Հայությունն ունի հզոր պետության գոյությունը երաշխավորելու ներուժ. վարչապետը՝ Վրաստանի հայ համայնքին

03.03.2020 20:11
1128

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնում հանդիպել է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցելու էին եկել ոչ միայն Թբիլիսիի, այլ նաև Սամցխե Ջավախեթիի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով ներկաներին` Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին օտարերկրյա այցը կատարել է Վրաստան: «Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումը Թբիլիսիի հայկական եկեղեցու բակում: Անմոռանալի էր նաև Սամցխե Ջավախեթիում ունեցած հանդիպումը: Այդ այցի ընթացքում առաջարկեցի մեր հարաբերությունները կառուցել մի նոր բանաձևի վրա, որը հետևյալն էր. Վրաստանը և վրաց ժողովուրդը պետք է համոզված լինեն, որ Հայաստանը և հայ ժողովուրդը չեն ներգրավվի որևէ հակավրացական դավադրության մեջ, չունեն ոչ մի վատ տրամադրվածություն Վրաստանի և վրաց ժողովրդի նկատմամբ, հակառակը` շահագրգիռ են, որ Վրաստանը լինի զարգացած, կայուն երկիր: Նաև այդ բանաձևին համապատասխան Հայաստանը և հայ ժողովուրդը պետք է համոզված լինեն, որ Վրաստանը և վրաց ժողովուրդը չեն ներգրավվի որևէ հակահայկական դավադրության մեջ, չունեն նեգատիվ տրամադրվածություն, հակառակը` շահագրգիռ են, որ Հայատանի Հանրապետությունը լինի զարգացած պետություն»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` վերջին մեկուկես տարվա ընթացքում հենց այս բանաձևի վրա են հիմնվել հայ-վրացական հարաբերությունները: Վարչապետն ընդգծել է, որ երկու երկրներն այժմ ունեն բացառիկ լավ մթնոլորտ և Նիկոլ Փաշինյանի կարծիքով` երկկողմ հարաբերությունները նախկինում երբեք ավելի լավ չեն եղել, քան այսօր է: «Սա նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի և Վրաստանի համար: Մեր հաջորդ առաջարկն այն է, որ մենք մեր հարաբերությունները դիտարկենք հարյուրամյակների կտրվածքով` դեպի ապագա, այսօրվանից կարողանանք ընդհանուր պատկերացումներ ունենալ իրար հետ, որովհետև այս տարածաշրջանում հազարամյակներով ապրել ենք կողք կողքի»,- ասել է վարչապետը` հավելելով, որ աշխարհում շատ չենք տեսնի իրար հետ ապրող ժողովուրդներ, որոնք հազարամյա համատեղ պատմություն ունենալով` չունեն թշնամանքի պատմություն: ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով` սա կարևոր արձանագրում է, որը պետք է ընդգծել: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ պատմության շատ փուլերում երկու ժողովուրդներն ունեցել են ընդհանուր մարտահրավերներ, ստիպված են եղել դրանց դիմակայել միասին, ուստի լավ կլինի, որ երկու պետություններն իրենց ապագան դիտարկեն այս տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում վարչապետն առանձնահատուկ ողջույններ է հղել թիֆլիսահայությանը, որը, նրա խոսքով, մեր ժողովրդի կյանքում ամենանշանակալի դերն ունեցած գործոններից է: «Մեր մշակույթի, ինքնության բազմաթիվ հսկաներ ձևավորվել և գործել են Թիֆլիսում, թիֆլիսահայության միջավայրում: Դժվար է ասել, թե ինչպիսին կլիներ մեր ինքնությունը Հայաստանում, եթե չլիներ այն մեծ մշակութային ժառանգությունը, որն ստեղծվել է Թիֆլիսում: Ընդհանրապես, մեր ժամանակակից ինքնությունը երեք հենասյուներ ունի, խոշոր մշակութային հենասյուներ` Թումանյանը, Թամանյանը և Կոմիտասը: Կարծում եմ, որ Թումանյանն, ըստ էության, ուղնուծուծով թիֆիլիսահույության ամենավառ օրինակն է և արտահայտում է թիֆլիսահայության կարևորությունը մեր ժողովրդի համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը`  հայ ժառանգության նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար: Գործադիրի ղեկավարի խոսքով` սա այն կարևոր գործոններից մեկն է, որը ձևակերպում է հայ-վրացական ժամանակակից հարաբերությունները: «Մեզ իրար է միացնում քրիստոնեությունը և քրիստոնեական ժառանգությունը: Պետք է անենք լավագույնը, որպեսզի Վրաստանի հետ իմ մատնանշած հենքի վրա մեր հարաբերությունները ստանան երկարաժամկետ և ռազմավարական բովանդակություն»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է` մեր այսօրվա գործունեության կարևորագույն առանձնահատկություններից մեկը պետք է լինի այն, որ այսօր ստեղծում ենք այն ապագան, որում պետք է ապրեն մեր սերունդները հիսուն, հարյուր տարի անց: «Հայաստան պետությունն այլևս երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան, չպետք է գոյություն ունենա այնպիսի ուժ, որն ի վիճակի կլինի հայկական պետության պատմությունը փակել: Հայաստանը ոչ միայն ՀՀ քաղաքացիների հայրենիքն է, այլև բոլոր հայերի պետությունն է, անկախ նրանից, թե այդ մարդիկ որ երկրի քաղաքացի են: Մենք շահագրգիռ ենք, որ Վրաստանի հայությունը լինի լիարժեք պատասխանատու Վրաստանի քաղաքացի, որովհետև դա մեր հարաբերությունների բնականոն զարգացման կարևորագույն նախապայմաններից մեկն է, բայց նաև մենք համարում ենք, որ Հայաստանի վերաբերմունքը Հայաստանից դուրս ապրողների նկատմամբ և հակառակը` պետք է փոխվի, պետք է դառնա ավելի կառուցողական, ռազմավարական: Այս է պատճառը, որ մեր քաղաքականության հիմքում դնում ենք համահայկականության գաղափարը: Հայությունն ունի այնպիսի ներուժ, որպեսզի երաշախավորի անկախ, հզոր հայկական պետության գոյությունը: Հայ ժողովուրդն ունի ներուժ, որ սեփական ձեռքը վերցնի իր ճակատագիրը: Մենք պետք է աշխարհում ունենանք հնարավորինս շատ բարեկամներ և ամեն ինչ անենք, որ մեր բարեկամները դառնան ավելի բարեկամ: Հետևաբար, հայ-վրացական հարաբերությունների գլխավոր խնդիրը սա է` լինել ավելի ու ավելի հուսալի, բարեկամ, գործընկեր միմյանց նկատմամբ: Եվ վստահեցնում եմ, որ մենք վստահ քայլերով գնում ենք հենց այս ճանապարհով»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Հանդիպման ընթացքում վարչապետը և պատվիրակության անդամները պատասխանել են վիրահայերի բազմաթիվ հարցերի, անդրադարձել հայ-վրացական հարաբերություններին, հայրենադարձությանը, կառավարության տնտեսական, կադրային քաղաքականությանը, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումներին և այլ հարցերի: 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08