Հայրենական մեծ պատերազմ. Սյունեցի գրողներն ու երգահանները

09.05.2019 10:09
924

Մայրամուտ է, հրակարմիր մայրամուտ... Մութը չարանենգորեն իջավ, սաստեց անտառների ու լեռների հառաչը...

Հեռվում թնդում են արկերը, վայում է լալահառաչ հողմում, հառաչում է բնությունը, արձագանքում սաստկաձայն...

Կռվում են գնդերը, գրոհում են առաջ, ընկնում են մարդիկ, սրտներում վրեժի կրակ, հոգիներում որբ հաղթության արեւածագ...

Պատերազմ...Գորշ ու դաժան դեմքով արհավիրք, որի զավակները` արյունը, սարսափը, կոտորածը, ավերը մշտապես մութով են պարուրել աշխարհն ամեն անգամ, երբ...

...Հանդարտ հոսում էր կապույտ առուն, որի ափին բուրում էր նշենին, կանաչ հորձանքով ծփում էին խաղաղ արտերը, շեն-գյուղ քաղաքներից խաղաղությունն էր հպարտորեն բարձրանում լուրթ ոլորաններով։ Պերճ այգիներն էին ծաղկավորվել ամպերի պես, հովը բերում էր բուրմունքը գարնան, երբ...

Բարձրախոս ռադիոն դեղին բոթը բերեց բոլոր նրանց, ովքեր «խաղաղ էին մեր լեռների պես»... ու հայրենիքի կանչով գնացին կռիվ` ռազմի վսեմ ուխտը հոգիներում։

Պա՜-տե՜-րա՜զմ...

Բոթը հասավ նաեւ Զանգեզուր, ու սյունյաց հողը տնքաց տխրալի... Հող, որ դարեր շարունակ տանջված է եղել, որ հազիվ մի քանի տարի էր, ինչ մոռացել էր կռիվ ու եղեռն, կրկին տնքաց...

Բոլորին պարզ դարձավ, որ նրանք ուզում են սպանել Վաղը, Գալիքը, Ապագան...

Հերթական գարունը համբուրեց հայոց սրբազան հողը, բայց նրան վիճակված չէր լինել խաղաղ, քանզի գարնան բարեբեր «անձրեւի տեղ արյուն եկավ», իսկ «մայր աղավնու խաղաղ բույնը ձագուկ փախցնող ուրուն եկավ...»։

«Երբ որոտում են թնդանոթները, մուսաները լռում են»։ Ասել է թե` պատերազմի ժամանակ գրականությունն անելիք չունի։ Թնդանոթների համազարկը ամենեւին էլ չխախտեց գրականության հուզառատ, կենդանի թրթիռները, պարզապես քնքուշ, մեղմ, լիրիկական հատկանիշներին փոխարինելու եկան շառաչն ու ցասումը, բռնկումն ու վրեժը...

Այո, պատերազմն անտարբեր չմնաց ոչ ոքի, ոչնչի նկատմամբ։ Մի գիշերում ասես հասունացավ մի ողջ սերունդ...

Շատերի հետ, շատերի թվում հայրենիքը պաշտպանելու գնացին սյունյաց քաջերը, որոնց մեջ էին նաեւ արվեստի եւ մշակույթի մարդիկ։ Թշնամու դեմ ոտքի հանող ռազմակոչերն ու զինվորների ապրումները անջատման կսկիծն ու վիշտը արտահայտած ոտանավորների հետ, բանաստեղծներն արտահայտեցին նաեւ կարոտ, մարտական բարեկամություն, հայրենասիրություն ու հերոսական ուղի...

Խորհրդային մարդկանց հերոսականությունն արտահայտվեց ե՛ւ արձակ, ե՛ւ չափածո գործերում, ինչպես նաեւ երգերում։

Հայրենի Զանգեզուրի գյուղերում` Խանածախում եւ Տաթեւում, ուսուցչություն էր անում Սերո Խանզադյանը, երբ պայթեց Հայրենական մեծ պատերազմը։ Գրիչը վայր դրեց եւ զենքով փոխարինեց, Սերո Խանզադյանը դարձավ այն մարտիկներից մեկը, ում համար այնքան թանկ էր հայրենիքի ճակատագիրը։ Գնաց, քայլեց պատերազմի միջով, ականատեսը եղավ այն ահավոր գեհենին, որ մեկ բառով պատերազմ  է կոչվում։ Իսկ հոգում ամբարվածը եւ հոգում կուտակվածը դարձավ վեպ-պատում` «Մեր գնդի մարդիկ» (1948 թ.)։

Վեպ, ուր ամենայն ճշգրտությամբ արտացոլված են հայրենիքը պաշտպանող զինվորների հերոսական գործն ու մարտական սխրանքները։ Ովքե՞ր են Խանզադյանի հերոսները։ Մարդիկ, ովքեր, գործելով ռազմական իրադրության մեջ, հանդես են գալիս բարձր գիտակցությամբ, ոգու ամրությամբ։

Բազմազգ զինվորների արյամբ սրբագործված եղբայրության հավատի պատկերումն է արտացոլված վեպում։

Հայրենիքի կանչին անարձագանք չմնաց նաեւ Սիսիանի շրջանի Լոր գյուղի զավակ Համո Սահյանը, որն աշխատում էր «Խորհրդային գրող» ամսագրում` իբրեւ  գրական աշխատող։ Օրեր անց Հ. Սահյանը, հրաժեշտ տալով խաղաղ, ստեղծագործ աշխատանքին, մեկնեց ռազմաճակատ։ Բանաստեղծը համոզված էր, որ աշխարհը չի մոռանա բոլոր նրանց, ովքեր իրենց փառավոր ուղին անցան «պատմության ոսկեդարում»։

«Ձեր փառքի համար փույթ չէ մեռնելը, - 1944-ին գրեց սյունեցի հայորդին եւ շարունակեց, - կյանքը մեր տունն է, մենք նրա տերը` այս նվիրական հողի վրա»։

Հ. Սահյանը պահպանելով ռազմաճակատային քնարի ավանդույթները, նոր խոսք ասաց եւ իր անունը մեկեն հայտնի դարձրեց Հայրենական պատերազմի տարիներին հատկապես «Նաիրյան դալար բարդի» գողտրիկ ստեղծագործությամբ, ուր քնարական մտերիմ շնչով պատկերված են բանաստեղծի մտորումները ռազմի դաշտում։

Անգամ ռազմաճակատային տարիներն ի զորու չէին լռեցնելու մեծ բանաստեղծի ձայնը եւ «հրի ու սրի» երգիչը, որը «շահ չուներ հայրենիքի սիրուց զատ», որը մարտի էր ելնում լոկ հայրենիքի համար, պատրաստ է մատաղ կյանքը նվիրել նրան, միայն թե հայրենիքի խորհրդանիշը` նաիրյան բարդին, դարերում ազատ խշշա...

Հայ ժողովրդից միշտ անբաժան է եղել երգը, որն ուղեկիցն է եղել նրա կյանքի եւ պատմության դարեր շարունակ` թե` խնդության, թե` դժվարին պահերին։ Դա պատահական չէ, որովհետեւ ամեն մի ժողովրդի երգն ու երաժշտությունը նրա հույզերի ու երազանքների արտահայտության լավագույն միջոցներից մեկն է։ Մեծ Հայրենականի տարիներին չլռեց, ավելին` նոր ուժով հնչեց մեծ գուսանի` Աշոտի քնարը, ու «հազար ու մի երգում գոված» սարերի, գույնզգույն ծաղիկների, մարդուն ուժ տվող այդ հող ու ջրի զավակը նորովի հնչեցրեց հայրենասիրական քնարը եւ իր անմահ քնարով հուշարձան կանգնեցրեց այն արծիվներին, ովքեր մատաղվեցին հանուն հայրենիքի։

Բարակուռ ու գեղաքանդակ աղբյուրներն են արեգակի հայացքի տակ պատմում ու դեռ կպատմեն բազում սերունդների սյունյաց քաջարի հերոսների սխրանքների մասին, նրանց մասին, ովքեր երգեցին պայքարը, մեծ հաղթանակի սուր բերկրանքը` մեր հոգում գրված, երգեցին մեր աշխարհաշեն հզոր ոգին, բայց, ավա՜ղ, դարձան հուշարձաններ։

Նա` մեծ գուսանը, իր արժանի տեղը գտավ հայրենիքի ու անմահության փառքի երգիչների շարքում։ Հայրենի բնության գույների խտացմամբ, հայրենիքի էությունը բացահայտելու յուրաքանչյուր եղանակ` խաղաղություն, խիզախություն, հավերժություն, նա համեմատում է հայրենիքի պատկերի հետ։ Ավա՜ղ, պատերազմն առանց զոհերի չի լինում։ Մեռնում է զինվորը` հոգում երազ, սպասում, կարոտ...

Թռչեի մտքով տուն,

Ու իմ մայրն է արթուն

Սպասում իր որդուն

Անհանգիստ ու արթուն։

Լսո՞ւմ եք, մարդիկ, զինվորն է երգում։ Ու երգն այդ հնչեց հաղթության գարնանը, այն սիրով, գորովով, կարոտով հնչեցրեց սյունյաց տաղանդավոր զավակներից մեկը` Աշոտ Սաթյանը եւ ողջունեց տուն վերադարձած, հաղթանակը կերտած արծիվներին.

Թռչեի մտքով տուն...

Քանի-քանի զինվորի շուրթերով է հնչել երգը այս, հնչել, հուզել, փարվել հայրենի տանն ու մայրերին։

Ես իմ ձայնն եմ միացնում իմ ավագ գրչակիցներին ու հորդորում.

Սպանե՛ք պատերազմը, մարդի՛կ, սպանե՛ք։ Սպանեք դարչնագույն ժանտախտն այդ, որպեսզի իմ, ձեր որդիները տուն դառնան պարտքը կատարած, բռնած կապույտ երազի ճամփան։

 

Էվելինա Թադեւոսյան

7 մայիսի 2005 թ.

«Սյունյաց երկիր»

 

 

 

 

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41

Իրանն, ի պատասխան ԱԷՄԳ-ի որոշման, քայլեր կձեռնարկի`«բարձրացնելու հարստացված ուրանի արտադրությունը»

22.11.2024 14:23

Բաքվին չի հաջողվում COP29-ի մասնակիցներին ընդհանուր հայտարարի բերել համաձայնագրի շուրջ

22.11.2024 14:03