Հրաշակերտ կոթող՝ Արցախյան գոյամարտի նահատակների հիշատակը հավերժացնող

10.05.2016 15:03
3229

Մեծ Հայրենականում զոհված գորիսեցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի հարեւանությամբ այլեւս ու ընդմիշտ կհառնի Արցախյան գոյամարտի նահատակների հիշատակին նվիրված եւ մեր նորօրյա հերոսամարտը փառաբանող չքնաղ մի կոթող:

Գորիսում մինչ այդ պատշաճորեն հավերժացված չէր Արցախյան հերոսամարտում զոհված հայորդիների հիշատակը:

Ի տարբերություն հանրապետության շատ տարածաշրջանների, Գորիսում զոհված ազատամարտիկները հողին չեն հանձնվել մեկ միասնական վայրում: 1990-ականների պատերազմական օրերին զոհված ազատամարտիկների հարազատները կամենում էին իրենց մարտիրոսացած մերձավորին հողին հանձնել տոհմային հանգստարանում, իսկ նրանց կամքը առարկելի չէր:

Տոնական կամ հիշատակի օրերին գորիսեցիները զոհված ազատամարտիկներին հիշատակի տուրք էին տալիս՝ այցելելով Սպիտակի երկրաշարժի առիթով կառուցված հուշահամալիր, որտեղ կանգնեցված էր նաեւ հիշատակի քար՝ Արցախյան ազատամարտի զոհերին նվիրված:

Այս իրավիճակը ժամանակավոր էր համարվում Գորիսում…

Եվ ահա հոգեւոր ու բարոյական նշանակության այդ հարցը տարիներ անց իր լուծումը գտավ:

Հրաշակերտ կոթողը ճարտարապետական յուրօրինակ հորինվածք է՝ մի քանի բաղադրատարրերից կազմված, սրբատաշ բազալտից պատրաստված՝ 16,5 մ բարձրությամբ եւ 8,6 մ լայնությամբ:

Գլխավոր բաղադրիչը հաղթակամարն է՝ Արցախյան գոյամարտում հայ ժողովրդի հերոսությունն արտացոլող:

Հաղթակամարի վրա բարձրացող երկու կամարները խորհրդանշում են հայկական ներկայիս երկու պետության համատող ու միասնական ընթացքը:

Հայկական երկու հանրապետությունը Տիրոջ խաչի հովանու ներքո են՝ Բարձրյալին ապավինած:

Հաղթակամարի վրա փորագրված է բոլորիս երախտիքի տուրքը՝ «Հավերժ փառք Արցախյան հերոսամարտում զոհվածներին»:

Հուշահամալիրի կենտրոնամասում կրակատեղին է կամ կրակնացայտը, որտեղ անմար կրակն է վառվելու: Եվ կրակի ցոլքը հանուն հայրենիքի զոհվածների անմահ հոգիներից լույս է սփռելու՝ բորբոք  պահելով նաեւ նահատակ գորիսեցիների հիշատակը:

Նախկինում էլ այդտեղ կրակարան կար՝ անմար կրակի համար, բայց դա հարմարեցված էր Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված հուշարձանին: Հիմա երկու կոթող է, եւ կրակարանը տեղափոխվել է ու դրվել կենտրոնամասում:

Նորակառույց հուշակոթողի վրա չկա հիշատակագիր արձանագրություն, բայց Գորիսում քաջատեղյակ են, որ այն կառուցվել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի նախաձեռնությամբ ու ֆինանսական ներդրումով, Սեւադա Զաքարյանի հեղինակած նախագծով: Կառուցման սկիզբը դրվել է 2013թ. աշնանը: Շինարարության աշխղեկը Կամո Միրաքյանն էր, ում վկայությամբ էլ կառույցի վրա ծախսվել է մոտ 250 հազար ԱՄՆ դոլար:

…Մայիսի 8-ի անձրեւոտ երեկոյան դեռեւս շարունակվում էին հուշահամալիրի տարածքի բարեկարգման աշխատանքները. այն ղեկավարում էր ինքը՝ Սյունիքի մարզպետը: Ձգտում էր, որ հաջորդ առավոտյան ամեն ինչ պատրաստ լինի տոնակատարության համար:

Իսկ ինչո՞ւ այդ վայրն ընտրվեց հուշակոթողի համար:

Հարցի պատասխանը հստակ տրամաբանություն ունի. դա Մեծ հայրենականում զոհված գորիսեցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի տարածքն է. հուշարձանը կառուցվել է 1980-ին՝ գորիսեցիների հանգանակած միջոցներով: Նախագծի հեղինակը եւ ճարտարապետը Գեւորգ Մուշեղյանն է: Հուշարձանի շրջակայքը վերակառուցվել է 1985-ին՝ Սեւադա Զաքարյանի նախագծով:

Մեկ տարի առաջ, դարձյալ Սուրեն Խաչատրյանի նախաձեռնությամբ, խաչքար է կանգնեցվել այդտեղ՝ Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի կապակցությամբ:

Արցախյան գոյամարտում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողը եւս այդտեղ կառուցելով, կարծես, ամբողջանում է վայրը եւ վերածվում յուրօրինակ աղոթատեղիի, որտեղ հաղթանակի եւ հիշատակի օրերին կհավաքվեն գորիսեցիները: Այն, անշուշտ, մարդկանց համար կդառնա նաեւ զբոսավայր ու հանգստավայր:

Կամեցանք լսել Սուրեն Խաչատրյանի մտորումները հուշակոթողի վերաբերյալ:

- Վերջին քսան տարում բազում կառույցների, հուշակոթողների եւ հոգեւոր նշանակության շինվածքների նախաձեռնող ու հովանավորող եմ եղել, բայց ամենանշանավորն այս կառույցն է, որովհետեւ արտացոլում է Արցախյան գոյամարտում մեր ժողովրդի հերոսությունը, հավերժացնում մեր նահատակ ազատամարտիկների հիշատակը, խորհրդանշում Տիրոջ խաչի հովանու ներքո հայկական երկու հանրապետության ընթացքը, - ասաց մարզպետը:

Ապա հավելեց.

- Մայիսի 9-ից հետո հուշահամալիրում աշխատանքները շարունակություն կունենան: Նախ՝ հաղթակամարը զարդաքանդակներով կպատվի, իսկ մերձակա տարածքը կվերածվի հանգստյան գոտու, մանավանդ որ հիմնանորոգվել ու բարեհաճ տեսքի է բերվել համալիրի շարունակությունը կազմող փոքրիկ լճակը՝ մոտ 3,5 կմ հեռավորությունից՝ Շորիձորից ջուր հասցնելով այդտեղ՝ վայրկյանում 10 լիտր: Տարածքի անմիջական հարեւանությամբ գտնվող նախկին պիոներ պալատի առաջին հարկում էլ կհիմնվի Արցախյան հերոսամարտի նահատակներին նվիրված թանգարանը:

Դե ինչ, մեր գոհությունը մատուցենք հրաշալի նորակառույցի նախաձեռնող ու հովանավոր Սուրեն Խաչատրյանին, ճարտարապետ Սեւադա Զաքարյանին, աշխղեկ Կամո Միրաքյանին ու բոլոր վարպետներին՝ Գորիսին հիասքանչ այդ ստեղծագործությունը պարգեւելու, Արցախյան հերոսամարտի նահատակ հայորդիների ոգեղեն ներկայությունը մեր քաղաքում մեկընդմիշտ ապահովելու համար:

Հիշենք նաեւ, որ Արցախյան առաջին պատերազմում՝ 1988-94թթ., Գորիսի տարածաշրջանից զոհվեց 81 զինծառայող եւ ազատամարտիկ (ըստ Գորիսի զինկոմիսարիատի տվյալների): Քառօրյա պատերազմում տարածաշրջանից զոհվեց եւս մեկ զինծառայող՝ Նարեկ Մկրտչյանը:

Մեծ հայրենականին Գորիսի տարածաշրջանից մասնակցեց 9146 հոգի, նրանցից այլեւս չվերադարձավ 4144-ը (1381-ը՝ Գորիս քաղաքից):

Թվերը վկայում են, որ մայիսի 9-ը նաեւ ոգեկոչության օր է յուրաքանչյուրիս համար՝ Մեծ հայրենականում եւ Արցախյան ազատամարտում զոհված մեր հարազատներին ու մերձավորներին հավերժ հիշելու, նրանց հերոսությամբ ոգեշնչվելու օր:

Ահա թե ինչու հազարավոր գորիսեցիներ էին հավաքվել հուշակոթողի բացման արարողությանը: Այն իսկապես վերածվեց աշխարհախումբ տոնահանդեսի, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ կառավարության անդամներ եւ բարձրաստիճան զինվորականներ, զոհված ազատամարտիկների եւ զինվորների ծնողներ, Սյունիքի մարզի բոլոր քաղաքներից ժամանած պատվիրակություններ:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
10 մայիսի 2016թ.

Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան

21.02.2026 12:50

Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

21.02.2026 12:04

Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին

21.02.2026 11:08

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

20.02.2026 22:27

Հայաստանում ստեղծվելու է սիլիկոնային ավան, ապահովվելու է բարենպաստ միջավայր․ Նարեկ Կարապետյան

20.02.2026 21:14

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ

20.02.2026 19:15

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. Ալիկ Ալեքսանյանը` ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին

20.02.2026 17:09

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ

20.02.2026 17:00

Ալիևը՝ հայ լրագրողին․ Երբ Բայդենը վերադառնա` կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը»

20.02.2026 15:57

Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում

20.02.2026 15:46

Սերգեյ Գորոդեցկի․ «Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել՝ առանց Արցախին տիրելու»

20.02.2026 15:37

Այսօր արցախյան շարժման 38–ամյակն է

20.02.2026 15:33