ԻՄ ՍԵՎԱԿԸ (հատվածներ Գագիկ Դավթյանի խոհագրությունից)

17.05.2024 10:56
384

Գագիկ Դավթյանը դպրոցական տարիներից ի վեր բարեբախտություն է ունեցել արժանանալու մեծ բանաստեղծի ուշադրությանը և գնահատանքին, այլև վայելելու
նրա ջերմ մտերմությունը երկրային կյանքի վերջին յոթ տարիներին:

Իբրև սկիզբ
Բանաստեղծի եղերական վախճանով սկսված երկնային կյանքը, որ վերջ չի ունենալու այլևս, եկավ խմբագրելու և ճշգրտումներ մտցնելու
            վերջի և սկզբի,
             բացակայի և ներկայի,
             անցավորի և հավերժականի մասին

մեր ավանդական պատկերացումների մեջ:
Չիմացանք էլ, թե ինչպես անցան տարիները:

Չիմացանք, որովհետև այսօր էլ նա մեզ հետ է առավել, քան մեր կողքին ապրող ու ստեղծագործող շատերը: Եվ, իհարկե, մեր կողքին էր նաև երեկ,
երբ

          «մեր հողի վրա,

          մեր երկնքի տակ

          մենք դարձել էինք օտարի գաղութ»,

երբ

          «հավասարության ու եղբայրության ազնիվ քարոզով

          ուրիշի տուն ու երկիր էր մտնում

          օտար վարք ու բարք,

          օտար ծես ու կարգ»...

1988-ի փետրվարին նույնպես մեր կողքին էր նա: Ավելին, նա մեր ազգային Զարթոնքը նախապատրաստած առաջիններից էր:
Մեր Զարթոնքի ճանապարհն անցնում է այն Տաճարի միջով, որի
          և՛ Ճարտարապետը,
          և՛ Որմնադիրը,
          և՛ Սպասավորը,
          և՛ Քարոզիչը
          և մոլեգին Զանգահարն էր նա,

          և է այսօր,

          և լինելու է հավիտյանս:


Նախքան մեր հանդիպումը
      Ինչպես իմ սերնդակիցները, ես կրթվել եմ խորհրդային դպրոցում: Այն դպրոցում, որն, օրինակ, Տերյանի կենսագրության ամենանշանակալի փաստը համարում էր այն, որ նա աշխատել է Լենինի կողքին, և դա «հսկայական ազդեցոււթյուն է ունեցել նրա ստեղծագործության վրա» (մեղա՜, մեղա՜):
     Գրականության այն դասագրքերը, որոնցով մեզ գրական ճաշակ էր «պատվաստվում», լեցուն էին ձոներով, ներբողներով, ինչպես, օրինակ, նույն Տերյանի «Սիրտդ որպես վառ ատրուշան, պահիր վառ» գազելը, որ ներկայացվում էր որպես գլուխգործոց, հենց այն պատճառով, որ նվիրված է «Կովկասի Լենինի»՝
Ստեփան Շահումյանի հիշատակին: Չեմ ուզում սխալ հասկացվել. Ես ոչ մեր մեծագույն քնարերգուի դեմ բան ունեմ, ոչ էլ՝ ընդհանրապես ներբողի ու ձոնի դեմ: Բանաստեղծական ժանրեր են ի վերջո, որոնցով հանճարեղ գործեր են ստեղծվել: Հիշենք թեկուզ պարսից միջնադարյան պոեզիան: Ավելի ետ գնալով, հասնենք անտիկ ժամանակներ ու հիշենք Հորացիոսի «Ես հուշարձան կանգնեցրի» ներբողը, որի հանճարեղ նմանակումն է արել Պուշկինն իր համանուն բանաստեղծությամբ, որ հիրավի գլուխգործոց է: Ես ոչինչ չունեմ նաև Շահումյանի դեմ, ով մեր ժողովրդի պայծառ զավակներից է, և ես չեմ հասկանում մեր նորաթուխ այն «գրագետներին», ովքեր լեզու են հանում սեփական ժողովրդի ավելի քան մեկդարյա պատմության վրա՝ առանց խտրականության թացն ու չորը խառնելով իրար: Բայց, սա ուրիշ խոսակցության նյութ է:
     Ես, որ մեր դպրոցի «բանաստեղծն» էի (կարողանում էի օրվան պատշաճող ոտանավորներ սարքել), բանաստեղծությունը համարում էի «պարապ վախտի խաղալիք»-ի պես մի բան: Այսպես, մինչև այն օրը, երբ ստացա իմ գրական առաջին լուրջ դասը: Այդ դասը ես ստացա ոչ թե դպրոցական նստարանին՝ գրիչը ձեռքիս ճմլկոտելով հորանջելիս, այլ Քաջարանի (Ողջիի) մշակույթի պալատի դահլիճում: Եվ իմ ուսուցիչները եղան Բաբկեն Ներսիսյանը, Ժան Էլոյանը և Մհեր Մկրտչյանը: Դա հանրապետությունով մեկ նշվող Սայաթ-Նովայի 250-ամյակին նվիրված գրական-երաժշտական մի երեկո էր, որի ընթացքում ասմունքի վարպետները Սայաթ-Նովայի տաղերից բացի ներկայացրին նաև ինձ բոլորովին անծանոթ Պարույր Սևակի բանաստեղծությունները: Այդ երեկոն ինձ համար ճակատագրական եղավ: Տուն եկա բոլորովին ուրիշ մարդ դարձած: Առաջին հարցը, որ ներսից քրքրում էր ինձ, այն էր, թե ինչպես մինչ այդ չէի հասկացել, որ բանաստեղծական չափված-ձևված տողերով կարելի է ասել բաներ, որ տակնուվրա կանեն մարդու ներաշխարհը:
     Սկսվեցին Սևակի գործերի իմ տենդագին որոնումները: Կարճ ժամանակ անց, համադասարանցի Յուզիկ Համբարձումյանի աջակցությամբ Քաջարանի և շրջակա գյուղերի գրադարաններից թռցրի նրա մինչ այդ հրատարակած բոլոր գրքերը, բացի առաջին՝ «Անմահները հրամայում են» գրքույկից: Զարմանալի արագությամբ, գրեթե ծայրեիծայր անգիր սովորեցի 7 հազար տողանոց «Անլռելի զանգակատուն»-ը:

 
Առաջին հանդիպումը
       1964-ի դեկտեմբերյան մի սառնաշունչ օր, դարձյալ նույն՝ Ողջիի մշակույթի պալատի դահլիճում հանդիպեցի մեծ բանաստեղծին: Չգիտեմ ինչու, ես նրան մարմնապես հաղթանդամ ու որոտաձայն էի պատկերացնում, ինչպես ասենք՝ Տորք-Անգեղին: Բայց հետո հասկացա, որ փոքրամարմին բանաստեղծը չնայած Անգեղ էր իրոք, բայց ոչ թե Տորքը, այլ մեր Անգեղ Հերակլեսն էր, որ եկել էր մեր գրականության «ավգյան ախոռները» մաքրելու: Չհասցրեց, ավաղ, չթողին, որ գործն ավարտին հասցներ:
         Ես իմ սերնդակից բոլոր օժտված բանաստեղծների պես, նաև նրանց, որոնց ականջները գրական չարաճճիությունների համար «ոլորել էր» Պարույր Սևակը՝ ավագ եղբոր իրավունքով, շատ բանով եմ պարտական նրան: «Եղբայր» բառը պատահական չգործածեցի: Նա երբեք իրեն գրական «պապա» չի համարել: Չնայած նրան պարտական են նաև իր սերնդակիցները, այլև իրենից ավագ իր ժամանակակիցները, նաև մեր գրականագիտություն-գրաքննադատությունը՝ իր հին ու նոր դեմքերով: Պարտքի գիտակցության խնդիր կա պարզապես, ձեռքը սրտին՝ խոստովանության խնդիր: Այդպիսի խոստովանություն անելու համար, առնվազը Համո Սահյանի ազնվությունը պիտի ունենալ, ով Սևակի մահից հետո գրեց.  «
Մեր սերնդի բանաստեղծների մեջ ամենից կրտսերն էր նա, բայց ավագագույնն էր վաստակի ու հանճարի առումով»:
      Չնայած քաջարանյան հանդիպումից բանաստեղծի ստացած «առավել քան զարհուրելի տպավորությանը» (ինչի մասին գրում էր ինձ ուղղված նամակներից մեկում Սևակը), զարմացած էր, որ աշխարհից կտրված այդ անկյունում կա մի պատանի, ով ոչ միայն կարդում, այլև անգիր գիտի իրեն: Այդ հանդիպմանը գրադարանից իմ թռցրած «Զանգակատան» վրա մարգարտաշար իր ձեռագրով դրոշմված ընծայագիրը դարձավ սեփականաշնորհման այն «վկայականը», որով նա «օրինականացրեց» իմ կատարած գողությունը: «Իմ շատ սիրելի Գագիկին, հավատալով, որ դառնալու է մեր ժողովրդի համար օգտակար մարդ»: Զանգակատան մի հատվածի իմ արտասանությունից ոգևորված, դահլիճի դեմ ճակատս համբուրեց, ասելով. Այ տղա, դու Ժան Էլոյանից լավ ես արտասանում: Մեր այս առաջին հանդիպմանը հաջորդեց նամակագրական կապի շրջանը, որ ձգվեց մինչև 1965 թ. մայիս, որից հետո ես արդեն Երևանում էի և ուզածս պահին կարող էի հանդիպել նրան: Այս արտոնությունը ինքն էր շնորհել ինձ՝ տալով իր հասցեն (Երևան – 3, Կասյան N3, բն. 21), հեռախոսահամարը (7 – 01 - 56) և պատվիրելով. Երբ Երևան գաս, հանդիպիր, իմ տան դուռը միշտ բաց է քեզ համար:

Նամակագրական կապի շրջան
      Որ ես նամակներ եմ գրել Սևակին, նույնիսկ մեր տանը չեն իմացել: Նրանցում ես զուտ գրական-ճանաչողական հարցեր եմ շոշափել, նպատակ ունենալով առավել խորությամբ հասկանալ բանաստեղծի ստեղծագործությունները:
     Զորօրինակ, այսպիսի հարցեր.
     Ի՞նչ է նշանակում «Սեզամ, բացվիր» արտահայտությունը (արաբական «Հազար ու մի գիշերներ»-ի «Ալի Բաբան և 40 ավազակները» հեքիաթը դեռ չէի կարդացել):
     Ո՞վ է Սուլամիթան «Երգ երգոց» պոեմում (17-ամյա դպրոցականս որտեղի՞ց պիտի «Աստվածաշունչը», չեմ ասում՝ կարդացած, տեսած լիներ գոնե»:
     Ի՞նչ իմաստով է գործածել «ճառագայթային ախտ» հասկացողությունը…
     Այսպիսի և այլևայլ հարցեր, որոնց սիրով է պատասխանում բազմազբաղ բանաստեղծը իր երեք նամակներում: Այդ պատասխանները սեփական ստեղծագործության հեղինակային մեկնաբանությունների հրաշալի օրինակներ են:
      Սևակի նամակների մասին գիտեին հայրս, համադասարանցիներս և գրականության իմ ուսուցչուհին, որ սեփական աչքով էին տեսել դրանք: Դե իսկ նրանք, ովքեր մեր նամակագրական կապի մասին գիտեին լսելով, լուրջ չէին ընդունում փաստը, ոմանք նույնսկ հորինվածք էին համարում դա, հավանաբար մտածելով, թե համազգային փառքի գագաթը ելած բանաստեղծը էլ բանուգործ չունի՞ ՝ նա ո՜ւր, դպրոցակա՜նն ուր: 
       Այսպես գրեթե ամբողջ 20 տարի, մինչև 1984 թվականը, երբ «Գարուն» ամսագիրը, իր իսկ խնդրանքով, հունվարյան համարում, որ ամբողջությամբ նվիրված էր Սևակի 60-ամյա հոբելյանին, տպագրեց նաև ինձ հասցեագրված երեք նամակները:
       Տպագրեց, բայց ինձ համար շատ ցավալի… կրճատումներով:
       Մեր ամենահամարձակ, ամենասիրելի ամսագիրը համարձակություն չունեցավ տպագրելու «Աստվածաշնչի» սևակյան գնահատականը: Այնուամենայնիվ այդ հրապարակումով փարատվեցին կասկածները նրանց, ովքեր հորինվածք էին համարում մեր նամակագրական կապը:
        Սևակի նամակների ամբողջական տեքստերը ես հարկադրված տպագրեցի իմ «Անվերջ սկիզբ» և «Որպես լույս ու խիղճ» բանաստեղծական ժողովածուներում: Տպագրեցի անհրաժեշտ ծանոթագրություններով, բայց էլի չպրծա ասեկոսեներից: Գտնվեցին մարդիկ, ովքեր հիմք ընդունելով «Գարունի» 1984-ի հրապարակումը, հիմա էլ հորինվածք համարեցին վերը նշված գրքերում տպագրված նամակներից մեկում վերականգնված «Սուրբ գրքի» սևակյան գնահատականը, ստիպելով ինձ հրապարակել նամակների լուսապատճենները:


 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25