Գրադարանային ոլորտի հիմնախնդիրների քննարկում Կապանում՝ Արա Խզմալյանի մասնակցությամբ

23.05.2023 13:06
698

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, մայիսի 17-18-ին աշխատանքային այցով գտնվելով Սյունիքում, այցելեց  «Սյունիքի մարզային գրադարան» ՊՈԱԿ:

Փոխնախարարի այցը, անշուշտ, սպասված իրադարձություն էր մարզային գրադարանում, քանզի հանրապետության մասշտաբով ոլորտի ղեկավարի կողմից  գրադարանների հանդեպ նման անմիջական և գործնական հետաքրքրության վաղուց ականատես   չէին եղել մարզկենտրոնի գրադարանավարները: Դա էր նաև պատճառը, որ մարզային գրադարանի ու Կապան քաղաքի գրադարանների գրեթե բոլոր աշխատակիցները, ինչպես և մտավորականության ներկայացուցիչներ, հավաքվել էին մարզային գրադարանի «Ամերիկյան անկյուն» կոչվող սրահում՝ հանդիպելու Արա Խզմալյանին: Ի դեպ, գրադարանի ամերիկյան անկյունը գործում է 2007 թվականից և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հանրության հետ կապերի բաժնի ու Սյունիքի մարզային գրադարանի միջև համագործակցության ուշարժան օրինակ է, նաև հաճելի միջավայր՝ ընթերցանության, գրքերի աշխարհի հետ հաղորդակցության համար:

Մարզկենտրոնի գրադարանավարների և մտավորականության ներկայացուցիչների հետ հանդիպումից առաջ Արա Խզմալյանը, «Սյունիքի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրենի փոխարինող Մերի Նուրիջանյանի ուղեկցությամբ, ծանոթացավ ընթերցասրահի, գրադարանային հավաքածուի համալրման և մշակման, սպասարկման, արվեստի, մանկական, մատենագիտական տեղեկատվության, գրադարանային հավաքածուի կազմակերպման, օգտագործման և պահպանման, գրադարանային գործի ավտոմատացման և էլեկտրոնային տեղեկատվության, ինչպես և ամերիկյան անկյան աշխատանքներին:

Բաժինների ղեկավարներ Զարուհի Մանգասարյանը, Ժասմեն Աբրահամյանը, Ծաղիկ Բաղդասարյանը, Ելենա Լալազարյանը, Արփինե Թումանյանը, Մերի Նուրիջանյանը, Սիլվա Սարգսյանը, Գայանե Կոնգուրը, Նունե Սարուխանյանն ու Մարիաննա Գասպարյանը ներկայացրին ե՛ւ ընթացիկ աշխատանքների վիճակը, ե՛ւ խնդիրները, որոնք ծառացած են մարզային գրադարանի առջև:

                                                                              ***

Այնուհետև տեղի ունեցավ հանդիպում Կապանի գրադարանավարների և մտավորականության ներկայացուցիչների հետ:

Հանդիպումը վարում էր «Սյունյաց երկիր» թերթի և «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի խմբագիր Սամվել Ալեքսանյանը, ով նախևառաջ կարևորեց համայնքներում և մասնավորապես սահմանամերձ բնակավայրերում գրադարանային գործի դրվածքը քննարկելու նախաձեռնությունը: Նշեց Սյունիքի հոգևոր-մշակութային կյանքի հանդեպ Արա Խզմալյանի ընդգծված ուշադրությունը, որի դրսևորումներից են մեր երկրամասում իրականացվող կրթամշակութային ծրագրերը՝ ԿԳՄՍ դրամաշնորհների շրջանակում:

ԿԳՄՍ փոխնախարարը նախ Սյունիքի մարզային գրադարանին նվիրեց  30 կտոր գիրք, որոնց մեջ հատկապես ուշագրավ էին Թումանյանի քառյակների ժողովածուն, Ռաֆի Կորտաշյանի՝ Արցախի մշակութային ժառանգությանը նվիրված  գիրքը (անգլերենով), Համո Բեկնազարյանին և Հայաստանի նկարիչների միության 90-ամյակին նվիրված ուսումնասիրությունները: Այնուհետև ներկայացրեց հանդիպման գլխավոր նպատակը և հանրապետության գրադարանային ոլորտում իրականացվող պետական քաղաքականության հիմնական ուղղությունները:

Բացման խոսքում Արա Խզմալյանը մասնավորապես նշեց. «Մենք շատ ենք ուզում, որ Սյունիքում մշակութային կյանքն ակտիվանա: Եվ ձգտում ենք մայրաքաղաքում տեղի ունեցող մշակութային միջոցառումները հնարավոր տարբերակներով կազմակերպել նաև Սյունիքում:

Մենք քաջատեղյակ ենք, թե ինչ վիճակ է տիրում համայնքային գրադարաններում և կուզենայինք այսօր զրուցել այդ խնդիրների շուրջ ու միասին ուղիներ որոնել՝ իրավիճակը շտկելու համար:

Մարզային գրադարանները որոշակի պետական աջակցություն ստանում են թե՛ տեխնիկական զինման, թե՛ գրքային հավաքածուների համալրման, թե՛ կադրերի վերապատրաստման ուղղությամբ: Նույնը, սակայն, չենք կարող ասել համայնքային գրադարանների մասին՝ մանավանդ համայնքների խոշորացումից հետո: Ասել է թե՝ համայնքային գրադարանները կանգնած են լուրջ մարտահրավերների առաջ:

Մեր պատկերացրած գրադարանն այսօր միայն գրքի սպասարկում և ընթերցանություն չի ենթադրում, այլև մշակութային միջավայր՝ ժամանցի հնարավորություններով, որտեղ այցելելու և գիրք ընթերցելու ցանկություն կունենա յուրաքանչյուր ոք:

Մենք կոնկրետ առաջարկություններ ենք արել մասնավորին՝ գրախանութներին, գրահրատարակիչներին՝ եկեք մշակենք մի մոդել, որը համահունչ կլինի այսօրվա մարտահրավերներին, որը մի կողմից բարենպաստ միջավայր կլինի պետական քաղաքականության իրականացման համար, մյուս կողմից շահավետ՝ մասնավորի համար, ներդնողի համար:

Ի պատասխան՝ արդեն մի քանի առաջարկ ենք ստացել և ցանկություն ունենք պիլոտային քայլերը սկսել Սյունիքից»:

Հանդիպման ընթացքում արծարծվեցին օրախնդիր բազմաթիվ հարցեր՝ մարզի գրադարաններին և ընդհանրապես գրադարանային ոլորտին առնչվող:

Առաջին հարցը, որ սպասելի էր Սյունիքի շուրջ տեղի ունեցող ռազմաքաղաքական զարգացումների համապատկերի վրա, հետևյալն էր՝ Սյունիքի սահմանապահ, լեռնային գյուղերի գրադարանների ձախողված վիճակը կարո՞ղ ենք ուղղել, թե՞ ոչ: Եվ առհասարակ՝ գյուղերում պե՞տք է ունենանք շատ թե քիչ ժամանակակից գրադարաններ, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչի՞ց սկսել: Իսկ եթե իսկապես մտադիր ենք գյուղական բնակավայրերում շտկել գրադարանային գործի վիճակը, ապա անհրաժեշտ է նախևառաջ կազմակերպել պետական վիճակագրություն, ինչն առայժմ բացակայում է համայնքային գրադարանների և կրթական հաստատությունների գրադարանների մասով, որի կարևորությանն անդրադարձավ նաև փոխնախարարը:

Ի պատասխան այդ հարցերի՝ Արա Խզմալյանը նշեց. «Համայնքային գրադարանների խնդիրներն ընդգրկված են նաև մշակութային ժառանգության պահպանման և զարգացման պետական ռազմավարության մեջ, որը հիմա հաստատման փուլում է: Ըստ այդ ռազմավարության՝ պետք է մշակել համայնքային գրադարանների կառավարման նոր մոդել: Առաջին քայլը, որ արել ենք այդ ուղղությամբ, հետևյալն է՝  հստակեցնել վիճակագրական բազան: Եվ տեսնում ենք՝ լուրջ խնդիրներ ունենք այդ ոլորտում, այսինքն՝ իրավիճակի ախտորոշման խնդիր ունենք նախևառաջ:

Մյուս կողմից՝ հասկանում ենք, որ 21-րդ դարում գրադարանը չի կարող լինել սոսկ գիրք սպասարկող հաստատություն, միայն գիրք սպասարկելով չենք կարող ընթերցողի հետ ակտիվ կապ ապահովել: Այդ առումով կարևոր է համապատասխան միջավայրի ստեղծումը, ինչի օրինակներն ունենք հատկապես մանկական գրադարաններում:

Խնդրի լուծման մի քանի տարբերակ ունենք. օրինակ, եթե կա մշակույթի պալատ կամ տուն՝ արդյո՞ք կարող ենք այն ծառայեցնել նաև որպես գրադարանային միջավայր, թե՞ ոչ: Իսկ եթե տվյալ բնակավայրում նման հնարավորություն չկա, միգուցե գնանք դպրոցական գրադարանների հիմքի վրա նման միջավայր ձևավորելո՞ւ ճանապարհով, որը մեր կարծիքով խնդրի լուծման լավագույն տարբերակը չէ:

Իսկ միգուցե մասնավոր հատվածի՞ն դիմենք, ինչը (իհարկե) չպետք է դիտարկել գրադարանային քաղաքականության ոլորտում պետության պատասխանատվությունը նվազեցնելու փորձ:

Ուստիև պետք է համայնք առ համայնք իրավիճակը պարզենք, հնարավորությունները ճշտենք, որից հետո կոնկրետացնենք անելիքները:

Հիմա գրախանութներից մեկի հետ պայմանավորվածություն ունենք և փորձում ենք, այնտեղ պատշաճ մակարդակ ստեղծելով, ակտիվացնել գիրք-ընթերցող կապը:

Ունենք նաև ընտանեկան գրադարանավարի ծրագիր:

Այդ բոլորով հանդերձ՝ չպետք է մոռանալ, որ ունենք էլեկտրոնային սպասարկման համակարգի ակտիվացման կարիք, էլեկտրոնային շտեմարանների բազան առավել հասանելի դարձնելու խնդիր:

Բոլոր այդ հարցերն օրակարգում են...

Ցավոք, տարիների ընթացքում ոտնահարվել, վարկաբեկվել են գրադարանի, գրադարանավարի կարգավիճակը, հանրային հեղինակությունը: Մինչդեռ գրադարանավարներն այն մարդիկ են, որոնց առաջ պետք է խոնարհվել, քանզի նրանք լուռ, անտրտունջ չափազանց կարևոր գործ են անում, ընդ որում՝ ոչ բարձր աշխատավարձով, բայց նվիրումով»:

Հանդիպմանը մասնակից գրադարանավարներին մտահոգում էին նաև նոր հրատարակվող գրքերի բարձր գները, որ հասանելի չեն փոքր գրադարաններին: Եվ ուրեմն՝ արդյո՞ք որևէ հսկողություն չկա վաճառվող գրքերի գների վրա:

Պատասխանելով հարցին՝ Արա Խզմալյանը նշեց. «Գրքի հրատարակությունն ամբողջապես մասնավոր հատվածի տիրույթում է, պետպատվեր չկա: Հրատարակիչներն էլ միմյանց հետ են մրցում: Մենք էլ ձգտում ենք հրատարակված գրքերից հասցնել գրադարաններին»:

Իսկ մի՞թե հնարավոր չէ գրադարաններում վճարովի ծառայություններ կազմակերպել, ինչը, ըստ գրադարանային աշխատողների, հավելյալ միջոց կլինի՝ կարևորելու գրադարանների դերն ու նշանակությունը, նաև բարձրացնելու գրադարանների աշխատանքի արդյունավետությունը:

Դա, ըստ էության, հնարավոր է, եթե տվյալ ՊՈԱԿ-ի կանոնադրությունը նման հնարավորություն ընձեռում է: Մյուս կողմից՝ որևէ վճարովի ծառայություն կազմակերպելու դեպքում այն միտված պետք է լինի գրքերի հանրայնացմանը, գիրք-ընթերցող կապի ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում հնչեցին այլ հարցեր ևս՝ հանրապետության մշակութային կյանքին առնչվող:

                                                                            ***

Ինչպես արդեն նշեցինք, հանդիպմանը մասնակցում էին նաև մարզկենտրոնի մտավորականության ներկայացուցիչներ, այդ թվում՝ Կապանի պատմության ճանաչված գիտակ, թանգարանային գործի երախտավոր Գրիշա Սմբատյանը, ով ստեղծագործող և հետազոտող մտավորականությանը մտահոգող հարցեր բարձրացրեց: Խոսքը հատկապես «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի հավաքածուներից օգտվելու սակագների, ինչպես և մայրաքաղաքային թանգարանների մուտքի վճարների կտրուկ բարձրացման մասին էր:

Արա Խզմալյանը խոստացավ՝ Հայաստանի ազգային արխիվին առնչվող հարցը քննարկել տվյալ կազմակերպության տնօրենի հետ:

- Անշուշտ, գները որոշում է ՊՈԱԿ-ը, և մենք չպետք է միջամտենք այդ գործընթացին, ողջամիտ կլիներ քննարկել տարբերակված գների ներդրման հարցը, այսինքն՝ եթե հեռավոր, սահմանամերձ համայնքներում կան գիտահետազոտական աշխատանքով զբաղվողներ, ապա նրանց համար սահմանել օպտիմալ և մատչելի գներ,- ասաց փոխնախարարը:

Ինչ վերաբերում է թանգարանների մուտքի վճարների գներին, ապա, ըստ Արա Խզմալյանի, ներկայումս քննարկվում է մինչև 12 տարեկան երեխաների համար թանգարանների մուտքն անվճար դարձնելու հարցը: Միևնույն ժամանակ շատ կարևոր է գնալ այն ճանապարհով, որ մշակույթն ու դրա հասանելիությունը քաղաքացուն (վճարի պատճառով) չբախվեն իրար: Մեզանում, ցավոք, այնպիսի սովորություն է ձևավորվել, որ ամեն ինչի համար գումար գտնում և տրամադրում ենք, բայց համերգ հաճախելու կամ ներկայացում դիտելու համար հրավիրատոմս ենք ուզում: Սխալ է մշակույթից օգտվելն իբրև անվճար ծառայություն դիտարկելը: Մշակույթը լուրջ աշխատանքի արդյունք է և պետք է գնահատվի ըստ պատշաճի: Իսկ սահմանամերձ համայնքի բնակիչների համար ամենաօպտիմալ տարբերակը շրջիկ ցուցահանդեսների կազմակերպումն է:

                                                                            ***

Հանդիպման ավարտին Արա Խզմալյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ հետաքրքիր ու արդյունավետ քննարկումի համար և հավաստիացրեց՝ հնչեցված հարցերն ու մտահոգություններն ուսումնասիրել՝ ողջամիտ լուծումներ գտնելու միտումով, նաև Սյունիքի մարզի ներկայացուցչին մասնակից դարձնել ԿԳՄՍ նախարարությունում կազմակերպվելիք՝ ոլորտի հիմնախնդիրներին նվիրված առաջիկա խորհրդակցությանը, որը գրադարանային գործում պետական քաղաքականությունը ներկայիս խնդիրներին համապատասխանեցնելու, առկա հարցերին համակարգային լուծում տալու նպատակ կունենա:

Եզրափակիչ խոսքում փոխնախարարը ևս մեկ անգամ շեշտեց գրադարանային համակարգի բարեփոխման վաղուց հասունացած խնդիրը. «Մենք կարիք ունենք գրավիչ դարձնելու, արդիականացնելու գրադարանային ինստիտուտը, մենք պարտավոր ենք չանտեսել այսօրվա մարտահրավերները, նոր կյանք մտնող պատանիների ու աղջիկների հոգեբանությունն ու հետաքրքրությունները: Մենք պետք է երիտասարդության աչքերով նայենք գրադարաններին: Իսկ դա, առանց ոլորտի հիմնարար ու բովանդակային փոփոխությունների, հնարավոր չէ կյանքի կոչել: Աշխարհում գրադարանային գործն այնպիսի թռիչքներով է սավառնում-զարգանում, որ պետք է առնվազն տեղյակ լինենք այդ ամենին, եթե, իհարկե չենք կարողանում մեր գրադարանները դուրս բերել զարգացման նման հուն»:

Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիայի նվագախմբի և «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն Նորայր Նազարյանը:

Մարի Նավասարդյան

Լուսանկարները՝ Շուշաննա Հարությունյանի

 

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19