Հարժիսի քարադարանը

06.06.2024 11:52
1178

Հարժիս գյուղը գտնվում է Գորիսի ներկայիս տարածաշրջանում, պատմական Սյունիքի Ծղուկ գավառում, Որոտան գետի ձախ ափի բարձունքում, ծովի մակերևույթից 1730 մ բարձրության վրա։ Գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է Ստեփանոս Օրբելյան պատմիչի «Սյունիքի պատմությունը» կոթողային գործում՝ մ․թ․ 839 թվականին՝ Սյունյաց թեմի առաջնորդ Տեր–Դավթի և Սյունյաց տեր Վասակի որդի իշխան Փիլիպեի միջև կնքված հավիտենական կտակում՝ իբրև Տաթևի հոգևոր կենտրոնի նոր սահման։

Սակայն Հարժիսի տարածքը, իբրև բնակատեղի (այդ տարածքում կա յոթ գյուղատեղի), ըստ նյութական մշակույթի հուշարձանների, հայտնի է բրոնզի դարից (բրոնզի դարը թվագրվում է մ․թ․ա․ 4-րդ հազարամյակի վերջից մինչև մ․թ․ա․ 1-ին հազարամյակ)։

Բնակավայրերի, ամրոցների և պաշտամունքային հուշարձանների առատ ներկայությունը միևնույն տարածքում վկայում են այն մասին, որ ներկայիս Հարժիս գյուղի և մերձակա տարածքները մ․թ․ա․ 2-րդ հազարամյակի վերջին և 1-ին հազարամյակի սկզբներին հանդիսացել են խոշոր վարչական ու հոգևոր կենտրոն։ Շատ հավանական է, որ Ուրարտական սեպագրերում հիշատակվող Ծուլուկու երկրամասի քաղաքներից մեկը հենց Հարժիսի տարածքում է եղել։

Գյուղի տարածքում ժամանակին գտնվել են նյութական մշակույթի բազմաթիվ հուշարձաններ, որոնց մի մասը տեղափոխվել է Գորիսի երկրագիտական թանգարան, որոշ հուշարձաններ էլ կամայականորեն տեղափոխվել են գյուղից ու գտնվում են մասնավոր անձանց մոտ։ Մի քանի հուշարձան էլ գտնվում է գյուղում։

Ներկայումս գյուղի դպրոցի տնօրեն Նորայր Եսայանի նախաձեռնությամբ և «ՍՕՍ արևելքի քրիստոնյաներին» կազմակերպության հովանավորությամբ աշխատանքներ են տարվում այդ հուշարձանները հայտնաբերելու, ի մի բերելու և գյուղի մշակույթի կենտրոնի բակում տեղակայելու համար։

Նախատեսվող քարադարանում արդեն իսկ իրենց մշտական տեղն են գտել որոշ հուշարձաններ։

Ի դեպ, վերջին շրջանում ակտիվացել է հնագետների հետաքրքրությունը Հարժիս գյուղի ներկայիս տարածքի հանդեպ։ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի վաղ հնագիտության բաժնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Մարիամ Շախմուրադյանի կարծիքով՝ «...Չգիտեմ՝ Հայաստանի մեկ ուրիշ վարյում կա՞ն հնագիտական նյութերի այսքան կուտակումներ, որքան Հարժիսում»։

Արդեն իսկ ընթերցողի սեղանին են հնագետ Օնիկ Խնկիկյանի կողմից գյուղի տարածքում 1980-ականներին կատարված պեղումների արդյունքները։

Դրանից հետո գյուղի տարածքում և շրջակայքում ուսումնասիրություններ են կատարել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ինչպես և ԵՊՀ–ի մի խումբ գիտնականներ։ Արդյունքում հոդված է հրապարակվել անգլերեն լեզվով։ Հեղինակներն են Հայկ Ավետիսյանը, Գագիկ Սարգսյանը, Արտակ Գնունին և Արսեն Բոբոխյանը։

Ստորև՝ Հարժիսի տարածքում հայտնաբերված հուշարձաններից մի քանիսը, որոնք տեղ են գտնում կամ տեղ կգտնեն քարադարանում։

  1. Քառակողմ կոթող, մարդակերպ կոթող (դրանցից և ոչ մեկը վիշապաքար չէ, ինչպես ենթադրում են որոշ գիտնականներ)։

Մեկն էլ պարզապես սյուն է՝ տաճարներին բնորոշ։ Տարածքում գտնվել են նաև սյան խարիսխներ․ այդ ամենը նշանակում է, որ տվյալ վայրում եղել է տաճար կամ տաճարներ են եղել։

Ի դեպ, մարդակերպ կոթողը (նիստերից մեկի վերջնամասում) ունի մարդու դիմապատկեր՝ երկարավուն դեմքով, կիսաբաց բերանով, կանոնավոր դիմագծերով։

Կոթողը գուցե և առնչվում է պտղաբերության աստված Ֆալլիի պաշտամունքին և սլացիկությամբ ուղղված է դեպի վեր։

Մարդու դիմապատկերով կոթողը տարիներ շարունակ ցուցադրվել է Երևանում՝ Հայաստանի պատմության թանգարանում կազմակերպված «Քարերը ժողովելու ժամանակը» խորագրով ցուցահանդեսում։

  1. Մարդակերպ կոթողներ՝ թվով 7 հատ։ Ըստ հնագետների՝ ելնելով կերտման առանձնահատկություններից, դրանք կարելի է բաժանել երկու խմբի։

Առաջին խումբը ներկայացված է ժողովրդական ավանդական ոճի քանդակներով։

Երկրորդ խմբի արձաններն արված են ավելի իրական ոճով և այս իմաստով համադրելի են սկյութական մարդակերպ արձաններին։ Սակայն դրանցում բացակայում են սկյութական կանանց կերպարներին բնորոշ հիմնական ատրիբուտները, ինչը ենթադրում է այս կոթողների տեղական ծագումը։

Մարդակերպ կոթողների վերաբերյալ վերոգրյալ տեսակետի հեղինակներն են պատմական գիտությունների դոկտոր Հայկ Ավետիսյանը, պատմական գիտությունների թեկնածուներ Արտակ Գնունին, Արսեն Բոբոխյանը, Գագիկ Սարգսյանը։

Ըստ նրանց՝ հաշվի առնելով տարածքին բնորոշ ընդհանուր հնագիտական զարգացումների առանձնահատկությունները, կարելի է դրանք թվագրել մ․թ․ա․ 2-րդ հազարամյակի վերջ-1-ին հազարամյակի առաջին կես։

  1. Մարդակերպ արձանների կամ կուռքերի այս շարքի երեք հուշարձանը պահպանվում են գյուղի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոցում։
  2. Եվս երկու հուշարձան, որ գյուղի տարածքից հանվել են կամայականորեն, պատկան մարմինները պարտավոր են վերադարձնել Հարժիս:
  3. Քարե կուռք, գտնվել է ներկայիս գյուղատեղիում: Կերտված է սպիտակագորշ որձաքարից, ունի 76 սմ բարձրություն եւ զարդարված է հինգ դիմաքանդակով: Մ.թ.ա. 2-րդ հազարամյակ: Պահվում է Գորիսի երկրագիտական թանգարանում:
  4. Գյուղի տարածքում գտնվող բազմաթիվ մենհիրներից երկուսը (նախնադարյան համայնական դարաշրջանի պաշտամունքային հուշակոթողներ՝ նվիրված նախնյաց հիշատակին):
  5. Մարդակերպ քանդակ կամ կուռք, որ  հայտնաբերվել է  2017 թվականին՝ գյուղի գերեզմանատանը հողային աշխատանքներ կատարելիս: 
  6. Կնոջ կիսամարմին՝ պոկված գլխով, բազալտ, բարձրությունը՝ 1.25մ, լայնությունը՝ 50սմ: Գտնվում է Հարժիսում՝ Արամ Սարգսյանի տնամերձում:
  7. Դիմամասը վնասված գլուխ, տեղական սպիտակ քար, բարձրությունը մոտ 50սմ, լայնությունը՝ 25սմ: Գտնվում է Արամ Սարգսյանի տնամերձ այգում: Երկու այս հուշարձանները գտել է Խաչատուր Սարգսյանը՝ 1942-ին: Հուշարձանների հետ կապված ավանդազրույց կա գյուղում՝ դրանց խորհրդավորության ու զորավորության մասին:
  8. 2023 թ․ գյուղի տարածքում գտնվել է սալաքար՝ երկու երեսին օձի պատկեր։

Ըստ հնագետ Մարիամ Շահմուրադյանի՝ նախնական տվյալներով հուշարձանը մոտ տասը հազար տարվա վաղեմություն ունի։ Եվ այն (դիցաբանության համաձայն) կարող էր լինել ջրի պաշտամունքի խորհրդանիշ։

Սամվել Ալեքսանյան

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08