Կապանցի բեռնափոխադրող վարորդները մնացել են անգործ. նրանց մրցակիցները պաշտոնյաների ընկերություններն են

29.06.2018 11:35
1718

Կապանցի 9 վարորդ, ովքեր Քաջարանից խտանյութ են տեղափոխում Երեւան, երեկ տեղեկացել են, որ մնացել են անգործ: Վարորդներն աշխատում են «Կապանի բեռնաուղեւորատար ավտոտրանսպորտային» ՓԲԸ-ում, որը ծառայություններ է մատուցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, մասնավորապես՝ բեռնատարներով տեղափոխում է ԶՊՄԿ-ի խտանյութը դեպի մայրաքաղաք, իսկ ավտոբուսներով՝ կոմբինատի բանվորներին:

Եթե ԲՈւԱՏ-ի ավտոբուսները դեռ աշխատում են ԶՊՄԿ-ի համար, ապա բեռնատարներն արդեն կանգնած են: Պատճառն այն է, որ բեռնափոխադրումների ոլորտում ԲՈւԱՏ-ը հզոր մրցակիցներ ունի: Դրանցից մեկը երեւանյան «Էյ Բի Տրանս» ՍՊԸ-ն է, որի մասին «Հետքը» գրել է: Ընկերությունը պատկանում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հորը՝ Գագիկ Վանեցյանին:

Կապանցի վարորդների տեղեկացմամբ՝ «Էյ Բի Տրանսը» Քաջարանից Երեւան խտանյութ է տեղափոխում վերջին 3-4 տարիներին (ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014-ի հոկտեմբերին): Նրանք պատմում են, որ այս ընկերության մուտքից հետո մեկ ուղերթի (ռեյս) ժամանակ իրենց տեղափոխած 30 տոննա բեռը կրճատվել է՝ հասնելով 19 տ-ի: Այսինքն՝ պաշտոնյային փոխկապակցված ընկերության յուրաքանչյուր բեռնատար սկսել է տեղափոխել 30 տոննա, իսկ ԲՈւԱՏ-ինը՝ 19: Սա կարեւոր հանգամանք է, քանի որ վարորդները վարձատրվում են տեղափոխած բեռի ծավալով:

Մինչ այս 9 վարորդներից յուրաքանչյուրն ամսական կատարում էր 7-8 ուղերթ: Ընդ որում՝ եթե մինչեւ անցյալ տարեվերջ գործ կար, ապա այս տարվա հունվարից ամսական ուղերթների թիվը սկսել է կրճատվել՝ վերջնարդյունքում հասնելով 0-ի:

ԲՈւԱՏ-ի անգործ մնացած բեռնափոխադրող վարորդները երկարամյա ստաժ ունեն, սակայն դեռ թոշակի տարիքի չեն հասել, եկամուտի այլ աղբյուր չունեն ու չգիտեն, թե ինչպես պիտի պահեն իրենց ընտանիքները: Ընդ որում՝ բոլորն էլ ընտանիքների միակ կերակրողներն են: 9-ից 8 հոգին վարկառու են, ամեն մեկը մի քանի մլն դրամի վարկ ունի:    

Նրանց ցանկությունն ընդամենը մեկն է. եթե օրական Քաջարանից Երեւան է տեղափոխվում 700-800 տոննա բեռ, դրանից գոնե 40 տոննան (2 մեքենա) պատվիրվի իրենց:

«Մենք չենք ասում, թե «Էյ Բի Տրանսը» թող չաշխատի, բայց թող գոնե 40 տոննան մեզ տան: Հիմա մենք մեր գործը պիտի թողնենք, ուրիշ գործ ման գանք, բայց ուրիշ գործ էլ չկա»,- ասում են վարորդները:

Վարորդներից Արմեն Ադամյանը 43 տարեկան է, 4-հոգանոց ընտանիքի միակ կերակրողն է, 54-ամյա Արթուր Արզումանյանն էլ պահում է 3 հոգու, 38-ամյա Արթուր Հակոբյանը 7-հոգանոց ընտանիքի հայր է, խնամքին ունի 5 երեխա, 44-ամյա Արթուր Բաբայանի, 49-ամյա Արմեն Ստեփանյանի, 53-ամյա Արթուր Ավագյանի ու 54-ամյա Հարություն Բաղդասարյանի ընտանիքները կազմված են 5 հոգուց, 4 հոգու կերակրող են 48-ամյա Արայիկ Առաքելյանն ու 49-ամյա Մանվել Վանյանը:

Վարորդներն ասում են, որ իրենց աշխատանքից է կախված նաեւ ԲՈւԱՏ-ի աշխատողների մի մասի գործը. եթե բեռնատարները չաշխատեն, դրանց սպասարկող վարպետները նույնպես անգործ կմնան: Միջին հաշվարկով եթե ԲՈւԱՏ-ում կա 85 աշխատող, ամեն մեկի խնամքին կա 3 հոգի, այսինքն՝ շուրջ 250 հոգի մնալու է առանց ապրուստի միջոցի:   Մեր զրուցակիցների փոխանցմամբ՝ Քաջարանի կոմբինատը կապանցի վարորդների գործի չի ընդունում: Մոտ մեկ ամիս առաջ խնդրի կարգավորման համար դիմում են գրել ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովին, բայց վերջինս, ըստ վարորդների, ասել է, թե դա իրենց խնդիրն է:

Անգործ մնացած վարորդները շեշտում են, որ ԲՈւԱՏ-ի մեքենաները խնդիրներ չունեն, նոր են, իրենք էլ պարտաճանաչ են եղել աշխատանքում, խնդիրներ չեն ունեցել, ավելին՝ ասում են, որ տաք ամիսներին եթե բեռնափոխադրման հիմնական ծավալները կատարել են երեւանցի վարորդները, ապա ձմռանը, երբ ռիսկը ճանապարհներին մեծ է, իրենց են պատվիրել:

Բացի «Էյ Բի Տրանսից», ըստ մեր զրուցակիցների, ԶՊՄԿ-ի խտանյութը Երեւան են տեղափոխում եւս երկու ընկերությունների մեքենաներ, որոնք կապ ունեն Հայաստանի ու Արցախի նախկին ու ներկա երկու ազդեցիկ պաշտոնյաների հետ: Ըստ վարորդների՝ «Էյ Բի Տրանսը» նույնպես աշխատանքի չի ընդունում տեղացիների. մի հոգու դիմում ընդունել են, սակայն առողջական խնդիրների պատճառաբանությամբ գործի չեն կանչել:

Փակուղում հայտնված վարորդները երկու անգամ դիմել են Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին, սակայն, ըստ նրանց, ընդունելության չեն արժանացել: «Չի ընդունել, որովհետեւ իր ինչի՞ն է պետք, թե բանվորն ինչ վիճակում է, մենակ լոզունգի պես ասի՝ սյունեցու թիկունքին կանգնած եմ»,- նշում են վարորդները՝ հավելելով, որ վճռական են. եթե իրենց խնդրանք-ուղերձը տեղ չհասնի, փակելու են Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհը՝ արգելելով Քաջարանից խտանյութի տեղափոխումը մայրաքաղաք:

Վահե Սարուխանյան

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55

«Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան

03.08.2026 11:54

ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել

03.08.2026 11:11

Диалог с будущим: в Русском центре Капана состоялся разговор о современных технологиях

03.08.2026 11:06