Կանխենք արծվաբույն Գորիսի, Սյունիքի բարոյական վախճանը

13.09.2017 15:51
1986

Զավակնե՛ր հայոց


Դրախտավայր Հայաստանին եւ մեր ժողովրդին իշխողներն ազատվեցին իրենց կուսակից՝ մտավոր ունակություններ եւ կառավարման փորձառություն ունեցող Վաչագան Ադունցից, որպեսզի Գորիս բազմաբնակավայր համայնքի ղեկավարի պաշտոնին կարգեն դիպլոմավոր անգրագետի կամ կիսագրագետ զոռբայի եւ, որ ամենակարեւորն է, կույր հպատակի: Իշխողները հավանաբար ունեցել են մտավախություն, որ Վաչագան Ադունցը երբեւէ կարող է նմանվել իր արժանավոր նախնուն՝ Գեորգիեւյան երկու խաչի ասպետ Լեւոն Ադունցին, ով Ակսել Բակունցի հետ մարտնչել է Սարդարապատի ճակատամարտում:


Ինձ համար ակնհայտ է, որ իշխանական վերեւները որդեգրել են ազատագրված տարածքների թիկունք հանդիսացող Սյունիքի մարզի ժողովրդին պառակտելու, անընդհատ թուլացնելու եւ մասնատելու քաղաքականություն, ինչը հաջողությամբ իրականացնում է տխրահռչակ մարզպետ Վահե Հակոբյանը:


Մի խումբ մտահոգ քաղաքացիներ ինձ առաջարկել են առաջադրել թեկնածությունս Գորիս համայնքի ղեկավարի գալիք ընտրություններում եւ ճչացող անարդարության դեմ պայքարի ալիք նախաձեռնելով՝ կանխել Գորիսի բարոյական վախճանը: Անշուշտ, մարդկային, քաղաքացիական, մտավորական ունակություններս, Արցախյան պատերազմի տարիներին Գորիսի քաղաքային իշխանության նախագահի դրական փորձառությունս եւ կայտառ առողջությունս ինձ վստահություն են ներշնչում՝ հայոց ազատամարտի շարքայինի պարտականություններս շարունակելու գործում եւ իբրեւ Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու՝ մասնակցելու առաջիկա ընտրություններին, ընտրվելու եւ ստանձնելու հավաքական Գորիսի առաջնորդի դժվարին առաքելությունը:


Հայտարարում եմ, որ խորհրդարանական վերջին ընտրությունների անվան տակ մարդկանց ձայների մոլեգնած տոնավաճառի նողկալի եղելությունն առայժմ հանդիսանում է որոշմանս հիմնական խոչընդոտը: Առաջիկա օրերին կայացնելիք որոշմանս վրա ազդել կարող է միայն մտահոգ եւ պատասխանատվության զգացումով առաջնորդվող գորիսեցիների, մանավանդ խանդավառ երիտասարդների ակտիվ արձագանքը: Այո՛, թեկնածությունս առաջադրելու համար պետք է համոզվեմ, որ առկա է լայն հասարակական պահանջ:


Գիտակցենք, որ հավաքական Գորիսն ի դեմս իր ղեկավարի պետք է ունենա ոչ թե վերին իշխանավորների հլու կամակատար, այլ կերպ ասած՝ «թազի-թուլա», այլ վշտահար մարդկանց ցավ ու տառապանքը դարմանող, նրանց հոգսերին, կարիքներին եւ հայրենի երկրամասի զարթոնքին ու վերածննդին անմնացորդ ծառայող առաջնորդ: Հակառակ պարագայում կարժանանանք հայոց սուրբ նահատակների հոգիների եւ գալիք սերունդների արհամարհանքին:


Հիշենք, որ Սյունյաց ժողովուրդը 1920թ. հուլիսին, կուլ գնալով խաղաղություն, մանավանդ շաքար, օճառ, նավթ ստանալու բոլշեւիկյան խոստումներին, լքեց Գարեգին Նժդեհին: Ֆիզիկապես եւ հոգեպես խոցված առաջնորդը մեկուսացավ Խուստուփի լանջերին եւ, Վահագն աստծո հետ հաղորդակցվելուց ոգեշնչված, սյունեցիներին հասցեագրեց իր հռչակավոր նամակը, ուր մասնավորապես շեշտադրել է. «Ժողովուրդ, ինձ լքելուց, ինձ դավաճանելուց առաջ զլացար իմ խնդիրը կատարել: Դու չուղարկեցիր վարպետներիդ՝ բութ գործիքներով հանելու իմ աչքերը, կուրացնելու ինձ, որ չտեսնեմ քո գլխին գալիք զուլումը, քո բարոյական անկումը: Ներում եմ, թեեւ պատմությունը չի ների քեզ եւ խնդրում, երբ ինձ սպանված տեսնես, դիակս թաղիր Խուստուփի ամենաբարձր կատարին, որտեղից երեւա ինձ ե՛ւ Կապանը, ե՛ւ Գենվազը, ե՛ւ Գեղվաձորը: Իսկ մինչեւ այդ, հայացքդ մի՛ կտրիր Խուստուփից: Որքան հաճախ, որքան շատ նայես այդ սեգ ու սեւ ամպերով ծածկված սարին, այնքան շուտ կգա, կհասնի փրկությունդ:


Աստված եւ իմ սերը քեզ հետ, ապերախտ ժողովուրդ»:


Գ.Նժդեհի արդարացի նախատինքից ցնցված՝ Սյունյաց քաջաց-քաջերը ոչ միայն հայացքն ուղղեցին, այլեւ անհապաղ միացան մեծ նվիրյալին: Կարճ ժամանակ անց ողջ Սյունիքն ազատագրվեց թրքաբոլշեւիկյան հորդաներից, հռչակվեց Ինքնավար Սյունիքը, ապա՝ Լեռնահայաստանի Հանրապետությունը, որի ամրակուռ ողնաշարի վրա էլ կազմավորվեց Խորհրդային Հայաստանը, ապա՝ Հայաստանի երրորդ հանրապետությունը:


Հետեւելով մեր մեծ նախնու օրինակին՝ շեշտում եմ. ողորմելի՛ հայրենակից, մի՛ նմանվիր մարմնավաճառի, մի՛ ծախիր հոգիդ եւ ձայնդ, արհամարհի՛ր ստորացուցիչ ընտրակաշառքը, այն առաջարկողին նետի՛ր գրողի ծոցը եւ դու, զավակներդ կունենաք ոչ միայն արժանապատիվ ներկա, այլեւ լուսավոր ապագա:


Առկա ամոթալի վիճակն ինձ ստիպում է հնչեցնելու տագնապի եւ արթնացումի ղողանջ ու կոչով դիմելու արեւավառ հոգիներին. եկեք համախմբվե՛նք, կազմակերպվե՛նք եւ միասնաբար հենվե՛նք Սյունյաց պատմության փառապանծ դրվագներին, խարանե՛նք մեզ պարտադրվող անարդարության դեմքը, մարտնչող տգիտությունը, ընտրակաշառքի, ընտրակեղծիքների գարշելի երեւույթները նետե՛նք պատմության աղբանոցը, վերահաստատե՛նք մեր արժանավոր նախնիներին հատուկ արժանապատվությունը եւ Լեռնահայաստանի երբեմնի մայրաքաղաք Գորիսը, փառավոր անցյալ ունեցող Խնձորեսկը, Վերիշենը, Ակները, Քարահունջը, Հարթաշենը, Որոտանը, Բարձրավանը, Շուռնուխը դարձնե՛նք ամենքիս ոգեշնչման ու ստեղծագործական ներշնչանքի աղբյուր-սրբավայրեր:


Սյունեցիներս պարտավոր ենք ենթարկվել առաջիկայում մեզ սպասվող արհավիրքը չեզոքացնելու հրամայականին եւ Գորիս, Կապան, Սիսիան, Քաջարան խոշորացված համայնքների իշխանությունների ընտրությունների օրը՝ 2017թ. նոյեմբերի 5-ը, համարել ազգային ոգու ու արժանապատվության վերահաստատման օր:


Ահա այդպես մեր կյանքը կդարձնենք իմաստալից, կդառնանք օրինակելի եւ կցնցենք հայոց բթացած գիտակցությունը:


Աստված օգնական:

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10