Իսկ Աղոթարանում հոգեբուխ աղոթք էր…

21.09.2020 13:39
6522

2020 թ. օգոստոսի 29-ին «Սյունյաց երկիրը» ուխտագնացություն կատարեց Աղոթարան սուրբ սարի լեռնագագաթ, որտեղ հնամենի մատուռների հետքեր կան, կենդանակերպ արձաններ, բագիների եւ ատրուշանների տեղեր, ժայռապատկերներ եւ այլն:

Մինչեւ լեռնագագաթ հասնելը եղանք սրբասարի լանջին գտնվող Սուրբ Հարություն նորակերտ մատուռում, իսկ լեռնագագաթից իջնելիս՝ Մատաղ աղբյուրում՝ ճանաչված իբրեւ սուրբ աղբյուր:

Մեր ստեղծագործական խմբին էր միացել Սյունյաց աշխարհի երեւելի մտավորական, Բռնակոթ գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն (1975-94 թթ.), Բռնակոթի նախկին գյուղապետ (1999-2002 թթ.) Սամվել Սահակյանը:

«Ուխտագնացություն Սիսիան» ծրագրի շրջանակում Աղոթարան կամ Սալվարդ կամ Սարվարդ սրբասար կատարած մեր այցը հնարավոր դարձնելու համար երախտագիտություն ենք հայտնում ԵԿՄ Սյունիքի կառույցի ղեկավար, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանին, ով Արցախյան գոյամարտի փառապանծ հրամանատարներից է:

Ուխտագնացության կազմակերպմանն աջակցեց N զորամասի հրամանատար, գնդապետ Վազգեն Հակոբյանը:

Իսկ փորձառու վարորդ Պարգեւ Ղարիբյանը մեզ սրբավայր տարավ Աշոտավան-Հացավան-Թասիկ-Արեւիս երթուղով:

Դա Աղոթարան կատարած մեր երկրորդ այցն էր:

***

Ուխտագնացության ճանապարհին հանդիպեցինք Հայաստանի զինված ուժերի այն զորականներից մի քանիսին, ովքեր մեր հանրապետության եւ Նախիջեւանի միջեւ ընկած այդ տարածքում պաշտպանում են հայոց սահմանների անվտանգությունը:

Հնարավոր չէր տեսնել այդ զինվորներին ու սպաներին, նրանց հետ զրուցել, նրանց ծառայության հանգամանքներին իրազեկ դառնալ, նրանց բարոյահոգեբանական վիճակին ու մարտական պատրաստվածությանը հաղորդակցվել ու չհպարտանալ, չոգեւորվել:

Զինվորները ողջունեցին «Սյունյաց երկրի» այցը եւ խնդրեցին մեր պարբերականի միջոցով ընթերցողին փոխանցել հետեւյալը. «Ամուր կանգնած ենք մեր դիրքերում, պատրաստ ենք հետ մղել ցանկացած ոտնձգություն, իսկ Սյունիքի բնակիչներին խաղաղ ու ստեղծագործ աշխատանք ենք մաղթում»:

Ե՛վ Աղոթարանի լեռնագագաթի մատուռում, ե՛ւ Սուրբ Հարություն նորակերտ մատուռում միասին մոմ վառեցինք ու աղոթք բարձրացրինք առ Աստված՝ մեր հրաշալի զինվորների ու քաջարի հրամանատարների համար, ովքեր ամենայն գիտակցությամբ ու պատասխանատվությամբ ապահովում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի այդ հատվածի անձեռնմխելիությունը:

 

Աղոթարան կատարած առաջին այցը

Աղոթարան գնացինք Սարվարդ գյուղով

Այդ առիթով «Սյունյաց երկիրն» այսպիսի մի հրապարակում էր թողարկել՝ ««Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը՝ Աղոթարանում»:

… 2017 թ. օգոստոսի 7-ին «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը, լրագրող Ալվարդ Մեսրոպյանը, Սալվարդ համայնքի ղեկավար Վարդան Մեսրոբյանի եւ պայմանագրային զինծառայող Նարեկ Մնացականյանի ընկերակցությամբ, բարձրացան Զանգեզուրի լեռնաշղթայի լեռնագագաթներից մեկը` Սիսիանի եւ Նախիջեւանի սահմանագլխին գտնվող Աղոթարան սարը (3161.8մ):

Աղոթարանը նաեւ Սալվարդ (Սարվարդ) է կոչվում:

Լեռան ստորոտում է Սալվարդ գյուղը:

Լեռան գագաթին պահպանվել է մի սրբատեղի` առանց շաղախի: Դեռեւս հեթանոսության շրջանում սրբատեղին համարվել է պտղաբերության եւ հատկապես անձրեւների առատության հովանավոր, որովհետեւ Սիսիանի տարածքի տեղումները ձեւավորվում են լեռնաշղթայի այդ հատվածում:

Ստորոտից մինչեւ գագաթ ծածկված է ալպիական արոտներով, փեշերին կան սառնորակ աղբյուրներ, սառցահամ լճեր:

Գագաթը վեղարաձեւ է, որից քիչ ներքեւ Մատաղ աղբյուրն է: Այնտեղ ուխտավորները մատաղ են արել եւ ակնկալել առատ տեղումներ ու բարեբեր տարի:

Սիսիանում հին ժամանակներում այսպիսի մի սովորույթ կար. երբ որեւէ մեկը պիտի երդվեր, երեսը պետք է դարձներ դեպի Աղոթարան ու նոր միայն խաչակնքեր` չմեղանչելու եւ ճշմարտությունն ասելու նպատակով:

Հայաստանի անկախության հռչակումից ի վեր այնտեղ է գտնվում հանրապետության զինված ուժերի մարտական դիրքերից մեկը:

Վերջերս` 2017թ. հուլիսի 29-ին, լեռնագագաթին բարձրացվել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը. դա ծագումով սալվարդեցի, ռուսաստանաբնակ Կարեն Օսիպովի նախաձեռնությունն էր:

Թերթի ներկայացուցիչները եւ համայնքի ղեկավարը հանդիպել են մարտական դիրքերում հերթապահող զինվորների, իսկ մինչ այդ` Սալվարդի բնակիչների ու Աղոթարանի փեշերին հանգրվանած յայլաղավորների հետ:

***

Առաջին այցից հետո «Սյունյաց երկրում» հետաքրքիր մի հոդված էր տպագրել Ալվարդ Մեսրոպյանը:

Մեկ-երկու քաղվածք այդ հոդվածից:

Քարքարոտ, անանցանելի ճանապարհով գնում ենք Սիսիանի տարածաշրջանի Սալվարդ գյուղ: Գնում-գնում ենք... Վերջապես... Ահա եւ գյուղն ու նրա կենտրոնը (մարդիկ գյուղի կենտրոնը համարում են գյուղապետարանի շենքի մոտ գտնվող տարածքը):

Այստեղ դաղձի ծով է, դաղձի համբույր ու դաղձի գգվանք: Եվ օրվա օրհնանքն ասես կաթ-կաթ թափվում է դաղձի թփերի վրա եւ տարածվում գյուղով մեկ, ու օրվա օրհնությունն ամեն տուն է մտնում: Ու նաեւ այն տները, որոնց տերերը գնացել են՝ ուր նրանց աչքը կտրի... Օրվա օրհնությունն այդ լքված տները կպահի՝ մինչեւ տերերն հետ կդառնան, քանի որ մի օր անպայման «Հայաստան ասելիս»  նրանց «շրթունքը» ճաքելու է

Անասնապահները մեզ համար սուրճ են պատրաստել: Մտնում ենք տնակը՝ սուրճը վայելելու: Թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը  թե՝ Ալվարդ, արի այստեղ, տես ինչ եմ գտելԻնձ թվաց, թե նոր մոլորակ է հայտնաբերել: Արագ մտա վրան: Նրա գտածը բանաստեղծությունների ժողովածու էր: Իրոք, սարի գլխին քիչ հանդիպող երեւույթՈւմ մտքով կանցներ: Պարզվեց, որ Անդրանիկի եղբոր՝ Կարենի գիրքն է, գրադարանից է վերցրել:

Եվ արտասանում է Վահան Տերյանի «Ցնորք» բանաստեղծությունը.

...Ախ, ոսկով  են գնում քեզ

Անհաս ցնորք իմ հոգու

Մենք դեռ ճամփա ունենք անցնելու:  Թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը մեկ օր առաջ է  նպատակ դրել՝ բարձրանալ Աղոթարան՝ Բարձրյալի հետ զրուցելու, սահյանական ոգուց «ջուր խմելու»... Հրաժեշտ ենք տալիս սարվորներին: Հեշտ չէր վերելքը, բարձրանում ենք, բարձրանում... Գյուղապետ Վարդան Մեսրոբյանն ու զինվորական Նարեկը մեզ հետ են, չենք մոլորվի: Քարքարոտ ճանապարհը «Նիվայի» «միսն»  ուտում էՍամվել Ալեքսանյանը երկու ոտքը դրել է մի չմուշկում՝ անպայման Աղոթարան պիտի բարձրանանքՃանապարհի ցից քարերն ուր որ է  կմտնեն մեքենայի անիվների մեջեւ մեքենան...

Մեքենան տեսնելով՝ կաքավների երամը թռավ խոտերի մեջից... Ու դարձյալ հիշում եմ Սահյանին՝

Հավք ուզեիր, նա քեզ կտար

Մեկի տեղ հազարը,

Հավքի բույն էր փեշից-կատար

Աղոթարան սարը:

Հետո ծտերի երամը  թռավ, հետո... Իրոք, հավքերի թագավորություն է Աղոթարան սարը:

Ներքեւում՝ սարվորների մոտ, չոր էր չորս բոլորը: Իսկ այստեղ՝ լեռնագագաթ տանող ճանապարհինասես ծաղկի ցուցահանդես է բացվել:

Բայց Աղոթարանը միայն ծաղիկներով չէ, որ պահում է աշխարհը: Այն նաեւ երկինքն է իր ուսերին դարեր շարունակ պահում: Եվ աղոթք է Աղոթարան սարում: Իսկ աղոթքն այդ հայոց զինվորի նվիրումն է, խիզախությունը, անչափելի սերը հայրենիքի ու ժողովրդի հանդեպ: Լեռնագագաթից նրանք  հսկում են հայոց սահմանները

Օրն արդեն մայրամուտ էր թեքվում, երբ հրաժեշտ տվեցինք երկրի արթուն պահապաններին

***

Առաջին այցից հետո լույս տեսավ նաեւ Սամվել Ալեքսանյանի հոդվածը՝ «Աղոթարանի լեռնագագաթին հայ զինվորների հաստատուն ներկայությունն է» վերտառությամբ, որը ներկայցնում ենք ստորեւ:

Հայաստանի Հանրապետության եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ ձգվող պետական սահմանի մի հատվածը համընկնում է Սիսիանի տարածաշրջանի արեւմտյան սահմանին:

Պետական սահմանի պաշտպանության համար հիմնված հենակետերից (մարտական դիրքերից) մեկն էլ Աղոթարանի լեռնագագաթին է` 3161.8մ բարձրության վրա:

Մարտական այդ հենակետը տարբերվում է մյուս հենակետերից նախեւառաջ իր իշխող դիրքով: Այդտեղից պարզ, ինչպես ափիդ մեջ, երեւում են մերձակայքում գտնվող եւ՛ մեր, եւ՛ Ադրբեջանի պաշտպանական կառույցները: Առանց հեռադիտակի կարելի է տեսնել հակառակորդի՝ մարտական դիրքեր ելումուտ անող մարդկանց, եկող-գնացող մեքենաներին

Արցախյան պատերազմի առաջին շրջանում այդ բարձունքի համար մարտեր են մղվել, հայ զինվորի արյուն է թափվել այդտեղ. 1992-ին նահատակվեց բռնակոթցի Ահարոն Շահնազարյանը, ում հիշում են մարտական դիրքում հերթապահող զինվորները:

1993-94-ին, այդուհանդերձ, տեղանքն ադրբեջանցիների վերահսկողության ներքո էր, իրենք էին իշխում բարձունքում, ինչը վտանգավոր էր մեզ համար: Այդ դիրքից դժվար չէր հրետակոծել եւ՛ Սիսիան քաղաքը, եւ՛ տարածաշրջանի գյուղերը (բացի Ձորերի գյուղերից): Ուստի եւ խնդիր էր դրվել վերադարձնել Աղոթարանի լեռնագագաթը: Խնդիրը լուծեց Սիսիանի գունդը` հրամանատարությամբ Հովիկ Ազոյանի: Այնպես որ` 1995-ից Աղոթարանի լեռնագագաթը մեր ձեռքում է:

Դրանից հետո է, որ Մատաղ աղբյուրից մինչեւ լեռնագագաթ մեքենահարմար ճանապարհ, նաեւ ինժեներական հուսալի կառույցներ են պատրաստվել:

Առհասարակ մարտական այդ դիրքը փոքրիկ մի բնակատեղի է հիշեցնում` կենտրոնում հին մատուռն է` առանց ծածկի, դարերի խորքից եկող զարմանահրաշ խաչքարերով: Կողքին ծածանվում է հայոց եռագույնը, որ բարձրացվել է վերջերս` արմատներով սալվարդեցի, ռուսաստանաբնակ Կարեն Օսիպովի նախաձեռնությամբ:

Մարտական այդ դիրքի տարածք մտնելիս նախեւառաջ աչքի է զարնվում մաքրությունը. ոչ մի ավելորդություն, նույնը` փոքրիկ զորանոցում, խոհանոցում

Ոգեւորիչ էին հատկապես մարտական դիրքում հերթապահող զինվորականների տրամադրությունը, վստահված դիրքը պաշտպանելու նրանց պատրաստակամությունը: Մարտական այդ ոգին նկատելի էր եւ՛ հենակետի պատասխանատու, լեյտենանտ Դավիթ Յաղումյանի, եւ՛ ժամկետային զինծառայողների, եւ՛ պայմանագրայինների շրջանում:

Հենակետի բոլոր զինվորականների հետ, բնականաբար, չկարողացանք հանդիպել. նրանք ծառայության մեջ էին տվյալ պահին: Բայց մի խումբ զինվորականների հետ սրտառուչ զրույցներ ունեցանք: Տեղին ենք համարում հիշել նրանցից յուրաքանչյուրին. Այվազյան Կարեն (ժամկետային զինծառայող, Արտաշատից), Հովհաննիսյան Գեւորգ (պայմանագրային զինծառայող, Ույծից), Բարսեղյան Սուրեն (պայմանագրային զինծառայող, Հացավանից), Լալայան Գաբրիել (պայմանագրային զինծառայող, Լեռնաշենից), Մանուկյան Թաթուլ (պայմանագրային զինծառայող, Սիսիանից), Հովհաննիսյան Գրիշա (ավագ լեյտենանտ, հենակետի ավագ, Սիսիանից), Շահնազարյան Արայիկ (պայմանագրային զինծառայող, Բռնակոթից), Զատիկյան Ալիկ (պայմանագրային զինծառայող, Հացավանից), Մկրտչյան Միքայել (ժամկետային զինծառայող, Շինուհայրից), Մրազ Դալոյան (ժամկետային զինծառայող, Հոկտեմբերյանից) եւ իհարկե Դավիթ Յաղումյան` լեյտենանտ, հենակետի պատասխանատու, Ախլաթյանից

Չէր կարելի չնկատել` պայմանագրայինների ներկայությամբ ժամկետային զինծառայողներն ավելի վստահ ու հաստատակամ էին: Եվ, որ կարեւոր է, ժամկետայինների ու պայմանագրայինների միջեւ ջերմ հարաբերություններ էին իշխում:

Եզդի Մրազ Դալոյանը, ով գնդացրորդ է եւ զորակոչվել է յոթ ամիս առաջ, հետաքրքիր պատասխան տվեց մեր հարցին` արդյո՞ք դժվար չէ ծառայել այս բարձունքում ցրտաշունչ ձմռանը:

- Մեծ սիրով եմ ծառայում, իմ հայրենիքի սահմաններն եմ պաշտպանում, եթե ոչ ես, ապա ուրիշ ո՞վ պիտի այստեղ կռիվ տա ձմռան բուքուբորանի հետ, - ասաց Մրազ Դալոյանը:

Իսկ գնդացրորդ Միքայել Մկրտչյանին, ով Շինուհայրից է, ճանաչեցինք. նրա պապի` Բահադուր Մկրտչյանի հետ Շինուհայրի ռետինե կոշիկի գործարանում ժամանակին աշխատել ենք. քիմիական արդյունաբերության լավ մասնագետի համբավ ուներ, Լենինգրադում էր բարձրագույն կրթություն ստացել:

Միքայելը հուզիչ կենսագրություն ունի. 1998-ին, երբ ինքը լույս աշխարհ էր գալիս, մայրը` Վարդուշը, ծննդաբերելիս մահացավ

Բահադուր պապի հոգածությամբ է մեծացել Միքայելը, պապը հիմա էլ ժամանակ առ ժամանակ այցելության է գալիս սահմանապահ թոռանը:

Միքայել Մկրտչյանի դեմքից հպարտություն, վստահություն էին ծորում: Ավելին` իր վեհանձնությամբ վարակում էր զրուցակցին:

Նա կոչ ուղղեց բոլոր տարիքակիցներին` «Անպայման եկեք ծառայության, «դուխով» եղեք, մենք պիտի պաշտպան կանգնենք մեր պետական սահմանին…»:

Հացավանցի պայմանագրային զինծառայող Սուրեն Բարսեղյանն էլ, պարզվում է, տեղյակ է Աղոթարանի հետ կապված, դարերով հյուսված ավանդազրույցներին. տատից է լսել: Նա ցույց տվեց լեռան արեւմտահայաց կողմում գտնվող (գագաթից մոտ 100մ ներքեւ) Աղջիկ-տղա անվանյալ քերծը: Ըստ Սուրենի` մուսուլման տղային եւ քրիստոնյա աղջկան, ովքեր սիրում էին միմյանց, չեն թողել ամուսնանալ` պատճառ բռնելով դավանանքի տարբերությունը: Բայց նրանց սերն անկեղծ էր, եւ չէին ուզում հասկանալ, որ դավանանքի տարբերության պատճառով չպիտի բաժանվեն: Եվ որոշեցին միանալ հանդերձյալ աշխարհում` այդ քերծից` ձեռք ձեռքի տված, իրենց ցած գլորելով, ինչի համար էլ քարաժայռը մինչեւ հիմա կոչվում է Աղջիկ-տղա քերծ:

Հայ-նախիջեւանյան պետական սահմանի օպերատիվ վիճակը ներկայացրեց հենակետի պատասխանատու Դավիթ Յաղումյանը:

Լեյտենանտը ժամանակին ավարտել է Արցախի պետական համալսարանը, հետո վերապատրաստվել զինվորական գործի համար եւ իր կյանքը կապել հայոց ազգային բանակի հետ:

Հենակետում տիրող կարգուկանոնից, զինվորների ոգուց եւ մարտական պատրաստականությունից, անշուշտ, կարելի էր պատկերացում կազմել Դավիթ Յաղումյան սպայի մասին: Նա ոչ միայն հրամանատար է, այլեւ զինվորի ծնող, ավագ ընկեր ու բարեկամ: Նրա համար երկրորդական հարց չկա` զինվորի սննդից, զինվորների հարաբերություններից, դեղատնից, զինվորների հիգիենիկ վիճակից մինչեւ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինվորի տրամադրություն

- Պետական սահմանի այս հատվածում օպերատիվ իրավիճակը խաղաղ է, կրակոցներ չկան,- ասաց Դավիթ Յաղումյանը: - 2016-ի ապրիլյան օրերին նույնպես այստեղ հարաբերական անդորր էր, բայց մենք պատրաստ էինք ամեն մի զարգացումի: Այսօր էլ պատրաստ ենք, հարաբերական անդորրը չի կարող մեր զգոնությունը թուլացնելու պատճառ լինել:

Ըստ լեյտենանտի` ձմռանը, բնականաբար, որոշ դժվարություններ են առաջ գալիս` ցրտաշունչ եղանակ, առատ ձյուն, բուքուբորան, ճանապարհների վիճակԲայց արդեն հարմարվել են: Եվ պետական սահմանն այն տեղը չէ, որտեղ զինվորը դժվարությունների առաջ պետք է ընկրկի:

Թեեւ օգոստոս է, բայց հենակետում արդեն պատրաստվում են առաջիկա ձմռանը. վառելափայտն արդեն տեղ է հասցվել, հենակետն ապահովված է էլեկտրական հոսանքով, ճանապարհներն էլ՝ կարգի բերված

Օրվա վերջին զինվորները մեզ հրավիրեցին համատեղ ընթրիքի` այդ կողմերին հատուկ հյուրասիրությամբ: Դա նաեւ առիթ էր տեսնելու, թե ինչպես են սնվում առաջնագծում մարտական ծառայություն իրականացնող մեր զինվորները. ծնողները մտահոգվելու կարիք չունեն:

Հրաժեշտից առաջ մեր միջեւ, կարծես, յուրօրինակ հոգեհարազատություն էր ստեղծվել. մենք ոգեւորված էինք նրանց քաջարի պահվածքով, իրենք էլ՝ մեր այցելությամբ: Որերորդ անգամ տեսանք, զգացինք այն վիթխարի պատասխանատվությունը, որ դրված է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անվտանգությունն ապահովող զինվորականի վրա: Եվ պատահական չէր ամենեւին, որ մեր հրաժեշտի ինքնաբուխ խոսքը հենց այսպես էլ հնչեց` «Հայաստանը դուք եք…»:

 

Աղոթարանը` բանաստեղծականացված

Այդ սրբասարը երեւում է Համո Սահյանի վաղ շրջանի բանաստեղծություններից՝ Սարվարդ անունով:

Աղոթարանը հետագայում ավելի շատ է բանաստեղծականացվել:

Աղոթարանի ներշնչանքով են գրվել մի շարք բանաստեղծություններ:

  •                Աղոթարան սարը, Երկեր 4 հատորով, հատոր 2-րդ, 2014թ., էջ 124,
  •                Խնայեք նրանց, Երկեր 4 հատորով, հատոր 2-րդ, 2014թ., էջ 195,
  •                Լճեր, Երկեր 4 հատորով, հատոր 2-րդ, 2014թ., էջ 198,
  •                Աշուն, Երկեր 4 հատորով, հատոր 2-րդ, 2014թ., էջ 263,
  •                Գիշեր, Երկեր 4 հատորով, հատոր 2-րդ, 2014թ., էջ 289,
  •                Թողեք, որ ննջի, Դաղձի ծաղիկ, 2006թ., էջ 12,
  •                Եթե չեք իջել դուք երբեւէ, Դաղձի ծաղիկ, 2006թ., էջ 87,
  •                Աստծո սիրտն է, Ինձ բացակա չդնեք, 2014թ., էջ 155:

***

Եթե չեք իջել դուք երբեւէ

Ու չեք անրջել դուք երբեւէ

Աղոթարանիս լճակներում,

Չվող կարապներ, ձեզ չեմ ներում:

***

Կռունկները պարան-պարան

Աչքերի մեջ առան-տարան

Իմ Շաքիի Նիագարան.

Սարսռաց սարն Աղոթարան:

***

Սալվարդ սարի գագաթային մասն է Աղոթարանը, այդ պատճառով էլ դրանք հաճախ նույնացվում են: Մինչդեռ Սալվարդն ավելի լայն ընդգրկում ունեցող տարածք է, որ ներառում է ամբողջ լեռնազանգվածը՝ ձորերով, լեռնաթմբերով ու բլուրներով, սարահարթերով, գետակներով, լճերով, վարելահողերով, արոտավայրերով:

Սալվարդ անվանումը գործածվում է Համո Սահյանի մի շարք բանաստեղծություններում:

 

  •                Առուն (հ. 1. էջ 39)
  •                Այս առավոտ (հ.1, էջ 237)
  •                Սալվարդ սարի բարձունքին (հ.1, էջ 257)
  •                Իրար փնտրեն (հ.2, էջ 103)
  •                Սալվարդա սար է (հ.2, էջ 251)
  •                Աշխարհը երգ է դառնում (հ.2, էջ 403)
  •                Լեռնադարան (Դ. ծ., էջ 33)
  •                Տագնապ (Դ. ծ., էջ 101)
  •                Իշխանասար ու Սալվարդ (Դ. ծ., էջ 105)
  •                Թե մի կում ջուր (Դ. ծ., էջ 182)
  •                Այս լեռան (Ի. բ. չ., էջ 100)

***

Աշխարհը երգ է դառնում

Սալվարդ ասելիս,

Արեւը հավք է դառնում,

Իջնում ուսերիս:

 

Սալվարդ, գիրկդ սլանամ,

Երկինքը բռնեմ,

Լճերիդ մեջ լվանամ

Լանջերիդ փռեմ:

 

Էն գլխից եմ սիրավար

Աղոթք ու տաղիդ

Մեկ է, Աստված էլ դառնամ,

Գառն եմ մատաղիդ:

***

Գյուղապետ Վարդան Մեսրոբյանը հուշեր պատմեց մեծ բանաստեղծի սալվարդյան այցելությունների մասին: Ինքը քանիցս ականատես է եղել Համո Սահյանի` Մատաղ աղբյուր եւ Սալվարդ կատարած այցելություններին: Սալվարդցիները միշտ էլ ոգեւորությամբ ու առանձնահատուկ ջերմությամբ են հյուրընկալել մեծ քնարերգուին:

Եվ ստացվեց այնպես, որ Աղոթարանի ու Սալվարդի անմահությանը միաձուլվեց հավերժի ճամփա բռնած Համո Սահյանը:

***

Աղոթարաննն այսօր էլ ներշնչաքի աղբյուր է: Բազմաթիվ վկայություններից     մեկը ստորեւ ներկայացվող անտիպ բանաստեծությունն է «Աղոթարան»  վերտառությամբ, որի հեղինակը մեր բարեկամ Սամվել Սահակյանի հայրն է՝ լուսահոգի Արամայիս Սահակյանը, որ ստեղծագործել է 1970-ին:                     

Ես շատ անգամ եմ հևիհև հասել
Մեր նվիրական սարն Աղոթարան,
Ու շատ անգամ եմ սուրբ քարին ծնկել
Ու իմ խոհերը պահ տվել նրան:

Ես շատ անգամ եմ հմայված նայել,
Սարին փաթաթված ամպերին չվող,
Ու շատ անգամ եմ պարզկա օրերին
Այդ սուրբ կատարից գերվել Մասիսով:

Սարվորները միշտ՝ աշնան կեսերին,
Քոչելուց առաջ՝  որպես գոհություն՝
Այդ սրբավայրում հավաքվում էին
Մատաղի անուշ բույրը տարածում…

Բոլորում էին՝ ծով ծաղկանց գրկում,
Սարվորներն ուրախ՝ սարի «սեղանին»,
Ու ամենքն իրենց հոգու խորքերում`
Գլուխ խոնարհում պահապան սարին…

Միշտ սրտիս մեջ ես՝ դու նվիրական
Մեր սար սեգ՝ որպես Սուրբ Աղոթարան...

Սալվարդ գյուղը. համառոտ տեղեկություններ

Մատենագիտության մեջ՝ նաեւ Ալելու, Ալելուա, Ալիլու, Այրլու…

Գտնվում է Սիսիան քաղաքից 15 կմ արեւմուտք՝ Աղոթարան (Սալվարդ) սարի ստորոտում, Սիսիան գետի Զայ (Զանգ) վտակի վերնագավառում:

Այժմյան բնակիչները եկել են 1828-29 թթ. Պարսկաստանի Խոյ գավառի Մահլազան եւ Ուզումչի գյուղերից:

Սալվարդ գյուղում պահպանվել էր հեթանոսական մեհյանի վրա շինված մատուռը, որ ծառայում էր որպես եկեղեցի՝ մինչեւ Սուրբ Գեւորգ թաղակապ եկեղեցու կառուցումը (19-րդ դարավերջ):

Այս գյուղանունը չկա Տաթեւի վանքի Հին եւ երկրորդ ցուցակում:

Բայց գյուղի երբեմնի անվանմանը՝ Ալելու-ին (եւ ոչ թե Ալի-լու) անդրադարձել է Սերգեյ Ումառյանը՝ այն համարելով խուռիական գլխավոր աստծո անուն:

03.01.1935-ին գյուղը վերանվանվել է Սակվարդ:

Սերգեյ Ումառյանը դիցական հիմք է տեսնում նաեւ Սալվարդ անվանումի մեջ՝ իբր ծագում է խուռիական Սալա աստծո անունից:

Պատրաստեց՝ Սամվել Ալեքսանյանը

Լուսանկարները՝ «Սյունյաց երկրի»

 

 

 

 

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25