Հին Գորիս – Վերիշենի սրբավայրերը

15.04.2020 15:26
1558

Սյունիքի սրբավայրերի մասին խոսելիս կարեւոր է դրանք դիտարկել երկրամասի աշխարհագրա–երկրաբանական յուրօրինակ կառուցվածքի, լեռնային բարդ ռելիեֆի, բնական սեղմ բազմագոտիականության եւ աշխարհաքաղաքական մեկուսի, անջատ զարգացումների համակարգում: Այդ առանձնահատկությունները տիպական եւ որոշիչ հետեւանքներ են ունեցել ինչպես բուն հավատի, պաշտամունքառարկաների, այնպես էլ սրբավայրերի ձեւի ու բովանդակության վրա:

Անդրադառնալով հայ ժողովրդի կազմավորման գործընթացին, ներկայացնելով սկյութա–կիմերական զանգվածների Անդրկովկաս ներխուժման ժամանակները (7–6 դդ., մ.թ.ա.), ազգագրագետ Ստ. Լիսիցյանը գալիս է եզրակացության, որ Ղարաբաղ–Սյունիք աշխարհում նախահնդեվրոպական էթնիկ տարրերի հայացումը կամ արմենիզացիան (հնդեվրոպացումը) կատարվել է Հայկական լեռնաշխարհի այլ մասերից անկախ, եւ որ առավելապես սակերն են հաստատվել այս վայրերում: (Ստ. Լիսիցյան, «Զանգեզուրի հայերը», էջ 26, 29–30): Դրա գլխավոր պատճառն այն էր, որ Սյունիքը լինելով ծայրամասում, ունենալով բնական կառուցվածքի դժվարին պայմաններ, կլիմայական գոտիականության կարճ ինտերվալներ եւ վատ հաղորդակցություն, գրեթե կտրված է եղել երկրում կատարվող տնտեսական ու քաղաքական անցուդարձից, զարգացումներից: Հայոց մեջ կատարվող գլխավոր իրադարձությունները տեղի են ունեցել Արարատյան երկրում, Շիրակում, Եփրատի եւ Տիգրիսի ավազաններում, Վանա լճի շրջանում, գրեթե ամենուր, բայց ոչ՝ Սյունիքում: Տարբեր դարերում եւ երկար ժամանակահատվածներով Սյունիքն ապրել է պետական կիսանկախ կարգավիճակ, երբեմն էլ՝ կիսամոռացված: Այդ դժվարությունների պատճառով է նաեւ, որ շատ նվաճողներ իրենց երթի ընթացքում, չդիմանալով աննախադեպ իրավիճակներին, արշավանքը կասեցրել են կիսաճանապարհին:

Ի՞նչ պաշտամունք են դավանել մեր նախնիները...

Եթե խոսքը վաղ նախնյաց է վերաբերում, ապա կարելի է ասել, որ Արեւելքի վարդապետությունների պետական դիցարանները (Հայասական– Բիայնական–Նաիրյան–Ուրարտական– Երվանդունիների) ուղղակիորեն անցել են նաեւ հայկական հնագույն պետություններին: Իսկ ավելի ուշ, տնտեսական ու առեւտրական կապերի, նվաճողների կողմից պարտադրվող օրենքների, զանգվածային տեղահանումների քաղաքականության, քոչվոր ցեղերի տեղաշարժերի հետեւանքով, եգիպտական, ապա՝ հելլենական ազդեցությամբ, իշխել է բազմաստվածությունը՝ արիադավանություն–հեթանոսությունը:

Արեւի դերն առանցքային համարելով հանդերձ, նախնյաց հավատամքը չի եղել արեւապաշտությունը: Արեւին հավասար նրանք կարեւորել են նաեւ բնության ուրիշ երեւույթներ, տիեզերքը, մյուս լուսատուները, ամպը, որոտը, կայծակը, քամին, ծառը, ժայռը, կրակը, ջուրը եւ այն ամենը, որի գոյությունը, զարգացումներն իրենց անհասկանալի ու խորհրդավոր են եղել, վախ, զարմանք, հիացմունք են պատճառել... Մեր նախնիները բնապաշտ են եղել: Սուրբ վերաբերմունքի արժանացել են բնության բոլոր երեւույթները եւ նրանցից յուրաքնչյուրն ունեցել է իր աստվածը՝ Անահիտ – լուսին եւ պտղաբերություն, Նարե – ջուր եւ մաքրություն, Վահագն – հուր եւ ջերմություն, Միհր – պատերազմ եւ խաղաղություն, Նանե – ողջախոհություն եւ ընտանիք, Վանատուր – պատիվ եւ հյուրընկալություն, Աստղիկ – սեր եւ գեղեցկություն...

Խոսելով ազդեցությունների մասին, կարեւոր է ընդգծել պատմագրության այն վկայությունը, որ հայկական, մեդական եւ պարսկական մշակույթները ձեւավորվել են առաջավորասիական նույն միջավայրում եւ մշտապես եղել են փոխադարձ կապի մեջ: Իրանի հզոր կուլտուր–քաղաքական ազդեցությամբ հայկական դիցարանի աստվածները համադրվել են իրանականի հետ: Հայկական աստվածներն ստացել են նոր անուններ եւ, ամենայն հավանականությամբ, ձեռք բերել նաեւ որոշ նոր հատկանիշներ:

Հովսեփ Օրբելին քիչ այլ կերպ է ներկայացնում այս ազդեցությունը. «...հին հայկական դիցաբանությունը պետք է լիներ իրանական եւ լավագույն դեպքում՝ հելլենական դիցաբանության սոսկ նմանակերպը» (Հ. Օրբելի, «Հայագիտական հետազոտություններ», պր. 1, 1974)։

Հայոց աստվածները եւս հաճախ հեղինակություն են եղել հարեւան երկրների դիցարաններում: Պատմագրության մեջ բազմաթիվ օրինակներով ներկայացվում է մասնավորապես Անահիտ աստվածուհու համբավն ու ազդեցությունը: Անահիտի մասին իբրեւ ռազմի աստվածուհու, գրված է Արմավիրի հունարեն արձանագրության մեջ, որտեղ ասված է, թե չկա որեւէ տեղ ավելի ռազմատենչ աստվածուհի: Գրիգոր Տաթեւացին գրում է, որ թագավորները զորություն էին խնդրում Անահիտից, իրենց թշնամիներին հաղթելու եւ երկիրը ղեկավարելու համար (Կ. Վ. Մելիք–Փաշայան. Անահիտ դիցուհու պաշտամունքը, Հայկ. ՍՍՌ՝ ԳԱ հր., Երեւան» 1963, 163 էջ): Պատմիչ Ագաթանգեղոսն էլ շեշտելով նրա մեծությունը, հմայքն ու կարողությունները, այսպես է բնութագրում. «Մանաւանդ այսմ մեծի Անահտայ տիկնոջս, որ է փառք ազգիս մերոյ եւ կեցուցիչ...» (Ագաթանգեղայ Պատմութիւն Հայոց, Տփղիս, 1909, պր. 53)։

Քրիստոնեության ընդունումից հետո եկեղեցու կողմից լայն պայքար է ծավալվել հեթանոսությունը եւ մեծ տարածում գտած աղանդավորական բազմապիսի շարժումներն արմատախիլ անելու ուղղությամբ: Հայաստանը բաժանված էր երկու տերությունների միջեւ: Բյուզանդական կայսրության ենթակայության գավառներում այդ պայքարը վերահսկվել է պետության օրենքներով. հաճախ դաժան բնույթ է ունեցել, որը տվել է որոշակի արդյունք: Իսկ ահա Սասանյան հպատակ տարածքներում, այդ թվում եւ Սյունիքում, հեթանոսությունն ու աղանդները պետականորեն արգելված չեն եղել, որն էլ պատճառ է դարձել, որ դրանք այստեղ գոյատեւեն տասնամյակներ ու հարյուրամյակներ: Այստեղ կարող էր սրբավայր դառնալ մի այր, մի քարակույտ, որը գտնվել է հենց եկեղեցու հարեւանությամբ:

Այդ սրբավայրերի մասին մեծ արձակագիր Ակսել Բակունցն իր «Կյորես» քրոնիկոնում գրել է. «...Ոչինչ եկեղեցական չկար այդ ուխտավայրերում՝ ոչ գիր, ոչ խաչ: Քարափոր այրեր էին բարձր քերծերի լանջին եւ կամ խուլ ձորում խոխոջող մի աղբյուր եւ մի քարակույտ...»:

«Կյորեսն ուներ այդպիսի ուխտավայրեր, մրոտած պատերով, հողե սեւ ճրագներով, օջախի քարերով, որը երբեմն տաքանում էր մատաղների կրակից, եւ երբ ծուխը բարձրանար, մի ծերունի նայում էր, թե քամին որ կողմն է քշում ծուխը: Այդ միամիտ ծերունին հավատում էր, թե ծուխը որ կողմ գնար, այն կողմի արտերն այդ տարի շատ բերք կտային... »:

 

ԻՇԽԱՆԱՍԱՐ ՄԵԾ

Մեծ Իշխանասար, Մեծ Իշեխլա, Մեծ Իշեխլի, Իշխլի Մեծ, Մեծ Ըշըխլի, Մեծ Իշիխլու, Մեծ Ըշըխլու, Քաչալ դաղ, Քաչալ սար, Քիլի–սալի (տեղանունների բառարան), Ֆարմաշ եւ Թարփանմազ (Ե.Լալայան), Սուրբ Հովհաննես, Սուրբ Ավանես, Սուրբ Օհանես, Սարի սուրբ Վանես, Սարի Սուրբ (3552 մ, Կապուտջուղից հետո Սյունիքի երկրորդ բարձր սարն է):


Լեռնազանգված Սյունիքի հրաբխային բարձրավանդակում: Բարձրությունը 3552 մ է: Վերին նեոգենի հրաբխային գոյացում է՝ կազմված հիմնականում դացիտային, անդեզիտա–դացիտային լավաներից: Հս–ում է գտնվում Փոքր Իշխանասարը (3456 մ): Հս–արմ–ում Ի. 2500–2700 մ բարձրության թամքոցով ձգվում է դեպի Ծղուկի լեռնազանգվածը: Գագաթնային մասում կա խառնարան: Արլ. եւ արմ. լանջերը զառիթափ են՝ մասնատված հովիտներով: Արլ. լանջին սառցադաշտային ծագման տաշտակաձեւ հովտում է գտնվում Սեւ լիճը: Ի–ում տիրապետում են սառնամանիքային հողմահարումը եւ ռելիեֆի սառցադաշտային ձեւերը (ՀՍՀ, հ.4, էջ՝ 376):

 Անհիշելի ժամանակներից (մի քանի հազարամյակ), Ձագեձորի – Վարարակնի հովտում ապրող մեր նախնիների համար Մեծ սուրբը եղել է Իշեխլա, Իշիխլու լեռը կամ Մեծ Իշխանասարը: Խորհրդավոր ու անհասանելի այս լեռ–դիցարանում ապրող աստվածներն են ձեւավորել բարին ու չարը, ամպն ու արեւը, որոտն ու կայծակը, հեղեղն ու փոթորիկը, երաշտն ու կարկուտը, իր հովանու տակ ապրող մարդկանց կենցաղն ու ճակատագրերը: Հիմա էլ, եթե մարդիկ ուզում են իմանալ, թե ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա ժամերին կամ օրերին, նայում են Քաչալ սարի հեռուները. փետրավո՞ր են մայրամուտի ամպերը..., մթնե՞լ է լեռան կատարը..., թուխպն իջել, նստե՞լ է Իշամեյդանում... Զարմանալին այն է, որ այստեղ ամպերը ոչ թե ձորերից են բարձրանում, այլ կարող են կուտակվել լեռան կատարին, հաշված րոպեների ընթացքում, դանդաղ, անարգել իջնել ցած, պատել սար ու ձոր, կարող են ահարկու որոտներով եւ խաչաձեւվող կայծակներով թրատել սեւ–մութ երկնակամարը եւ ահեղամռունչ հեղեղաբեր տեղատարափ սփռել ձորի վրա... Միշտ ամենազոր է եղել է Իշիխլուն ու ամենակարող...

Մինչ Մեծ սրբասարի պաշտամունքի մասին խոսելը, ուզում եմ որոշ դատողություններ ու ենթադրություններ անել սարի անվան ծագման շուրջ:

Արդեն խոսել ենք հայ ազգի ձեւավորման ժամանակների, Սյունյաց աշխարհի բարդ գոտիականության, կտրվածության, տարբեր ժողովուրդների դիցարանների հետ փոխազդեցության մասին: Հնարավորինս ծանոթանալով առկա սկզբնաղբյուրներին եւ մեկնություններին, համոզվել եմ, որ Իշիխլու անունը եւ անվան նմանատիպ տարբերակները ոչ մի կապ չունեն մեր հարեւան այլադավան ժողովուրդների եւ մասնավորապես՝ թուրքական լեզուների հետ, որ այն շատ հին՝ վաղնջական ծագում ունի...

Ո՞ր ցեղերն ու ցեղախմբերն են Սյունյաց բնակչության նախնիները, որտեղի՞ց են եկել, ո՞ր դիցարանի աստվածներին են բերել իրենց հետ... Հավանական եմ համարում, որ այստեղ բնակություն հաստատած ցեղախմբերի համար գլխավոր աստվածներից մեկը եղած լինի բաբելա–ասորական սիրո եւ պտղաբերության Իշտար աստվածուհին, որի անունից եւ պաշտամունքից էլ ծագած լինի Իշեխլա, Իշխլու, Իշեգլու սրբասարի անունը (Էշտար, Աշտար, կենտրոնական կանացի աստվածությունն է աքքադական դիցարանում: Վկայությունն ասում է, որ այն իր հերթին ծագել է աստար բառից, որ նախասեմական ժամանակներում տրվել է Վեներա մոլորակին՝ վաղորդյան աստղ կամ երեկոյան աստղ): Իշտարը նույնացվել էր Անահիտի հետ, նա նույնպես ունեցել է ռազմի աստծու ֆունկցիաներ, պատկերվել է նետ ու աղեղը մեջքին:

Բանասեր, արձակագիր, թարգմանիչ Սերգեյ Ումառյանը գրում է. «Պատմական Սյունիքի տարածքում ապրող հին բնիկները բազմաստվածության ժամանակաշրջանում հայկականի հետ պաշտել են նաեւ շումերական, եգիպտական, խուռիական, խեթա–լուվիական, ասորա–բաբելական, իրանական աստվածներ, որոնց անունները մնացել են տեղանուններում» (Ս.Ումառյան, Սյունիքը դիցարան, էջ 22): Վերծանելով պատմական Սյունիքի տեղանունները, եւ այդ առթիվ բազմաթիվ հայ ու օտարազգի պատմիչների, հայագետների, պատմաբանների, գրականագետների, լեզվաբանների (Մ.Խորենացի, Ս.Օրբելյան, Մ.Աբեղյան, Հր.Աճառյան, Ն.Ադոնց, Գ. Ղափանցյան, Ա.Ղարիբյան, Ն.Մառ, Հ.Հյուբշման եւ այլն) տեսակետները, Ս.Ումառյանը նշում է, որ Սյունիք աշխարհի բոլոր գավառներում տեղանուններից ավելի քան 250–ը դիցաբանական եւ այլ կարգի պաշտամունքային անուններ են:

Գրականագետ Մ.Աբեղյանն այն կարծիքին է, որ «Իրանցիների հետ միաժամանակ հայերը հարաբերությունների մեջ են մտել հարավում Միջագետքի եւ Ասորեստանի բնակիչների–արամեացիների հետ, որոնք քրիստոնյա դառնալուց հետո ասորի են կոչվել: Հայերը նրանց ավելի բարձր կուլտուրայի ազդեցությունն եւս կրել են...»: (Մ.Աբեղյան, Երկերի ժողովածու, հ. Ա, էջ 28): Ավելին՝ ըստ Մ. Աբեղյանի՝ ասորեստանյան Իշտար աստվածուհու Անատաու մականունը, ինչպես նաեւ՝ հայոց հնագույն աստվածուհու՝ Նարիի (հետագայում՝ Ծովինար) եւ ավելի ուշ հռոմեական Դիանա աստվածուհիների անունները եւս կապված են Անահիտ անվան հետ:

Մովսես Խորենացու տեղեկությունների համաձայն՝ Աթենասը Հայաստանում նույնացվել է Նանեի հետ: Ենթադրվում է, որ նրա պաշտամունքը Հայաստան եւ իրանական աշխարհ է անցել Սիրիայից: Շումերա–աքքադական դիցաբանության մեջ նա սիրո, պտղաբերության եւ պատերազմի աստվածուհին է, իր հատկանիշներով նմանվում Է Ինաննային եւ Իշտարին։ Հնարավոր է համարվում, որ լինի վերջինիս երկրորդ անունը։

Այստեղ մեզ մի կարեւոր փաստ կամ գուցե զուգադիպություն եւս խորհելու տեղիք է տալիս: Խոսելով Ադոնիս – Աստարտե առասպելի մասին, Ն. Ադոնցը նախ նշում է, որ Իշտարը նույն Աստարտեն է (Աֆրոդիտեն), որից ծագել է մեր Աստղիկը, ապա գրում է. «...ասել է թե՝ առասպելն հյուսվել է այնպիսի ժամանակ, երբ Իշտարի լծորդը համարվում էր ջրային մեծ աստվածը՝ Դակոնը կամ Օաննը» (Ն.Ադոնց, Երկեր, հ.1, էջ 29):

Չանդրադառնալով Իշտար աստվածուհու ամուսիններին, այնուհանդերձ մենք գիտենք, որ Իշխանասար–Իշախլին կոչվել է նաեւ Սուրբ Հովհաննես, Սուրբ Օհանես... Այդ անունը կապ ունի՞ Ն. Ադոնցի նշած Իշտարի «լծորդ», ջրային մեծ աստված Օաննի հետ... Սրբասարի այս երկու անունը նույն հնադարո՞ւմ են ձեւավորվել...

Եթե հենց այդպես էլ եղած լինի, այնուհանդերձ, պետք է ընդունել, որ երկիրը քրիստոնյա դառնալուց հետո քարոզիչների համար արդեն կանաչ ճանապարհ է բացվել հեթանոսական աստված Օաննի փոխարեն կարգելու Քրիստոսի սիրելի աշակերտին, եկեղեցու երեք սյուներից մեկին՝ Հովհաննես առաքյալին...

Անվան հետ առնչվող մի այլ մեկնաբանություն եւս: Ձագեձորի խարամային կոնը մի բազմաճյուղ բարձրավանդակ է, որ դեպի արեւելք տարածվում է մի քանի կիլոմետր, իր մեջ է առնում Սեւ կամ Իշխանա լիճը, իսկ արեւմուտքում ձգվում է ավելի երկար՝ հր–արեւմուտք՝ Եռաբլրի բարձրավանդակը, մինչեւ Բարգուշատի ձորը եւ դեպի հս–արեւմուտք՝ Սիսիանի՝ Ծղուկի ողջ սարահարթը: Լեռնաշղթայի այս միջանկյալ ընդարձակ հարթությունը, որի վրա բարձրանում են Մեծ եւ Փոքր Իշխանասարեր–Իշխլաները՝ կոչվում է Իշամեյդան (Էշամեյդան):

 

Ժողովրդական բանահյուսության պատառիկներ՝ Սուրբ Օհանես սարին

 

ԳՅՈՒԼՈՒՄՆԵՐ

Քիշեր–ցիրեկ աչկս ճամփին,

Կսպասեմ իմ ղարիբ յարին:

Սարի սո՛ւրբ Օհանես,

Բյալքա թա՝ մըն խաբա՞ր անես:

 

Ասում են թա՝ խեւ ես, պել ես,

Հինչ էլ ինես՝ տու իմ սերն ես:

Վենդավ կքինամ Սարի սուրբ Վանես,

Մինակ թա՝ կաս ինձ տանես:

 

Ակնին աղբյուրը պյացրու տեղ ա,

Ճյուրը դարման ու դեղ ա,

Դյուզի ճընհապան կեռ ու մեռ ա,

Տյախծուտը թաքուն սիրելու տեղ ա:

 

Վարդավառին հի՞նչ կանեն.

Իյուրուր մըն լավ ճուր կանեն,

Սար կքինան, երգ կասեն,

Վիճակ հանեն՝ սեր կասեն:

 

Փարչը յոթ ճիրավ լցած ա,

Վիճակը միջին պահած ա:

Ա՛յ վարդավառ եկած ջահել՝

Քու բախտն ընդեղ կապած ա:

 

Արտահայտությունն, անշուշտ, ոչ մի կապ չունի էշ, ավանակ կենդանու հետ: Այն պարզապես ասվում է իբրեւ Իշեխլա սարի մեյդան (մայդան, майдан): Իսկ Ստ. Մալխասյանը մայդանը բացատրում է այսպես՝ մեյդան, հրապարակ, հավաքատեղի, ասպարեզ շուկա, մրցավայր, հնագիտական՝ դամբարանաբլուր, որն արաբական փոխառություն է՝ maydan (Ստ. Մալխասյան, ՀԲԲ, հ3, էջ 315):

Կարծում եմ նաեւ, որ անվան Իշխանասար տարբերակը շատ ավելի ուշ ժամանակների, գուցե եւ նախորդ դարի սկզբների արտահայտություն է, որի հնչեղ տարբերակն առաջացել է հենց բուն, հին անվան երկրորդ վանկը մտածված փոխելու հետեւանքով՝ Իշեխլա, Իշխլա սար – Իշխանա սար:

Հիմա Իշեխլա մեծ սրբասարի պաշտամունքի մասին: Կարեւոր է վկայակոչել, որ խորհրդային հասարակարգում սոցիալիստական նոր տոների մեջ մենք գրեթե կորցրել կամ մոռացել էինք ազգային բազմաթիվ ծեսեր, եկեղեցական ու ժողովրդագրական տոնակատարություններ, ավանդական արարողակարգեր: Ցավալի է, բայց ճշմարտություն, որ ի տարբերություն հանրապետության մյուս շրջանների՝ դրանք ավելի արագ վերանում էին հենց Զանգեզուրի տարածաշրջանում:

Ժողովրդական տոներից նախնական մտածողության բնորոշ սովորություններն իր մեջ առանձնապես խոշոր չափերով պահել է հենց Վարդավառը (Վըրթըվեր): Այն բոլոր ժամանակներում եղել է լեռների պաշտամունքին նվիրված տոն: Ցավալի է, որ վերջին տարիներին էլ, նորանկախ Հայաստանում մենք անցել ենք մի այլ ծայրահեղության՝ այն վեր ածել ենք ջրի տոնի կամ ջրցանոցիի:

Այս տոնի կարեւորագույն տարրերն էին լեռնային երթը, մատաղ–զոհաբերությունը, ջրի ցողումը, վարդը, վիճակ հանելը, խնձոր գլորելը, գյուլումներ երգելը եւ այլն: Այն քրիստոնեական ծիսակարգում համադրվել է Քրիստոսի Պայծառակերպությանը՝ Թաբօր լեռան վրա: Մեզանում ամեն ինչ պետք էր չեղած կամ լավագույն դեպքում մոռացված համարեինք, եթե հրաշքով գրված կամ պահպանված չլիներ 1931 թվականին ՀՍՍՀ պատմության պետական թանգարանի կողմից Ստ. Լիսիցյանի ղեկավարությամբ Զանգեզուր մեկնած հայրենագիտական արշավախմբի կողմից գրառված մի պատկերավոր նկարագրություն, հայրենագիտական հրաշք մի գոհար, որ շքեղ գույներով ներկայացնում է Մեծ Իշխանասարում Վարդավառի մասսայական տոնակատարության պատկերը:

ԳԵԼԿԱՊԻ ԱՂՈԹՔ

(Երբ գելկապն արվում է դանակով)

Յերի՛ կապուտ, յերի՛ կապուտ.

Էրկու ծերքավ, էրկու մանդավ

Տանակս անսաս փակվի,

Կյուլի ռեխը սարումը կապվի,

Սարի սուրբ՝ Վանեսն օգնական ինի,

Կորած դանան* անվնաս ճարվի:

* Կովը, հորթը, ոչխարը, ձին՝ նշվում է կոնկրետ:

 

«Վարդավառի օրը, – գրում է Ստ. Լիսիցյանը արշավախմբի գիտական արդյունքները ներկայացնող իր «Զանգեզուրի հայերը» գրքում, – հավատացյալները մեծ բազմությամբ դիմում էին սրբազան լեռների գագաթներին գտնված սրբավայրերի այցելության: Այստեղ գտնվում էին հրաշագործ գերեզմաններ՝ որեւէ պարզ խաչքարով զարդարված կամ շատ նոր ժամանակներում շինված անարվեստ մատուռով հովանավորված: Բարձրանում էին Սարվարդի (Սալվարդի), Իշխանասարի (Իշիխլիի) սուրբ Օհաննեսը եւ մանավանդ Խուստուփի գագաթները...» (էջ՝ 275):

Այնուհետեւ նկարագրելով տոնակատարության ընթացքն Իշխանասարում, ազգագրագետը գրում է.

«Մեծ Իշխանասարը՝ Մեծ Իշիխլին տեղացիներին հայտնի է նաեւ որպես Սըփ Օհանէսի սար: Նա ավելի մատչելի է հյուսիս–արեւելյան կողմից, որտեղ նրա ստորոտից ոչ հեռու կանաչ ափերի մեջ ծփում է Սեւ լճի՝ Կարագյոլի կապտավուն հայելին: Հին ժամանակ այժմյան Գորիսի վարչական շրջանի գրեթե բոլոր գյուղերից բազմաթիվ ուխտավորներ, ո՛րը ձիով կամ ջորիով, ո՛րը բոբիկ ոտով, անողորմաբար բզելով ծանր բարձած անասունը, ընտանիքի մեծ ու փոքրով շրջապատված՝ շտապում էին Վարդավառի տոնին սարը բարձրանալ: Իրենց բեռը ներքեւում՝ սարի ստորոտին թողնելով, նրանք մի քանի արահետներով շարան–շարան ձգվում էին սարն ի վեր դեպի գագաթը, որտեղ կոպիտ խաչքանդակներով զարդարված վիմաքարեր են կուտակված մի անհայտ գերեզմանի վրա: Այստեղ լուսեր՝ մոմեր վառելով՝ կպցնում էին քարերին, վառում էին կոպիտ կավե ճրագների բամբակե պատրույգները, բարեպաշտությամբ համբուրում էին քարերը եւ իրենց ջերմեռանդ աղոթքները դեպի արեւելք առաքելով՝ հայցում էին մուրազների կատարում: Այնուհետեւ իջնում էին սարից եւ լճից ոչ հեռու, մի տափարակ հրապարակի վրա, բերած մատաղացուն մորթում: Քահանաներն իրենց տիրացուների հետ մեկի մոտից մյուսի մոտ վազվզելով՝ իրենց հասանելիք ոչխարի կամ գառան բուրդն ու մորթին էին հավաքում: Շուրջը վխտում էին մանրավաճառներ, խնձորեսկցի աշուղներն այս եւ այն խմբին միանալով՝ իրենց երգի ու նվագի համար մեծարվում էին եւ իրենց վարձատրությունը ստանում» (նույն տեղը, էջ՝ 279–280):

 

Իշխանասարը Գուսան Աշոտի երգերում

 

Նազելուս հետ ելանք սարը, սարը ժպտաց, հրաշք էր,

Սարերի մեջ՝ Սրբասարը անզուգական դրախտ էր...

(«Սրբասար»)

 

Դու այնքան բարձր ես, մով սուրբ սար իմ,

Երկնքի հետ կխոսես քո շնչով սիրալի,

Զեփյուռը տաղով է տուն մտնում շորորվում,

Սարերի սարն ես դու շափաղդ երկնային:

(«Սուրբ սար իմ»)

 

Էս գիշեր իմ երազին, ելա սարը Իշխանա,

Ինձ տարավ իմ մուրազ ձին, սրբավայրը իշխանա,

Ուխտավորներ են եկել սուրբ հավատի տենչանքով,

Ասես լեզու էր առել, էն խաչքարը իշխանա:

Մորս փեշը բռնեցի, խաչքարին մոմ վառեցի,

Ասաց,– որդի՛ս, սուրբ է սա,– խունկ վառեց, ես օծվեցի:

(«Մորս փեշը բռնեցի»)

 

Այնուհետեւ իջնում էին սարից եւ լճից ոչ հեռու, մի տափարակ հրապարակի վրա, բերած մատաղացուն մորթում: Քահանաներն իրենց տիրացուների հետ մեկի մոտից մյուսի մոտ վազվզելով՝ իրենց հասանելիք ոչխարի կամ գառան բուրդն ու մորթին էին հավաքում: Շուրջը վխտում էին մանրավաճառներ, խնձորեսկցի աշուղներն այս եւ այն խմբին միանալով՝ իրենց երգի ու նվագի համար մեծարվում էին եւ իրենց վարձատրությունը ստանում» (նույն տեղը, էջ՝ 279–280):

Մեկնաբանելով նմանը չունեցող համաժողովրդական այս տոնախմբության էությունը՝ Ստ.Լիսիցյանը գրում է. «Հազիվ թե կարելի լինի երկբայել, որ ոչ թե այստեղ իբր թե թաղված սուրբերի գերեզմաններն էին, որ գրավում էին ուխտավորներին, ինչպես եւ կասկածելի է նույնիսկ, թե այդ քարակույտերը թաղումների հետքեր են եւ ոչ թե ուշ ժամանակներում հավաքած քարերի կույտեր, այլ այդ գագաթները նվիրական էին քրիստոնեության նախորդող վաղեմի դարերից սկսած եւ շաղկապված էին արեւի պաշտամունքի հետ եւ ոչ մի կապ չունեին Քրիստոսի պայծառակերպության ավանդության հետ...» (նույն տեղը, էջ՝ 275):

Սյունիքի Ակներ գյուղի վարչական ներկայացուցիչ Սպարտակ Մինասյանի պատմածով՝ Մեծ Իշխանասար լեռան լանջերին որեւէ սրբատեղի այժմ չկա, սարի կատարին 3–4 տարի առաջ Սիսիանի Իշխանասար գյուղի երիտասարդները տեղադրել են 1.5–2 մ բարձրությամբ մետաղե խաչ:

Շարունակությունը՝ այստեղ:

Գագիկ Հայրումյան

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25