնի հետ, չի էլ համագործակցել, համենայն դեպս կոմբինատի թափուր աշխատատեղերի մասին կենտրոնում տեղյակ չեն: Կապանի լեռնահարստացման կոմբինատն իր թափուր աշխատատեղերի մասին պարբերաբար իրազեկ է պահում կենտրոնին, այս պահի դրությամբ նրանք  կապիտալ  շինարարության բաժնի պետի կարիք ունեն, եւ ոչ միայն պետի, նախեւառաջ բանվորի: Դիմում են մեզ, մենք էլ ներկայացնում ենք մեր գործազուրկներին: Ցավոք, ԶՊՄԿ-ն չի համագործակցում մեզ հետ, իսկ բնակչության մեծ մասը ցանկություն ունի աշխատել այդ ձեռնարկությունում, այդ մասին են վկայում Սյունիքի մարզպետին ու հանրապետության վարչապետին հղած դիմումները: Ցավոք, նրանք չեն համագործակցում, մենք էլ չենք կարողանում օգնություն ցուցաբերել»,- մանրամասնում է տնօրենը:

Ի սկզբանե գործազուրկներին տրվում էր նպաստ, ինչը պայմանավորված էր նրանով, թե գործազուրկն ինչ պատճառով է կորցրել աշխատանքը՝ կրճատմա՞ն, թե՞ սեփական դիմումի համաձայն: 2014-ի կեսերից  վերացվել է գործազուրկներին նպաստը հատկացնելու կարգը, ինչը կենտրոնի տնօրենը հետեւյալ կերպ է մեկնաբանում. «Նպաստները, բարեգործությունները մեր ժողովրդին ծուլության, անբանության են մղում, «ամենապահանջված» մասնագիտությունը գործազուրկների շրջանում պահակն է, ոչ մեկը չի ուզում հանքում աշխատել եւ բարձր աշխատավարձ ստանալ»:

Կենտրոնի տնօրենի հետ մեր հետագա զրույցը զբաղվածության ոլորտում իրականացվող պետական ծրագրերի մասին էր, որոնք միտված են գործազրկության փոքրիշատե մեղմմանը: Արթուր Հակոբյանի փոխանցմամբ՝ 2018 թվականին Կապանի տարածաշրջանում հինգ ծրագիր է ֆինանսավորվել պետության կողմից, այս տարում կիրականացվի 12 ծրագիր, որ եղել են նախկին տարիներին: Նախորդ տարվանից ավելացել է (փորձնական արվել է  եւ այս տարում հիմնավորապես կներդրվի) դայակների աշխատանքի փոխհատուցման եւ երիտասարդ մայրերի ուսուցման ծրագրերը: Առաջինի դեպքում աջակցությունը տրամադրվում է երեխայի մինչեւ երկու տարեկան լրանալը: Աջակցությունը տրվում է երեխայի խնամքի համար ծառայության մատուցման կամ աշխատանքային պայմանագրով սահմանված վարձատրության  50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձը, որ ներկայումս 55 հազար դրամ է: Դայակի վարձավճարի կեսը հատկացնում է զբաղվածության կենտրոնը, կամ որ միեւնույնն է՝ պետությունը: Գործող չափանիշների համաձայն՝ աշխատանքն ըստ դայակի ցանկության կարող է համարվել աշխատանքային ստաժ, եթե նա եկամտահարկ է վճարում:

Երիտասարդ մայրերի համար, ովքեր մասնագիտություն չունեն եւ առաջին անգամ պիտի աշխատաշուկա մտնեն, իրենց նախընտրած մասնագիտությամբ ուսուցում է կազմակերպվում՝ մինչեւ վեց ամիս ժամկետով: Այդ ընթացքում զբաղվածության կենտրոնն աշխատավարձ է վճարում ուսուցանվողին եւ այն կազմակերպությանը, որտեղ երիտասարդ  մայրն ուսուցում է անցնում:

Այս տարում վերականգնվել է նաեւ սեզոնային խթանման միջոցով գյուղացիական տնտեսություններին աջակցության ծրագիրը, որն առաջնահերթության կարգով իրականցվում է լեռնային, բարձր լեռնային եւ սահմանամերձ բնակավայրերում: Ծրագրի առավելագույն տեւողությունը երեք ամիս է, ծրագրի արժեքը չի գերազանցում 350 հազար դրամը:

Անասնաբուծությունը խթանելու համար եւս ծրագիր է գործում: Եթե գյուղաբնակը սեփական անասուն չունի (կով, ոչխար, խոզ) պետությունը մեկ միլիոն դրամ է հատկացնում: Այդ գումարով գյուղացին, ասենք, կարող է հղի կով գնել, եւ առաջին տարվա համար պետությունը ե՛ւ անասնակերի, ե՛ւ անասնաբուժական սպասարկման գումարն է հատկացնում:

2019 թվականին Կապանի զբաղվածության կենտրոնում իրակացվող ծրագրերն առնչվում են նաեւ աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորմանը, նրանց համար պրակտիկայի կազմակերպմանը, հաշմանդամություն ունեցող անձանց համար մասնագիտական ուսուցում կազմակերպելուն եւ այլն:

Ծրագրերը՝ ծրագրեր, բայց գործազրկության սահմանները նեղացնելու, բնակչության զբաղվածությունը փոքրիշատե ապահովելու համար անհրաժեշտ է պետական լուրջ քաղաքականություն, սրտացավորեն մոտեցում հիմնախնդրին, այլապես թվարկված ծրագրերը կաթիլ են օվկիանոսում:

Վահրամ Օրբելյան

 

 

 

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41

ԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանը

13.03.2026 14:34