Հիշատակն ապրում է սերունդների հիշողության մեջ…

23.05.2017 12:55
1605

(Եղիցի լույս մահապարտ կամավորականի հիշատակին)

Գորիսի շրջանի Շինուհայր գյուղում հյուրնկալվեցի Արցախյան ազատամարտում ակտիվ, անձնուրաց դերակատարություն ունեցած տղաներից մեկի՝ Արայիկ Սիմոնյանի հայրական տանը: Արայիկը փառքով է պսակել իր անունը հայոց այս վերջին ազատագրական մաքառումների ընթացքում: Պատերազմում վաստակել էր իր պատվավոր մականունը՝ «Ուրալ» Արո: Մարտնչել է բազմաթիվ վայրերում: Նա առաջիններից էր, որ ունկնդիր եղավ ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հայտնի կոչին եւ զինվորագրվեց մահապարտների գումարտակին: Արայիկի գործունեության բուռն տարիները եղան հենց պատերազմի սկզբնական շրջանը՝ 1990-1992  թվականները, երբ ամեն ինչ հայկական կողմին ծանր ու դժվար էր տրվում: Պատերազմն առաջ բերեց անսպասելի դժվարություններ ու խոչընդոտներ: Դրանք հաղթահարելու համար մեր տղաները հաճախ աննախադեպ անձնուրացություն ու անձնազոհություն էին դրսեւորում՝ երբեք չդողալով իրենց կյանքի համար:

Արայիկը՝ Ուրալ Արոն, ճիշտ այդպիսի անձնազոհ, նվիրյալ մարտիկ էր՝ կյանքն ամբողջովին հայրենիքին մատաղացու արած այր: Նա հար եւ նման էր 19-րդ դարավերջի հայ ֆիդայիներին, ովքեր կրակե շապիկ հագած բարձրացել էին Արեւմտյան Հայաստանի լեռները եւ «Մահ կամ ազատություն» կարգախոսով կռիվ հայտարարել սուլթան Համիդի բռնապետությանը: Հայ ժողովրդի երջանկության «Բրաբիոն» ծաղիկը որոնող խենթերն էին նրանք՝ Արաբոյից, Սպահանցի Մակարից, Գեւորգ Չաուշից, Աղբյուր Սերոբից, Անդրանիկից մինչեւ Փեթարա Իսրո: Հայ ֆիդայիների այդ փառապանծ փաղանգն արհամարհած ուներ սեփական կյանքը՝ միայն թե ազատագրվեր սիրասուն հայրենիքը: Հայ մեծանուն գրող Մուշեղ Գալշոյանը նրանց կյանքի եւ սխրանքի վերաբերյալ հետեւյալ խորունկ բանաձեւումը տվեց. «Հայ ֆիդայիների ըմբոստ ճակատը մենք դեռ պետք է համբուրենք… »:

20-րդ դարավերջին՝ Արցախի լեռներում հայտնվեցին հայոց նորօրյա ֆիդայիները՝ կամավորական-ազատամարտիկները: Նրանց նշանաբանը  նույնն էր. «Մահ կամ ազատություն»: Հայ կամավորական ազատամարտիկն իր անձնազոհությամբ բնավ չէր զիջում 19-րդ դարավերջի հայ ֆիդայիներին: Հայրենիքի սիրով արբեցած խենթերը միշտ էլ որոնել են ու դեռ կորոնեն հայոց երկրի երջանկության Բրաբիոն ծաղիկը:

Արայիկ Սիմոնյանն այդ խենթերից մեկն էր: Մահապարտ կամավորականը բազմաթիվ անձնազոհ գործողությունների է մասնակցել Արցախի լեռներում եւ պարզապես հրաշքով կենդանի մնացել:

Նա իր «Ուրալ» մակնիշի բեռնատարով հարկ եղած զենքն ու զինամթերքն էր հասցնում ամենավտանգավոր վայրերում գտնվող ազատամարտիկներին: Ճշմարիտ է նկատված, որ նա ամեն անգամ անցնում էր կյանքի եւ մահվան մազեկամրջի վրայով եւ վերոնշյալ անձնազոհ արարքները կատարում էր այնպես, կարծես իր ուղեղն էլ նույնպես զրահապատվա՜ծ էր…

Ուրալ Արոն 1993 թվականի փետրվարին «Արծիվ մահապարտների» գումարտակի հրամանատարության հատուկ առաջադրանքով մեկնեց ռազմաճակատի թեժ գիծ՝ Չլդրան: Ճանապարհին նա անհավասար մարտերի մեջ մտնելով թշնամու հրոսակախմբերի հետ, այնուամենայնիվ, կարողանում է այնքան անհրաժեշտ զենքն ու զինամթերքը հասցնել պաշարման մեջ գտնվող ազատամարտիկներին: Այդ հերոսական, անվեհեր գործողության ընթացքում Արայիկը ծանր վիրավորվում է, ստանում ողնաշարային լուրջ վնասվածքներ, գանգոսկրի կոտրվածք: Առաջին բուժօգնությունը ստանալուց հետո նրան տեղափոխում են Երեւան, որտեղ անհրաժեշտ ապաքինում է ստանում եւ կրկին վերադառնում ռազմաճակատ: Այս անգամ նա մասնակցում է Լաչինի ուղղությամբ ծավալված մարտական գործողություններին:

Պատերազմի ավարտից հետո Արայիկը մի որոշ ժամանակ մնում է զինվորական ծառայության մեջ, սակայն ստացած վերքերն իրենց զգացնել են տալիս: Երկու անգամ, ՊՆ միջամտությամբ, մեկնում է արտասահման՝ բուժման: Գերմանիայում բժիշկները փորձում են նրա առողջական վիճակը կայունացնել, սակայն ապարդյուն: Հետզհետե ողնաշարի ցավերը դառնում էին անտանելի:

Արայիկ Սիմոնյանը վախճանվեց 2015 թվականի մարտի 10-ին, Երեւանում՝ հիվանդանոցում:

Հուղարկավորվեց հերոսների հանգրվան հանդիսացող «Եռաբլուր» պանթեոնում: Տապանաքարին գրված է. «Ուրալ Արո. 1960-2015թթ.-Մահապարտ»:

Ահա այսպես ավարտվեց հայրենիքին նվիրված մի կյանք եւս:

Արայիկ Սիմոնյանի անունը հավերժելու է որպես խորհրդանիշ հայրենիքի պաշտպանությանը մինչեւ վերջ զինվորագրված եւ զոհաբերված կյանքի:

ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
պատմաբան, հրապարակախոս

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12