Հայաստանում հողի շուկայի ձեւավորումից ի վեր հողի օտարման /վաճառք, վարձակալություն, նվիրատվություն/ ամենաքիչ գործարքները, թե որպես գործարք առհասարակ, թե օտարված հողի ծավալներով, կատարվել են Սյունիքի եւ Տավուշի մարզերում: Հայտնի է, որ հասկանալի պատճառներով հողի առ ու վաճառքը համեմատաբար մեծ է եղել Արմավիրի, Արարատի եւ Կոտայքի մարզերում, բայց Սյունիքում եւ Տավուշում գյուղատնտեսական նշանակության հող գնողները շատ քիչ էին: Օրինակ, 1998թ. Սյունիքում եղել է գյուղատնտեսական հողի օտարման ընդամենը 2 գործարք, 1999-ին` ոչ մի, 2000-ին` դարձյալ 2 գործարք, 2001-ին` 14, 2002-ին`15, իսկ ահա 2003-ին այդ թիվը ցատկել է` հասնելով 66-ի: Բայց նույնիսկ 2003-ին Սյունիքի մարզի գյուղատնտեսական հողերի օտարման գործարքների թիվն ավել է միայն Տավուշի, մի փոքր ավել` Վայոց ձորի գործարքների թվից եւ 14 անգամ զիջում է Արարատի ու 9 անգամ` Արմավիրի մարզերի գյուղատնտեսական նշանակության հողերի գործարքներին:
2004 թ., երբ հանրապետությունում իրականում սկսեց աշխուժանալ հողի շուկան, ինչպես նաեւ տարբերակվել պետական, համայնքային եւ մասնավոր սեփականության հողերի առուվաճառքը, Սյունիքի մարզը կրկին վերջին տեղերում էր: Սյունիքի մարզում հատկապես ակնհայտ է պետական եւ համայնքային նշանակության հողերի առուվաճառքի բացակայությունը: Օրինակ 2004թ. պետական ու համայնքային սեփականության հողերի առուվաճառքի արդյունքում Արմավիրի մարզում տեղի է ունեցել 429 գործարք` 5483.63 հեկտար վաճառված հողով: Նույն տարին նույն մարզում տեղի է ունեցել մասնավոր հողերի առուվաճառքի 1109 գործարք, որի հետեւանքով վաճառվել է 5132.95 հեկտար հող: Այդ հարաբերակցությունն այս կամ այն չափով պահպանվել է նաեւ այլ մարզերում: Արագածոտնում պետական եւ համայնքային նշանակության հողերի 32 գործարքի հետեւանքով վաճառվել է 272.69 հեկտար, եւ մասնավոր հողերի առուվաճառքի 475 գործարք` 361.74 հեկտար հողով: Ողջ հանրապետության տարածքում ընդհանուր առմամբ պետական եւ համայնքային նշանակության հողերի 1116 գործարքի հետեւանքով վաճառվել է 7504.09 հեկտար, ինչը 4,5 անգամ գերազանցում է մասնավոր սեփականության հողերի վաճառքը:
Սյունիքի մարզում, սակայն, ճիշտ հակառակ պատկերն էր: Այստեղ 2004թ. տեղի է ունեցել պետական ու համայնքային նշանակության հողերի ընդամենը մեկ գործարք, չնչին 0.10 հա մակերեսով, իսկ ահա մասնավոր սեփականության հողերից կատարվել է վաճառքի 134 գործարք` հողերի ընդամենը 163.95 հա մակերեսով: Ճիշտ է, երկու դեպքում էլ Սյունիքի մարզում հողի առուվաճառքի գործարքները հանրապետությունում ընթացող աշխույժ առուվաճառքի պայմաններում խղճուկ էին, բայց եթե հանրապետությունում այդ տարի պետական եւ համայնքային հողերի առուվաճառքը 4,5 անգամ գերազանցել է մասնավոր հողերի առուվաճառքը, ապա Սյունիքի մարզում, ընդհակառակն, մասնավոր հողերի առուվաճառքի դեպքերը 134 անգամ գերազանցել են պետական եւ համայնքային սեփականության գյուղատնտեսական հողերի առուվաճառքի գործարքները, իսկ վաճառված հողերի ծավալով մասնավորը 1639.5 անգամ առջեւում էր:
Այս պատկերը հետագայում շարունակվում է: Հողի առուվաճառքի շուկայում Սյունիքը միշտ վերջին տեղերում է: 2006թ. Սյունիքում կատարվել է պետական եւ համայնքային սեփականության գյուղատնտեսական հողերի վաճառքի ընդամենը մեկ գործարք` երկու հեկտար մակերեսով, մինչդեռ մասնավոր հողատերերն ունեցել են վաճառքի 189 գործարք: 2006թ. Սյունիքը պետական եւ համայնքային հողերի վաճառքի գործարքների թվով ողջ հանրապետությունում նույնիսկ ամենավերջին տեղն է զբաղեցրել` զիջելով նաեւ Տավուշի եւ Վայոց ձորի մարզերին, որտեղ համապատասխանաբար կատարվել է 51 եւ 59 գործարք:
2008 թ. Սյունիքում կատարված գյուղատնտեսական հողերի առուվաճառքի գործարքների թիվը 186 է, սակայն ՀՀ վիճակագրական ծառայության կողմից հրատարակվող «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2008թ.» տարեգիրքը տվյալներ չի տալիս ոչ վաճառված հողի մակերեսի, ոչ այդ հողերի պետական, համայնքային ու մասնավոր սեփականության ձեւերից առուվաճառքի մասնաբաժինների վերաբերյալ: Բոլոր դեպքերում այն բոլոր մարզերի համեմատությամբ ամենաքիչն է. Տավուշում, որտեղ սովորաբար շատ քիչ են հողի առուվաճառքի գործարքները, օրինակ, այդ թիվը 334 է: Պատկերը շարունակվում է 2009թ.: Այդ տարի Սյունիքում կատարվել է գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքի 207 գործարք, ինչը կրկին հանրապետության մյուս մարզերի համեմատությամբ ամենաքիչն է: Ցավոք, «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2009թ.» տարեգիրքը կրկին տվյալներ չի տալիս ոչ վաճառված հողերի մակերեսի, ոչ այդ հողերի պետական, համայնքային ու մասնավոր սեփականության ձեւերից առուվաճառքի մասնաբաժինների վերաբերյալ:
2010թ. Սյունիքի մարզը գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքի գործարքների թվով առաջ է անցնում Տավուշի եւ Վայոց ձորի մարզերից: Այդ տարի այստեղ կատարվել է 326 գործարք, բայց կրկին նյութ չկա մասնավորի, պետականի եւ համայնքայինի վաճառքի գործարքների եւ վաճառված հողերի մակերեսների թվերը համեմատելու համար:
2011թ. Սյունիքն արդեն հետեւում է թողել ոչ միայն Տավուշի եւ Վայոց ձորի, այլեւ Շիրակի մարզերը` ունենալով գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքի 358 գործարք:
2012 թ. այդ թիվը նվազել է` կազմելով 250 գործարք, եւ Սյունիքը կրկին վերջից երրորդն է` առաջ անցնելով միայն Տավուշի եւ Վայոց ձորի մարզերից:
Բայց ահա 2012 թ. դեկտեմբերին կատարվել է մի ուշագրավ երեւույթ: Սյունիքի մարզում դեկտեմբեր ամսին կատարվել է պետական եւ համայնքային սեփականության գյուղատնտեսական նշանակության 95.09 հեկտար հողերի վաճառք, գերեզանցելով հանրապետության բոլոր մարզերի այդ ամսվա գործարքները: Այդ տարի մյուս բոլոր մարզերը միասին դեկտեմբեր ամսին ունեցել են պետական ու համայնքային սեփականության գյուղատնտեսական հողերի ընդամենը 123.47 հեկտար վաճառք: Ավելին, դեկտեմբեր ամսին Սյունիքում կատարվել է նաեւ 52.08 հեկտար գյուղատնտեսական հողի վաճառք` մասնավոր սեփականատերերի կողմից, առուվաճառքի 44 գործարքի արդյունքում: Ուշագրավ է, որ առաջին անգամ մասնավոր հողատերերի վաճառած հողի քանակով Սյունիքի մարզն անցյալ տարվա դեկտեմբեր ամսին երրորդն էր հանրապետությունում` Արմավիրի եւ Արարատի մարզերից հետո: Ուշագրավ է նաեւ, որ այդ նույն դեկտեմբեր ամսին Սյունիքի մարզում վերջապես համայնքային եւ պետական սեփականության գյուղատնտեսական նշանակության հողերը վաճառվել են երկու անգամ ավելի մակերեսով, քան մասնավոր սեփականության հողերը: Ավելին, նույն հաջողակ դեկտեմբեր ամսին Սյունիքի մարզում վաճառվել է նաեւ պետական եւ համայնքային սեփականության 4.33 հեկտար արդյունաբերական նշանակության հող, մի բան, որ խիստ բացառիկ դեպք է: Ուշադրություն դարձնենք այն բանին, որ Սյունիքի մարզի այս գործարքը վեց անգամից ավելի գերազանցում է դեկտեմբեր ամսի հանրապետության մյուս բոլոր այս կարգի գործարքները` ներառյալ Երեւանը /դրանք աննշան են, Արարատի մարզում` 0.13 հեկտար եւ Շիրակի մարզում` 0.57 հեկտար/:
Հետաքրքիր է նաեւ, որ Սյունիքում վաճառված մասնավոր եւ պետական/համայնքային հողերի գները խիստ տարբեր են եղել: Այսպես, 2013թ. Սյունիքում վաճառված գյուղատնտեսական հողերից մասնավոր հողատերերը վաճառել են մեկ հեկտարը նվազագույնը 92.6 00 դրամով, առավելագույնը` 1 023.200 դրամով, միջինը` 715.300 դրամ Գորիսում եւ համապատասխանաբար 120. 000 դրամ ու 841.600 դրամ, միջինը` 350.000 դրամ Կապանում: Նույն Սյունիքի մարզում, սակայն, պետական/համայնքային սեփականության գյուղատնտեսական նշանակության հողերը վաճառվել են շատ ավելի էժան, 137.500 դրամ Գորիսում, եւ նվազագույնը 38.500 դրամ, առավելագույնը` 123.800 դրամ, միջինը` 52.700 դրամ Կապանում, այսինքն պետական ու համայնքային հողերի միջին գինը 6.6 անգամ պակաս է եղել մասնավոր հողի գնից Կապանում, եւ 5.2 անգամ պակաս` Գորիսում: Համեմատության համար ասենք, որ պետական/համայնքային հողերի գների այսպիսի մեծ տարբերություն կարելի է տեսնել միայն Արագածոտնի եւ Արմավիրի մարզերում: Արագածոտնում, սակայն, ըստ ՀՀ վիճծառայության նյութերի, անցյալ տարի պետական/համայնքային հողերից վաճառվել է ընդամենը մեկ հողակտոր` 0,93 հեկտարի չափով /Աշտարակում/, իսկ Արմավիրում տասը գործարքի հետեւանքով վաճառվել է բոլորը միասին մոտ ընդամենը 15 հեկտար հող: Մինչդեռ Սյունիքում, մասնավորապես Կապանում ընդամենը 6 գործարքի արդյունքում վաճառվել 92.09 հեկտար հող, միջինը մեկ գործարքի դեպքում 15.3 հեկտար հող: Այլ կերպ ասած, անցյալ տարի` 2012թ., Հայաստանի Հանրապետությունում պետական/համայնքային սեփականության գյուղատնտեսական նշանակության հողերից ամենաշատը վաճառվել է Սյունիքի մարզում /գլխավորապես Կապանում, մի փոքր մասը` Գորիսում, իսկ Սիսիանում եւ Մեղրիում առհասարակ պետական/համայնքային սեփականության հող չի վաճառվել/, եւ վաճառվել է հանրապետությունում ամենացածր գնով` միջինը, ինչպես ասվեց, մեկ հեկտարը 52.700 դրամով /Վիճակագրական վարչության տեղեկատուն հնարավորություն չի տալիս պարզելու, բայց կարելի է ենթադրել, որ վաճառված հողերի մեծ մասն առհասարակ վաճառվել է ընդամենը 38.500 դրամով, որը Կապանում եղել է վաճառված հողերի նվազագույն գինը/: Այդպիսի ցածր գին ողջ հանրապետության տարածքում չի գրանցվել:
Միջանկյալ ասենք, որ Սյունիքի մարզում, մասնավորապես Կապանում պետական/համայնքային գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքի չտեսնված ցածր գին է եղել նաեւ 2011թ. դեկտեմբեր ամսին /մեկ հեկտարը նվազագույնը` 28.300 դրամ, առավելագույնը` 277.500 դրամ, միջինը` 152.000 դրամ: Այդ ամիս վաճառվել է պետական/համայնքային սեփականության 13.19 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող, եւ հետաքրքիր կլիներ իմանալ, թե դրա որ մասն է վաճառվել նվազագույն` 28.300 դրամով, եւ որ մասն առավելագույն` 277.500 դրամով, ինչպես նաեւ ովքեր են նվազագույն ու առավելագույն գնով վաճառվածի գնորդները/: Միաժամանակ ուշագրավ է, թե ինչպես են գնահատում այս գործարքը, որ հանգիստ խղճով կարելի է նվիրատվություն համարել, այն համայնքների գյուղացիները, ում հողերը վաճառվել են այդ գնով եւ կամ տեղյա՞կ են արդյոք նրանք իրենց համայնքի, այսինքն հենց իրենց սեփականությունը հանդիսացող այս հողերի վաճառքի մասին: Իրենք` գյուղացիները չէի՞ն ուզենա արդյոք այդ գնով իրենք գնել իրենց համայնքային սեփականությունը հանդիսացող հողերը: Մեկ հեկտարը 38.500 կամ 28.300 դրամով կարծեք թե մատչելի է նույնիսկ ոչ հարուստ գյուղացիներին:
Հողերի վաճառքների գործարքների մեջ 2012թ. դեկտեմբեր ամսին կատարված այս խիստ ուշագրավ գործընթացները վկայում են Սյունիքի մարզում ծրագրավորված ինչ որ երեւույթի մասին: Այն կարելի է տեղում իմանալ` ովքեր են գնորդները, Կապանի որ մասերում են գտնվում վաճառված հողերը, ինչքան են դրանք միմյանցից հեռու, որ գյուղական համայնքների սեփականությունն էին: Ուշագրավ կլինի իմանալ նաեւ, թե կա՞ն արդյոք զարգացումներ այս տարի` 2013թ. հունվար ամսվա ընթացքում: Կապ ունի՞ այս ամենն Իրանի Իսլամական Հանրապետության նահանգներից մեկին արածեցնելու նպատակով վարձակալությամբ հողեր տրամադրելու համաձայնագրերի հետ: Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Սյունիքի մարզի համար այս երեւույթը բացարձակապես աննախադեպ է:
ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ, ազգագրագետ