«Դարեր գաղթել ենք, հիմի է՞լ գաղթենք»

16.12.2019 12:41
1356

Գաղթ/լատ.migratio-գաղթ,վերաբնակեցում`բնակչության բռնի կամ կամավոր տեղաշարժը մի երկրից մյուսը կամ նույն երկրի ներսում:

Այս երեւույթը մարդկությանը հայտնի է քրիստոնեությունից հազարամյակներ առաջ: Մարդկային հասարակության համար այն ունեցել է ե՛ւ դրական, ե՛ւ բացասական հետեւանքներ:

Գաղթը, ցավոք, մեր ժողովրդի համար միշտ էլ նշանավորվել է բացասական առումով:

Հայկական սովետական հանրագիտարանում կարդում ենք. «Հայերի առաջին խոշոր գաղթը տեղի է ունեցել 368-369-ին: Միջին դարերում հայերը գաղթել են հատկապես Բյուզանդիա: Բյուզանդական Մորիկ կայսրը (582-602), Սեբեոսի վկայությամբ, ««Հայաստանը առանց հայերի» տխրահռչակ քաղաքականության սկիզբն է դրել»:

«1604թ. Իրանի Շահ Աբաս առաջինը...մոտ 300 հազար մարդ բռնի գաղթեցրեց Իրանի ներքին նահանգներ»:

«Հայ ժողովրդի արտագաղթը մեծագույն չարիք է: Բնակչությունից զրկվեցին երկրի շատ գավառներ, հայ բնակչությունն ավելի նոսրացավ, տկարացավ եւ երկար ժամանակ զրկվեց

պաշտպանունակությունից, իր ինքնուրույնության համար պայքարելու ունակությունից»: /ՀՍՀ, հ-2, էջ-668/:

«Մոնղոլների, հետագայում թուրքական ցեղերի քաղաքականությունը, ծանր հարկերը անեցիներին եւ Հայաստանի այլ քաղաքների բնակիչներին ստիպեցին տարբեր ժամանակներում մեծ խմբերով գաղթել օտար երկրներ...»:

«Երեւանի արձանագրություններից մեկում անեցի Շաբայդինը 1364-ին անիծում է Անին քանդողներին»: /ՀԱՀ, հ-1, էջ-408/:

Եվ այսպես, բռնի տեղահանություններն անընդհատ մեզ ուղեկցել են` բզկտել, ծվատել երկիրը, ու հայ տարրը փոխարինվել է օտարով` հիմնականում մահմեդականներով:

1915-1923 թթ. թուրքական իշխանությունների կազմակերպած եղեռնը` կոտորածներն ու բռնագաղթը մեր պատմական հայրենիքի 9/10 մասը լիովին դատարկեցին հայ բնակչությունից, եւ այնտեղ տեր ու տիրական դարձան մահմեդական թուրքն ու քուրդը:

Հայությունը լիովին դարձավ աշխարհասփյուռ, մի փոքր մասն էլ հավաքվեց ու կենտրոնացավ հայրենի հողի 1/10 մասի վրա, որը կոչվում է Արեւելյան Հայաստան` այսօրվա մեր հայրենիքը:

1988թ. սկսված Ղարաբաղյան շարժումը, եւ ընդհանրապես Խորհրդային Միությունում ծավալված ազգային զարթոնքը, հանգեցրին ժողովրդաշարժերի աննախադեպ ակտիվացման:

Մեր երկիրը մաքրվեց թուրք տարրից, հարյուր հազարներով մեր հայրենակիցները եկան հայրենիք: Ցավոք, եկածների գերակշիռ մասը, տեղի բնակչության հետ միասին, բռնեցին կամավոր գաղթի հայրենակործան ճամփան: Այնպես չէ, որ այս երեւույթի արատավոր լինելու մասին մարդիկ

չգիտեին, կամ էլ նրանց չէր ասվել:

Չնայած խնդրի ահագնությանը, այսօր էլ շարունակում են գնալ, արտագաղթել:

Գնում են ոչ միայն նրանք, ովքեր աշխատանք, ապրուստի միջոց չունեն, այլ նաեւ ապահովվածները` հարուստ տուն ու տեղ, զբաղվածություն ունեցողները: Եվ սարսափելին այն է, թե որքան հեշտությամբ են թողնում հայրենիքը` իրենց պապերի ու հայրերի թողած ժառանգության հետ միասին:

Եթե նյութականը վաճառում են, ապա հոգեւորն ի՞նչ են անում այդ մարդիկ:

Մտածում ես` գուցե այդպիսի կապ չկա՞, բայց ախր մարդ են, ո՞նց կլինի այդպես:

Այս երկրորդ խումբ գնացողների ճնշող մասը մեր ազգի սերուցքի մեջ էր` մտավորականներ` գիտնական-նորարարներ, ճարտարապետ-ինժեներներ, կոմպոզիտոր-երգիչ-երգչուհիներ, գրողներ, դերասաններ ու նկարիչներ եւ այլն: Գնալուց հետո, թե որն է այս մարդկանց մեծ մասի մասնագիտական եւ հասարակական կոչումը, դժվար չէ կռահել: Մինչդեռ թվում էր, մյուսներս նրանցից պետք է ընդօրինակեինք երկիր-հայրենիք սիրել-պահելը: Ես չեմ հավատում, տարիներ հետո, նման հայրենակիցներիս «լաց ու կականին», թե հայրենիքի կարոտին չեն դիմանում: Եթե այդպես է` հետ եկեք, բայց չեք գալիս չէ՞:

Այս ցավոտ հարցը դեռ դարեր առաջ է հուզել մեր ազգի մեծերին: Բայց հեռու չգնանք:

Հանճարեղ Հ. Շիրազն իր «Նոյի ագռավներ»-ում այսպես է ասում.

«Ու՞ր եք շտապում, ով խաբված ջրեր,

Մեզ ծարավ թողած ու՞ր եք շտապում»:

«Դուք ու՞ր եք օտար ծովերը թափվում»:

«Դարեր գաղթել ենք, հիմի՞ էլ գաղթենք»:

«Մի՞թե մայր հողը սուրբ չէ «ճոխ» կյանքից»:

«Միակ ճամփան փրկության`

Հայեր, դեպի Հայաստան»:

Մյուս հանճարեղը` Ե. Չարենցը, իր «Պատմության քառուղիներում է» գրում է.

«Իմ աչքերի առջեւ

Ահավասիկ իրենց եղկ հասակով ամբողջ`

Իրենց խուլ խուղերից ու լեռներից այն բարձր

Ճանապարհ են ընկնում`անուղի եւ անխոհ»։

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանը 4.10.1921թ. Ավ. Իսահակյանին գրած նամակում. «Ասում ես` եթե հարմար ժամանակ է, կանչիր, ես կգամ:

Հարմար ժամանակը` ես չգիտեմ դու ո՞ր ժամանակին ես ասում, բայց ասում եմ,

- Արի՛:

- Արի՛, Ավո ջան»:

«Վերջապես` երեւի կարոտել ես մեր հող ու ջրին, քո հարազատներին, ընկերներին»:

19-րդ դարի վերջին հայրենի տունը լքող արեւմտահայերին նույնն էր ասում նաեւ աշուղ Ջիվանին:

1920-ականից սկսած մեր հայրենիքը շենացման ճամփան բռնեց նախ եւ առաջ եկածներով` Մյասնիկյանով, Սարյանով, Թամանյանով, Աճառյանով, Մանանդյանով, Օրբելիներով, հայրենիքից չհեռացող Բակունցով, Չարենցով եւ բազմաթիվ այն հայրենասերներով, ովքեր իրենց տաղանդը, սերն ու նվիրումն անսահմանորեն ծառայեցրին նրան: Այս մարդիկ իրենց նմանների հետ միասին պետության մեջ կազմեցին մեր ազգային սերուցքը, եւ որ կարեւոր է, նրանք հավատարիմ եղան բարձր կոչումին` չնայած իրենց նկատմամբ կիրառված բռնություններին, զրկանքներին:

Թող չստեղծվի կարծիք, թե 1988-ից հետո մեր ամբողջ մտավորականությունը եւ կարող մյուս ուժերը լքել են երկիրը: Այդպես չէ…

Ինչպես միշտ, այս վերջին երեք տասնամյակին էլ մեր ժողովրդին նվիրյալ շատ-շատերը ծանրագույն օրերին (մութ ու ցուրտ տարիներ, սով, պատերազմ եւ այլն), ունենալով երկրից հեռանալու բոլոր հնարավորությունները, դա չարեցին: Կրելով բազնաթիվ զրկանքներ, որոնք բաժին էին ընկել մեր ժողովրդին, մտավորականության այդ մասը հաստատուն մնաց իր կոչմանը` դրանով զորավիգ լինելով կենաց-մահու պայքարի ելած մեր պետությանն ու  ազգին:

Համաշխարհային աստղաֆիզիկայի հայր, արտասահմանյան մի քանի տասնյակ ակադեմիաների ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի համար դժվար  չէր այդ օրերին գնալ եւ աշխարհի մի տաք ու անվտանգ անկյունում անցկացնել իր առաջացած տարիքի վերջին օրերը: Բազմաթիվ երկրների համար մեծ պատիվ կլիներ նրան հյուրընկալելը: Բայց նա գերադասեց մնալ իր ժողովրդի հետ եւ կիսել նրան պատուհասած բոլոր վտանգներն ու զրկանքները: Չեմ կարծում, թե Հայաստանում կլինի մեկը, ով չի տեսել հանճարեղ գիտնականի` իր բնակարանի փայտի վառարանին թեքված հեռուստակադրը` ձեռքերը տաքացնելիս:

Մեր ժողովրդի մեջ շրջանառվում է զրույց այն մասին, թե մեծ բանաստեղծ Համո Սահյանն այն ցուրտ օրերին այսպես է ասել.

- Եթե չմեռնեմ, այս ձմեռ ինչպե՞ս եմ ապրելու:

Բայց մտքովը երբեք չի անցել, թեկուզ ժամանակավոր, մեկնել հայրենիքից:

Մեկ այլ բան: Որեւէ մեկի մտքով կանցնի՞ արդյոք, որ մտածի` Հ. Շիրազը, Պ. Սեւակը, Վ.Դավթյանը, Ս. Կապուտիկյանը, Պ. Զեյթունցյանը (կարելի է շարունակել այս ցանկը), դժվարությունները հաղթահարելու համար կարող էին լքել երկիրը:

Իհարկե ոչ: Դժվարին օրերին հայրենիքը թողնելու մասին չեն մտածել մեր մտավորականության ամենատարբեր բնագավառներից բազմաթիվ ներկայացուցիչներ. Գոհար Գասպարյան, Հովհաննես Չեքիջյան, Վանուշ Խանամիրյան, Տիգրան Մանսուրյան, Ռոբերտ Ամիրխանյան, Ռուբեն Մաթեւոսյան, Սերգեյ Համբարձումյան, Ալբերտ Ազարյան, Ռազմիկ Դավոյան, Երվանդ Մանարյան… Բարեբախտաբար կարելի է այս ցանկը շարունակել գիտության, արվեստի ճանաչված բազմաթիվ ներկայացուցիչներով, բայց…բավարարվենք նշածով եւ փառք ու պատիվ ասենք նրանց։

Առանձնահատուկ դրվատանքի են արժանի նաեւ տնտեսության մեջ իրենց ուժերն ու կարողությունները ներդրած այն գործարարներն ու արտադրության կազմակերպիչները (Վարդանյաններ, Ծառուկյաններ, Յիրիկյաններ եւ այլն), որոնց շնորհիվ հազարավոր մարդիկ այսօր ապահովված են աշխատանքով, պահում են իրենց ընտանիքները եւ հզորացնում երկիրը:

Դրա հետ մեկտեղ, այս վերջին երեք տասնամյակներին, արտագաղթի պատճառով քանի-քանի տաղանդավոր գործարար, գիտնական, այլեւայլ բնագավառներից կադրեր ենք կորցրել, ինչքան ուժեր ենք փոշիացրել, որոնք երկրում գործունեություն ծավալելով` նպաստ պետք է բերեին հայրենիքին:

Դժվար է կոնկրետ թվեր նշել, բայց որ այն ահռելի է, փաստ է:

Հասկանում ես, երբ մտավորականը գնում է դրսում կատարելագործվելու, իր մասնագիտական կարողությունները բարձրացնելու եւ կայանալու` դրանով նաեւ նպաստ բերելու իր երկրին: Բայց ի՞նչ ասել նրանց, ովքեր այդ   ճանապարհի համար չեն, լիովին կուլ են գնում օտար հասարակություններին եւ չարքաշ առօրյայով քարշ տալիս իրենց տխուր գոյությունը:

Չես կարող չնշել,  որ նույն կերպ այդ մարդիկ երբեք չէին համաձայնի ապրել մեր երկրում: Իսկ ուրիշի մոտ կարելի է, աչքից հեռու է, տեսնող չկա: Սա պետք է համարել մեր մենթալիտետի արատավոր կողմերից մեկը: Կա եւս մեկ այլ բան: Գնացողների հիմնական մասը զարմանալի նախանձախնդրությամբ ենթարկվում է տվյալ երկրի կարգ ու կանոնին, դառնում նրա օրինապահ քաղաքացին եւ աշխատավորը: Եվ դա շատ լավ է: Բայց ինչու՞ այդպես չէ նաեւ մեր երկրում:

Այս հարցը ես տալիս եմ ոչ միայն գնացողին, այլ նաեւ երկիրը կառավարողներին` լինի անցած, թե ներկա:

Ես հասկանում եմ, որ մարդը մեկ անգամ է աշխարհ գալիս եւ անհագ ձգտում ունի լավ ապրելու, շատ-շատերն էլ` վայելքների, բայց արդյո՞ք դրան պետք է հասնել հայրենի երկրի տկարացման, կործանման հաշվին: Սա անթույլատրելի է… Պետք է մնալ սեփական երկրում, եւ անգամ տառապանքով` աշխատել ծուռը շտկել, ապրելու տանելի պայման ստեղծել:

Մի գրքում այսպիսի միտք  եմ կարդացել` «Մարդու գերագույն երջանկությունը հայրենիքում զուլալ առվակի ափին տուն ունենալն է, իսկ ով անընդհատ թափառում է օտար երկրներում, նա զոհվում է առանց ներողամտության...»:

Մեր ժողովրդի 1/5 մասը հայրենիքում է, 4/5-ը` դրսում: Բնականաբար, այդ մեծ մասը տուն էլ է կառուցում, նյութական, բարոյական արժեքներ էլ ստեղծում,  բայց դրանք ինչքանո՞վ են ծառայում մեր ազգայինին, մեր երկրին ու պետությանը: Հեռու չգնանք: Մեր հայրենակիցներն ինչ ջանքեր

ներդրեցին եւ ինչեր թողեցին մեր հարեւան Թիֆլիսում ու Բաքվում: Որեւէ մեկը կարո՞ղ է հաշվել, թե հայ մարդու մտքի թռիչքով, օր ու գիշեր նրա արարող բազկով ինչքան գիտական, նյութական ու մշակույթային արժեքներ են ստեղծվել, որոնք, իհարկե, զգալի չափով հարստացրել են նաեւ համաշխարհային տնտեսությունն ու մշակույթը: Եթե այդ ամենի էական մասը Հայաստան երկրում արվեր, ինչպես հրեաներն Իսրայելում են անում, պատկերացնու՞մ եք, թե ինչ  նպաստ կլիներ մեր հայրենիքին:

Բազմաթիվ երկրներում դարեր առաջ հայկական հզոր գաղութները (Հնդկաստան, Լեհաստան եւ այլն) իրենց ստեղծած ողջ հարստության հետ (դրանք մեծ չափերի են եղել) կուլ են գնացել, դրանց հետքն անգամ հիմա դժվար է գտնել:

Այսօր էլ նույն ընթացքն անզեն աչքով տեսնում ենք սփյուռքում` մի տեղ արագ տեմպով է ընթանում, մյուսում` քիչ դանդաղ: Ու սա մեզ չի կանգնեցնում: Այն մժղուկների նման պտտվելով կրակի շուրջ` նետվում ենք նրա մեջ եւ անհետ կորչում բոցերում:

Հիմա կոնկրետ թվեր չեմ կարող բերել, բայց պարզից էլ պարզ է, որ վերջին 30 տարում երկրից արտագաղթածների գերակշիռ մասը շարքային աշխատողներ են եղել` արդյունաբերությունում, շինարարությունում, սպասարկման ոլորտներում մասնագիտացած մարդիկ:  Եթե նկատի ունենանք, որ մեկնածների հիմնական մասը 20-50 տարեկան տղամարդիկ են` ընտանիք կերակրող, ապա կընդգծվի այն ծանր պատկերը, որը վերջին տասնամյակներին տիրում է մեր երկրում:

Արտագաղթի պատճառով ահռելի վնաս է հասցվել երկրի տնտեսությանը եւ մեր ազգային գենոֆոնդին: Հեռացել են բոլոր բնագավառների մասնագետ-որակավորված կադրերը: Դրանից հետո նորերի պատրաստման ուղղությամբ երկրում ոչինչ չի արվել ու հիմա էլ չի արվում:

Ցավով պետք է նշել, որ մեր ժողովրդի այս ստվար հատվածը երկրից իր մեղքով չի մեկնել: Նա դա արել է իր ընտանիքի հանապազօրյա հացն աշխատելու համար: Նման քայլին նա ստիպված է գնացել, քանի որ այլ հնարավորություն իշխանությունները նրան չեն տվել:

Ճիշտ է, ասում ենք, թե արտագնա աշխատանքի կամավոր են մեկնել, բայց այդպես չէ: Օրվա իշխանությունները չստեղծելով աշխատատեղեր կարիքի մեջ հայտնվածների համար, ակամայից, ստիպեցին նրանց թողնել հայրենի տունը եւ աշխատանք որոնել օտար ափերում:

Անհատ մեկնածների զգալի մասը հետագայում  իր հետեւից տարավ ընտանիքը, մյուս մասը մնաց հեռվում` ընդհանրապես մոռանալով, որ ընտանիք, երեխա ունի, մեկ այլ մասն էլ վերջնականապես անհետ կորավ:

Աշխատողների մի փոքր քանակ հիմա էլ գարնանը մեկնում է արտագնա աշխատանքի եւ խոր աշնանը վերադառնում տուն` բերած սուղ միջոցներով ընտանիքի հետ ձմեռն անցկացնելու համար:

Վերը նշածի հետեւանքով մեր երկրին ու ժողովրդին հասցված վնասները հսկայական են, անչափելի:

Ինչպես նկատում եք, թվեր չեմ նշում: Ինչ թվեր, երբ երկրի բնակչության 1/3-ը հեռացել է հայրենիքից, եւ որպես դրա ծանր հետեւանք, տարեկան ծնունդներն էլ պակասել շուրջ 2/3-ով: Չեմ խոսում նաեւ այն մասին,  թե ում իշխանության օրոք, ինչպես, որտեղ եւ այլն։

Այդպիսի հարցադրումները պարապների զբաղեցնելու համար են: Եղածն արդեն եղել է: Հիմա կոնկրետ եւ հստակ ձեռնարկումներով հարկավոր է հետ շրջել այդ աղետավոր ընթացքը: Խոստումներ պետք չեն, գործնական քայլեր են անհրաժեշտ: Առանց հարայ-հրոցի, առանց ցուցադրական աղմուկ-աղաղակի: Դրանցից վաղուց կուշտ են մեր երկիրն ու ժողովուրդը:

Սակայն այս, նաեւ շատ այլ բնագավառներում, ինչպես նախորդ, այնպես էլ այսօրվա իշխանություններն ավելի շատ աղմուկ են անում, քան գործ:

Հենց այստեղ է աղետալին ահագնանում: Այդպիսի զարգացումների տեղ մենք վաղուց չունենք:

Եթե ցանկանում եք բնակչության արտահոսքի իրական պատկերը տեսնել առարկայորեն, գնացեք գյուղեր: Քաղաքային հանայնքներում եւս դա նկատելի է, իսկ գյուղականներում այն ուղղակի ճչացող է, օգնություն աղերսող: Ինչպես ասում են` բանը-բանից վաղուց  անցել է:

Գորիսի, Սիսիանի, Կապանի եւ Մեղրու տարածքների մի շարք գյուղերում կամ ապրող չկա կամ էլ 1-3 ընտանիք է, որոնց բնակիչներն անորոշության մեջ սպասում են … Ավելի վատ չի կարող լինել:

Նախկին միջին մեծության համայնքներում, երբ 80-130, անգամ 150 ընտանիք կար /Գորիսի օրինակով/ այսօր լավագույնը երեկոյան 30-50-ի լույսն է վառում։

Վերջես «Սյույաց երկիր» մարզային թերթի խմբագիր Ս. Ալեքսանյանի առաջարկությամբ խմբով եղանք Գորիսի տարածաշրջանի Խնածախ, Վաղատուր եւ Խոզնավար գյուղերում: Երեքում էլ, տխուր առումով, վիճակը ցնցող էր: Վաղատուրի բնակչուհին հայտնեց, որ երբեմնի 110 շեն ընտանիքից գյուղի միայն 30-ի տան լույսն է վառում: Խոզնավարում այնպիսի անխնամ ու թափթփված վիճակ էր, որ ակամայից թվում էր, թե բնակավայրը լքված է, միայն պատահական անցորդներ են երեւում:

Գորիսի տարածաշրջանի երբեմնի ամենախոշոր գյուղերից Խնածախը ծանր հիվանդի տնքոցով շուրջ 700 հա վարելահողերից միայն 50 հա-ի վրա է աշնանացան արել եւ կարողանում է շաբաթվա մեջ ընդամենը երկու անգամ խմելու ջուր ստանալ: Վերը նշված երկու գյուղում ընդհանրապես ոչ մի ցանք չի արվել:

Իրականն այն է, մի քիչ ավել, մի քիչ պակաս, որ համանման պատկերն ամենուր է: Գյուղական կյանքը հոգեվարքի մեջ է:

Համայնքների խոշորացումով մեծ թափ է հաղորդվել բնակավայրերի վերջնական դատարկմանը, լիովին դիմազրկվել եւ իմաստազուրկ է դարձել նրանց ներքին կյանքը:

Տաթեւի երբեմնի 500 աշակերտով դպրոցում հիմա 63 աշակերտ կա, Սվարանցի մոտ 150-ից` շուրջ 10 աշակերտ: Այսպիսի տխուր վիճակը համընդհանուր է:

Առանց գյուղական կյանքի ակտիվացման երկրի հզորացման մասին խոսք չի կարող լինել: Տուրիզմ ասվածը կամ լոկալ ինչ-ինչ միջոցառումները /կարիքավորին կով, ոչխար տալը, մի քանի կգ սերմացու բաժանելը, պարարտանյութը եւ այլն/ գյուղին չեն փրկի: Անհրաժեշտ են այնպիսի միջոցառումներ, որ մարդիկ չհեռանան, մնան տեղերում: Իսկ դրա համար կենսական է աշխատատեղերի ստեղծումը: Մարդիկ ողորմության չեն սպասում, դա նույնիսկ շատ վիրավորական է, միայն աշխատանք:

Մի ժամանակ Գորիսի շրջանի 11 գյուղում աշխատում էին արդյունաբերական ձեռնարկությունների մասնաճյուղեր:

Բացի այդ, Շինուհայր գյուղում էր միութենական ենթակայության ռետինե կոշիկների ծանրակշիռ գործարանը /ավելի քան 1500 աշխատատեղով/, որում աշխատում էին շրջակա չորս գյուղի բնակիչները:

Ընդհանուր առմամբ` գյուղական բնակչության համար բացված էր ավելի քան 3000 աշխատատեղ: Այսպիսի լուծումով պայման էր ստեղծվել նաեւ գյուղատնտեսության զարգացման համար` դաշտավարության եւ անսանապահության: Ընթացք էին ստանում գյուղերի սոցիալ-կենցաղային հարցերը, նրանք դառնում էին ավելի շեն ու բարեկարգ: Լիարժեք աշխատում էին նախադպրոցական եւ դպրոցական հաստատությունները, սպասարկող հիմնարկները եւ այլն:

Հասկանալի է, որ միանգամից հիմա հնարավոր չէ գյուղերում ոչ գյուղատնտեսական բնույթի արտադրություն բացել: Բայց տեղերում արտադրվող մթերքների հիմքի վրա մշակող փոքր ձեռնարկություններ ստեղծելը ոչ միայն իրական է, այլ նաեւ խիստ պահանջված` որպես առաջին քայլ:

Խնձոր, տանձ, դդում, բանջարեղեն` լոլիկ, վարունգ, շուշան եւ այլն, մշակելու եւ սպառողներին մեր` էկոլոգիապես մաքուր մթերքն ուղարկելու համար հնարավոր եւ հիմնավորված է ամենաքիչը վեց տեղում նման կետեր բացելը: Դրանց համար մեծ գումարներ պետք չեն: Հաշվարկ, իհարկե, չեմ արել, բայց եթե մի փոքր ՀԷԿ-ի համար տրվող վարկային գումարն ուղղվի այդպիսի նպատակի` Սյունիքի մարզում հարցն ամբողջությամբ կլուծվի, գուցե մի բան էլ ավելանա: Մեծ ձեռնարկություններին դեմ չեմ, բայց հեռավորության եւ շատ այլ պատճառներով գյուղի բնակիչը չի կարողանում իր արտադրածը հանձնել նրանց: Այս տարի գյուղացին հսկայական վնասներ է կրել հենց այդ պատճառով` չի կարողացել իրացնել ունեցած առատ բերքը: Դրա, ինչպես նաեւ այն բանի համար, որ նրանում գյուղի մարդն աշխատի, հարկավոր է այդ արտադրությունը դնել հենց իր կողքին: Այսպիսի լուծման առավելությունները շատ-շատ են եւ պահանջը կա ողջ հանրապետությունում: Նույնը վերաբերում է նաեւ անասնապահական մթերքների մշակմանը:

Նման ձեռնարկությունները` լինելով փոքրածավալ եւ քիչ ծախսատար, մեծ օգուտներ կբերեն գյուղացուն ու գյուղին:

Եթե քաղաքը երկրի միջնաբերդն է, ապա գյուղը նրա սահմանները պահող ամրոցն է: Հարկավոր է, որ դրանք միշտ էլ պատշաճին ամրացված, զգաստ ու կանգուն լինեն, որ երկիրն իրեն անվտանգ եւ պաշտպանված զգա: Նշված առումով այսօրվա դրականն անչափ քիչ է:

Գյուղական բնակչության արտագաղթի կանխման ճանապարհը սա է:

Եվ ոչ միայն գյուղական: Ընդհանուր առմամբ, եթե ցանկանում ենք կանխել արատավոր  երեւույթը, պետք է իրակնացնել համալիր միջոցառումներ` օրենսդրության պարզեցման ու կատարելագործման, հարկային ու մաքսային ճնշումների մեղմացման, ներդրողների պաշտպանվածության ու շահագրգռվածության բարձրացման ուղղությամբ, որ աշխատատեղեր բացվեն եւ հայ մարդը մնա իր երկրում: Որպեսզի նաեւ երկիր վերադարձողներ լինեն: Չպետք է մոռանալ, որ ինչ էլ լինի` մեզնից յուրաքանչյուրը ցանկանում է արժանապատիվ աշխատանքով բարեկեցիկ եւ ապահով պահել իր ընտանիքը, իր երեխաներին: Երբ դա նրան չի հաջողվում, ոչինչ եւ ոչ ոք չի կարող կանգնեցնել ընտանիք կերակրողին: Նա առնում է գաղթողի ատելի ցուպը եւ իրեն նետում դրսի հորձանուտը` որ ինչ գնով էլ լինի` հաց հասցնի ընտանիքին: Նման մարդուն չես կարող մեղադրել:

Մեր նման երկրի ղեկավարի գլխավոր անելիքը սա պետք է լինի:

Հարցի լուծումը բանալի կլինի նաեւ երկրի առաջ ծառացած մյուս խնդիրները հաղթահարելու եւ նրա զարգացումն ապահովելու համար:

 

Սուրեն Վարդանյան

ք. Գորիս

 

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34