Հարթաշեն. չխամրող հուշ տխրահռչակ «Կոլցո» օպերացիայից

26.04.2013 18:41
2321

Մայիսի 7-ը տարվա այն օրերից է, որը, ցավոք, ընդմիշտ է հիշվելու Գորիսում: Եվ դա` 1991 թվականից: Այդ օրը` առավոտյան ժամը 6-ի սահմաններում, Ադրբեջանի տարածքում տեղաբաշխված խորհրդային բանակի եւ ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի ստորաբաժանումները խուժել են Գորիսի շրջանի սահմանամերձ գյուղեր, արտադրական օբյեկտներ եւ առանց իրազեկելու հանրապետության կամ շրջանի իշխանություններին, ձեռնարկել ահաբեկչական խուզարկումներ:
Արդյունքում` 47 հոգու վերցրել են պատանդ (հինգը` Գորիսի ՆԳ բաժնի աշխատակից, որոնց թվում` ՆԳ բաժնի պետի տեղակալ, ներկայումս Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իգնատ Բեգլարյանը): Խուզարկությունների ընթացքում միլիցիայի աշխատակիցներից մեկը զոհվել է, խաղաղ բնակիչներից մի քանիսը` վիրավորվել: Եղել են տնտեսական օբյեկտների, ենթակառույցների (այդ թվում` Կատարիի հեռուստաաշտարակի) ավերման դեպքեր: Գորիսի շրջանի «Զանգեզուր» թերթը (խմբագիր Սամվել Ալեքսանյան) այդ օրերին հանգամանալից լուսաբանել է մայիսի 7-8-ի ամբողջ անցուդարձն ու պատանդների ազատ արձակման համար Գորիսում ծավալված պայքարը: Շրջանային թերթում մանրամասն տեղեկություններ են հրապարակվել հատկապես Կորնիձոր, Տեղ, Արավուս, Ներքին Խնձորեսկ, Խնձորեսկ, Խոզնավար, Վաղատուր, Շուռնուխ, Կուրթկուլաղ (այնտեղ տեղաբաշխված էր անասնապահական մի խոշոր կոոպերատիվ) գյուղերում իրականացված խուզարկությունների մասին: Զարմանալիորեն չի լուսաբանվել Հարթաշենում տեղի ունեցածը: Իսկ այնտեղ, մինչդեռ, դրամատիկ իրադարձություններ են կատարվել, ինչի մասին մինչեւ հիմա հիշում են ականատեսները: Դժվարին այդ օրը Հարթաշենում կատարվածի մասին վերջերս «Սյունյաց երկրի» լրագրողին հետաքրքիր հուշեր պատմեցին Սուրեն Վարդանյանը (այդ օրերին` կուսակցության Գորիսի շրջկոմի 1-ին քարտուղար), Սենիկ Հովհաննիսյանը (Գորիսի պաշտպանության խորհրդի ղեկավարներից), Ռեդիկ Հայրապետյանը (այդ օրերին` Հարթաշենում շրջանային իշխանության ներկայացուցիչ), ճանաչված մանկավարժ Ռաֆիկ Սաշայանը, Հարթաշենի` այդ օրերի տնտեսության տնօրեն Հրանտ Բաղդասարյանը, դպրոցի տնօրեն Սվետա Ղազարյանը, Գուսան Արմոն եւ գյուղի շատ բնակիչներ: Մեր զրուցակիցներից մեկի` Ռեդիկ Հայրապետյանի (ով նաեւ այդ օրվա իրադարձությունների կենտրոնում էր, ավելի ստույգ` դիմադրության կազմակերպիչներից էր) վերհուշը` ստորեւ:

ՌԵԴԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
1991թ. մայիսի 7-ին էր: Խորհրդային Միությունը հոգեվարքի մեջ էր, եւ չնայած դրան, գործում էին երկրի կառավարման բոլոր ինստիտուտները: Ես կուսակցության Գորիսի շրջանային կոմիտեի կազմակերպական բաժնի վարիչն էի եւ շրջանային իշխանության ներկայացուցիչը Հարթաշեն գյուղում (այն ժամանակ աշխատանքի կազմակերպման նման ձեւ գոյություն ուներ):

Միութենական իշխանությունները Ղարաբաղում եւ հարակից հայկական ու ադրբեջանական որոշ շրջաններում (իսկ Արցախում այդ ժամանակ ազատագրական շարժումը թափ էր առնում, այնտեղ եւ մերձակա շրջաններում ուժեղանում էր հայ-ադրբեջանական հակամարտությունը) մտցրել էին արտակարգ դրություն: Արտակարգ դրություն էր հայտարարվել նաեւ Լաչինի, Կուբաթլիի եւ Գորիսի շրջաններում` զինվորական ստորաբաժանումներ մտցնելով այդ տարածքներ:
 …Այդ օրը Գորիսի շրջանային խորհրդում ինչ-որ խորհրդակցություն էր հրավիրված: Ի պաշտոնե ես որոշակի անելիքներ ունեի խորհրդակցությունը հրավիրելու եւ կազմակերպելու գործում, ու սովորականից շուտ էի աշխատանքի գնացել: Ժամը 9-ի սահմաններում ինձ կանչեց կուսշրջկոմի 1-ին քարտուղար Սուրեն Վարդանյանը եւ հանձնարարեց մեկնել Հարթաշեն, որտեղից եւս (ինչպես եւ շրջանի մի քանի գյուղերից) ահազանգ էր ստացվել` Ադրբեջանի տարածքից եկած ռուս զինվորականների միջոցով գյուղում կատարվող խուզարկությունների մասին:

Անմիջապես մեկնեցի Հարթաշեն: Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղուց թեքվելով դեպի Հարթաշեն տանող ճանապարհը, հանդիպեցի շրջկենտրոնում հրավիրված խորհրդակցությանը մասնակցելու համար Գորիս մեկնող Հրանտ Բաղդասարյանին (Հարթաշենի պետական տնտեսության տնօրեն) եւ Հենրիկ Քոչարյանին (գյուղխորհրդի նախագահ): Դա ինձ համար տարօրինակ, բայց եւ հանգստացնող երեւույթ էր. ուրեմն որեւէ արտառոց բան չի կատարվում գյուղում, այլապես գյուղի երկու ղեկավարը չէին մեկնի Գորիս: Նրանք գյուղում իրականացվող խուզարկությունը համարեցին այդ օրերին բնորոշ միջոցառում եւ անհանգստության նշաններ ցույց չտվեցին: Ես նրանց հետ չպահեցի ու շարունակեցի ճանապարհս: Հասնելով գյուղ` պարզեցի, որ Լաչինի տարածքից խորհրդային բանակի զինվորականները` թվով 25-30 հոգի, լրիվ սպառազինված, երկու զրահամեքենայով, մի քանի բեռնատար ավտոմեքենայով վաղ առավոտյան (երբ գյուղը դեռ քնած էր) մտել են գյուղ եւ սկսել խուզարկություններ: Երկու բնակարանում որսորդական հրացան, երկուսում էլ սառը զենք էին հայտնաբերել եւ մի քանի երիտասարդի` Գուսան Արմո, Վազգեն Գալստյան, Աշոտ Հակոբյան, Կարեն Սարգսյան (հայցում եմ նրանց ներողամտությունը, ում անունը չեմ հիշում), զենքի սպառնալիքով նստեցրել բեռնատարի մեջ: Ներկայացա օպերացիան ղեկավարող ռուս սպային (որքանով հիշում եմ, Գորիսի արտակարգ դրության շրջանի պարետը գնդապետ Մուդրովն էր) եւ շրջանի ղեկավարության անունից բացատրություն պահանջեցի կատարվածի համար:

Նա պատասխանեց, որ գործում են արտակարգ դրության մասին օրենքի տառին համապատասխան եւ որեւէ խախտում չեն կատարում ու չեն էլ պատրասվում որեւէ մեկին բացատրություն տալ: Ինչո՞ւ տեղական իշխանություններին տեղյակ չեն պահել, ինչո՞ւ մեր շրջանի զինվորականները տեղյակ չեն եւ այլն: Իմ այդ եւ նման բոլոր հարցերին նույն` մերժողական պատասխանն էր տրվում:

Հարթաշենում տեղի ունեցողի մասին հեռախոսով տեղյակ եմ պահում շրջանի ղեկավարությանը, որից հետո Գորիսից գալիս է Սուրեն Վարդանյանը` Գորիսի կուսշրջկոմի 1-ի քարտուղարը: Առանձին-առանձին զրուցում ենք սպաների հետ եւ խնդրում ազատել տղաներին, ովքեր գտնվում են զինվորականների հսկողության ներքո, բայց` անօգուտ: Ժամանակ շահելու համար պահանջում ենք ակտավորել եւ հայտնաբերված զենքը, եւ մարդկանց հսկողության տակ վերցնելու փաստը` ակտի մեկ օրինակը հանձնելով շրջանային իշխանությանը: Նրանք սկսում են ակտի օրինակ պատրաստել, իսկ ես նորից փողոց եմ ելնում` իրավիճակից դուրս գալու այլ ելք փնտրելու: Խուզարկությունը շարունակվում է, բայց ամեն ինչից երեւում է, որ զինվորականներն իրենց անելիքն արդեն ավարտել են եւ պատրաստվում են գյուղից տեղափոխել պատանդներին: Այդ ընթացքում, մինչդեռ, գյուղացիները, խորհրդային զինվորի հանդեպ ունեցած ավանդական ակնածանքին եւ գյուղին բնորոշ հյուրասիրությանը հավատարիմ, զինվորների համար նախաճաշի ճոխ սեղաններ էին բացում` չպատկերացնելով անգամ, որ խուզարկությունն արվում է մարդկանց ահաբեկելու, շրջանի սահմանները պաշտպանելու ելած տղաներին սարսափի մատնելու համար:

Փողոցում շրջապատված եմ ձերբակալված երիտասարդների հարազատներով: Անելանելի վիճակի մեջ եմ` չեմ կարողանում օգնել, արդեն չեմ կարողանում թաքցնել նաեւ վախս: Եվ բարձրաձայն հայտարարում եմ` ժողովուրդ, եթե տղաներին գյուղից հանեն, եթե Տեղ գյուղն անցնեն, նրանց այլեւս չենք կարողանալու հետ բերել:

Տագնապով ասածներս շատերը լուրջ չընդունեցին: Շրջապատիս տղաներից երկուսին դպրոց ուղարկեցի` պատվիրելով` դասերն ընդհատել, աշակերտներին դուրս բերել գյուղամեջ, նրանց պառկեցնել զրահամեքենաների, ավտոմեքենաների անիվների տակ եւ կասեցնել զինտեխնիկայի (որոնց մեջ են նաեւ պատանդված չորս երիտասարդը) շարժը:

Մի քանի րոպե հետո դպրոցի կողմից վազող երեխաներն արդեն մեզ մոտ էին: Մինչ այդ իմ գոռում-գոչյունը ոչինչ չարժեր, իսկ դպրոցականների աղմուկի ձայնը, կարծեք, կայծի դեր խաղաց: Այն սթափեցրեց թե՛ զինվորականներին, թե՛ գյուղացիներին: Թեեւ ուշացումով, բայց ակնհայտ դարձավ գյուղացիների ու հատկապես պատանդվածների հարազատների մտահոգությունը` տղաների ճակատագրի հանդեպ: Գուսան Արմոյի հայրն այնքան էր անհանգստացել, որ մի քանի օր հետո սրտի կաթված ստացավ: Գյուղացիները եւ դպրոցականները գյուղից դուրս եկող երկու ճանապարհը շրջափակեցին: Զինվորականները փորձեցին մեքենաներն անցկացնել արտերի միջով, բայց գիշերվա տեղացած ուժեղ անձրեւն ուղղակի անհնարին էր դարձրել արտով անցնելը:

Այդ ամենը Հարթաշեն գյուղում տեղի ունեցավ մինչեւ կեսօր կամ մի քիչ ավելի: Ժամը 12-ից հետո գյուղը շրջափակվեց Գորիսի ինքնապաշտպանական ջոկատի տղաներով, ովքեր գյուղ էին ժամանել Գորիսի պաշտպանության խորհրդի ղեկավարներ Սենիկ Հովհաննիսյանի, Համլետ Մկրտչյանի եւ Համլետ Ծատրյանի առաջնորդությամբ, եւ հին օդանավակայանի խաչմերուկում (կալի մոտ) փակել էին գյուղի ճանապարհը: Միաժամանակ օպերացիայի ղեկավարների հետ բուռն վիճաբանում էին Սենիկ Հովհաննիսյանն ու Սուրեն Վարդանյանը: Նրանք պահանջում էին անմիջապես ազատ արձակել ապօրինի խուզարկության հետեւանքով պատանդվածներին, վերադարձնել որսորդական հրացանները եւ հեռանալ գյուղից… Բոլոր այդ քայլերից հետո, իսկ ավելի ճիշտ` համբերությունից դուրս եկող ժողովրդի ընդվզումից խուսափելով, զինվորականները հրաժարվեցին պատանդներին գյուղից տանելու մտքից:

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

21.12.2024 09:29

Կապան համայնքի կանանց երգչախմբի համերգը

20.12.2024 21:31

Պահեստային տարածքի վարձակալության մրցույթ

20.12.2024 20:13

Մեղրիի փոքր թաղի վերածնունդը` պատմության եւ զբոսաշրջության նոր շունչ

20.12.2024 19:13

Ուկրաինան այլևս թույլ չի տա ռուսական գազի տարանցումն իր տարածքով. Զելենսկի

20.12.2024 18:06

Հարցազրույց Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» ստուդիայի ղեկավար Լիլիթ Վարդումյանի հետ

20.12.2024 17:09

Բաքուն ապօրինաբար կալանքի տակ պահվող 15 արցախցու մեղադրում է քրեական գործի 2,548 դրվագով

20.12.2024 16:10