Հանրակրթական 11 դպրոցի տնօրենի՝ կարգապահական տույժ. ինչո՞ւ

02.10.2017 15:12
2456

Սեպտեմբերի 11-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ստորագրությամբ տարածվել է կարգադրությունների մի փաթեթ, որի համաձայն մարզի տասնմեկ հանրակրթական դպրոցի տնօրեն ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:


Այսպես՝ Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Հովսեփյանին՝ նկատողություն, Գորայքի միջն. դպրոցի տնօրեն Մարտուն Թադեւոսյանին՝ նկատողություն, Քաջարանի թիվ 2 միջն. դպրոցի տնօրեն Սպարտակ Ստեփանյանին՝ նկատողություն, Հացավանի միջն. դպրոցի տնօրեն Արտակ Ստեփանյանին՝ նկատողություն, Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Սիրուշ Ակլունցին՝ նկատողություն, Արավուսի տարրական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Նարինե Ջհանգիրյանին՝ խիստ նկատողություն, Կապանի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանին՝ խիստ նկատողություն, Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Կարմեն Կարապետյանին՝ խիստ նկատողություն, Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Հրանտ Ազարումյանին՝ խիստ նկատողություն, Գեղիի միջն. դպրոցի տնօրեն Խորեն Տեր-Ստեփանյանին՝ խիստ նկատողություն, Մեղրու թիվ 2 միջն. դպրոցի տնօրենի պաշտոնակատար Մերի Հակոբյանին՝ խիստ նկատողություն:


Կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգադրությունների հիմքում միեւնույն եւ ոչինչ չասող ձեւակերպումն է՝ «հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի զեկուցագիրը»:


Տույժեր տալու պատճառները նույնպես նույն եւ ոչինչ չասող ձեւակերպումն ունեն՝ «կազմակերպության կանոնադրությամբ վերապահված լիազորությունները, ինչպես նաեւ հանրակրթական ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջները ոչ պատշաճ կատարելու համար»:


Իհարկե, մարզպետի լիազորությունները թույլ են տալիս հանրակրթական դպրոցի տնօրենին կարգապահական պատասխանատվության ենթարկել, բայց դրա համար որոշակի եւ ծանրակշիռ հիմքեր պիտի լինեն:


Մինչդեռ, մարզպետի կարգադրություններից չի երեւում, թե կոնկրետ ինչի համար են դպրոցի տնօրենները տույժ ստացել:


Ենթադրել կարելի է՝ կամ մարզպետը թաքցնում է տնօրենների թույլ տված խախտումների իրական ծավալը եւ բնույթը կամ տույժերը տրվել են բոլորովին այլ՝ դպրոցի հետ կապ չունեցող պատճառներով:


Առհասարակ, մարզպետարանի կողմից մարզի հանրակրթական դպրոցների կառավարումը վերջին շրջանում լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս:


Հենց այն փաստը, որ 11 դպրոցի ղեկավար պատշաճ չի կատարում (ըստ մարզպետարանի խոստովանության) հանրակրթության ոլորտը կարգավորող օրենսդրությունը՝ արդեն իսկ արտառոցություն է:


Տույժերի այդ շքերթը ցույց է տալիս, որ մարզպետարանի ամենամարդաշտ ստորաբաժանումը՝ կրթության վարչությունը, կազմաքանդված վիճակում է եւ լրիվ ավելորդություն է: Փաստը, որ չորս ամիս շարունակ վարչությունը ղեկավար չունի, խոսում է այդ մասին: Փաստը, որ վարչության պետին՝ Հովիկ Ալեքսանյանին, պաշտոնանկ են արել մի քանի նաժիշտի գայթակղելու համար՝ ավելի է խտացնում վարչության հանդեպ առկա անլրջության մշուշը: Փաստը, որ օգոստոսյան խորհրդակցությունում այդ վարչությունից մեկ հոգու անգամ արտահայտվելու ձայն չտվեցին, ծիծաղելի է դարձնում այդ կառույցի գոյությունն ընդհանրապես: Եվ վարչության՝ պարապությունից տառապող աշխատակիցներն իրենց համար փորձում են զբաղմունք հորինել՝ ըստ սեփական նախասիրությունների: Տարած-բերածը, օրինակ, ստանձնել է մարզպետարանի գերագույն գլխավոր բանսարկուի դերը, երեւանցիների կողմից անցանկալի անձ հայտարարված Հայկը հեռավոր գյուղերից եկած տնօրենների գլխին «մահակ» է բանեցնում՝ իբր ինքը կա եւ սկզբունքային է…


Մարզպետարանից, մինչդեռ, մեր աղբյուրները տեղեկացնում են, որ կրթության ոլորտը մարզում ղեկավարում է ոմն Միլենա՝ Երեւանից բերված: Անգամ Հովիկ Ալեքսանյանի օրերում նա էր վարչությունը ղեկավարում:


Պարզվում է նաեւ, որ ծաղկափթիթ այդ աղջիկն է փաստորեն եւ ինչ-որ առումով համակարգում Վահե մարզպետի գործունեությունը, փոխարինում նրան՝ բացակայության ժամանակ:


Բայց, հանուն արդարության, Միլենայի հանդեպ չպետք է այդքան խիստ լինել: Ի վերջո ո՞ր մի գործով զբաղվի հարգելի նաժիշտը՝ Վահեի՞ն ղեկավարի, Էլիզաբեթի ու Զարուհու խանդի՞ն դիմակայի, պրոֆիլակտորիայի անցուդա՞րձը վերահսկի, Վարդան տեղակալ-բուտաֆորի՞ն աշխատել սովորեցնի, մարզպետի աշխատասենյակ վազող հայտնի կին տնօրենների եկատերինյան խաղե՞րը զսպի, մրցակից աղջիկների՞ն մարզպետարանից դուրս մղի… Իսկապես, ո՞ր մի գործն անի: Եվ, այդուհանդերձ, բազմազբաղ խաթունը ժամանակ պետք է գտնի եւ մի փոքր ավելի զբաղվի Վահեի ու ընդհանրապես մարզպետարանի կառավարմամբ, չէ՞ որ այս փուլում իրեն է վստահված անկախ Հայաստանի ամենառազմավարական մարզի՝ Սյունիքի կառավարումը: Թե չէ ստացվում է՝ հանրակրթական դպրոցների 11 տնօրենի կարգապահական պատասխանատվության են ենթարկում, իսկ վերջիններս, նաեւ կրթության վարչության վայ պատասխանատուները չգիտեն՝ ինչի համար: Թե չէ՝ հանրակրթության մասին օրենսդրությունը, 150 շունչ ունեցող մարզպետարանի հայացքի ներքո, պատշաճ չի կատարվում առնվազն տասնմեկ դպրոցում…


Չէ, Միլենան, այնուամենայնիվ, վատ է կառավարում մարզպետ Վահե Հակոբյանին:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57