Իրանցի շինարարները կառուցում են Ագարակ-Քաջարան մայրուղին, որ Հյուսիս-հարավի 4-րդ տրանշի մի հատվածն է

30.09.2024 11:15
860

Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի (Ագարակ-Վարդանիձոր-Քաջարանի նախատեսվող թունելի մուտք) կառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության ու Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով:

Նախատեսվում է կառուցել շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատված (Ագարակ-Վարդանիձոր-Քաջարանի նախատեսվող թունելի մուտք):

Քաջարան-Ագարակ հատվածի մանրամասն նախագծման համար 2018 թվականին հայտարարվել է միջազգային մրցույթ: 2019 թվականի փետրվարին մրցույթի արդյունքներն ամփոփվել են: 2021 թվականին նախագծման աշխատանքներն ավարտվել են:

Հայտարարվել է Ագարակից Վարդանիձոր մոտ 21կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման և Վարդանիձորից մինչև թունելի ելք մոտ 11 կմ ճանապարհի կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթ։ Կապալառու կազմակերպությունն է իրանական երկու կազմակերպություններից բաղկացած «Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana» ՀՁ-ն։ Կապալառուի հետ շինաշխատանքների իրականացման պայմանագիրը կնքվել է 23.10.2023 թ.:

14.11.2023 թ. Institute IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering (Croatia)-ի հետ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը ստորագրել է Քաջարան-Ագարակ 32 կմ ճանապարհի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման պայմանագիրը։ 

Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինաշխատանքները մեկնարկել են 2024 թ. սկզբին։ 

Սեպտեմբերի 24-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը կառուցվող ճանապարհի շինհրապարակներում էր:

Այնտեղ էլ զրույց ունեցանք շինարարությունն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչ, տեխնիկական տնօրեն Ալի Ռեզա Բայաթի հետ:

***

- Պարոն Բայաթ, նախ՝ շնորհակալություն այս հանդիպման հնարավորության համար:

Մենք, իհարկե, ընդհանուր պատկերացում ունենք Հյուսիս-հարավ կառուցվող մայրուղու և դրա տրանշ 4-ի բոլոր հատվածների մասին, բայց, իբրև սկիզբ, ճշտենք՝ որտե՞ղ ենք հիմա մենք գտնվում:

- Մենք հիմա Իրանի սահման-Քաջարան կամ Ագարակ-Քաջարանի մուտք կառուցվող ճանապարհի բազայում ենք՝ Մեղրի քաղաքին կից:

Մեր կողմից կառուցվող ճանապարհը 32 կմ երկարություն կունենա: Դա Հյուսիս-հարավի ամենագլխավոր հատվածներից է:

- Ե՞րբ եք սկսել աշխատանքները:

- 2024-ի տարեսկզբին: Առաջին երեք ամսում նախապատրաստական աշխատանքներ ենք կատարել, իսկ մայիս ամսից սկսել ենք բուն ճանապարհաշինությունը, որը, ըստ պայմանագրի, պիտի ավարտենք 2027 թվականին:

- Կհասցնե՞ք ավարտել սահմանված ժամկետում:

- Մեր կազմակերպությունն աշխարհի շատ երկրներում է աշխատել՝ Տանզանիայից մինչև Վրաստան: Եվ նախորդ տարիների փորձից ելնելով կարող եմ ասել՝ այո, կհասցնենք պայմանագրով սահմանված ժամկետում և բարձր որակով շահագործման հանձնել նշված ճանապարհահատվածը:

- Արդեն ծանոթ եք տեղանքին, Ագարակ-Քաջարան հատվածը, առանց չափազանցության, Հայաստանի ամենաբարդ ռելիեֆ ունեցող տարածքներից է: Արդյո՞ք դա Ձեզ չի վախեցնում:

- Երբ մենք մասնակցում էինք մրցույթին՝ արդեն գիտեինք, թե ինչ տեղանքի հետ ենք գործ ունենալու, նախագծող ճարտարապետն էլ ամենասկզբից մեզ բացատրություններ տվեց և զգուշացրեց: Դրա հիման վրա էլ կառուցել ենք աշխատանքային մեր մարտավարությունը: Մյուս կողմից՝ Տաջիկստանում էլ նման բարդ տեղանքում ճանապարհ ենք կառուցել: Այնպես որ՝ անթերի կկատարենք մեր առջև դրված խնդիրը, հավատացնում ենք:

- Մենք հաճախ ենք այցելում Մեղրի և տեսնում ենք, որ գործի եք դրել ճանապարհաշինության ոլորտի ժամանակակից տեխնիկական միջոցներ:

-Ճիշտ եք նկատել: Ամեն աշխատանք սկսելուց, բնականաբար, ուսումնասիրում և հաշվարկում ենք, թե ինչ տեխնիկա է մեզ անհրաժեշտ լինելու տվյալ վայրում: Նոր նախագծեր սկսելուց, շատ հաճախ, նոր ու համապատասխան տեխնիկա ենք ձեռք բերում:

Այս նախագիծը սկսելուց էլ նման մոտեցում ենք ցուցաբերել, ներկա պահին 150 միավոր տեխնիկա է աշխատում այստեղ:

Մեր կենտրոնական գրասենյակում, որ գտնվում է Թեհրանում, ունենք աշխատանքային մի խումբ, որ միայն այդ հարցով է զբաղվում:

Մեզ մոտ՝ ընթացքում խնդիրներ առաջանալու դեպքում, տեղեկացնում ենք աշխատանքային այդ խմբին, և իրենք համապատասխան գնումներ են կատարում ու տրամադրում մեզ:

- Իսկ ինչպե՞ս եք լուծում աշխատուժի և հատկապես մասնագետ կադրերի հարցը: Արդյո՞ք բոլոր աշխատողներին Իրանի Իսլամական Հանրապետությունից եք բերել, թե՞ տեղական ռեսուրսից նույնպես  օգտվում եք:

- Մեր ընկերության քաղաքականությունն այսպես է՝ ամեն մի երկրում, որտեղ աշխատում ենք, աշխատուժի 60-70 տոկոսը տեղի ռեսուրսներից ենք համալրում, 30-40 տոկոսը մեր մասնագետներն են: Այդ սկզբունքով ենք առաջնորդվում նաև այստեղ: Դա ողջամիտ մոտեցում է՝ ե՛ւ զբաղվածության խնդիր ենք լուծում տարածաշրջանում, ե՛ւ փորձի փոխանակում կատարում:

Այսօրվա դրությամբ 170 աշխատող է ընդգրկված նախագծում:

- Ճանապարհաշինության մեջ, սովորաբար, նախագծերի փոփոխության անհրաժեշտություն է առաջանում, առավել ևս այսպիսի բարդ տեղանքներում: Արդյո՞ք նման խնդիրների բախվել եք կամ բախվում եք:

- Իսկապես, երբ դու կատարողական դաշտում ես, թղթի վրա արտահայտված գծագրերն ու տեղանքի առանձնահատկություններն երբեմն իրար չեն համընկնում:

Իհարկե, ձգտում ենք առավելագույնս հավատարիմ մնալ նախագծին, բայց ժամանակ առ ժամանակ  ստիպված ենք լինում նախագծային փոփոխությունների դիմել: Ժամանակի գործոնն էլ կարևոր է, որոշ դեպքերում փոփոխությունն արվում է՝ ժամանակ խնայելու խնդրից ելնելով:

- Համագործակցությունը համայնքային իշխանության, համայնքային կազմակերպությունների և տեղի բնակչության հետ. հետաքրքիր է...

- Անցած ամիսների ընթացքում բավականին լավ համագործակցություն է ձևավորվել թե՛ տեղի իշխանության, թե՛ բնակչության հետ, շնորհակալ ենք նրանցից:

Նման դրական համագործակցությունը բնական է, աշխատանքից հետո էլ շփվում ենք ժողովրդի հետ, ծանոթանում Մեղրու տարածաշրջանի մշակույթին, մեղրեցիների կենցաղին:

Առհասարակ ուրախ ենք այս նախագիծն իրականացնելու համար: Դա հնարավորություն է, որ ավելի մոտիկից ծանոթանանք բարեկամ հայ ժողովրդին:

Կառուցվող այս ճանապարհը, համոզված ենք, կլինի ոչ թե սոսկ հաղորդակցության ուղի, այլև տարածաշրջանի անվտանգության ապահովման, ինչպես և երկու ժողովրդի բարեկամության խորհրդանիշ:

- Կառուցվող ճանապարհի վերաբերյալ մի քանի տեխնիկական տվյալ կուզենայինք իմանալ, որը հնարավորություն կտա մեզ՝ ընդհանրական պատերացում կազմել մայրուղու այս հատվածի մասին:

- Ճանապարհը կունենա 17 կամուրջ՝  երեք կմ ընդհանուր երկարությամբ: Կունենանք երկու թունել՝ յուրաքանչյուրը 1 կմ երկարությամբ: Խաչմերուկները հինգն են, որոնք նույն հարթության վրա չեն լինի:

Մի շարք տեղերում հենապատեր կկառուցվեն՝ ճանապարհը հնարավոր սողանքներից պաշտպանելու համար:

Արդյունքում, եթե հիմա Մեղրիից Քաջարան ենք հասնում մոտ 40 րոպեում, ապա նոր ճանապարհը հնարավորություն կտա 20 րոպեում տեղ հասնել:

- Դուք բավականին դրական արտահայտվեցիք համայնքային իշխանության հետ Ձեր ունեցած հարաբերությունների մասին:

Ունե՞ք կոնկրետ, գործնական համագործակցության օրինակներ:

- Ծրագրեր ունենք, առայժմ միայն բարեկարգել ենք քաղաքի գերեզմանոցին կից տարածքը:

- Քիչ առաջ եղանք ձեր կազմակերպության այստեղ գտնվող լաբորատորիայում, ի՞նչ խնդիրներ է լուծում լաբորատորիան:

- Ցանկացած շինանյութ, որն օգտագործում ենք այստեղ, պետք է նախապես ուսումնասիրվի ու գնահատվի՝ որակի առումով՝ քարի տեսակներ, քիմիական նյութեր, ցեմենտ...

- Տեսնում ենք, որ կառուցվող ճանապարհը շատ դեպքերում անցնում է մեղրեցիներին պատկանող մասնավոր տարածքներով:

Բնակիչների հետ հարաբերությունները՝ այդ հարցով, կարգավորվա՞ծ են, թե՞ չլուծված խնդիրներ դեռևս կան:

- Տարածքը, որտեղ իրականացնում ենք ճանապարհաշինություն, կոչվում է կանաչ գոտի: Այդ գոտուն առնչվող բոլոր հարցերով զբաղվում են ՀՀ շրջակա միջավայրի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները:

Ձեզ հետաքրքրող հարցերը նախապես լուծվել են. եղել են և՛ պետական, և՛ մասնավոր հողատարածքներ:

Բոլոր դեպքերում նման հարցերը մեր գործառույթների տիրույթում չեն:

- Նորից շնորհակալություն այս հանդիպման և հարցազրույցի համար:

Կարծում եմ՝ հետագայում նորից հանդիպումներ կունենանք:

Կարևոր նախագիծ եք իրականացնում, ձեզ հաջողություններ:

- Մեր կազմակերպությունների անունից Ձեզ շնորհակալություն՝ կարևոր այս կառուցի շինարարությամբ հետաքրքրվելու և մեր աշխատանքները լուսաբանելու համար:

Հարցազրույցը՝ Սամվել Ալեքսանյանի

Լուսանկարները՝ Շուշաննա Հարությունյանի

Հ.Գ.

Ճանապարհի շինարարության ընթացքի վերաբերյալ առավել ամբողջական պատկերացում կազմելու համար կից ներկայացնում ենք նաև տեսանյութ՝ պատրաստված շինարարությունն իրականացնող կազմակերպությունների կողմից:

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

21.02.2026 19:18

Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան

21.02.2026 12:50

Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

21.02.2026 12:04

Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին

21.02.2026 11:08

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

20.02.2026 22:27

Հայաստանում ստեղծվելու է սիլիկոնային ավան, ապահովվելու է բարենպաստ միջավայր․ Նարեկ Կարապետյան

20.02.2026 21:14

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ

20.02.2026 19:15

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. Ալիկ Ալեքսանյանը` ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին

20.02.2026 17:09

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ

20.02.2026 17:00

Ալիևը՝ հայ լրագրողին․ Երբ Բայդենը վերադառնա` կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը»

20.02.2026 15:57

Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում

20.02.2026 15:46

Սերգեյ Գորոդեցկի․ «Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել՝ առանց Արցախին տիրելու»

20.02.2026 15:37