Ի՞նչ է ուզում Մոսկվան «եռացող» Հայաստանից. Լավրովը կրկին խոսել է

03.09.2018 19:53
1196

Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի ուսանողների առաջ ելույթ ունենալու ժամանակ դարձյալ անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին՝ ընդգծելով, որ Ռուսաստանին անհանգստացնում է Հայաստանում «եռացող» իրավիճակը:

«Մեզ անհանգստացնում է, որ Հայաստանում իրավիճակը շարունակում է եռալ, մասնավորապես՝ հետաքննվում են 10-ամյա վաղեմության դեպքեր, կատարվում են ձերբակալություններ: Մենք գտնում ենք, որ դա Հայաստանի ներքին գործն է, բայց ցանկանում ենք, որ այդ ներքին գործերն ամուր հիմնվեն օրենքի ու Սահմանադրության վրա ու հնարավորինս արագ հաղթահարվեն, որպեսզի Հայաստանը կարողանա կենտրոնանալ ստեղծարարական խնդիրների վրա»,- ասել է Լավրովը: Ռուսաստանցի պաշտոնյան ևս մեկ անգամ շեշտել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է վարչապետի ընտրվելուց հետո տեղի ունեցող իրադարձություններին, սակայն երկրի ներքին գործերին միջամտելուն միտված որևէ քայլ չի նախաձեռնում: «Սակայն չեմ կարող ասել, որ մյուս արտաքին խաղացողները նույն կերպ են վարվում»,- նշել է դիվանագետը:

Լավրովի վերջին ակնարկը խիստ ուշագրավ է, որովհետև մեզ հայտնի չէ որևէ փաստ, որ որևէ այլ երկիր՝ Ռուսաստանից բացի, փորձի միջամտել Հայաստանի ներքին գործերին: Ի՞նչ է ակնարկում Լավրովը, կամ արդյո՞ք այս հայտարարությունը հնչեցվել է Հայաստանի ներքին գործերին Ռուսաստանի միջամտությունը լեգիտիմացնելու համար: Թե՞ Ռուսաստանի արտգործնախարարը հենվում է ռուսական ԶԼՄ-ները հեղեղած այն տեղեկատվության վրա, թե իբր Հայաստանի իշխանության քայլերը ուղղորդվում են «Սորոս» հիմնադրամի կադրերի կողմից: Լավրովը հավելել է, որ մոտ ժամանակներս հանդիպում կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: «Պետք է հասկանալ՝ ինչպես է Հայաստանի նոր ղեկավարը գնահատում իր երկրում զարգացման հեռանկարները: Մենք անտարբեր չենք այն հարցին՝ ինչպես է նման իրավիճակում պետությունը կատարելու ՀԱՊԿ-ի շրջանակում ստանձնած պարտավորությունները»,- եզրափակել է ՌԴ արտգործնախարարը:

Լավրովի ակնարկները թափանցիկ են. Ռուսաստանը Հայաստանի իշխանությանն ըստ էության առաջարկում է չեղարկել նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման գործընթացը՝ հասկացնելով, որ հակառակ պարագայում Հայաստանը խնդիրներ է ունենալու ՀԱՊԿ-ում, ավելի կոնկրետ՝ այդ կազմակերպությունում կորցնելու է գլխավոր քարտուղարի պաշտոնը: Լավրովի խոսքից պարզ է դառնում, որ Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը պաշտոնական չի լինելու, և դրա ընթացքում ավելի շատ Մոսկվան փորձելու է պարզաբանումներ ստանալ Երևանից:

Ռուսաստանը, հակառակ Լավրովի հավաստիացումների, փորձում է ուղղակիորեն ազդել Հայաստանի ներքին քաղաքականության վրա՝ թերևս վստահ լինելով, որ դրա արդյունքները վաղ թե ուշ դրսևորվելու են արտաքին քաղաքականության մեջ:

Նիկոլ Փաշինյանին Մոսկվայում բարդ հանդիպում է սպասվում, որովհետև Մոսկվան նրանից, ըստ էության, պահանջում է Հայաստանում անձեռնմխելի թողնել ռուսական վասալության հիմքերը, այլ խոսքով՝ դադարեցնել նախկինում կատարված հանցագործությունների բացահայտումները, որոնք ինստիտուցիոնալ հարթության վրա կազմաքանդելու են քրեաօլիգարխիան՝ այն սեգմենտը, որի հիման վրա երկու տասնամյակ հենվել է Ռուսաստանի հայաստանյան քաղաքականությունը: Ինքնին հասկանալի է, որ Հայաստանի ղեկավարությունը չի կարող ընդունել Մոսկվայի այս պահանջը՝ այդպիսով, ըստ էության, չեղարկելով հեղափոխության հաղթանակը:

Մյուս կողմից՝ շատ հնարավոր է, որ Մոսկվայի համար Հայաստանի ներքաղաքական օրակարգն ընդամենը պատրվակ է Հայաստանի վրա ճնշում բանեցնելու և արտաքին քաղաքականության հարթության վրա Երևանից զիջում կորզելու նպատակով: Ինչևէ, այլևս ակնհայտ է, որ արդեն Երևանում և Մոսկվայում գրեթե բաց տեքստով խոսվում է հարաբերությունների ճգնաժամի մասին: Այն, անշուշտ, հաղթահարման անհրաժեշտություն ունի, սակայն ակնհայտ է, որ հետհեղափոխական Հայաստանի առաջին ամիսների արտաքին քաղաքականությունը եղել է խիստ ոչ նպատակային և անարդյունավետ: Ու Հայաստանի կառավարությունն առաջին հերթին վերանայումներ պետք է կատարի հենց այս ոլորտում՝ բացառելով պարզունակ, ոչ պրոֆեսիոնալ մոտեցումները:

Հեղինակ՝ Սարգիս Արծրունի

1in.am

 

 

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08