Կառավարության նորահաստատ ծրագիրն ավելի կխորացնի լեռնային գյուղերի հոգեվարքը

14.06.2013 14:15
1707

2013թ. մայիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովը հաստատեց հանրապետության կառավարության առաջիկա հինգ տարվա ծրագիրը: Փաստաթղթին կողմ քվեարկեց միայն ՀՀԿ-ից եւ ՕԵԿ-ից բաղկացած իշխող կոալիցիան: Եվ ուրեմն` ինչպե՞ս է իշխող քաղաքական ուժը (ասել կուզի` կառավարությունը) վարելու երկրի գործերը մոտակա հինգ տարում:

Փորձենք քննարկել միայն ծրագրի` գյուղատնտեսությանն առնչվող բաժինը, քանի որ Սյունիքի մարզի գլխավոր խնդիրներից մեկը գյուղապահպանությունն է: Եվ փորձենք պատասխանել հարցին` կառավարության ծրագիրը որքանո՞վ կկանգնեցնի մահվան ու վերացման ճանապարհ բռնած լեռնային գյուղերի երթը:

Այդ նպատակով` նախ` մարզի գյուղերում հարցախույզ անցկացրինք` ճշտելու` ա) գյուղացին ծանո՞թ է կառավարության` գյուղատնտեսությանն առնչվող ծրագրին, բ) գյուղացին տեղյա՞կ է, թե ինչ եւ ինչպես է ուզում անել կառավարությունը գյուղում այսօր եւ առաջիկա  հինգ տարում: Հարյուր հարցվածի մեջ չհանդիպեցինք մեկին, որ դրական պատասխան տա մեր հարցերին, ինչը նշանակում է` կառավարության քաղաքականությունը եւ լեռնային գյուղերի հիմնախնդիրներն իրար հետ կապ չունեցող հասկացություններ են. գյուղացին գնում է իր ճանապարհով, կառավարությունը` իր: Հարցվածների մեծ մասը, միաժամանակ, պատասխանեց` մեր ինչի՞ն է պետք կառավարության ծրագիրը, երբ ամեն օր ու ամեն ժամ տեսնում ենք, թե ինչպես է կառավարությունը վարվում գյուղի ու գյուղացու հետ:

Եվ, այդուհանդերձ, խորհուրդ կտանք ծանոթանալ կառավարության ծրագրի «Գյուղատնտեսությունը եւ գյուղը» բաժնին: Խորհուրդ կտանք ծրագրի այդ բաժնի բովանդակությունն ու շարադրանքը համեմատել կառավարության նախորդ ծրագրի (հունիս 2012թ.) համապատասխան բաժնի հետ: Եվ կտեսնեք` նոր ծրագիրը հարյուր տոկոսով նախորդի արտագրությունն է: Տարբերությունն այն է, որ նոր եւ նախորդ ծրագրի որոշ կետեր փոխատեղվել են, որոշ նախադասություններում բառերի պարզագույն տեղափոխումներ են կատարվել, իսկ իմաստի, բովանդակության առումով` զրո փոփոխություն:

Առաջին հայացքից դա այնքան էլ մեծ մեղք չէ, քանի որ կառավարությունը մնացել է նույնը եւ, բնականաբար (այդպես ասողներ կգտնվեն), պետք է շարունակի 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո որդեգրած գիծը: Բայց կառավարության 2012-ի ծրագրով (մեկ տարվա ընթացքում) գյուղում (հատկապես` լեռնային) ոչ միայն դրական փոփոխության նշաններ չեն երեւացել, այլեւ խորացել են բացասական միտումները: Հետեւաբար` արժե՞ր արտագրել եւ նոր շունչ տալ մի ծրագրի, որը գյուղական իրականության ճգնաժամն ավելի է խորացրել:
Ամեն ինչ, սակայն, դրանով չի ավարտվում: Կառավարության նոր ծրագրի ամենահատկանշական կողմը կոնկրետության, անելիքների հստակության լիակատար բացակայությունն է: Ուղիղ երեք էջ (A4 չափսի) ընդգրկող տեքստում գոնե մեկ կոնկրետ խնդիր չկա առաջադրված: Ձեւակերպումները մերկապարանոց են, խիստ ընդհանրական: Ահա ծրագրային երկու կետ, որ կհաստատի ասվածը` ա) «Իրականացվելու են միջոցառումներ` ուղղված գյուղատնտեսության հիմնական ռեսուրսների, հողային ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացմանը», բ) «Կատարելագործվելու է գյուղատնտեսության ոլորտի խորհրդատվության համակարգը` նպաստելով գյուղատնտեսությամբ զբաղվողների աշխատանքի արտադրողականության աճին»: Գրեթե այսպիսի անորոշություններով են պսպղում ծրագրի մյուս կետերը եւս: Մի խոսքով` կառավարությունը գյուղատնտեսության ոլորտում որդեգրել է մի ծրագիր, որ կարելի է հենց այսօր (չսպասելով հնգամյակի ավարտին) հայտարարել` կառավարության ծրագիրը գյուղատնտեսության ոլորտում իրագործվել է փայլուն կերպով:

Եթե ծրագրում, այնուամենայնիվ, կա մի քիչ կոնկրետություն, ապա դա ուղղակիորեն առնչվում է Արարատյան հարթավայրի գյուղերին բնորոշ հարցերին: Ծրագիրը հռչակում է, օրինակ, այսպիսի դրույթներ` ա) «Առնվազն եռապատկվելու են ժամանակակից ջերմոցային տնտեսությունների տարածքները…», բ) «Ձկնաբուծության ոլորտում աստիճանաբար ներդրվելու են ժամանակակից լավագույն տեխնոլոգիաներ, եռապատկվելու են արտադրության եւ արտահանման ծավալները»: Սրանք, ինչպես տեսնում եք, Արարատյան հարթավայրին բնորոշ հարցեր են, որոնք որեւէ առնչություն չունեն մեր գյուղական խնդիրների հետ, որոնք առանց պետության հոգածության էլ լուծվող են: Առհասարակ` մեր գյուղական խնդիրներին Արարատյան դաշտի տեսանկյունից նայելը կառավարության նորահաստատ ծրագրի բնորոշ գծերից մեկն է, որն արդեն իսկ խոսում է ծրագրի ողորմելիության ու անլիարժեքության մասին:

Իրականում, մինչդեռ, կառավարության ծրագրի գյուղատնտեսական բաժինը պետք է ռեգիոնալ (շրջանային) բաժանում (մոտեցում) ունենար, քանի որ մեզանում մեռնում են լեռնային (եւ ոչ հարթավայրային) գյուղերը, քանի որ լեռնային գյուղերի գլխին միանգամայն այլ սպառնալիքներ են կախված: Նույնիսկ մեր մարզում միեւնույն մոտեցումները չեն կարող կիրառվել Սիսիանում եւ Մեղրիում, Գորիսում եւ Կապանում (այդ շրջաններից յուրաքանչյուրը բացառապես իրեն բնորոշ խնդիրների առջեւ է կանգնած): Սյունիքի մարզի գյուղերը, այդ ամենի հետ մեկտեղ, նաեւ այլ` առանձնահատուկ մարտահրավերների առաջ են կանգնած, որոնք խորը, գրեթե անհաղթահարելի հակասություններ են առաջացրել` մի կողմից` գյուղատնտեսական, մյուս կողմից` հանքարդյունաբերական, բնապահպանական իրողությունների միջեւ:

Տեսեք, նույն այդ ծրագրով կառավարությունը հռչակում է` «Արտահանման ծավալների նպատակադրված ավելացում»: Իսկ երկրի արտահանման ծավալների մեջ հանքարդյունաբերությանը (2011թ. վիճակագրությամբ) բաժին է ընկնում 60% (2012-ին այդ ցուցանիշն աճել է): Եվ հայաստանյան հանքարդյունաբերության մոտ 80%-ը բաժին է ընկնում Սյունիքի մարզին: Այնպես որ արտահանման ծավալների աճ նախատեսվում է հանքարդյունաբերության հաշվին, որի գլխավոր բազան Սյունիքն է: Դա նշանակում է, որ կառավարությունն առաջիկա հինգ տարում ոչ միայն պահպանելու է հանքարդյունաբերության ներկա մակարդակը Սյունիքում (մարզի արդյունաբերության մոտ 90%-ը կազմում է հանքարդյունաբերությունը), այլ նոր մակարդակի է հասցնելու այն:

Հիմա պարզագույն մի հարց` կարո՞ղ է կառավարությունը միեւնույն տարածքում, միեւնույն ժամանակ ե՛ւ գյուղատնտեսությունը զարգացնել, ե՛ւ բնական միջավայրը չաղավաղել, ե՛ւ հանքարդյունաբերությունը զարգացնել: Միանգամից պատասխանենք` չի կարող, դրանցից յուրաքանչյուրը մյուսին հակոտնյա է: Ուրեմն` կառավարությունը դրանցից մեկ-երկուսը կզոհաբերի գլխավորին (ստիպված կլինի զոհաբերել): Հանուն գյուղատնտեսության զոհաբերություն չի կարող լինել ո՛չ հանքարդյունաբերության, ո՛չ բնապահպանության, ո՛չ ժողովրդագրության հարցերում, թեկուզ եւ այն պատճառով, որ սյունիքյան գյուղատնտեսությունը հայաստանյան գյուղատնտեսության ընդամենը 6.3%-ն է կազմում: Մեղմ ասած Սյունիքի գյուղատնտեսությունը Հայաստանի համար կամ եղած, կամ չեղած: Բայց առանց Սյունիքի հանքարդյունաբերության հնարավոր չէ պատկերացնել հանրապետության տնտեսությունը եւ, ինչպես նշեցինք, արտահանման ծավալների պահպանումն ու մեծացումը: Անցած հինգ տարում քանիցս համոզվել ենք, որ կառավարությունը հենց այդպես էլ մտածում ու գործում է: Այո, առաջնայնությունը տրվել եւ տրվում է հանքարդյունաբերությանը, հանուն որի իշխանությունները կշարունակեն զոհաբերությունները ե՛ւ գյուղատնտեսության, ե՛ւ բնապահպանության ոլորտներում (դրանց միջեւ հավասարակշռություն մտցնելու ջանքերը երեւութական են): Նշված հակադրությունը, ի դեպ, բացասական իմաստով շարունակելու է էական ազդեցություն ունենալ հատկապես Մեղրու եւ Կապանի գյուղերի վրա:

Գյուղապահպանության եւ գյուղատնտեսության, ինչպես եւ բնապահպանության համար որոշակի ռիսկեր է պարունակում փոքր հէկերի կառուցման` մոլագարության հասնող մրցավազքը: Այս հակադրությունը նույնպես շրջանցել են կառավարության ծրագրի հեղինակները:
Հետեւություն` քանի դեռ հանրապետությունում հանքարդյունաբերությունն առաջնայնություն ունի (այն էլ` ոչ արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ ու ոչ ինտենսիվ ճանապարհով), ապա խոսք չի կարող լինել Սյունիքի մարզի եւ հատկապես Կապանի ու Մեղրու գյուղերի պահպանության ու զարգացման մասին (շարունակելու ենք գործ ունենալ գյուղատնտեսական նշանակության հողերը շարքից հանելու, ջրային ավազանն ապականելու, կեղտոտելու, երիտասարդ աշխատուժը կլանելու փաստերի հետ):

Կառավարության ծրագիրը շրջանցել է գյուղացուն մտահոգող ամենալուրջ խնդիրներից մեկը` սոցիալական խնդիրը: Տեսեք, թե ինչ վիճակում է հայտնվել գյուղացին այդ առումով: Ունենալով սեփականաշնորհված հողաբաժին, գյուղացին համարվում է աշխատանք ունեցող (ոչ գործազուրկ): Եվ այդպես` նրա ընտանիքի աշխատունակ բոլոր անդամները: Համարվում է, որ հող ունեցող գյուղացին տնտեսություն պիտի վարի: Մյուս կողմից` գյուղացին, որ իր անհատական տնտեսությունն է վարում ու հողի հարկ վճարում, չի ունենում աշխատանքային ստաժ (կենսաթոշակային ապահովագրության ստաժ), քանի դեռ կենսաթոշակային վճար (իսկ հիմա` եկամտային հարկ) չի մուծում պետությանը: Եվ 2003թ. հունվարի 1-ից գյուղատնտեսություն վարելն ապահովագրական ստաժ չի համարվում: Ու այդ պարագայում 63 տարին լրացած գյուղացին թոշակավորվում է սոցիալական թոշակի նվազագույն չափով` 13 հազար դրամով: 2014 թվականից, ասում են, մտցվելու է պարտադիր եւ կամավոր կենսաթոշակային ապահովագրություն, ինչը, սակայն, խնդիրը չի մեղմում:

Նույն կերպ հաշվի չի առնվել գյուղական բնակչության շրջանում (հատկապես լեռնային գյուղերում) ժողովրդագրական ծայրահեղ ծանր վիճակը: Ոչ մի խոսք բնակչության ծերացման միտումները մեղմելու, գյուղից երիտասարդության հոսքը կանխելու, տարածված ու մարդու կյանքի համար մի քանի հիվանդության դեմ պայքարելու մասին (վերջին հանգամանքի հետ վաղուց բախվում են հատկապես Կապանի եւ Մեղրու շրջանների բնակիչները):

Կառավարությունում տպավորություն կա, որ եթե գյուղացուն մատչելի գներով տրվի դիզվառելիք, նորմալ սերմացու եւ ազոտական պարարտանյութ` սեփական 2-3հա հողատարածքը մշակելու համար, ապա գյուղացին իրեն փրկված կհամարի, ինչն անհեթեթություն է: Իրականում, որքան էլ ցավալի է, բազմաթիվ գյուղերում (քանիցս նշել ենք) հողն այլեւս գյուղապահպանության միջոց չէ, արտադրության միջոց չէ, տուն ու երեխա պահելու միջոց չէ (սեփական հող ունեցող հազարավոր սյունեցի գյուղացիներ տարիներ շարունակ մեկնում են արտագնա աշխատանքի):

Գյուղատնտեսության մեջ (նորություն չենք ասում) ռիսկերը մեծ են: Այդ ուղղությամբ էլ, մինչդեռ, կառավարության ծրագրում կոնկրետ անելիքներ չենք տեսնում: Փոխարենը` ամեն տարի կարկուտի կամ երաշտի մասին խոսում ենք այնպես, կարծեք առաջին անգամ ենք բախվում դրանց կամ կենդանիների հիվանդություններին ու համաճարակներին: Բնության քմահաճույքներին դիմագրավելու, հիվանդություններից ու համաճարակներից պաշտպանվելու ելքերից մեկը (անասնաբուժական եւ ագրոնոմիական նորմալ ծառայություններ չունենալու պարագայում) ապահովագրությունն է: Բայց վարչապետը դեռեւս 2011-ին հայտարարեց. «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դա բավական թանկ հաճույք է, եւ մեր գյուղացիական փոքր տնտեսությունները պատրաստ չեն ապահովագրության ներդրման»:
Մեզանում լրիվ տապալված է սննդի անվտանգության վերահսկման գործը: Իսկ ավելի ճիշտ` վերահսկման` ներկայումս կիրառվող մեխանիզմն իրեն չի արդարացնում, ինչի մասին եւս անորոշ, ոչ կոնկրետ մտքեր են զետեղվել կառավարության ծրագրում:

Ցավոք, կառավարության ծրագրում շատ մեծ է նաեւ ստի, երեւութականության չափաբաժինը, իրականությունից կտրված լինելու հանգամանքը: Որքա՜ն ծրագրեր են գյուղում իրականացվում, որոնք մարդկանց ավելի հուսահատ են դարձնում, որոնք գյուղապահպանության հետ որեւէ աղերս չունեն: Եվ այդ սուտը, դատելով կառավարության ծրագրից, դեռեւս կանաչ ճանապարհ ունի: Ստի անգերազանցելի մի փաստ. դեռեւս կառավարության 2008-ի ծրագրում գրված է` «Շրջակա միջավայրի` մթնոլորտի, ջրերի, հողերի, ընդերքի, կենդանական եւ բուսական աշխարհի… վրա վնասակար ներգործությունների նվազեցում եւ կանխարգելում»: Այս ձեւակերպումը տեղ է գտել նաեւ կառավարության 2012-ի ու 2013-ի ծրագրերում: Սակայն, Սյունիքի մարզի եւ մասնավորապես Մեղրու Զվարի ջրահավաք ավազանում, Կապանի Գեղիի ջրահավաք ավազանում, Գորիսի Տանձատափ գյուղի մերձակայքում (թվարկումը կարող ենք շարունակել) վերջին տարիներին տեղի ունեցող վայրագությունները ցույց են տալիս կառավարության ծրագրի լիակատար ստահոդությունը եւ ցինիզմը: Ստի եւս մեկ օրինակ. կառավարության 2008թ. ծրագրում նախատեսված է գյուղատնտեսության զարգացման եւ հիմնական պարենամթերքի ինքնաբավության մակարդակի բարձրացման 2008-2012թթ. ազգային ծրագրի մշակում եւ իրականացում: Ո՞ւր է այդ ծրագիրը:

Կառավարության ծրագրում անթաքույց երեւում է գյուղի գլոբալ խնդիրները շրջանցելու մարտավարությունը: Այդպես էլ չի ասվում, թե ինչու, օրինակ, ցորենի ներկրումն ավելի շահութաբեր է, քան ցորեն աճեցնելը, ինչո՞ւ մսավաճառն ավելի շատ շահույթ է ստանում, քան անասուն պահողը: Եվ սկզբունքային նման հարցերի կարգավորման մասին բառ անգամ չենք տեսնում կառավարության ծրագրում:

Եզրակացություն. կառավարությունն ապրում է իր կյանքով ու պատկերացումներով` միանգամայն այլ` երեւակայական Հայաստանում. իսկ գյուղն իր կյանքով` իրական Հայաստանում: Եվ քանի որ գյուղական երկիր Հայաստանում գյուղը հոգեվարք է ապրում (հատկապես լեռնային գյուղը), ապա կառավարությունը պետք է հրաժարվի իր ծրագրի այդ մասից ու նոր ծրագիր մշակի կամ ծրագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարի` գյուղական իրողությունները հաշվի առնելով, գյուղում իր անելիքներն առավելագույնս կոնկրետ եւ չափելի դարձնելով: Այլապես կառավարության ներկա ծրագիրը նոր թափ կհաղորդի լեռնային գյուղերը մահվան մատնելու` տարիներ առաջ մեկնարկած գործընթացին:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25