ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ ՀԱՅՐԵՆՅԱՑ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

19.11.2020 14:27
1486

Բանաստեղծ Վարդգես Խանոյանը հերթական անակնկալը ներկայացրեց ընթերցողին՝ «Քաջերը մահ չունեն» ժողովածուից հետո հրատարակեց «Հայրենյաց զինվորները» գիրքը՝ հայրենապատկեր կազմով  ու հայրենիքի պաշտպան  երկու զինվորների լուսանկարներով: Իսկ եւ իսկ մեր փոթորկուն եւ հերոսական ժամանակաշրջանի խոսուն պատկեր:
Բացելով գիրքը, սիրտս մորմոքվեց, երբ հենց առաջին էջին կարդացի հետեւյալ ընծայականը` «Արցախյան ազատամարտում հերոսաբար զոհված հայրենյաց զինվորների՝ ՌՈԲԵՐՏ ԵՎ ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»:
 Աստվա՜ծ իմ… Միեւնույն գերդաստանից 20-ամյա երկու դյուցազուններ, որոնք կյանք էին մտել մաքառելու, արարելու, ծնողներին, հարազատներին, ազգին երջանկացնելու երազանքով, սրտի թելադրանքով զենք են վերցրել ու նետվել կռվի դաշտ՝ մեր դարավոր թշնամու՝ ազերի-թուրք հրոսակների դեմ հանուն Հայոց հնամյա հողի անբաժանելի մասը կազմող Արցախ աշխարհի ազատության եւ անկախության: Աստվա՜ծ իմ, երկու դյուցազն, երկու սուրբ նահատակ՝ Ռոբերտ եւ Լեւոն անմոռանալի անուններով…
Գիրքը կարդալուց հետո մեր ազգային ճակատագրի թելադրանքով վերհիշեցի անմահ Սիամանթոյի սրտակեղեք արտահայտությունը «Կոտորա՛ծ, կոտորա՛ծ, կոտորած» եւ ասես շարունակեցի նրան` շշնջալով. «Պատերա՛զմ, պատերա՛զմ, պատերա՛զմ»: Խոսքը 1988-1994, 2016-ապրիլյան, 2020-տավուշյան պատերազմների մասին է, որոնց շարունակությունը մերօրյա գոյամարտն է՝ Ադրբեջանաթուրքական-ահաբեկչական թափթփուկների դեմ:
Սեպտեմբերի 27-ից սկիզբ առած այս աննախադեպ պատերազմի ծանր օրերին լույս ընծայված վերոնշյալ գիրքը ոչ միայն սրտապարար հիշողություն է, այլեւ անցած օրերի հերոսական գոյամարտի դաս ու խորհուրդ մերօրյա ազատամարտիկների համար:
Հաճելի է նշել, որ գիրքը խմբագրել եւ  նախաբանը գրել է մեր մշակույթի վարպետներից մեկը՝ բանասիրական գիտությունների դոկտոր Լյուդվիգ Կարապետյանը: Պարզվում է, որ նահատակված հերոսի՝ Ռոբերտի հայրը՝ Աշոտը, ժամանակին եղել է Լյուդվիգի աշակերտը Ելփին գյուղում: Ու դժվար չէ ամբողջությամբ հասկանալ Լ. Կարապետյանին, ով գոհունակությամբ ընգծում է. «Եվ ինքս էլ, մասնակցելով այս գրքի երկունքին, դրանով իսկ իմ խոնարհումն եմ բերում երախտագետ նախկին աշակերտիս՝ Աշոտ Հարությունյանին, ով դաստիարակել է հայրենանվեր այնպիսի հերոս զավակ, ինչպիսին Ռոբերտ Հարությունյանն էր» (էջ 4):
Գրքի բուն մասը  ներկայացվում է Մկրտիչ Պեշիկթաշլյանի «Վասն հայրենյաց մեռար, դուն շատ ապրեցար» թեւավոր խոսքով: Ապա բերվում է Ռոբերտ Աշոտի Հարությունյանի կենսագրական այցեքարտը, որտեղ համառոտ նշվում է, որ Ռոբերտը ծնվել է 1974թ. օգոստոսի 6-ին Ջերմուկ քաղաքում: Սովորել է ծննդավայրի N2 միջնակարգ դպրոցում, զուգահեռ ավարտել երաժշտական դպրոցի պարի բաժինը: Հայրը՝ Աշոտ Հարությունյանը, ավտովարորդ, էլեկտրիկ, մայրը՝ Վարդիթեր  Միքայելյան, տնային տնտեսուհի: Ութամյա կրթություն ստանալուց հետո ընդունվել է Կապանի շինարարական տեխնիկումը, ավարտել 1993-ին եւ ստացել շինարարի որակավորում: Այդ ժամանակ Արցախյան ազատամարտը թեժ ընթացքի մեջ էր, եւ չափահասության սահմանը նոր հատած պատանին 1993-ի հունիսի 2-ին զորակոչվում է եւ ծառայության անցնում Կապանում  տեղակայված զորամասում: Այնուհետ մասնակցում է Ֆիզուլիի եւ Ջաբրայիլի ազատագրման մարտերին եւ 1994 թվականի մարտի 5-ին զոհվում Հորադիզում` թշնամու հարձակմանը դիմագրավելիս: Հետմահու պարգեւատրվել է «Արիության համար»  մեդալով, «Արցախյան ազատամարտի մասնակից» կրծքանշանով:  
Այս համառոտ կենսագրական տեղեկություններին հաջորդում են այնպիսի նյութեր, որոնցում ընթերցողի աչքերի առջեւ հառնում է աստվածանվեր մի պատանի, որի կյանքը նման է հեքիաթի,  եւ որի խավարը ցրող հերոսը հենց ինքն է, յոթ գլխանի հրեշին ոչնչացնող դյութազնն ինքն է:
Գրքի հեղինակը Ռոբերտի կերպարն ամբողջական ներկայացնելու համար զետեղել է ծնողների, քույրերի, ուսուցիչների, մտերիմ ընկերների հուշերը… Դրանք կարոտի, թախծի, հպարտության զգացումներ են, հայ ժողովրդի ապրելու բանաձեւի գոբելենված հյուսվածքներ: Ռոբերտ Հարությունյանի  դիմանկարը բնութագրվում է որպես «Գեղատեսիլ բնաշխարհի զավակ» (էջ 7), «Դեպի ռազմադաշտ, դեպի հերոսացում» սլացող մարտիկ (էջ 13), «Հայ զինվորի իսկական կերպար» (էջ 27), «Առաջին սերը երգող բանաստեղծ» (էջ 31), «Հավատարիմ ընկեր» (էջ 42), «Քույրերի թիկնապահ եղբայր» (էջ 43)…  
Զարմանալի, հիանալի օջախի որդի Ռոբերտն իր սխրանքով, իր նահատակությամբ ապրում է, թեւավորում, կյանքի նոր բարձրունքների տանում նոր Ռոբերտներին: Հոր՝ Աշոտ Հարությունյանի Սրբուհի, Վարդան, Լուսինե, Մանուշակ զավակները կազմելով օրինակելի ընտանիքներ, իրենց նահատակ եղբորը՝ Ռոբերտին համարում են հայրենիքի նվիրյալ, որի հիշատակը հավերժվելու է ժողովրդի պատմության էջերում: Այսօր, ինչպես Վարդանի, այնպես էլ Սրբուհու տղաները կրում են Ռոբերտ անունը… Սրբուհու Ռոբերտ որդին այս հերոսական օրերին ծառայում է Հայոց բանակում` իր քաջազուն քեռու օրինակով պաշտպանելով հայրենիքի սահմանները: 
Վ. Խանոյանի «Հայրենյաց զինվորները» գրքի երկրորդ մասը նվիրված է Աշոտի Տիգրան հորեղբոր Աղվան որդու զավակ  Լեւոն Հարությունյանի  սխրանքին: Այստեղ էլ նշվում է Լեւոնի կենսագրական այցեքարտը: Ծնվել է 1973թ. նոյեմբերի 7-ին Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում: Սովորել է ծննդավայրի դպրոցում, զբաղվել սպորտով, տիրապետել է կարատե մարզաձեւին: 1991-ին զորակոչվել է զինվորական ծառայության Գյումրիի զորամասում, որտեղից, երդման արարողությունից անմիջապես հետո, կամավորագրվելով ՝ ցանկություն է հայտնել մասնակցել հայրենիքի պաշտպանությանը: Եղեգնաձորի շրջանի կամավորների ջոկատի հետ Լեւոնը միանում է Գորիսում տեղակայված զորամասի մարտիկներին, որտեղ նշանակվում է դասակի հրամանատար, ակտիվորեն մասնակցում Խնձորեսկի, Կուբաթլիի, Քելբաջարի, Լաչինի, Հորադիզի պաշտպանության մարտերին, արժանանում պատվոգրերի ու շնորհակալագրերի:
1994 թվականի հունվարի 26-ի վաղ առավոտյան Հորադիզի Մահմուդ գյուղի բարձունքը գրավելիս ՝ զոհվում է թշնամու նռնակից:
Լեւոնը հետմահու պարգեւատրվել է «1993-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով եւ «Արիության համար» մեդալով:
Հավատարիմ ստեղծագործական իր նախասիրություններին, Վ. Խանոյանն այս դեպքում էլ դիմել է Լեւոնի ուսուցիչներին ու հարազատներին: Ահա, թե ինչպես է բնութագրում Լեւոնին իր ուսուցիչ Մարտիկ Խուդոյանը: Վկայակոչելով մեր ժողովրդի հերոսական անցյալը, ուսուցիչը բերում է պատմահայր Մովսես Խորենացու թեւավոր խոսքը. «Թեպետ մենք փոքր ազգ ենք, եւ թվով սահմանափակ եւ զորությամբ թույլ, եւ շատ անգամ օտար թագավորների կողմից նվաճված, բայց եւ այնպես մեր երկրում էլ գրելու եւ հիշատակելու շատ սխրագործություններ են կատարվել» (էջ 58): 
Եվ տեղին ու ճիշտ է տրամաբանում հերոսի ուսուցիչը, նշելով, որ պատմահոր  խոսքերն ասես գրված են մերօրյա հայորդիների մասին, որոնք ադրբեջանցիների դեմ պայքարում պաշտպանում էին մեր սուրբ հողն Արցախում եւ Հայաստանում:
Ուսուցիչը սրտաբուխ հպարտությամբ Լեւոն Հարությունյանին գնահատում է որպես համեստ, նպատակասլաց սան, ում բոլորը փայփայանքով անվանում էին «Պոնչո»:
Ընկերների հետ նետվելով մարտի, Լեւոնը լավ էր գիտակցում, որ պետք է ազատագրել Հայոց Արցախն ազերի-թուրքերի 70-տարիների ծանր ու հայահալած լծից: Եվ 1992-1993 թվականներին, երբ Արցախի պատմության ամենաարյունալի տարիներին էին, Լեւոնն իր ընկերների հետ մեկնեց կռվի ամենաթեժ կետերից մեկը՝ Հորադիզ : Մինչեւ 1994թ.  հունվարի 24-ը մասնակցում էր դիրքերի պաշտպանությանը: 1994-ի հունվարի 26-ին բարձրունքի վրա թշնամու նետած նռնակից հերոսաբար զոհվում է Լեւոնը իր վեց ընկերների հետ։
Բանաստեղծական-սրտապարար ընդհանրացմամբ է ավարտում իր խոսքը Լեւոնի ուսուցիչը. «Չկա այլեւս Լեւոնը, բայց չկա այնպես, ինչպես այն ցորենի հատիկը, որն իր մահով բազմաթիվ կյանքեր է պարգեւում: Կանցնեն տարիներ, եւ հայոց պատմությունը բաց կանի իր փառավոր էջերից մեկը՝ այնտեղ հատկացնելով Լեւոնի եւ Արցախի ազատագրության համար պայքար մղած հզոր ազատամարտիկների անունները՝ ի պահ դարերի (էջ 60):
Լեւոնի մասին սիրտ հուզող ու հպարտության զգացումներ արթնացնող պատումներ են եղբոր՝ Անդրանիկ Հարությունյանի եւ կարատեի մարզիչ Արմեն Սմբատյանի հուշերը։
Ճիշտ է վարվել Վ. Խանոյանը՝ գրքում զետեղելով «Պատմում են լուսանկարները» առանձին բաժին, որտեղ ամեն լուսանկար կյանքի մի թանկ պահ է՝ հերոսների մանկությունից մինչեւ ռազմաճակատ մեկնելը, ամեն լուսանկարը մի սրբազան հիշողություն է:
Վ. Խանոյանի «Հայրենյաց զինվորները» գիրքը պարունակում է մի շարք հետաքրքիր փաստեր ու տեղեկություններ Ջերմուկ առողջարանի մասին: Ինչպես Արցախի եւ Հայաստանի նշանավոր բնակավայրերից, այդպես էլ Ջերմուկից Արցախյան ռազմաճակատ են մեկնել մի քանի տասնյակ ազատամարտիկներ, որոնցից  21 հոգի  իրենց կյանքն են նվիրել հայրենիքի ազատագրմանն ու հարատեւելուն:
Վ. Խանոյանը հայտնում է, որ առանձին տներից մարտերին մասնակցել են հայր ու որդի միաժամանակ: Իր բանաստեղծություններից մեկում, որ նվիրված է Ռոբերտ Հարությունյանին, Վարդգեսն ընդհանրացնում է այսպես.
                     
                                Մեր հայ զինվորը ազգի պատիվն է,
                                Անդրանիկի եւ Նժդեհի զարմը,
                                Ո՞ր մեկին հիշես, նրանք անթիվ են.
                                Բեկորը, Ավոն եւ Ազգալդյանը:
                               …Մեր հայ զինվորը պապի քաջ թոռն է,
                               Մեծ հաղթանակի օրը դեռ կգա,
                               Երբ թոռը պապի պաշտպանն է դառնում
                               Մարտի մեջ նրան պարտություն չկա:
Նման գրքի եւ նման պոետական հավատի համար սրտանց ողջունենք Վ. Խանոյանին եւ սպասենք նրա նոր ժողովածուին՝ մեր նորօրյա ահեղ պատերազմի նվիրյալ զինվորների մասին: 

ՍՈԿՐԱՏ ԽԱՆՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր, ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ

Երկրաշարժ՝ Ադրբեջանի տարածքում․ 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է Սյունիքում

23.11.2024 12:57

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2024-ի 9 ամսում 8 մլրդ 134 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել

23.11.2024 10:58

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41