ՀԱՅՐԵՆՅԱՑ ԱՆԳԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԵԼ` ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ (ԽՈՀԵՐ ԳՈՐԻՍՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ)

08.08.2024 17:59
728

2010-ական թվականների սկզբից շուրջ չորս տարի աշխատել եմ Գորիսի պետական համալսարանում, որտեղ դասավանդել եմ մի շարք ուսումնական առարկաններ։ Դասավանդելուց զատ ձգտել կամ փորձել եմ ակտիվ  լինել զուտ հանրային գործունեության ոլորտներում։ Գորիսը ինձ վրա մեծ տպավորություն թողեց։ Շփումներ ունեցա հասարակական տարբեր շերտերի ու հատվածների հետ։ Տարողունակ շփումներ ունեցա հատկապես կրթական և մշակութային օջախներում և այդ ոլորտը ներկայացնողների հետ։

Լավ ու վատ, ուրախ և տխուր, բազում ու բազմաթիվ հակասական զգացողություններով լցվեցի, որոնք հետագայում հավանաբար թղթին կհանձնեմ` ոչինչ չկեղծելով, չավելացնելով ու չպակասեցնելով։

Ազատ ժամերին (տարվա ցանկացած եղանակի) սիրում էի շրջել Գորիսի փողոցներով, բանուկ և ոչ բանուկ արահետներով, հմայված դիտել գորիսյան գեղեցիկ այգիները։ Գարնան և աշնան ամիսներին հրաշք են այդ այգիները։

Շատ սիրեցի և հոգեկան աղերսներով կապվեցի  գորիսյան իրականության հետ, որտեղ գրեթե ամեն ինչ ինձ համար թվում էր թարմ, առանձնահատուկ ու գեղեցիկ։ Այդ տարիներին Գորիսն ուրիշ չափումներ, ուրիշ երևակայություն ու բովանդակություն ուներ։ Այդ ժամանակ Գորիսն այլևս սահմանամերձ չէր, քանզի կար Արցախի Հանրապետությունը`ազատագրված տարածքներով։ Ու թվում էր, որ Գորիսից հետո մեր երկիրը իր լայնքով ու խորքով շարունակվում է շատ ու շատ այն կողմ…

Եվ, իրոք, դա այդպես էր։

Պարզապես ազատագրված էին, այո′, մեր հինավուրց Արցախ աշխարհի (նահանգի) մի շարք գավառներ։

Եվ այդ համայնապատկերի վրա Գորիսն արդեն գտնվում էր երկրի խորքում։

Ազգային արժանապատվության զգացումը շատ վառ արտահայտված էր գորիսյան երիտասարդության շրջանում` թե′ ուսանող, թե′ ազատամարտիկ ու զինվորական, թե′ աշխատող երիտասարդ սերնդի մեջ։

Ազատամարտիկ տղաներից շատերի հետ ծանոթ էի, մի քանիսի հետ առավել մտերմական շփումների մեջ։ Թեև իրենց «սպեցիֆիկ» բարքերն ու վարքագիծը ունեին, սակայն ինձ հարազատի նման էին ընդունում`տեսնելով, զգալով, ըմբռնելով իմ անկաշառ լինելն ու մաքուր, անարատ աշխարհընկալումը, որը տեսանելի էր  (կաշառավորն անպայման փող և կարողություններ է կուտակում)։ Նաև օգնում էր այն հանգամանքը, որ ես Գորիսի լավագույն մտավորական, ազատամարտիկ Գրիշա Հարությունյանի մտերիմ ընկերն ու բարեկամն եմ եղել, իսկ Գրիշան անբիծ հեղինակություն էր վայելում ամենուրեք։

Մի քանի անգամ`եղա ազատագրված տարածքներում, ընդ որում` առաջին անգամ`ուշ գիշերվա ընթացքում։ Այստեղ Գորիսի մերձակա բնակավայրերից ազատամարտիկ տղերքը ոչխարաբուծությամբ էին զբաղվում։ Նրանցից հատկապես Արմանի հետ շատ մտերմություն ունեցա։ Նա ուղղամիտ էր և ազնվաշունչ հոգու տեր, բարյացակամ`իր ընկերների, ծանոթների և նույնիսկ լիովին անծանոթների հանդեպ։

Գորիսում բացի իմ գործընկերների հետ ամենօրյա շփումներից, առիթները օգտագործում էի հասարակայնության լայն խավերի հետ շփվելու համար։ Բացի մանկավարժներից և մշակույթի ոլորտի աշխատողներից, ինձ համար հետաքրքիր էին այլ խավերի (առևտրականները, հողագործները, վարորդները և այլն) մարդկանց հետ շփումները, որոնց ընթացքում այնքան կարևոր բաներ ընկալեցի սյունեցիների կենցաղից, ապրուստից, հոգեբանությունից, աշխատանքային հմտություններից, հյուրասեր ու մարդասեր էությունից։

Երկու անգամ՝ ապրիլի 24-ի նախօրյակին, մասնակցեցի Գորիսի երիտասարդության կազմակերպած գիշերային ջահերով երթին։ Հաջորդ առավոտյան ելույթ ունեցա ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի մոտ և շեշտադրեցի, որ հայ ժողովուրդն իր արդարացի պայքարը պատմական հայրենիքի համար պետք է շարունակի անընդմեջ ու անընդհատ`առանց հոգնելու և կասկածանքի…

Գորիսյան իմ տարիներն արդեն անցյալում են մնացել, սակայն դրանք այնքան ոգեղենություն, այնքան հոգևոր ու բարոյական հարստություն են կուտակել իմ հոգում։

Համոզված եմ, որ ի վերուստ հայկական այս երկրամասն իր հայեցիությունն ու հայկականությունը կպահի ու կպաշտպանի հարատևորեն`մինչև աշխարհի վերջը։

Չէ՞ որ առավել ծանր օրեր ու ժամանակներ է ապրել Սյունիքը, բայց պատվով և արժանապատվությամբ հաղթահարել է այն։

20-րդ դարի Սյունյաց մեծանուն գրողը`Գորիսի անմահանուն զավակ Սերո Խանզադյանն իր նշանավոր «Մխիթար Սպարապետ» պատմավեպն ավարտում է հետևյալ խորհրդանշական տողերով. «Այսպես ապրեցինք դարեր…»։

Ուրեմն, լիովին հավատանք 20-րդ դարի Սյունյաց մյուս նշանավոր անհատականությանը`անմոռանալի Համո Սահյանին, նրա լավատեսական այն կենսափիլիսոփայությանը, որ ինչ էլ պատահի, ինչ խորշակներ էլ անցնեն այստեղով, միևնույն է, բնիկ հայոց Սյունիքի դարերն ու հազարամյակները հայերեն են գալու…

Արմեն Կարապետյան

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի

ավագ գիտաշխատող, ՀՀ լրագրողների

միության անդամ,պատմական

 գիտությունների թեկնածու

 

 

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00