Հայոց Փառանձեմ թագուհու եւ լեգենդար Արամ Մանուկյանի ծննդավայր Դավիթբեկ սահմանապահ գյուղի վաղվա օրը՝ մտահոգության առարկա

26.11.2020 10:39
7424

Կապանի տարածաշրջանի Դավիթբեկ գյուղում էինք՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարից հետո առաջին անգամ…
Բարգուշատի լեռնաշղթայի հյուսիսային ստորոտում` Քաշունիք գետի հովտում, անտառապատ վայրում գտնվող այդ գյուղը մատենագիտության մեջ հիշատակվում է նաեւ Զեյվա, Զեյվա Մյուս, Ներքին Զեյվա անվանումներով:
Դավիթբեկ է վերանվանվել 1949 թ. հունիսի 29-ին:
Ըստ Րաֆֆու՝ բնակիչներն այստեղ են տեղափոխվել Ձորքի Զեյվայից 1830-ական թվականներին, սակայն տեղաբնիկները միշտ էլ եղել են (իսկ պարսկերենում «զեյվա» նշանակում է ամրոց):
Այստեղ է ծնվել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, լեգենդար Արամ Մանուկյանը, ում հուշարձանը կարելի է տեսնել գյուղ մտնելիս:
Հետազոտողների մի մասն այս գյուղը համարում է Սյունյաց նահապետ Անդովկի դուստր, Հայոց փառահեղ թագուհի Փառանձեմի ծննդավայրը:
Գյուղը բազում քրիստոնեական սրբավայրեր ունի. արեւելյան կողմում կա մի կիսավեր մահարձան (ըստ տեղացիների՝ 10-րդ դար), նույն կողմում՝ երեք կմ հեռավորությամբ, Տախ կոչվող եկեղեցին է՝ համանուն ավերակ գյուղում, որի բնակիչները Դավիթբեկ են տեղափոխվել 19-րդ դարում:
Գյուղի կենտրոնում է Սուրբ Ստեփանոս կանգուն եկեղեցին (1866 թ.):
Այդ սրբավայրի հարեւանությամբ է գտնվում հոգելույս Միրիկ Մնացականյանի կառուցած (2008 թ.) Սուրբ Գայանե տաճարը:
Վերջին տասնամյակներում, սակայն, բնակավայրը ձեռք է բերել նաեւ սահմանապահ գյուղ-ամրոցի նշանակություն:
Արցախյան առաջին պատերազմի տարիներին (1990-ական թվականներ) գյուղի արեւելյան եզերքով էր անցնում կրակագիծը: Եվ քանիցս թիրախավորվել էր թուրք-ազերիների կողմից ու միշտ էլ հերոսական դիմադրություն ցույց տվել, նաեւ հակահարձակման անցել ու մեծ վնասներ պատճառել ագրեսորին:
Գյուղը, ցավոք, ռազմական գործողությունների առաջնագիծ դարձավ նաեւ Արցախյան երկրորդ պատերազմի օրերին՝ 2020 թ. հոկտեմբեր-նոյեմբերին: Թեեւ հերոսական պահվածք ցուցաբերվեց, սակայն մարդկային անդառնալի կորուստներ եղան (զոհվեց վեց հոգի), մարմնական լուրջ վնասվածքներ ստացավ 16 խաղաղ բնակիչ ու կամավորական, էական վնաս հասցվեց գյուղի տնտեսությանը:
 Եվ ամենակարեւորը՝ վերականգնվեց կամ վերականգնվում է հայ-ադրբեջանական խորհրդային սահմանը, որն անցնում է գյուղի արեւելյան եւ հյուսիս-արեւելյան եզրագծից մեկ-երկու կմ հեռավորությամբ:
Փաստորեն` պատերազմը հայոց հնամենի այդ բնակավայրը նոր եւ մտահոգիչ իրողությունների առջեւ է կանգնեցրել:
Եվ, բնականաբար, գյուղի վաղվա օրը մտահոգում է մարդկանց:
Դրանք պարզելու համար էլ նոյեմբերի 24-ին զրուցեցինք 76-ամյա Լյուդվիգ Պողոսյանի հետ, ով Արցախյան առաջին պատերազմի տարիներին Դավիթբեկի տեղական իշխանության ղեկավարն է եղել, նաեւ գյուղի ինքնապաշտպանության կազմակերպիչներից մեկը:
Իհարկե, գյուղն այս օրերին մարտական վիճակում է, դիրքերում հուսալի պաշտպանություն է իրականացվում, բնակիչներն աստիճանաբար տուն են վերադառնում, ովքեր հայտնի ռմբակոծությունների պատճառով ժամանակավորապես Կապան էին տեղափոխվել, մի խոսքով՝ կյանքը գյուղում բնականոն հուն է վերադառնում…
Սակայն, ըստ Լյուդվիգ Պողոսյանի՝ «գյուղի ներկա վիճակն անորոշ է, չգիտենք, թե ի՞նչ զարգացումներ են սպասվում գալիքում»:
Դավիթբեկի արեւելյան եւ հյուսիս-արեւելյան սահմանագծում երբեմնի ադրբեջանական Չարդախլու, Ակն, Թարալու գյուղերն են: Իսկ բնակավայրի դիմաց երբեմնի ադրբեջանական Խանագահ բարձունքն է (մեր լեզվով` Արեւասար), որն ընդգծված իշխող դիրք ունի Դավիթբեկ գյուղի, ինչպես եւ գյուղի դաշտերի ու արոտավայրերի վրա:
Ըստ Լյուդվիգ Պողոսյանի՝ շատ կարեւոր է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի նոր տեղորոշումն ու ճշգրտումը:
- Եթե վերոնշյալ գյուղերն ու բարձունքն անցնեն ադրբեջանցիների տիրապետության ներքո, ապա Դավիթբեկ գյուղը կհայտնվի չափազանց ռիսկային վիճակում,- ասում է զրուցակիցս:   - Եվ ուրեմն՝ առաջնահերթ խնդիրն այդ հատվածում Հայաստանի սահմանագծի ողջամիտ ճշգրտումն է, որը պետք է բխի գյուղի անվտանգության շահերից:
Հաջորդ կարեւոր խնդիրը Դավիթբեկ գյուղի դիմաց՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, պետական կանոնավոր զորամիավորման տեղակայումն է:
- Ճիշտ է, մեր կամավորականները հերոսաբար են կանգնած սահմանի ամբողջ երկայնքով (փառք ու պատիվ նրանց), բայց դա չի կարող անվերջ շարունակվել. պետական սահմանը պետք է վերահսկվի Հայստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից՝ ամենաբարձր մակարդակով, - ասում է Լյուդվիգ Պողոսյանը: - Անհրաժեշտ է նկատի ունենալ նաեւ, որ մեր վարելահողերի մոտ 80 տոկոսը գտնվում է հենց այդ սահմանի մերձակայքում, որի մշակումը նախեւառաջ հուսալիություն եւ անվտանգություն է ենթադրում:
Ստեղծված իրավիճակում, Լյուդվիգ Պողոսյանի կարծիքով, երկրագործությամբ եւ անասնապահությամբ զբաղվելը նախկին գրավչությունն ու արդյունավետությունն այլեւս չեն ունենալու: Ուրեմն եւ՝ գյուղի բնակիչներին ու հատկապես երիտասարդներին հայրենի բնօրրանի հետ կապելու նոր եղանակներ պետք  է ներդնել Դավիթբեկում:
Նա հիշեցնում է, որ 1981-ին գյուղում բացվել էր կոշիկի «Մասիս» արտադրական միավորման մասնաճյուղ, որտեղ հիմնական աշխատանքով զբաղված էին գյուղի բազմաթիվ պատանիներ ու աղջիկներ:
- Ասելս այն է, որ գյուղում (հնարավորինս արագ) պետք է ստեղծվեն աշխատատեղեր, որպեսզի, ամեն ինչից զատ, մարդիկ եւ առանձնապես երիտասարդները գյուղի հետ կապված լինելու, գյուղական կյանքում ներգրավված լինելու շահագրգռություն ունենան:
Լյուդվիգ Պողոսյանը խոստովանում է, որ գյուղը թուլանում, հետ էր գնում դեռեւս մինչեւ վերջին պատերազմը` բազմաթիվ փաստերով հիմնավորելով իր տեսակետը: Խորհրդային իշխանության տարիներին, օրինակ, գյուղի դպրոցն ուներ 200 աշակերտ, սրանից 6 տարի առաջ՝ 150, իսկ հիմա՝ 53 աշակերտ: Եվ նման բազում այլ փաստեր…
Սակայն, եթե ոչ վաղ անցյալի՝ անվտանգության առումով բարվոք վիճակում կարելի էր հանդուրժել այդ հետընթացը եւ դրանում ռիսկեր չտեսնել, ապա հիմա հնարավոր չէ, քանզի, ինչպես ցույց տվեց վերջին պատերազմը, Դավիթբեկը սովորական գյուղ չէ, այն ավելի շատ ամրոց է, սահմանապահ բնակավայր:
- Եթե պատշաճորեն չամրապնդենք մեր գյուղ-ամրոցի անվտանգությունը, ապա, հավատացեք, շատ թանկ կվճարենք դրա համար. ե՛ւ Գորիս-Կապան ավտոմայրուղին կդառնա խոցելի, ե՛ւ Կապան քաղաքի անվտանգությունը կսասանվի, քանզի հենց Դավիթբեկ գյուղի տարածքով է անցնում Կուբաթլուից Կապան ձգվող ամենակարճ ուղին, - իր մտքերն այդպես է ամփոփում կյանքի փորձով իմաստնացած, հայրենի եզերքի նվիրյալ, Դավիթբեկ գյուղի հոգսերով լրջագույնս մտահոգ Լյուդվիգ Պողոսյանը:
Գյուղում այլ մարդկանց հետ եւս շփվեցինք… Ու հասկանալի դարձավ, որ Լյուդվիգ Պողոսյանի մտածումները միայն իրենը չեն, այլ ամենքինը:
Եվ ուրեմն՝ երկրի, ինչպես նաեւ տարածաշրջանի պետական այրերը պարտավոր են հաշվի նստել սահմանապահ գյուղի այդ մտահոգությունների հետ, որոնք հիմնավոր են ու պատճառաբանված, որոնք, անտարակույս, համապետական նշանակություն ունեն:
Ի վերջո ժամանակն է (գոնե ուշացումով) առերեսվելու Սյունիքի լեռնային գյուղերի ամոթալի վիճակի հետ եւ ձեռնարկելու քայլեր հազարամյա հայոց գյուղերը փրկելու ուղղությամբ: Չմոռանանք շատ կարեւոր մի հանգամանք եւս՝ Սյունիքի ներկայիս թուլացման պատճառներից մեկն էլ լեռնային գյուղերում տեղական իշխանության վերացումն էր:


Սամվել Ալեքսանյան

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53