Հակասական խոհերով հեռացանք Ալվանքից

17.02.2020 14:04
955

Հայաստան աշխարհում յուրաքանչյուր գյուղ իր ճակատագիրն ունի` ոչ մեկին չնմանվող, ինչպես, ասենք, Մեղրու տարածաշրջանի Ալվանքը։

Անցյալ տարվա մայիսին նշվեց գյուղի վերաբնակեցման եւ դպրոցի «հայացման» 30-ամյակը։ Եվ սույն հրապարակման մեջ հիմնականում անդրադարձ կլինի բնակավայրի համար այս կարեւոր փաստերին։

Պատմագիտության մեջ գյուղը հիշատակվում է մի քանի անվանումով, Ալիդարա (Ալդարա) անվան տակ մտել է Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի կազմում։ Ալիդարա-դարա (ձոր), Ալիի ձոր` տխուր ստուգաբանություն է։ Ըստ «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարանի» 1979-ին Ալվանքն ունեցել է 784 բնակիչ, մեծամասամբ` ադրբեջանցիներ։ 1988-ի իրադարձություններից հետո, երբ մեր հայրենակիցներին հարեւան հանրապետությունից բռնությամբ վտարեցին իրենց հայրենի օջախներից, նրանց մի մասը եկավ բնակություն հաստատելու Ալդարայում, որը վերանվանվեց Ալվանք։ Ի դեպ, վերաբնակները ցանկանում էին գյուղը կոչել Բանանց (նրանք բանանցցիներ էին), բայց բնակավայրը կրեց ներկայիս անունը։ Թեպետ դժվարությամբ, բայց բռնագաղթվածներն ընտելացան նոր միջավայրին եւ կենսապայմաններին, քանզի մի մասը քաղաքաբնակ էր։ Սովոր չէին գյուղական կենցաղին, անգամ վառարան վառել չգիտեին։

Դա մոտ երեք տասնամյակ առաջ, այժմ գյուղն ապրում է բնականոն կյանքով, համայնքի խոշորացումից հետո այստեղ որոշակի փոփոխություններ են եղել, անցկացվել է փողոցային լուսավորություն, այժմ Ալվանքը երեկոյան ժամերին եւ գիշերը թաղված չէ խավարի մեջ, միկրոավտոբուսն օրական երեք անգամ գյուղ է մտնում, հաճելի էր տեսնել, որ կանգառ է կառուցվել` նստարաններով եւ ծածկով։ Ալվանքում նաեւ աղբահանություն է իրականացվում։

Ի դեպ, բարեկարգ էր մայրուղուց մինչեւ գյուղապետարան ընկած ճանապարհահատվածը, իսկ ահա գյուղամիջի հրապարակի ծածկն այստեղ-այնտեղ բետոնով էր պատված, ինչը գյուղացիների նախաձեռնությունն է...

Գյուղը նաեւ որոշել է հավերժացնել մերօրյա պատերազմում ընկած համագյուղացիների հիշատակը, գյուղամիջում հուշաքար է տեղադրվել, որ գիր ունի. «Հավերժ հիշատակ Արցախյան գոյամարտի հերոսներին` Արտաշեսին, Բորիսին, Արայիկին»։ Իմանում ենք, որ տարբեր վայրերում եւ տարբեր ժամանակներում են զոհվել, բայց նրանց միավորողը հայրենասիրությունն էր։

Ալվանքում մեզ հանդիպած առաջին մարդը 53-ամյա Նորիկ Ղուկասյանն էր։ Ջրօգտագործողների ընկերությունում է աշխատում, հիմնարկի «Բելառուսն» է վարում։ Մեղրեցի է, բայց 20 տարի է` գործի բերումով Ալդարայում է, սակայն իր ասելով, մի քառակուսի մետր հող չունի (զարմացանք, գյուղում ապրես եւ հողակտոր չունենաս)։ Մեխանիզատորի հետ, այն էլ ՋՕԸ-ում աշխատող, մեր զրույցը ոռոգման ջրի մատակարարման մասին էր, ավելի ստույգ` այն մասին, թե արդյոք արդարացնում է վերջին տարիներին Մեղրիի տարածաշրջանում ներդրված ոռոգման ջրի ինքնահոս եղանակով մատակարարումը։ Տեղեկանում ենք, որ ինքնահոսով ոռոգման ջուր ստանում են ապրիլից մինչեւ հուլիսի կեսերը։ Երբ Մեղրի գետն ամռան տապից բարակում է, ոռոգման ջուր են ստանում Արաքսից` մեխանիկական եղանակով։ Դա էլ թերությունն ունի. Արաքսի տղմոտ ջրերից ջուր մատակարարող պոմպի շարժիչները շարքից դուրս են գալիս, ժամանակ եւ միջոցներ են օգտագործում դրանց անսարքությունը վերացնելուն։

Տարիներ առաջ շախով-շուխով, գյուղում, հանրապետության վարչապետ Արամ Սարգսյանի մասնակցությամբ ջրատարի բացման արարողություն է եղել, որից հեռավոր ու մարմրող հուշ է մնացել...

Դեռեւս 2000 թվականին ՀՀ կառավարության կողմից ընդունվել էր որոշում Մեղրու տարածաշրջանի հիմնախնդիրների լուծման միջոցառումների ծրագրի մասին, որում ներառվել էր Ալդարա գյուղի խմելու եւ ոռոգման ջրամատակարարման բարելավմանը միտված քայլեր, բայց տարիներ են անցել, նույնիսկ տասնամյակներ, բայց նույն ջուրն է, նույն ջրաղացը...

Ի դեպ, ավելի խնդրահարույց է խմելու ջուրը։ Մարդիկ գյուղի քյահրիզից են  ջուր կրում` հանապազօրյա հոգսերը հոգալու համար, օրական մեկ, մեկուկես ժամ։ Եվ դա 21-րդ դարում...

Ալվանքում, ինչպես ամենուր, այգեգործությամբ ու անասնապահությամբ են զբաղվում։ «Խոզ, կով, ոչխար են պահում, դրանով յոլա գնում»,- ասում է մեր զրուցակիցը։

«Ընտանիքն իր այգիով կարողանո՞ւմ է խնդիր լուծել», - հետաքրքրվում ենք։ Հարցին դրական է պատասխանում Նորիկը եւ հավելում, որ տնտեսություն կա մինչեւ 10-15 տոննա «կորոլյոկ» է հավաքում։

Մեր հաջորդ զրուցակցի` Դավիթ Թովմասյանի հետ զրույցը, նախեւառաջ, երիտասարդության զբաղվածության մասին էր, հարցերի հարցը բոլոր համայնքներում։ «Ջահելները հիմնականում պայմանագրային զինծառայողներ են, երկու-երեք հոգի Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում են աշխատում, նույնքան` Ալվանքի դպրոցում եւ ճանապարհաշինությունում»։

Գյուղից վերաբնակեցվելուց հետո արտագաղթ է եղել։ «Դատարկ տներ կան, բայց այնպես չէ, որ անտեր են մնացել, հարեւանը, բարեկամը տիրություն են անում»,- փոխանցում է Դավիթը։ Բայց նրա մյուս նախադասությունը լուրջ մտահոգության տեղիք  կարող է տալ, մանավանդ երկրի տերերին. «Անկախությունից մինչեւ էսօր գյուղի կեսը չկա... ով հնարավորություն ունի` գյուղից դուրս է գալիս»։ Ի դեպ, փակ տեսանք նաեւ գյուղի բուժկետի դուռը։

Ալվանքցիներին հուզող մյուս հարցը դեպի արոտավայրեր տանող ճանապարհն է. «Սովետի կոլխոզը վերացավ, այդ ճանապարհին այլեւս ոչ ոք չհետեւեց, սելավներն ու անձրեւները քանդեցին, հիմա անանցանելի է դարձել»,- ասում է Դավիթը։ Իսկ արոտավայրերն անասնապահությունը զարգացնելու կարեւոր միջոցն են, եթե ոչ ամենակարեւորը...

Ավելի բարձրում գտնվող Մալեւ եւ Ատկեզ բնակավայրեր (ցավոք սրտի, արդեն դատարկված եւ լքյալ) հնարավոր չէ գնալ։ «Այդտեղ խնձորուտ կար, բայց արդեն ծառերը չորացել են»,- հիշում են։ Ընդ որում` եկեղեցիների հետքեր կան, մեկը` կանգուն, հայկական գերեզմաններ, տների ավերակներ։

Կանգնած ենք գյուղի հրապարակում, եւ լեռան ավելի բարձր գոգին տան հետքեր ենք նշմարում։ «Հարթ վայրերում տներ չեն կառուցել, այգիներ են մշակել, ապրել, համ էլ վերեւ են բարձրացել` թշնամիներից պաշտպանվելու համար, 1960-ական թվականներին են իջել հարթավայրեր», - բացատրում են։

«Գյուղը դպրոցով է կանգուն»,- ճշմարտությունը մտմտալով շարժվում ենք կրթօջախի ուղղությամբ։ Ալվանքի դպրոցը դեռեւս խորհրդային տարիներին բարեկարգ վիճակում էր, կահավորված։ Այդ ամենի հետ կապված մի պատմություն կա. աշխարհահռչակ աստղագետ Վիկտոր Համբարձումյանն այցելել է Մեղրի եւ զրույցի ընթացքում ասել, որ «ադրբեջանական դպրոցներին պիտի լավ նայել»։ Սկզբում ոչ ոք չհասկացավ այդ խոսքերի իմաստը։ Այդժամ Վիկտոր Համբարձումյանը բացատրեց, որ այդպես պետք է, քանի որ ադրբեջանցիները լավ դպրոցում սովորելուց հետո գնում են Բաքու` ուսումը շարունակելու համար ու չեն վերադառնում, եւ դրանով իսկ գյուղում քչանում էր նրանց թվաքանակը։ Ինչքանո՞վ էր գործում այդ մարտավարությունը` դժվար է ասել, սակայն հետաքրքիր էր մտածված...

Ինչեւէ, երբ մոտենում էինք դպրոցին, տեսանք դպրոցականների, ովքեր աշխուժորեն ձնագնդի էին խաղում, եւ այդ ամենի մեջ ապրեցնող կենդանություն կար։ Դասաժամերն ավարտվել էին, եւ աշակերտների մի այլ խումբ ուսուցիչների հետ դպրոցի դարպասից դուրս էր գալիս։ Երիտասարդ ուսուցչուհի Անուշ Պետրոսյանը, ով 2018-ին ավարտել է Երեւանի մանկավարժական համալսարանի մագիստրատուրան «Հասարակագիտություն» մասնագիտությամբ եւ երկրորդ տարին է, ինչ դասավանդում է կրթօջախում, մեզ որոշ մանրամասներ հաղորդեց։ Դպրոցում 32 աշակերտ է սովորում, այս ուստարում երկու շրջանավարտ ունեն, ովքեր որոշել են բարձրագույն կրթություն ստանալ եւ վերադառնալ հայրենի գյուղ` հարազատ կրթօջախում դասավանդելու։ Գյուղն ունի նաեւ նախակրթարան, որի հինգ սանը նոր ուստարում ոտք կդնի Ալվանքի դպրոցի շեմին (շատ հուսադրող փաստ)։ Այժմ առաջին դասարանում միայն մի աշակերտ կա...

Դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սամվել Օհանյանը պատմում է դպրոցի մանկավարժական կազմի մասին։ Կրթօջախը հիմնական համալրված է ուսուցիչներով, բայց 8-9-ը դրսեկ են, ինքն ու Անուշն էլ Մեղրուց են գալիս։ Մտածում ես` կլինի՞ այնպես, որ դպրոցի բոլոր մանկավարժները տեղացի լինեն, իսկ դպրոցականների թիվն անցնի հարյուրից...

 

Վահրամ Օրբելյան

Հ.Գ.

Հակասական խորհրդածություններով թողեցինք Ալվանքը։ Որոշ ժամանակ հետո ճանապարհն արդեն անցնում էր Արաքսի մոտով։ Մայր գետն անվրդով այս անգամ իր պղտոր ջրերն էր հոսեցնում` բաժանված մի քանի մասի։ Մեքենայի մեջ գտնվողներս ակամա մտաբերեցինք երբեւէ Արաքսի մասին գրված ստեղծագործություններ, դրանց մեջ, թերեւս, Ռափայել Պատկանյանի «Արաքսի արտասուքը» բանաստեղծությունը.

 

Մայր Արաքսի ափերով

Քայլամոլոր գնում եմ։

Հին-հին դարուց հիշատակ

Ալյաց մեջը պըտրում եմ։

 

- «Արաքս, ինչո՞ւ ձկանց հետ

Պար չես բռնում մանկական,

Դու դեռ ծովը չհասած`

Սգավոր ես ինձ նման...

 

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25