ՀՈՂՀԱՏԸ

21.10.2025 12:32
619

«Շեն քաղաք ես, Գորիս»։

«…Թե ինչ մարդիկ էին Գորիսի բնակիչները, և այդ ոչ այն իմաստով,  թե ինչպես էր նրանց արտաքինը, որովհետև աշխարհի բոլոր անկյուններում էլ կան հաստ ու նիհար մարդիկ,  մարդիկ,  որոնք հոգնում են քնելուց և որոնք իրենց կյանքում մի անգամ կուշտ քնելու կարոտ են»:

Ակ. Բակունց, «Ծիրանի փողը», ընտրանի, «Զանգակ-97»  2003թ., էջ 249,252

 

Զարմանալի քաղաք է մեր Գորիսը: Հիմա,  երբ սկսում եմ գրել այս մասին, ինչ պետք է ներկայացնեմ, աչքիս առջև մեկ-մեկ գալիս անցնում են հանճարեղ Ակսել Բակունցի Աթա ապերը, Մինա բիբին, Գարադաբուլդի Մուխանը, Ցուլ Օհանը, Ավին, Պարան-պարան Ավանեսը, Սերոյի Ճել Ավանը և բազմաթիվ այն երևելի հերոսները, ովքեր, իրապես, տարբեր ժամանակներում համ ու հոտ են հաղորդել մեր չնաշխարհիկ քաղաքի հասարակական նկարագրին: Չեմ ասում, թե այլ քաղաքներում նման տրամադրությունների պակաս կա, բայց գորիսյանը, իսկապես, առանձնահատուկ է՝ իր բուրմունքով և չքնաղ պատկերներով:

Վերջին օրերին թերթելով սոցիալական ցանցի իմ ֆեյսբուքյան էջը,  աչքովս ընկավ գորիսեցու մի համով գրառում՝ նշել էր վերջին շրջանի Գորիսի հայտնի մականունավորների մի շարք և խնդրել լրացնել այն: Ավելացնողներ, իհարկե, եղան: Ակամայից հիշեցի տարիներ առաջ մեր ավագ գործընկերներից մեկի հայտնած ցանկությունը՝ այդ շարքի մարդկանց նկարելու, ձայնագրելու նրանց հետ կապված հնչեղ պատմությունները՝ գրին հանձնելու համար: Շնորհալի լրագրողի այդ հայրենանվեր ծրագիրը,  ցավոք, չիրականացավ՝ նրան կուլ տվեց ավելի զորեղը՝ մանրածախ առևտուրը: Հա՛,  հա՛, ուղղակի այդպես եղավ:

Հիմա մեր կոլորիտային քաղաքի առօրյա կյանքին համուհոտ հաղորդած և այժմ էլ՝  Աստծո ամեն օր հարստացող նյութը սպասում է իր բարեխիղճ հավաքողին ու շարադրողին:

Ցանկությունս է մեր քաղաքային կյանքի գունապնակից մի գույն առանձնացնել, ով եկել ու հարստացնում է գորիսյան իրականությունը և կարևոր նպաստ բերում մեր հասարակությանը: Պատմվածքիս նյութն էլ հենց սա է լինելու:

***

Հաստ ոտք ու ձեռք, ժայռեղեն թիկունք, ափերի կոշտուկների բարձրությունը տեղ-տեղ երկու սանտիմետրի է հասնում: Պարթև հասակ ունի՝ մոտ 1 մ 90 սմ, ուղիղ և նկատելի հպարտ կեցվածք, խաղաղ հայացք: Այդ հպարտության միջով ձգվում է թախծի և տրտմության մի նու՜րբ երանգ, որն առանձնահատուկ տեսք է տալիս նրա դեմքին: Արդյո՞ք դա տեսածի, ապրած-արածի բազմամյա հոգսառատ կուտակումների պատկերը չէ, որ մշտապես եռում է նրա ներսում: Դե մի ձևով պետք է դուրս գա չէ՞, այլապես կխեղդի նրան: Ստորին ատամնաշարին՝ կզակի կենտրոնի դիրքում, ոսկեգույն շապիկաշարք ունի, որը կարելի է ամրապինդ ծնոտի առանձնահատուկ զարդը համարել, որովհետև բերանը բացելիս առաջինը դրանք են շողում: Խոսում է թեթևակի տնքոցով, բառերը խաշիլի եռացող կաթսայից լսվող բլթոցի նման է դուրս գալիս՝ մեկ հազիվ լսելի, մեկ էլ ցայտում է աջ ու ձախ, ապա պահի տակ կտրվում է եռքը ու հայացքը գամվում մի կետի և մնում  անշարժ՝ արձանացածի տեսքով: Մոտ 63 տարի առաջ է լույս աշխարհ եկել՝ գյուղական բազմանդամ հարկի տակ, այս մարտին կանցնի տարիքային կենսաթոշակի: Երեք եղբոր միջնեկն է, ծննդավայրը՝ Իշխանասարի Սև լճի արևելյան լանջից կախ, գեղատեսիլ հովտին փարված Վաղատուր գյուղը: Ինքն էլ մյուսների նման զմայլվել է լեռնահովտի հարուստ բնաշխարհով, խաղացել գյուղամիջով վազող գետակի ջրերում, խմել զուլալ աղբյուրների և շատրվանող հորդառատ հանքային ջրի (թթու ջրի) կենարար հեղուկը:

- Մինչև հիմա չեմ իմանում, թե ինչի վաղ տարիքում հայտնվեցի Գորիսում`մեր ընտանիքի հետ հեռու բարեկամություն ունեցող մի բարի մարդու հարկի տակ, և մնացի, մինչև հիմա էլ այստեղ եմ: Գուցե դրանում դեր է ունեցել այն, որ գյուղում մենք պահում էինք այդ մարդու ոչխարները, - ասում է ու մեղավոր ժպտում: -Այստեղից էլ հաճախել եմ Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոցը, որտեղ սովորել եմ մինչև 8-րդ դասարան, ապա թողել ուսումս: Սկսել եմ աշխատել: Կատարել եմ ֆիզիկական ուժ պահանջող ամենատարբեր գործեր, հետո մեկնել եմ ծառայության՝ խորհրդային բանակ: Ծառայությունս ավիացիոն զորամասում էր՝ Մերձբալթիկայի Ռիգա քաղաքում: Հաջող է անցել բանակային կյանքս, այն աստիճան, որ հրամանատարս առաջարկել է զորացրվելուց հետո վերադառնալ զորամաս և քաղաքացիական հաստիքով աշխատել իրենց հետ: Ու ֆինանսավորել է ինձ՝ հարազատներիս տեսնել գնալու և Ռիգա հետ վերադառնալու համար: Այդպես էլ արել եմ: Մի քանի օր գյուղում մնալուց հետո վերադարձել եմ և աշխատանքի անցել մեր զորամասում: Ամեն ինչ ընթանում էր իմ ուզածով, լավ էլ վաստակում էի, միայն մի բան էր շատ վատ՝ հայրենիքի կարոտը խեղդում էր ինձ: Երեք տարի Մերձբալթիկայում մնալուց հետո վերադարձա Գորիս՝ հետս բերելով այն ժամանակի համար մի կլորիկ գումար: Տասը հազար ռուբլի ավանդ դրեցի բանկում, որն այդպես էլ կորավ, գնաց: Մոռացա ասել՝ վարորդական իրավունք էի ստացել, ավտոմեքենա վարել գիտեի: Գորիսի քաղաքապետարանի հետ պայմանագիր ստորագրեցի՝ քաղաքի կոմունալ ծառայությունում անցա աշխատանքի՝ որպես աղբահանության ավտոմեքենայի վարորդ: Աշխատեցի երեք տարի, գուցե մի քիչ էլ ավելի, և ստացա պայմանագրով նախատեսված բնակարանը, որտեղ հիմա էլ ընտանիքիս հետ ապրում ենք: Դրանից հետո կատարել եմ ամենատարբեր աշխատանքներ, որ կարողանամ պահել ընտանիքս:

- Շատ չերկարե՞ց, - հարցրի նրան, - վերջապես ե՞րբ և ինչպե՞ս սկսեցիր կատարել այժմյան աշխատանքդ, ո՞վ քեզ մղեց դրան, թե՞ ինքդ որոշեցիր:

Ընդհատեց իր խոսքը, և լռության մեջ դեմքին գծագրվեց մի պատկեր, որն ասում էր, թե այս մարդն էքսկուրս է անում դեպի անցած ժամանակներ և փորփրում իր հիշողությունների պարկը: Երևի մեկ րոպեից ավելի տևեց այդ դադարը, ապա հարմարեցնելով նստելու դիրքը՝ ցածրաձայն շարունակեց.

- 1992 թվականից այս գործին եմ, արդեն 31 տարի է: Առաջին անգամ հատել եմ Գորիսում հայտնի Ջիջու Հայկի բարեկամի գերեզմանափոսը: Պատկերացում չունեի, թե ինչպես պետք է անեի: Դրսի չափերը նշեցին ու գնացին: Երբ եկան նայեցին, ըստ իս՝ աշխատանքը վերջացրել էի, ասացին, որ արել եմ գործի կեսը՝ հարկավոր էր խորացնել: Այդ օրվանից ինձ համար պարզ դարձավ ամեն բան և մինչև հիմա էլ աշխատանքը կատարում եմ այդ պահանջներով: Մենակ եմ աշխատում, շատերին եմ առաջարկել միանալ ինձ, չեն գալիս: Մեկ-երկու հոգի եկել, փորձել են,  բայց չեն հարմարվել՝ անմիջապես թողել ու գնացել են: Չեմ երկարացնում. նրանցից մեկն արդեն հատած փոսում իրեն նույնիսկ շատ վատ է զգացել, մի կերպ հեռացրել եմ այդտեղից, գիտակցության բերել ու ճանապարհել տուն: Այնպես չէ, որ ինձ համար ամեն ինչ հարթ է ընթացել, ես էլ ծանր օրեր եմ ապրել, տևական ժամանակ լարված եմ եղել, բայց ժամանակի ընթացքում հարմարվել եմ,  հիմա խնդիրներ չկան՝ աշխատանք է, անում եմ: Մի տեսակ հանգստություն եմ զգում, որ ծառայում եմ ամբողջ Գորիսին, մեկ-մեկ էլ գյուղեր եմ գնում՝ Վերիշեն, Հարթաշեն, Քարաշեն: Ճիշտ է, աշխատանքս վարձատրում են, բայց փորձում եմ, որ դրա չափն ընդունելի լինի դիմացինի համար, չէ՞ որ նա դժբախտության մեջ է, ժամանակները դժվարին և ծանր են, մարդկանց միջոցները՝ չափազանց սուղ: Երբեք գին չեմ սակարկում,  գործն ավարտելուց հետո էլ ոչինչ չեմ ասում,  իրենք են մոտենում ինձ և ընդհանուրի կողմից ընդունված չափով վճարում անում:

Հարցնում եմ՝ արդյո՞ք լինում է գնային շեղում: Պատասխանում է.

- Իհարկե: Դեպքեր են լինում՝ գործն ավարտելուց հետո մոտենում և ասում են, որ տեղները շատ է նեղ, կարող են միայն գումարի կեսը տալ, կամ հիմա չունի՝ հետո կտա: Հետոն էլ դառնում է 2-3 լ տնական քաշած օղի, որը ես չեմ էլ խմում և այլն: Իմ պատասխանը նման դեպքերում այս է լինում, ջանդ սաղ լինի, սա էլ թող այսպես լուծվի: Կարող եք հարցնել մեր համաքաղաքացիներից՝ չեմ թողնի, որ մեկը դժգոհ մնա ինձանից: Չէ՞ որ լինում է նաև այսպես, ինչ թաքցնելու բան է, որոշ մարդիկ էլ ավելին են տալիս, քան ընդունված չափն է: Իհարկե, նման դեպքերը եզակի են, բայց լինում է այնպես, որ դժգոհելու բան չունեմ, իմ աշխատանքով կարողանում եմ հոգալ ընտանիքիս կարիքները: Հատուկենտ դեպքերում հանգուցյալի բարեկամներն են հատումն անում, բայց, մեծ հաշվով, մեր քաղաքում այդ գործը ես եմ կատարում: Օր է լինում՝ երկու, երեք, նույնիսկ մի անգամ չորսի համար տեղ եմ հատել: Նման դեպքերում հուղարկավորություններն անում են նախօրոք պայմանավորվելով՝ մեկական ժամ տարբերությամբ, որպեսզի իրար չխանգարեն, ես էլ հասցնեմ: Ճիշտն ասած, արդեն զգում եմ, որ հոգնում եմ՝ հատկապես նման լարված օրերին: Դե, մեր ժողովուրդն էլ երբեմն այնպիսի վերաբերմունք է ցույց տալիս, որ մնում ես զարմացած՝ մեկը չի ուզում բահ վերցնի, գերեզմանը ծածկելուն օգնի: Բայց տես, հոգեհացի սեղանին ինչ ակտիվ են: Այս բանը ես չեմ ընդունում: Ինչի՞ չեն սահմանափակում, օրենք ընդունում, որ հուղարկավորությանը 50 մարդուց ավելի մասնակից չլինի: Հոգեհանգստին եկել, ցավակցել ես, գնա ձեր տուն, էլ ինչի ես հաջորդ օրը  գալիս, անգամ ինքնահողին, յոթին. ինչ է՝ բան ու գործ չունե՞ն,  ժամանակ են անցկացնում,  թե մեկ այլ բան:

- Նկատի ունես սեղան նստե՞լը:

- Հա, բա ինչ, ուտել-խմելու տե՞ղ են ճարել, ամոթ է: Մարդը, դժբախտության մեջ հայտնվելով, վազում է դեպի բանկեր և վարկ վերցնում, որ սեղան գցի այդպիսիների համար: Մեր ժողովրդի մի մեծ հատված հենց այդ պատճառով վարկի տակ տնքում է: Պետք է պետությունը կարգավորի այդ հարցը,  ժողովուրդն էլ՝ իր հերթին:

- Կասե՞ս, երբ դարձար մեր քաղաքի համար հայտնի Երջո:

Ծիծաղում է և շարունակում:

- Էն գլխից էլ Երջո էի, ավելի ճիշտ Երջանիկ Ալեքսանյան, դե Գորիսում ընդունված բան է մարդկանց անունը կրճատելը, մի տեսակ փոթ անվան (մականվան) նման է հնչում, բայց իմ անունն է՝ Երջանիկ-Երջո, Հայկ-Հայկո, Վարազդատ-Վարո, կարելի է հա՜ շարունակել: Դե իսկ հայտնի դառնալը կապված է այս աշխատանքի հետ: Այդ հարցով ինձ ամեն օր դիմողներ են լինում, ամբողջ քաղաքի հետ շփվում եմ, գործ ունենում, ոնց հայտնի չդառնայի: Մի բան էլ կա՝ իմ հարաբերությունը Գորիսի ժողովրդի հետ: Ասել եմ, չկա մի մարդ, ում մերժած լինեմ կամ կոշտ պատասխանած, կամ էլ՝ մեկ այլ բան: Գուցե սա էլ է օգնում իմ հայտնի դառնալուն: Արել եմ այս գործը և շարունակելու եմ այնքան ժամանակ, ինչքան ուժերս ներեն: Անկեղծ, կուզեի ուրիշ անողներ էլ լինեն, բայց չկան, չեն ուզում, - ասում է Երջոն և կոշտացած հզոր ափերը պարզում առաջ:

-Երջո, քեզանից առաջ երկու հոգի ևս գերեզման հատելու աշխատանք են արել, իհարկե ոչ այն ծավալով, ինչ դու ես արել ու անում, մեկը Գորիսում հայտնի Նուբարի Վալոդն էր, մյուսն էլ Սետին:

-Հա՜,  հա՜,  ես ճանաչել եմ նրանց, բայց միասին չենք աշխատել:

-Գիտե՞ս, թե Վալոդն ու Սետին ինչպես էին դիափոսի չափերը որոշում:

-Չէ,  տեղյակ չեմ:

- Ուրեմն, այսպես. Վալոդը բարձրահասակ էր, իսկ Սետին շատ կարճահասակ: Մետր, սանտիմետր նրանց համար անհասանելի բաներ էին: Պատմում են, որ Վալոդը պառկում էր գետնին Սետին նրա ոտքերի գլխի և կողերի հատվածներում քլունգով նշաններ էր անում և սկսում էին քանդել: Խորությունն էլ այսպես էին որոշում. եթե տղամարդ էր հանգուցյալը՝ Սետու գլուխը փոսից պիտի կիսով չափ երևար, եթե կին էր՝ գլխի գագաթին հավասար, այսինքն՝ կնոջ համար մի քիչ խոր պետք է փորեին: Ասում են՝ իբրև դարերով այդպես էր ընդունված:

Ուշադիր լսելուց հետո՝ միանգամայն լուրջ, Երջոն թե՝ «Չէ, ես գործիքներիս հետ նաև մետր ունեմ՝ չափում եմ, կին լինի, թե տղամարդ նույն չափերով եմ անում, ինձ հայտնի չէ նման բան»:

Հարցրի՝ իրականությունը, որի մեջ է ամեն օր ինքը, արդյո՞ք,  հոգեբանորեն  կարողանո՞ւմ է տանել, ծանր չէ՞:

 - Իհարկե ծանր է, հատկապես վերջին տարիների մահերը շատ-շատ են, մահացածների տարիքն էլ գնալով ավելի է երիտասարդանում: Ինչ վերաբերում է պատերազմի ժամանակ կամ  սահմանին ունեցած զոհերին, ապա դրանք անտանելի էին: Չեմ կարծում, որ կարող է լինել մեկը, ով անտարբեր անցնի տեսնելուց, թե ինչպես են հուղարկավորում մեր 18-20 տարեկան զինվորներին, բանակի մյուս զոհերին: Դա անտանելի է: 2020 թ քառասունչորսօրյա պատերազմի զոհերի համար Գորիսի ազատամարտիկների պանթեոնում 43 գերեզման եմ հատել, լիովին անվճար և ընդհանրապես, երբ հանուն հայրենիքի զոհվածների համար գերեզման եմ փորում, ոչ մի գումար չեմ վերցնում, դա իմ ծառայությունն է ժողովրդին ու երկրին՝ կարող եք հարցնել մեր քաղաքացիներին, բոլորը կհաստատեն ասածս: Ո՞նց կարող է մարդ ուտի-վայելի մեր սուրբ նահատակների արյան գումարը, չէ, դա անելու բան չէ: Ասեմ նաև՝ 43 զինվոր տղաների հուղարկավորությունից հետո ծանր ապրումներ եմ ունեցել, ավելի քան մեկ ամիս այնպիսի սթրեսների մեջ եմ եղել, որ անգամ բժշկական օգնություն, միջամտություն են արել ինձ, չէի կարողանում քնել, ուտել, աշխատել: Մարդ, եթե քարից էլ լինի, այն ինչ մենք ենք տեսել, չի կարող չազդվել: Ասացի՝ մահերը ընդհանուր առմամբ շատացել է: Գիտե՞ք, 2023թ. հունվարին մեր Գորիսում 100 թաղում է արվել, այսպես ու՞ր կհասնենք, մեր փոքր քաղաքի համար սա շատ մեծ թիվ է: Ասում եք՝ տարեկան քանի տեղ եմ հատում, իհարկե, չեմ հաշվում, բայց շատ է, լարված եմ աշխատում, կարող է 300-ի հասնի: Դե պատկերացրեք՝ 1992 թվականից սկսած… չէ,  ավելի լավ է այդ մասին լռենք,  չխոսենք, այլապես…

- Իսկապես, ծանր է այդ մասին խոսելը, չնայած նաև այն ամենն է ծանր, ինչի շուրջ հիմա արտահայտվում ենք: Այնուհանդերձ, քաղաքապետարանի, հարկային մարմինների հետ ի՞նչ առնչություն ունես, - հարցնում եմ հողհատին:

 - Հարկայինի հետ ոչ մի շփում չի եղել՝ ոչ իրենց, ոչ էլ իմ կողմից: Քաղաքապետարանի հետ այնքանով, որ,  երբ մարդու դուռը դժբախտությունը ծեծում է, նա էլ քաղաքապետարանի դուռն է ծեծում: Պատասխանում են՝ «Գնա Երջոյի մոտ՝ ինքը կասի»: Փաստորեն՝ չնայած ես պաշտոնատար մարդ չեմ, բայց բոլոր հարցերը ես եմ կարգավորում: Ցույց եմ տալիս տեղը, չափում եմ 4x5 մետրով երկու տարածք և անցնում իմ գործին: Չնայած հատկացվող մակերեսը փոքր չէ, բայց շինարարական աշխատանքների ժամանակ մեր քաղաքացիներն ավելի են մեծացնում, որը պետք է արգելվի, բայց ես ինչ կարող եմ անել: Թոզ կապի, Գորիս գյուղի գերեզմանատներում կան մեծ չափերով գերեզմաններ, որոնցում տասնամյակներ առաջ մեկ կամ երկու թաղում է արվել և ուրիշ ոչինչ՝ դրանց տերերը մեր երկրում էլ չեն: Ու այդպես մնում է տեղն ազատ, մյուս կողմից՝ նորանոր տարածքներ են հատկացվում գերեզմանի համար։ Սա էլ անթույլատրելի է, բայց ինչպես ասացի, հոգեհացի, դրա մասին էլ մտածող չկա: Ստացվել է այնպես,  որ գերեզմանոցների, առանձին գերեզմանների հարցերով ես եմ զբաղվում: Չեմ զլանում, ինձ շատ մարդիկ են դիմում, ուժերիս ներածին չափով օգնում եմ: Քիչ չեն նրանք՝ ովքեր տևական ժամանակ չեն այցելում ու կորցնում են իրենց գերեզմանի տեղը: Դա ավելի հաճախ վերաբերում է մեր երկրից դուրս ապրողներին: Տասնամյակներ հետո պատահական, թե նպատակային լինելով Գորիսում՝ փորձում են գնալ հարազատների շիրիմին, բայց տարիների ընթացքում այնքան փոփոխություններ են եղել, որ մարդիկ մոլորվում և չեն կարողանում գտնել գերեզմանը: Դիմում են ինձ: Իհարկե, առանց որևէ ակնկալիքի, ժամանակ եմ գտնում և օգնում նրանց: Ճիշտ է, որևէ հաշվառում չունեմ գերեզմանների, դրանց տերերի մասին, բայց երկար տարիների աշխատանքի արդյունքում ինձ հաջողվում է մեծ չափով տիրապետել այդ ամենին, և բանավոր հիշողությամբ ավելի քան 90 տոկոսով կլուծվեն այդ  հարցերը: Դե հետո, որ ես չլինեմ, ինչպես կլուծվեն այդ հարցերը, չեմ կարող ասել: Փոքր թվով գորիսեցիներ էլ կան՝ արտերկրում ապրող, որոնք հեռվից փորձում են հոգ տանել իրենց ընտանիքի գերեզմանի մասին: Արդեն մի քանի տարի է՝ հինգ գորիսեցի պայմանավորվել են հետս՝ մաքրում եմ, հեռացնում ավելորդությունները, մի խոսքով՝ խնամքը կատարում: Յուրաքանչյուրը տարեվերջին մի փոքր գումար է ուղարկում, ես էլ բավարարվում եմ դրանով:

- Հարցնում եք՝ ի՞նչ երազանք ունեմ: Երազանքս կապված էր որդուս հետ, ում կորցրեցի մի քանի տարի առաջ, նաև նրա նորածին երեխային: Ժառանգ էլ չմնաց նրանից: Ունեմ մի աղջիկ, ամուսնացրել եմ, դեռ թոռնիկ չունեմ:

Հոգոց է քաշում...

-Չէ, Երջոն երջանիկ չէ այդ առումով: Ծրագիրս հետևյալն է. մինչև կյանքիս վերջը Գորիսից որևէ տեղ տեղափոխվող չեմ, թե Աստված էլ իջնի: Այս  մարտ ամսին տարիքային կենսաթոշակի եմ անցնելու: Ինչպես ասել եմ, գերեզմանահատի աշխատանքը կատարելու եմ այնքան ժամանակ,  ինչքան ուժս կների, առավելագույն չափով կծառայեմ իմ քաղաքին: Աստծո կամեցողությամբ,  երբ տարիքս հասնի 75-ի, այսինքն 12 տարի հետո, տղայիս ու թոռնիկիս գերեզմանում երկու շիրմաքար եմ դնելու՝ մեկը ինձ, մյուսը՝ կնոջս համար: Չեմ ուզում այդ հոգսը թողնել աղջկաս կամ փեսայիս վրա: Նպատակս է՝ բոլոր առումներով նամուսով հեռանալ այս աշխարհից:

 

Սուրեն Վարդանյան 

8.02.2023 թ.,  ք. Գորիս

ԱՅԴ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՉԵՌՆՈԳՈՐԻԱ –ՄՈՆՏԵՆԵԳՐՈՆ

05.12.2025 17:22

Հարցազրույց Կարեն Լազարյանի հետ

05.12.2025 16:43

Արցախի ՄԻՊ-ն ակնկալում է, որ տեղահանվածների համար նախատեսված սոցիալական ծրագրերը դեկտեմբերին չեն ընդհատվի

05.12.2025 16:30

Փաշինյանը ներկայացուցիչ է գործուղել Լոնդոն՝ «TRIPP» նախագծի պայմանագրի մշակման համար

05.12.2025 16:00

Հայ պատմաբանը դարձել է «Մեծ hաղթանակի արձագանքը ԱՊՀ տարածքում» մրցանակի դափնեկիր

05.12.2025 15:57

42-ամյա կնոջը սպшնողին գտել են․ սպшնելուց հետո կնոջ զարդերը գողացել են և դրանք գրավադրել․ մանրամասներ

05.12.2025 15:54

Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆ

05.12.2025 15:53

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պահանջում է անհապաղ դադարեցնել Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի և ազատազրկված մնացյալ եկեղեցականների ապօրինի հետապնդումները. հայտարարություն

05.12.2025 15:51

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հայտարարել է հոգաբարձուների խորհրդի կազմի համալրման մասին

05.12.2025 15:35

ՌԴ–ն և Հնդկաստանը ԵԱՏՄ-ի հետ աշխատանքներ են տանում Նյու Դելիի ԱԱԳ–ի ստեղծման ուղղությամբ

05.12.2025 15:20

«Ալիևը չի թաքցնում Հայաստան պետությունը ոչնչացնելու ծրագիրը»․ Ոսկան Սարգսյան

05.12.2025 14:39

ԿՐԿԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ՝ «ՊԱՐՏԱՎՈՐ ԵՔ ԱՊԱՀՈՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ»

05.12.2025 12:38