Ինչո՞ւ է Սերգեյ Հախվերդյանը կեղծել Գորիսի պատմության մատենագիտությունը

21.06.2013 17:16
4140

ՊՐՈՎԻՆՑԻԱՅԻ ԳԱՐՈՒՆՔԸ


 

Նորերս լույս է տեսել Սերգեյ Հախվերդյանի «Գորիսի պատմություն. մատենագիտական ակնարկ» աշխատանքը:

Առաջին հայացքից ուշագրավ այդ ձեռնարկը, սակայն, բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս:

Նախ` շապիկի վրա գրված է` «ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն, Գորիսի պետական համալսարան», գրքի 1-ին էջում` «Գորիսի պետական համալսարան, պատմության եւ իրավագիտության ամբիոն», 3-րդ էջում` «Հրատարակվում է Գորիսի պետական համալսարանի պատմության եւ իրավագիտության ամբիոնի երաշխավորությամբ»: Երեք այդ վկայակոչումը ցույց է տալիս, որ աշխատանքը լույս է տեսել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ու Գորիսի պետական համալսարանի հովանու ներքո եւ երաշխավորությամբ: Սակայն, մենք զրուցեցինք ԳՊՀ ղեկավարների, ինչպես եւ նշված ամբիոնի մի քանի դասախոսների հետ, եւ պարզվեց, որ ո՛չ ԳՊՀ գիտխորհուրդը, ո՛չ նշված ամբիոնը Ս.Հախվերդյանի սույն ձեռնարկի բովանդակությանը ծանոթ չեն ու որեւէ կերպ չեն երաշխավորել աշխատանքի հրատարակումը (ուրախ կլինեինք, եթե ներկայացվեին գիտխորհրդի, ամբիոնի նիստի արձանագրությունները` մասնակիցների անուն-ազգանուններով, ինչը եւ կնշանակեր մեր դիտարկման հերքում):

Երկրորդ` աշխատանքի 2-րդ էջում գրված է` «Առաջին անգամ կազմվել է Գորիսի պատմության մատենագիտությունը»: Պատմական գիտությունների թեկնածու Ավագ Հարությունյանը նույնպես գրում է` «Ինչ խոսք, լինելով թեմայի վերաբերյալ առաջին մատենագիտական փորձը…»: Եվ ավելացնում է` «…Այն իր տեսակով ընդհանրապես հայոց բնակավայրերի պատմության մատենագիտությունների շարքում եզակի է»: Ավագ Հարությունյանին, սակայն, հիշեցնում ենք` «Պարոն պատմաբան, Դուք ստում եք»: Գորիսի պատմության մատենագիտությունն առաջին անգամ հրատարակվել է «Սյունյաց երկրի» 2011թ. մայիսի 28-ի N10-ում, որի հեղինակը դարձյալ Ս.Հախվերդյանն էր:

Երրորդ` մատենագիտական ակնարկից (նորերս հրատարակված) ամբողջապես դուրս է մղվել մարզային երեք պարբերականի` «Սյունիքի», «Սյունյաց աշխարհի», «Սյունյաց երկրի» մասին հիշատակությունը, թերթեր, որոնք 1996 թվականից մինչեւ հիմա հանդիսանում են Գորիսի պատմության նորագույն շրջանի բացառիկ (անկրկնելի) սկզբնաղբյուր: Այդ «բացթողումը», կարծում ենք, սովորական վրիպակ չի կարող համարվել. Ս.Հախվերդյանին կարգադրել են, ինքն էլ, չունենալով գիտնականի, քաղաքացու տարրական բարեխղճություն եւ պատասխանատվություն, մարզային թերթերի անունները ջնջել է: Ս.Հախվերդյանին եւ նրան այդպիսի անբարո քայլի մղող դիլետանտին ուզում ենք հիշեցնել` մեր մարզային թերթերը եւ հատկապես «Սյունյաց երկիրը» մեկընդմիշտ տեղ են գրավել Սյունիքի, ինչպես եւ Գորիսի պատմության մատենագիտության մեջ (անկախ որեւէ մեկի ցանկությունից): «Սյունյաց երկիրը» իր հավերժական տեղն է գտել մեր ազգային գրապահոցներում: Եվ գլխավորը` վերջին տասը տարում չի եղել մի համալսարան կամ ինստիտուտ, մի ամբիոն կամ գիտական կենտրոն, մի հանդես կամ այլ պարբերական, որ այնքան շատ նյութեր (զգալի մասը` նորահայտ) հրատարակած լինի Գորիսին առնչվող, որքան «Սյունյաց երկիրը»: Եվ, այդուհանդերձ, չենք ուզում Ս.Հախվերդյանին մեղադրել կուրության մեջ: Ուզում ենք նրան նախատել մատենագիտական ձեռնարկը ոչ ամբողջական ու ոչ լիարժեք ներկայացնելու, գիտական անբարեխղճության, իսկ նախեւառաջ` բարոյականության եւ պատշաճության տարրական նորմերն անտեսելու, խախտելու մեջ: Ո՛չ ինքը, ո՛չ նախաբանի հեղինակը չեն էլ վկայակոչել, որ Գորիսի պատմության մատենագիտական ակնարկն առաջին անգամ հրատարակվել է «Սյունյաց երկրում»:

Իմիջիայլոց, «Սյունյաց երկիր» թերթի 2011թ. մայիսի 28-ի համարում, որ նվիրված էր Գորիս քաղաքի հիմնադրման 140-ամյակին, տպագրվել է (ինչպես նշեցինք) Ս.Հախվերդյանի «Գորիս պատմության մատենագիտական շրջանակի ձեւավորման եւ դասակարգման փորձ» հոդվածը: Այն պատվիրել էր թերթի խմբագրությունը` դրանից մեկ-երկու տարի առաջ, երբ սկսել էինք Գորիսին նվիրված հատուկ համարի նախապատրաստական աշխատանքը: Հոդվածի 6-րդ բաժինն այսպես է վերնագրված` «Սյունիքի մարզում հրատարակված պարբերականները», որում տեղ են գտել «Սյունիք» (հրատարակվել է 1996-99թթ.), «Սյունյաց աշխարհ» (հրատարակվել է 2000-2003թթ.) եւ «Սյունյաց երկիր» (հրատարակվում է 2003թ. մինչեւ հիմա) պարբերականները:

Թե ինչու է Ս.Հախվերդյանը խուսափել «Սյունյաց երկիր» թերթի անունը մատենագիտական ցանկում հիշատակելուց` հասկանալի է. նրա ստնտուն (ավելի ըմբռնելի հայերենով` նրան ծիծ տվողը) չի թույլատրել: Իսկ ինչո՞ւ է մոռացության մատնվել «Սյունյաց աշխարհը»: Դա էլ, ըստ երեւույթին, հեղինակի զուտ անձնական (եւ ոչ գիտական) շահով է պայմանավորված: Այդ թերթը 2002-2003թթ., պարզվում է, յոթ համարում տպագրել է Ս.Հախվերդյանի համահեղինակությամբ լույս տեսած «Սյունիքի պատմություն» գրքի քննախոսությունը եւ բազմաթիվ փաստերով ապացուցել, որ գրքում աղավաղվել եւ կեղծվել է Սյունիքի պատմությունը: Հենց դրա համար էլ սերունդները չպետք է իմանան, որ երբեւէ գոյություն է ունեցել «Սյունյաց աշխարհ» պարբերականը: Հեղինակը մեծահոգաբար թույլ է տվել, այնուամենայնիվ, մեկ հիշատակությամբ իմանալ «Սյունյաց աշխարհի» մասին (2001թ., N2, էջ 7): Եվ գիտե՞ք, թե ինչի մասին է հիշատակված հոդվածը: Այն փոքրիկ դրվագ է 1937-ին գորիսյան մի ընտանիքի (Գորիսի նախկին Մարքսի փողոցի N37 տուն) հորն աքսորելու մասին…

Չորրորդ` Ս.Հախվերդյանը չի մոռացել մատենագիտության ցանկում նշել պարբերական մամուլի մի քանի տասնյակ անուններ` «Ուսուցիչ» (2000թ.), «Լեռնաշխարհ» (1998թ.), «Փերի» (2001-2010թթ.), «Տաթեւի համալսարան» (2000թ.), «Կյորես» (1999թ.), «Բանբեր Գորիսի» (1992թ.)… Բայց, որքան էլ զարմանալի է, «Գորիսում հրատարակված գրքեր, հանդեսներ, պարբերականներ» վերնագրի ներքո տեղ է գտել նաեւ «Սյունյաց կանթեղ» պարբերականը, որի ո՛չ խմբագրատունը, ո՛չ տպագրության վայրը Գորիսում չեն գտնվում:

Հինգերորդ` Ս.Հախվերդյանը, իր ձեռնարկով, այնուամենայնիվ, խղճահարություն է հարուցում ընթերցողի մեջ: Նա Գորիսի պատմության մատենագիտության մեջ տեղ է հատկացրել նաեւ իր դստերը` վկայակոչելով նրա դարակազմիկ ու կոթողային գործը` «Ընդհանուր հոգեբանություն առարկայի սեմինար պարապմունքների թեմատիկ պլաններ, 2008թ.»: Շատ ապրեք, պարոն Հախվերդյան, որ Գորիսի պատմության համար սկզբունքային նշանակություն ունեցող այդ խզբզոցն ընդգրկել եք մատենագիտության մեջ:

Վեցերորդ` իհարկե, մենք շարունակում ենք մնալ կարծիքին, որ Ս.Հախվերդյանը Գորիսի պատմության գիտակներից է, Գորիսի համահավաք պատմության առաջին ձեռնարկի հեղինակը, ինչը դրվատանքով նկատել ենք «Սյունյաց երկրի»` Մելիք Հայկազն երկրորդին նվիրված համարի խմբագրականում (30 մարտի, 2013թ., N7): Սակայն շատ ենք ափսոսում, որ նա իր գիտելիքները հաճախ ծառայեցնում է Գորիսի պատմությունն իր քիմքին հաճո տեսքով շարադրելու, օրվա իշխանավորներին անհաճո մարդկանց անունն ու գործը Գորիսի պատմության էջերից հնարավորինս հանելու անփառունակ նպատակին: Մեզ, ճիշտն ասած, միշտ էլ զարմացրել է Գորիսի շրջանը երկու-երեք տասնամյակ ղեկավարած մարդկանց անունները «Գորիսի պատմություն» գրքից դուրս մղելու նրա անընդմեջ ջանքը, որ հնարավոր չէ չնկատել: Մեզ զարմացնում է փաստը, որ երեւան եկած ակնարկում տեղ չի գտել նույնիսկ պատմական գիտությունների դոկտոր Գեւորգ Ստեփանյանի անունը, ով մի քանի տարի ահա ուսումնասիրում է Գորիսի պատմությունը եւ գրեթե ավարտին է հասցրել ծավալուն ու աննախադեպ մի աշխատություն` նորահայտ բազմաթիվ փաստաթղթերով: Ըստ էության մարդկային սովորական կամեցողության բացակայությունը թույլ չի տվել, որ Գորիսի մերօրյա պատմագիրը մինչեւ վերջ անաչառ լինի եւ զերծ` նախանձից:

Յոթերորդ` Ս.Հախվերդյանը երեւի թե պետք է վերծանի ակնարկի վերջաբանի հետեւյալ տողերը. «Արցախյան շարժման գորիսյան իրադարձություններն արտացոլող արժեքավոր փաստաթղթեր են պահվում մասնավոր անձանց մոտ…»: Նկատի ունի Ժիրայր Մարտիրոսյանին, Աիդա Իսախանյանին (եւ ուրիշների): Դա, անկեղծորեն, շատ կարեւոր եւ ուրախացնող նորություն է, ուստիեւ կուզենայինք իմանալ` այդ ի՞նչ արժեքավոր փաստաթղթեր են պահվում նշված անձանց հավաքածուներում, միգուցե բացահայտվե՞ր դրանց բովանդակությունը, եթե մարդիկ չեն ուզում արժեքավոր այդ փաստաթղթերը հանձնել որեւէ թանգարանի կամ գրադարանի, թե չէ մի տեսակ հեքիաթի տպավորություն է թողնում ասվածը:

Ութերորդ` եթե մարդ իրեն թույլ է տալիս մատենագիտական ձեռնարկ հրատարակել ու ձեռնարկի շապիկին վկայակոչել ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ինչպես եւ Գորիսի պետական համալսարանի անունները, ապա պետք է մի քիչ էլ նեղություն քաշի եւ ներկայացվող նյութը ձերբազատի լեզվական սխալներից, չէ՞ որ այդ աշխատանքով պետք է առաջնորդվեն Գորիսի պետական համալսարանի ուսանողները:

Ամփոփում. ՀՀ ԿԳ նախարարությունը եւ Գորիսի պետական համալսարանը, ըստ էության, պետք է արգելեն այդ ակնարկի օգտագործումը որպես ուսումնառության ձեռնարկ` նկատի ունենալով, որ այն ամբողջական ու լիարժեք չէ, որ այն հրատարակվել է առանց համապատասխան գիտական կազմակերպությունների երաշխավորության:

ՀՀ ԿԳ նախարարությունը եւ Գորիսի պետական համալսարանը, կարծում ենք, պետք է քննարկեն հարցը, թե Ս.Հախվերդյանն ինչ իրավունքով է իր աշխատանքի վրա մատնանշել նախարարության եւ ԳՊՀ անունները` պատրանք ստեղծելով, որ ձեռնարկը հրատարակվել է նախարարության ու համալսարանի գիտությամբ (երաշխավորությամբ):

Ս.Հախվերդյանը պետք է պարզաբանի (տարրական պատշաճությունն է դա պահանջում), թե ինչու է ձեռնարկի վրա գրվել` «Հրատարակվում է Գորիսի պետական համալսարանի պատմության եւ իրավագիտության ամբիոնի երաշխավորությամբ»:

Նախարարությունն ու ԳՊՀ ղեկավարությունը, կարծում ենք, պետք է պարզաբանեն մի անմեղ հարց եւս` ի՞նչ տրամաբանությամբ է ԳՊՀ պատմության եւ իրավագիտության ամբիոնի ղեկավարի պաշտոնում, գիտությունների դոկտորին եւ թեկնածուին զոհաբերելու գնով, հայտնվել ոմն դոցենտ:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01