Մի քանի օր է՝ մարդիկ բարձրաձայնում են էլեկտրաէներգիայի ու գազի ամսական հավելագրումների մասին։ Մարդիկ բարձրաձայնում են, որ անցած ամսվա համեմատ ծախսերը մի քանի անգամ գերազանցում են առանց ծավալների ավելացման։
«Քիչ առաջ ստուգեցի հունվար ամսին մեր բնակարանում սպառված գազի դիմած վարձավճարի չափը՝ 48 370 դրամ: Դեկտեմբերի համար այն կազմել էր մոտավորապես 33 000 դրամ: Բնակարանի ջեռուցման համակարգում կարգավորումների ոչ մի փոփոխություն չի եղել՝ ինչպես կար, այնպես էլ մնում է, եղանակն էլ, կարծես թե, հունվարին հիմնականում, եթե ավելի տաք չէ դեկտեմբերից, հաստատ ցուրտ էլ չէ: Ֆեյսբուքում մի քանի գրառումներ աչքովս ընկան ու հասկացա, որ միայն ես չէ, որ զարմացած եմ նկատելի տարբերությունից: Մինչդեռ դեկտեմբերի վերջին հայտարարվում էր, թե որքան էլ ՀՀ սահմանին թանկանալու է գազի գինը, դա չի ազդելու սպառողի վճարած գնի վրա: Պարզվում է՝ լավ էլ ազդում է։ Սա ի՞նչ է, սաբոտա՞ժ «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից, հանրությանը գրգռելու ձև, պայմանավորվածությունների խախտո՞ւմ, մեր վրա հավելյալ ճնշո՞ւմ: Ո՞վ է պաշտպանելու բնակիչների շահերը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։
«Առաջին լրատվական»-ը հավելագրումների հետ կապված պարզաբանում, էր խնդրել ՀԷՑ-ից ու «Գազպրոմ Արմենիա» ընկերություններից։ Երկու տեղից էլ նույնաբովանդակ պարզաբանում ստացանք։
«Ամանորյա տոներից հետո էլեկտրաէներգիա սպառող բաժանորդների մոտ հաճախ առաջանում են հարցեր՝ կապված էլեկտրաէներգիայի դիմաց ծախսերի և վճարումների հետ: Դա պայմանավորված է տոնական օրերին բաժանորդների՝ միջինից շեղված ծախսերի հետ: Նմանատիպ կամ ցանկացած այլ հարցի/բողոքի պարագայում օպերատիվ արձագանք ստանալու համար խնդրում ենք բաժանորդներին դիմել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, որտեղ գործում է հատուկ հանձնաժողով նմանատիպ խնդիրների պարզաբանման համար»,- ասված է ՀԷՑ-ի պարզաբանման մեջ։
«Սպառած գազի ծավալը հստակ հաշվարկվում է հաշվիչի ցուցմունքի հիման վրա, հաշվառման համակարգը շեղումներ թույլ չի տալիս: Ինչ վերաբերում է ավելի սպառած գազին, եթե մեր բաժանորդները պնդում են, որ նախորդ ամսվա համեմատ ավելի գազ է սպառվել, ապա այդտեղ հիմնական գործոնը եղանակային պայմաններն են: Այսինքն՝ ինչքան դրսի ջերմաստիճանը, արտաքին օդը ավելի սառն է լինում, այնքան տան ներսում ջերմային կորուստը բարձրանում է, ջեռուցման կաթսաների շահագործումն ավելի հաճախ է լինում:
Հիմնականում սա է պատճառը, այն բացատրվում է եղանակային պայմաններով»,- ասված է «Գազպրոմ Արմենիա» ընկերության պարզաբանման մեջ, որտեղ նաև հորդորում են բաժանորդներին, որ եթե կան մարդիկ, ովքեր համաձայն չեն ցուցմունքների հետ կամ բողոքներ ունեն, կարող են դիմել «Գազպրոմ Արմենիա», քանի որ իրենք պատրաստակամ են յուրաքանչյուր անհամաձայնության կամ բողոքի անհատապես անդրադառնալ։
Սպառողների իրավունքների պաշտպան Կարեն Չիլինգարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ նման բողոքներ ու դժգոհություններ գրեթե ամեն տարի այս ամիսներին լինում են, բայց ասել, որ հավելագրում է եղել, ճիշտ չի լինի։ «Գազի հաշվիչները դուրսն են գտնվում։ Չեմ կարող պնդել, որ տեսուչը շրջել, դրսում գտնվող հաշվիչներում փոփոխություն է արել։ Իսկ ով կասկածում է, կարող է գնալ անձամբ նայել թվերը, համեմատել։ Որ ասում են՝ մի քանի անգամ ավելի է, մի քիչ անհնար է։ Գուցե ինչ-որ բան է եղել»,- ասաց Չիլինգարյանը։
Իսկ բացառո՞ւմ եք, որ ՀԷՑ-ը կամ «Գազպրոմ Արմենիա»-ն, օգտվելով ձմռան ամիսներից, ինչ-որ մեխանիզմներ կիրառելով գնում են հավելագրումների, Չիլինգարյանը պատասխանեց. «Ես ինքս տեխնիկական կրթություն ունեմ, բացի դրանից՝ միշտ սպառողների իրավունքներն եմ պաշտպանում։ Բայց այս դեպքում մի քիչ անհնար եմ համարում հավելագրումներ կատարելը։ Մարդիկ խոսում են տասնապատիկ ավելի ծախսի մասին, այն դեպքում, որ ես անգամ կրկնակի ծախսն եմ անհնարին համարում։ Գուցե հունվար ամսին մարդիկ տանն են եղել, ավելի շատ են սպառել և այս տարբերությունը աչք է զարնում։ Ճիշտ է, շատ ցուրտ չէր, բայց ես ինքս ավելի եմ ծախսել, քան դեկտեմբեր ամսին»։
Մեր դիտարկմանը, որ դժգոհում են մարդիկ, ովքեր տոներին տանը չեն եղել, այդ դեպքում ի՞նչ կասեք, Չիլինգարյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, եթե առանձին դեպքեր կան, թող դիմեն, ստուգեն, վերանայեն։ Ես ինքս անհնար եմ համարում մի քանի անգամ ավելի հավելագրումները։ Կրկնում եմ, գուցե առանձին դեպքերում ինչ-որ տեխնիկական խնդիրներ են եղել»։