Հայակենտրոն, բալանսավորված․ ինչպիսի մոտեցումներ ունեն ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերը ՀՀ արտաքին քաղաքականության հարցում

17.11.2018 20:43
778

Tert.am-ը մինչ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկն ու քաղաքական ուժերի ծրագրերի հրապարակումը ներկայացնում է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի Հայաստանի՝ արտաքին քաղաքականության մասին մոտեցումները:

«Իմ քայլը» դաշինքինի մոտեցումները ներկայացնելիս ուժի ցուցակում 12-րդ հորիզոնականը զբաղեցնող և ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ ինչպես իրենք կես տարի առաջ են ասել, արտաքին քաղաքականության մեջ կտրուկ փոփոխություններ, շրջադարձեր չեն լինելու: 

«Սակայն դա չի նշանակում, որ չկան կետեր, որոնցում պետք է ակտիվանանք, կամ չկան կետեր, որտեղ պետք է պասիվանանք»,- ասաց նա: 

Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակի 5-րդ տեղը զբաղեցնող, կուսակցության նախընտրական շտաբի քարոզչության ղեկավար Արմեն Աշոտյանի խոսքով՝ իրենց  պատկերացումներն արտաքին քաղաքականության մասին խարսխված են Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգության միջավայրն ամրապնդելու գերխնդրի վրա:

«Արտաքին քաղաքականությունը մեր երկրի դեպքում պետք է նպաստի Հայաստանի և Արցախի անվտանգության ամրապնդմանը: Այս տեսակետից այն արտաքին քաղաքականությունը, որ վարում էր նախկին իշխանությունը, ի դեմս մեզ, լավագույնն էր և օպտիմալն էր Հայաստանի աշխարհաքաղաքական մարտահրավերների և դիրքի դեպքում: Դա ենթադրում է նաև, որ Հայաստանը չպետք է դառնա աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ: Հայաստանը պետք է առաջնորդվի բացառապես հայ ժողովրդի շահերով, արտաքին քաղաքական ոլորտում չսպասարկի այլոց քաղաքական շահը, տանի բազմաշերտ արտաքին քաղաքականություն՝ համադրելով աշխարհաքաղաքական վեկտորներ և ոչ թե հակադրելով այդ վեկտորները Հայաստանին»,- ասաց նա:

Արմեն Աշոտյանը, պատասխանելով հարցին, թե իր կարծիքով, որոնք են իրենց և հեղափոխության արդյունքում իշխանության եկած ուժի՝ ընտրած արտաքին քաղաքականության տարբերությունները, նշեց. «Այսօրվա իշխանությունների ամենամեծ երեք խնդիրներն արտաքին քաղաքականության ոլորտում հետևյալն են՝ արկածախնդրությունը, ոչ պրոֆեսիոնալիզմը, արտաքին քաղաքական ռեվերանսների շնորհիվ  սեփական իշխանությունն ամրապնդելու մոլուցքը: Ավելի մանրամասն այս խնդիրների մասին կխոսենք քարոզարշավի ընթացքում»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակի 4-րդ տեղը զբաղեցնող Նաիրա Զոհրաբյանն էլ, ներկայացնելով իրենց ուժի տեսլականը արտաքին քաղաքականության մասին, ասաց, որ այն առանձնապես չի փոխվել նախորդ խորհրդարանական ընտրություններից հետո, առաջնահերթություններն ու գերակայությունները նույնն են, ինչ եղել են իրենց նախորդ ընտրությունների նախընտրական ծրագրում։
 
«Մեր արտաքին քաղաքականության գերակայությունը Հայաստանի Հանրապետության պետական շահի գերակայությունն է: Եվ այս առումով մենք կարևորել ենք Ռուսաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունները և շատ կարևորում ենք մեկ տարի առաջ ստորագրված Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը, որը որակական նոր փուլ է տեղափոխում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները»,-ասաց նա:

Վերջինս նկատեց, որ հատկապես հեղափոխությունից հետո շատ ակտիվացել են ՀՀ-ԵՄ և նաև ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները: «Մեր գերակայություններից են նաև Չինաստանի հետ մեր հարաբերությունները՝ որպես աշխարհի խոշորագույն բևեռներից մեկը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը համագործակցության  հուշագիր է ստորագրել Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ»,- ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ իրենց ուժի արտաքին քաղաքականության ոլորտում առանցքային դրույթներից մեկն է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը խաղաղ բանակցային ճանապարհով լուծելը, որի հիմքում դրված է երեք սկզբունք՝ ազգերի ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն և ուժի չկիրառման սկզբունքը:

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության ցուցակում 2-րդ տեղը զբաղեցնող Արսեն Համբարձումյանի խոսքով էլ՝ իրենք, հաշվի առնելով Հայաստանի սպառնացող վտանգները, անկարելի են համարում ցանկացած կտրուկ շրջադարձը արտաքին քաղաքականության ոլորտում։

«Հայաստանը միանշանակ պետք է բացառի «կամ-կամ»-ի քաղաքականությունը և շարունակի իր քաղաքականությունը: Եվ այս առումով կարևոր է, որ Հայաստանը կայունացնի հարաբերությունները թե՛ Վաշինգտոնի, թե՛ Բրյուսելի, թե՛ Մոսկվայի հետ: Պարտադիր չէ, որ այդ պետությունները կիսեն մեր մոտեցումները, պետք է տարբեր ուժային կենտրոններում խոսել տարբեր ձևերով, բայց մշտապես մեր ասելիքը պետք է բխի մեր կենսական շահերից և չպետք է ուղղվի ուժային կենտրոններից որևէ մեկի դեմ»,- ասաց նա:

Արսեն Համբարձումյանի խոսքով՝ ներկայիս իշխանությունների հետ քննարկումների ժամանակ անդրադարձել են այդ հարցերին: Ըստ նրա՝ իրենց համար կարևոր հարց է եղել Հայաստանի ընտրությունները՝ վեկտորներ պարագայում: 

«Մեր քննարկումների ժամանակ, կարծես թե, ընդհանուր հայտարար ձևավորվել է մոտեցումների նույնականության վերաբերյալ: Մեզ համար կարևոր է, որ վարչապետը հիմնովին վերանայել է նախկինում ունեցած իր մոտեցումները ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի հետ կապված: Բայց միայն հայտարարելը, որ վեկտորալ առումով Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի փոխվել, բավարար չէ: Դա չի նշանակում, որ մենք ունենք արդյունավետ քաղաքականություն, այն պետք է լինի նաև արդյունավետ՝ շատ հստակ նախաձեռնություններով և քայլերով, ինչը տեսանելի չէր անցնող ամիսների ընթացքում»: 

Արցախյան հիմնախնդրի լուծման հետ կապված էլ, ըստ Արսեն Համբարձումյանի, իրենց քաղաքական ուժը շարունակում է մնալ այն համոզմանը, որ օր առաջ պետք է ռազմական համագործակցության համաձայնագիր կնքել Հայաստանի և Արցախի միջև:

«Արցախին չպետք է թողնել միայնակ: Հայաստանն այստեղ հստակ պատասխանատվություն ստանձնելու հարց ունի: Թեև  բանակցային գործընթացը կարևորում ենք, բայց դրանից  չպետք է բխի, որ Հայաստանը բանակցային սեղանին զիջի: Ազատագրված տարածքների հարցը մենք դիտարկում ենք որպես Հայաստանի և Արցախի ռազմական ամրության հիմնական երաշխիքը, և քանի դեռ Ադրբեջանի կողմից չի ընդունվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանի հետ բովանդակային բանակցություններ ակնկալել պետք չէ: Եթե հետագա բանակցային գործընթացում խոսք գնա փոխզիջումների մասին, ապա դրանք պետք է լինեն համաժամանակյա, համարժեք և անշրջելի»,- ասաց նա:

«Մենք» դաշինքի ցուցակի 3-րդ համարի թեկնածու Անժելա Խաչատրյանի խոսքով էլ՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ «Մենք» դաշինքում համախմբած «Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունները միշտ առաջ են քաշել ՀՀ-ն եվրոպական մոդելի երկիր դարձնելու մոտեցումը: Ըստ նրա՝ դա հստակ է։ 

«Մենք համոզված ենք, որ Հայաստանի զարգացմանն էապես կնպաստի ԵՄ-ի հետ հարաբերությունների էլ ավելի ընդլայնումը, ինտեգրացիոն առավել բարձր մակարդակի սահմանումը և ի վերջո եվրոպական ընտանիքի լիիրավ անդամակցումը»,- ասաց նա: 

Նա նաև հավելեց՝ ԵԱՏՄ անդամակցության վերաբերյալ բազմիցս նշել են, որ դա ՀՀ արտաքին քաղաքական ամենամեծ վրիպումն էր: «Անդամակցության այս ընթացքն էլ ապացուցել է, որ ԵԱՏՄ-ը ոչ միայն Հայաստանի, այլև մյուս անդամ պետությունների համար արդյունավետ կառույց չէ, քանզի հնարավորություններ ստեղծելու փոխարեն խոչընդոտներ և սահմանափակումներ է առաջացնում»,- ասաց նա:

Անժելա Խաչատրյանի խոսքով՝ իրենք կարծում են, որ  Հայաստանը պետք է հարևանների հետ, մասնավորապես Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունները էլ ավելի բարձր և փոխվստահելի մակարդակի հասցնել։ «Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման առումով բանակցությունները պետք է ընթանան առանց նախապայմանների»,- ասաց նա:

Արցախի խնդրի հետ կապված էլ, ըստ «Մենք»-ի թեկնածուի, իրենց դիրքորոշումը հետևյալն է՝ Արցախի խնդրի միջազգային ասպեկտը քննարկման ենթակա է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ՄԱԿ-ի կանոնադրության և ԵԱՀԿ Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների, ինչպես նաև՝ 1994-95թ.թ. հրադադարի ռեժիմի եռակողմ համաձայնագրերի համաժամանակյա հարգման և պահպանման պայմաններում: 

«Արցախյան հակամարտության հետևանքները հնարավոր է վերացնել բացառապես դրա պատճառների աներկբա ճանաչման, սիմետրիկ և փաթեթային սկզբունքներով լիակատար վերացնելու ճանապարհով: Արցախի ու նրա ժողովրդի անվտանգության կատարյալ միջազգային երաշխիք նրա ճանաչվածությունն ու լիարժեք ինտեգրումն է միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին»,- ասաց նա: 

Խորհրդարանական ընտրություններում «Սասնա Ծռեր» կուսակցության ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող պատգամավորության թեկնածու Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ իրենց քաղաքական ուժի համար արտաքին քաղաքականությունը պետք է լինի հայակենտրոն: «Իսկ դա նշանակում է, որ պետք է տարբեր կենտրոնների հետ աշխատել՝ Արևմուտքի և արևմտյան ինստիտուտների հետ՝ Եվրամիություն և ՆԱՏՕ: Անպայման պետք է ակտիվ աշխատել Իրանի, Չինաստանի հետ»,- ասաց նա:

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ Հայաստանը պետք է աշխատի նաև Ռուսաստանի հետ, բայց այդ դեպքում իրենք ունեն վերապահում: «Դժբախտաբար, ԱՊՀ շրջանակներում եղած ինստիտուտները միշտ չեն արտահայտում հայ ժողովրդի շահերը: Այստեղ է, որ պետք է փորձ արվի Ռուսաստանի հետ ավելի հավասարը հավասարի հետ հարաբերություններ հաստատել և հեռանալ վասալային հարաբերություններից: Վտանգավոր է միայն մեկ կենտրոնի հետ կապել անվտանգային համակարգը»,- ասաց նա:

Արցախի հիմնախնդրի լուծման մասով, ըստ Ստեփան Գրիգորյանի, իրենք ունեն հեռանկարային մոտեցում՝ Հայաստանի և Արցախի միացումն է: «Բոլորը դրան կողմ են, բայց կարծում եմ, որ դա շատ կոշտ դիրքորոշում է: Ո՛չ: Պետք է լինի միացումը մոտ ապագայում, բայց դա պետք է լինի փուլերով. ոչ ոք չի ասում, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է փակվի, ոչ ոք չի ասում, որ բանակցությունները պետք է թեթև լինեն: Մենք պետք է մեր առջև դնենք խնդիր Հայաստանի միացման և ըստ դրա մեր քայլերն անենք»,- ասաց նա՝ նշելով, որ այդ քայլերից մեկը կարող է լինել, օրինակ, երկու կողմերի միջև տարբեր ոլորտներում համագործակցության ակտիվացումը:

«Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակն առաջնորդող Լևոն Շիրինյանի խոսքով՝ իր ներկայացրած քաղաքական ուժը հայամետ է, իսկ դա նշանակում է, որ իր ընտրած արտաքին քաղաքականությունն էլ պետք է լինի «Հայաստանակենտրոն»: «Դա նշանակում է, որ մենք կողմնորոշումների քաղաքականությունը դատապարտում ենք, չենք ընդունում: Դա նաև նշանակում է, որ մեր կուսակցության կողմից արտաքին քաղաքականությունը կառուցվում է արտաքին ուժերի հաշվեկշիռների համադրման միջոցով․ փոխվում է հաշվեկշիռը, փոխվում է նաև կուսակցության հետաքրքրությունը որևէ երկրի հանդեպ»,- ասաց նա՝ նշելով, որ իրենց մոտեցումները ծայրահեղացված չեն, գեոստրատեգիական է կոչվում, և նշանակում է, որ պետք է փորձել բոլորի հետ հարաբերությունները պահել և իմանալ առաջնահերթությունները: 

«Օրինաց երկիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահե Թորոսյանի ներկայացմամբ էլ՝ իրենք կողմ են բալանսավորված քաղաքականությանը․ Հայաստանը պետք է զարգացնի իր հարաբերությունները թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ: «Դա բխում է Հայաստանի շահերից»,- ասաց նա՝ նշելով, որ իրենք կողմ են, որ աշխարհաքաղաքական զարգացումներում Հայաստանը վարի հայակենտրոն քաղաքականություն: 

ՔՈ ՍԴԿ-ի («Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության) մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանի ներկայացմամբ՝ իրենց ուժի արտաքին քաղաքական տեսլականը հենված է երկու կարևոր սյուների վրա՝ պետական շահի 100 տոկոսով սպասարկման և միջազգային իրավունքների և պարտականությունների իրականացման վրա։ 

«Սա գործնականում նշանակում է, որ մենք հանձն ենք առնելու մեր բոլոր արտաքին գործընկերների հետ նոր հանգամանքներում քննարկել հին պայմանավորվածությունները, ի շահ մեզ և ի շահ մեր գործընկերների դրանց նոր շունչ հաղորդել։ Կարող են լինել բաներ, որոնք, կպարզվեն, որ փոխելու կարիք չկա, և կարող են լինել բաներ, որոնք արդեն մեր ու մեր գործընկերների համար արդիական չեն։ Պետք է հստակեցվի մեր իրավունքների ու պատասխանատվության շրջանակը»,- ասաց նա: 

«Ազգային Առաջընթաց» կուսակցության ֆեյսբուքյան էջում իրենց մոտեցումները ներկայացնող գրառման մեջ նշված է, որ ըստ նրանց՝ արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը պետք է հիմնված լինի ազգային շահերի գերակայության գաղափարի վրա և ուղղված լինի հարևան երկրների, հատկապես Վրաստանի ու Իրանի հետ, բարեկամական, փոխշահավետ և կայուն հարաբերությունների հաստատմանն ու պահպանմանը: 

«Այս հարաբերությունները պետք է նաև հնարավորինս զերծ մնան աշխարհաքաղաքական կենտրոնների պայքարից ու հակասություններից»,- նշված է գրառման մեջ: 

Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերից միայն «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հրաժարվեց պատասխանել Tert.am-ի հարցերին՝ նշելով, որ իրենք նպատակահարմար են համարում իրենց արտաքին քաղաքականությունը ներկայացնել նախընտրական ծրագիրը հրապարակելուց հետո:

Հռիփսիմե Հովհաննիսյան

 

 

 

 

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25